HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Լույսի որսորդը՝ առանց պիտակների․ զրույց ամերիկաբնակ արտիստ Էդմոնդ Քեշիշյանի հետ

Էդմոնդ Քեշիշյանի լուսանկարչական աշխատանքներին սկսել եմ հետեւել 2015թ․-ի վերջից․ առաջին ազդեցությունը` պատկերային ներդաշնակություն` խաղաղության փոխանցման էներգետիկայի հաշվին։

Երբ օրեր առաջ զրուցում էինք Սէվի հետ, Էդմոնդի անունը պարբերաբար հոլովվում էր՝ անկախ զրույցի թեմայից։ Սէվը նկարագրում էր նրան՝ խիստ զգայական մակարդակը մեջբերելովզրույցի ժամանակ փորձեցի հասկանալ՝ ինչպես է պահը որսում։ Սէվն ասեց, որ մեկ էլ կտեսնես չկա մազերը խառնված, քամու ու փոշու մեջ, երբ թվում է` ոչինչ չի երեւա, ինքը «բռնում» է պահը ու լուսանկարում։

Այդ բռնելու ժամանակ, ըստ Սէվի, նույնիսկ տեսողական առումով անհավանական պայմաններ կարող են լինել։ Էդմոնդի մասին, որպես այդպիսին, տեղեկությունս նաեւ այն էր, որ ծնվել է Իրանում, հետո երեք տարեկանից ընտանիքի հետ տեղափոխվել Հայաստան, իսկ հիմա ապրում է Միացյալ Նահանգներում։

Երեկ մեկ անգամ եւս թերթեցի լուսանկարները ու գրեցի իրեն։ Այսօր առավոտյան (երբ իր մոտ արդեն գիշեր է) մյուս կիսագնդից գրում է ու սրտնեղում, որ հայերենով արագ չի կարողանում տպել։ Որոշում ենք, որ ես գրում եմ հարցերը, ինքը ձայնային հաղորդագրությամբ պատասխանում է։

Այս հաղորդագրությունները, որոնք սկսվում են երկու վայրկյան շնչառությամբ, երեք –չորս վայրկյան ընդհատումներով եւ տեքստի շատ ներդաշնակ տոնայնությամբ, «հասկացնում են», որ Էդմոնդին լուսանկարիչ անվանելը, արտիստ անվանելը, մի քիչ սահմանափակող է։ Հետո զրույցի ընթացքում ընդհանրապես ազատվում ես «մասնագիտական» պիտակով հարցերից։ Այդպես ընթանում է այն, ինչ ներկայացնում եմ՝ առանց կրճատումների։

Գիտե՞ք Էդմոնդ, հեռավորության վրա տարիներ շարունակ զրուցել եմ արտիստների հետ, որոնց երբեք չեմ տեսել, բայց հետեւել եմ ստեղծագործական ընթացքին։ Պատահել է, որ զրույցից երկու-երեք տարի անց հանդիպել ենք։ Ձեզ հետ զրուցելու  առիթն էլ ավելի որոշակի դարձավ, երբ Սէվի հետ ունեցած զրույցների ժամանակ Ձեր մասին բավականին շատ խոսեցինք՝ Սէվը խոսեց, ես լսեցի։

Սովորաբար սկսում եմ վերջին ազդակից, որ ստացել եմ այդ արտիստից։ Եվ վերջիններից մեկն այն էր, որ ֆեյսբուքում գրել էիք, թե «ինչ էլ անեմ, որտեղ էլ գնամ, ինչ էլ մտածեմ կամ ինչ տրամադրության էլ լինեմ, տեսնում եմ մահվան ներկայությունը՝ որպես իմ հավատարիմ ուղեկցի»։ Եվ միաժամանակ ամփոփում եք այնպես, որ հենց այդ ներկայությունն է, որ ստեղծում է պահի կարեւորությունը։

Ինչպես հենց այս վայրկյանը․․․ Կա՞ մեկ այլ վայրկյան։ Ամենն, ինչ ես անում եմ, ինչ ես ասում եմ, ինչ մտածում եմ, անում եմ հենց այս պահին՝ միակ պահին, միակ ներկա պահին։ Երբ մտածում եմ անցյալի մասին, նույնպես ներկա պահին եմ մտածում։ Երբ մտածում եմ ապագայի մասին, նորից կատարվում է ներկայում։

Այսինքն մահվան ներկայությունն այդ իմաստով նույնպես ամեն պահի է, եւ ինչ-որ իմաստով այդ ներկա պահն է կամ այդ ներկա մահն է, որ  «ստիպում է» ապրել։ Ձեր դեպքում այդպիսի պահերը հաճախ վավերագրվում, լուսանկարվում են։

Հա, իհարկե։ Եթե վայրկյանում ես ապրում, ուրեմն այդ վայրկյանը նույն հեշտությամբ պետք է բաց թողնես․ սա հենց մահն է։ Իսկ մենք հիմնականում կախվածություն ունենք կյանքից։ Ինչպես յուրաքանչյուր կախվածություն, այնպես էլ սա չի կարող դրական ազդեցություն ունենալ, կնեղացնի․․․ Այսպես մենք կախված լինելով՝ ուզում ենք երիտասարդ մնալ, հավերժ լինել ու էդպես բաց ենք թողնում պահը մեր իրականության՝ սպասելով մեկ այլ պահի, որ ապրենք։

Հիմնականում, որ զրույց եմ անում իմ մասին է, ինձ եմ ճանաչում։ Հարց ես տալիս, ես պատասխանում եմ ՝ ինքս ինձ հետ զրուցելով․ ուրիշ ձեւ հնարավոր չի։ Հա, ամեն վայրկյան ինչքան արթուն լինես, ինչքան իմանաս, որ դա կարող է քո վերջին վայրկյանը լինել, մնում ես ներկայում։

Գյուղով քայլում ես, տեսնում մի 90-ամյա պապի ծառ է տնկում, ասում ես՝ ոնց որ հավերժ ապրելու ես, էդ երբ է ծառը պտուղ տալու, որ տնկում ես հիմա։ Ասում է՝ ես էնպես եմ ապրում, որ մահ չկա։ Ես էլ ասում եմ՝ հենց վաղը կարող եմ մեռնել կամ այս վայրկյանին։ Հիմա ո՞րն է ճիշտ։ Հենց գեղեցկությունն էլ այստեղ է, որ չանտեսես պահը․․․ Լավ երկար խոսեցի, թողնեմ մի քիչ էլ դու խոսես։ Կրակն ընկար, որ ձայնային հաղորդագրություններ եմ ուղարկում, գուցե շանս չտամ խոսելու։

Նման պատասխանները ենթադրում են անընդհատ շարունակականություն։ Սովոր եմ։  Նորից վերադառնանաք լուսանկարչությանը։ Եթե չեմ սխալվում, մասնագիտությամբ երաժիշտ եք։ Ինչպե՞ս պատահեց, որ արտահայտման ձեւը դարձավ լուսանկարելը։

Մասնագիտությամբ երաժիշտ չեմ։ Սիրել եմ հարվածային գործիքները ու վայելել եմ։ Նույնն էլ լուսանկարչության դեպքում՝ հա, արտահայտվելու մի ձեւ է, ոնց որ բանաստեղծի, դերասանի, նկարիչի, քանդակագործի դեպքում։

Դրանից է գուցե, որ միշտ խուսափել եմ պիտակներից, ասենք՝ այն, որ երաժիշտ եմ, հիմա էլ լուսանկարիչ, մի վեց ամիս առաջ էլ փայտի հետ էի գործ անում։ Պիտակները ինձ երբեք չեն «դզում»։ Հա, սիրում եմ լուսանկարչությունը, բայց հետո ի՞նչ։ Ամենակարեւորը որ ինչ անեմ, պետք է վայելքի պահն զգամ, թե չէ արդեն անելու մասին չի խոսվի։ Աչքիս հարցերդ էլ չեմ լսում, հավեսով խոսում եմ, ա´յ քեզ բան։

Ընկերոջս ասում եմ` այսօր երեկոյան պետք է հարցազրույց տամ «Հետք»-ի Անուշ Քոչարյանին, ասում եմ՝ պետք է խոսենք, մի քիչ զրույց անենք։ Ու դա հնարավորություն է հանդիպելու մի նոր անձնավորության, մի նոր մարդու, ու դրա համար ուրախ եմ, որ որոշեցիր ինձ հետ զրուցել։

Ինչ էլ լինի՝ հարցով ընդմիջելու պահն ինքն իրեն գալիս է։ Ընդհատելն այլ բան է։

Կարող եմ էդպես գնալ ու արմատին հասնել։ Բայց էդպես շատ չոր է։ Երբ մարդը հասկանում է, որ ինքը հենց իր տված հարցն է, այդտեղ պատասխանի կարիքը վերանում է: Դա վերջ է դնում բոլոր հարցերին եւ դա է, որ հիմնականում սարսափեցնում է մեզ։ Բայց երբ մարդը հասկանում է, որ հարցերն էլ է ինքը տալիս, պատասխաններն էլ ինքը ունի, մի տեսակ որակ է հաղորդվում դրան։

Ոչինչ էնքան կարեւոր չի, ինչքան արթուն լինելը, վայրկյանում լինելը, մտքիդ հետ մնալու պահը․ որտեղ, որ կաս, իսկապես էնտեղ լինես, ինչքան էլ անդուր լինի, սրտովդ չլինի, տաժանակիր լինի․․․ Դու դրան չժխտես։

Վա՜յ, կներես, մեկ-մեկ էնպես է ստացվում, որ ինձ թվում է՝ ոչ թե զրուցում եմ, այլ քարոզ եմ անում։ Բայց դե իմ խոսելը երեւի պետք է մենախոսություն լինի (նույնիսկ երկխոսության ժամանակ)․ որովհետեւ ինքս ինձ հետ եմ շարունակ խոսում․ արդյոք դա հրաշալի չէ՞։

Երկխոսության անհնարինության մասին (երբ այն շարունակում է մնալ մենախոսություն)․․․ Սէվի հետ մի քանի օր առաջ զրուցում էինք  ու Սիորանի «գոյության գայթակղությանը» հասանք։ Այս դեպքում գոյությունն արդյո՞ք երկխոսություն, այնուամենայնիվ, չի ենթադրումօրինակ Սէվը ինձ հետ խոսելիս պարբերաբար երկխոսում էր նաեւ Ձեզ հետ` (չնայած բացակա ներկայությանը)։

Լինելն էլ, չլինելն էլ, հավատա, նույնչափ գայթակղություններ ունեն։ Ուղղակի պետք է չտրվել այդ գայթակղությանը։ Մենք ապրում ենք մեր մտքերում, իրոք անընդհատ երկխոսության մեջ ենք, էդպես է, բա ինչ է, հարաբերություն է մեր մտքի հետ, մեր լինելիության հետ։ Միայն թե այդ երկխոսությունը չփոխվի վիճարկման։

Ինչ-որ առումով Ձեզ «չսահմանելը» (մասնագիտության առումով, կարգերի, ժամանակի առումով) կապում եմ հենց այս գոյության ու դրան զուգահեռ չգոյության լինելության մտքի հետ։ Այս համեմատության մեջ է, երեւի, որ սահմանումներ չեք ընդունում. ըստ երեւույթին` մարդը սահմանում է իր ով լինելը, որ ավելի հեշտ ներկայանա հանրությանը՝ արդեն ձեւակերպված։

Շատ լավ էր․․․Գիտե՞ս՝ ճիշտ է՝ պատասխանը գիտենք, բայց անընդհատ ուզում ենք համոզվել, շրջանի պես՝ անընդհատ պտույտի մեջ։ Բայց ասեցիր, որ մյուս կողմից պետք է մարդը տեսնի իր գոյությունը, իլուզիան, ոչնչությունը։ Հենց սա էլ տանում է էն մտքին, որ գրել էի․ մահը մեր կողքին է, ոչ թե վատ, ցավագարի ձեւով, այլ իրականության։

Չեմ սիրում պիտակ դնելը, լիմիտավորելը։ Դրա համար պիտակների, անունների, պաշտոնների հետ սեր չունեմ։ Ոնց որ «ես լուսանկարիչ եմ, էս եմ, էն եմ»․․․ Չէ՛, ես ապրում եմ, գնահատում եմ պահը, լուսանկարչության արվեստը, ընդհանրապես արվեստը, մարդու արարելու, ստեղծելու պահը, որովհետեւ դա է տանում հավասարակշռության։

Քանի Սէվից ասեցիր, կարոտել եմ, ինչքան ժամանակ է չեմ տեսել, էներգիան, իհարկե, տարածություն չի ճանաչում, բայց Սէվի հետ զրույցները կարոտել եմ։ Խոսում ենք ժամերով ու վերջում հասկանում, որ ամբողջ ընթացքում լուռ ենք եղել։ Հենց սա են գեղեցիկն ու հավասարակշռությունը։ 

Թե չէ էնպես չի, որ մի բան եմ ասելու, որն ինչ-որ մեկն արդեն չի ասել, կամ որ նորություն է․ ուղղակի մեզ հետաքրքրիր է դարձնում մեր տեսակը, ձայնը, վիբրացիան, մեր էներգիան։ էսպես ասում եմ, խոսում եմ՝ այս կամ այն, բայց ամբողջ ընթացքում պետք է հասկանամ, որ նույնիսկ իմ այս ասածներից կախում պետք է չունենամ։ Ամեն մեկն իր շտամպը դնում է մեզ վրա, մեզ կաղապարում են, հերիք է։ Չեմ ուզում կախման, սպասելիքների մեջ գտնվող լուսանկարիչ լինել։

Արեւելքից՝ Արեւմուտք։ Հիմա Արեւմուտքում, ժամանակին՝ Արեւելքում։ Այդպիսի բաժանման մասին։

Քանի Հայաստանում էի, գոռոզանում էի, որ հայ եմ, Հայաստանում եմ։ Եկա Արեւմուտք՝ 1988-ին։ Էն ժամանակից սկսած վայելք եմ ապրում, որ էդտեղից եմ սնվել, որ արմատներս էդտեղից են։ Բայց Արեւմուտքն էր, որ օգնեց ինքս ինձ ճանաչել։ Հենց էստեղ կարողացա հետ գնալ՝ էնպես, ինչպես կամ, որտեղ կամ։ 

Ամեն ինչը գրկում ես, որովհետեւ չես կարող փախչել ու կարիքն էլ չկա, որովհետեւ այս կետին դրա միջոցով ես հասել։ Կամ դժգոհ ես այնտեղից, որտեղ  որ ես, կամ խաղաղ ես։ Ինձ համար խաղաղություն է էստեղ լինելս, որովհետեւ ազատված եմ կապանքներից՝ մշակութային, հասարակական «պետք է»-ներից։

Ու էդ պահին, երբ հասկանում ես, որ ներկա ես, զգում ես էդ ազատագրող ուժի կարեւորությունը։ Բայց սա մեծ պատասխանատվություն է․ այս դեպքում նույնիսկ բանտում կարող են քեզ պահել, բայց արդեն ազատ ես, դա էլ քեզ ոչինչ չի կարող անել։

Բայց Արեւմուտքն էլ իր «պետք է»-ներն ունի։ Գուցե մասշտաբը շատ մեծ է, տարածվելու տեղը՝ անսահման, բայց ունի հստակեցված սահմանումներ։

Հա, օրենքներն ու սահմանումները ամեն տեղ են, բայց մարդ պիտի հասկանա, որ ինքը իր իրավունքն ունի որպես ազատ գոյություն, ու ինձ դրա համար միայն ամենամինիմալ պայմաններն են պետք։

Այդպիսի մարդուն ի՞նչ օրենքով կարող ես վախեցնել։ Հասկացողություն կա չէ, որ քո իրավունքները վերջանում են այնտեղ, որտեղ ուրիշի իրավունքներն են սկսվում, որպեսզի իրար չչարաշահեն։ Ու այդ կողմից հետաքրքիր երկիր է Ամերիկան։

Չգիտեմ, Անուշ, ինչքան ժամանակ է քաղաքից հեռու եմ, ձայներից հեռու եմ, հասարակությունից հեռու եմ։ Չգիտեմ՝ նույնիսկ ինչ պահ է, որովհետեւ սպասելիքներ չունեմ ոչ մեկից, ու սա մեծ ազատում է․․․Նաեւ պարտական էլ չեմ ինչ-որ մեկին։

Հիմա մարդիկ չափից շատ են իրար օգնում, բայց դա անում են հենց իրենց լավ զգալու համար։ Ես դրա կարիքը չունեմ․ ես արդեն լավ եմ ինձ զգում, արդեն սիրում եմ։ Իսկ էդ խաղի անունը դնում ենք լավություն, բարություն, ստից-մտից բաներ։ Եվ մեզ միշտ ասում են, որ «պետք» է անենք։ Ինչի՞ պիտի էդ կանոններով խաղալ․ ես չեմ վնասում, ապրում եմ։ Ո՞վ կարող է ասել, որ իրավունք չունեմ ապրելու։

Նորից պիտի վերադառնամ Ձեր լուսանկարներինդրանց մեջ ընդդիմություն գրեթե չկա, որովհետեւ մարդու գործողությունից հնարավորինս դուրս է։ Էդպես փաստորեն «գտնվել է» ազատ գործելու տեղը ․․․ Ու դա կադրն է, որ որսում եք։

Լուսանկարնելն ինձ համար մեդիտացիա է․ պետք է ներկա լինեմ որսորդի նման։ Լույս եմ որսում՝ լույսի որսորդ եմ։ Դրա համար պետք է պահի մեջ լինեմ, իսկ եթե պահի մեջ եմ՝ բնական, ներդաշնակ բնության հետ, սրտիս աշխատանքը` կարգավորված, կադրն էլ ունենում է իր յուրահատուկ էներգիան։ Որովհետեւ որտեղ, որ կամ, էդտեղ եմ, թե մյուս վայրկյանին ինչ կլինի՝ ով գիտի։

Կարեւորը ներկա լինելն է, արթուն լինելը այդ վայրկյանին․․․ Էնպես եմ ասում, ոնց որ ես գտել եմ հարյուր տոկոսով՝ անգլիացի գիտնականների պես (ծիծաղում է)։ Մի բան կարող եմ ասել, որ եթե ամեն բանի մեջ խաղաղ սերը չլինի, ամեն բան անօգուտ ու դատարկ կլինի։

Վա՜յ, Անուշ, էս ինչքան սղագրելու բան եղավ։ Կարող ես մի ահագին բան ուղղակի հանել, կներես։

ՀԳզրույցը ներկայացված է ամբողջությամբ։

Լուսանկարները տրամադրել է Էդմոնդ Քեշիշյանը։

Մեկնաբանություններ (2)

Ed
Anush Kocharyan, thank you for your interview and article. Dear Mr. Keshishyan, I have never heard about you and your activity before, however, it is my pleasure to get acquainted (as well as recognize familiar and hearty notes) with your life philosophy. Even though in this interview you respond to the topic of “From the East to the West” via explaining your physical movement from Armenia (East) to the West (U.S.), I think (based on your thoughts) that you have actually experienced not East-to the-West trip, but rather from the West (must and mass centralized, mad-rate lifestyle) to the East (individual path, no labels, present and moment). Most probably you have come to these ideas via Yoga, Indian and Buddhist philosophies; that’s why I am stating that your actual destination is not West, but East :) That’s great, being in the present, because it equals to being everywhere and in everything. The moment individuals will realize the cosmic condition of being/staying in the present, this World will have a chance to archive more masterpieces and genius inventions.
Սէվ
Էդմո՞նդ...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter