Երեքշաբթի, 26 սեպտեմբերի

Թույլ մրցակցին խոշոր հաշվով ծնկի բերելը Մոնտենեգրոյին հաղթելու գրավական չէ



Ասել, թե Հայաստանի ու Սենթ Քիթս եւ Նեւիս երկրի հավաքականի երեկվա ընկերական մրցավեճը (5-0) մեծ օգուտ տվեց մեր թիմին Մոնտենեգրոյի հետ խաղից առաջ, սխալ կլինի: Հայտնի է, որ սպարինգ-մրցակիցների հետ խաղերում մարզիչները փորձարկում են տարբեր տակտիկական սխեմաներ, խաղային օղակներում դիտարկում տարբեր ֆուտբոլիստների, առանձնացնում թիմի ուժեղ եւ թույլ կողմերը, ֆուտբոլիստների խաղային, հոգեբանական խնդիրները:

Նախախաղային ասուլիսում Արթուր Պետրոսյանն այս առումով 3 գործոն էր նշել՝ խաղային որակներ, հոգեբանություն, տակտիկա: Եթե նկատի ունենանք որոշ ֆուտբոլիստների (Արաս, Մարկոս, Անդոնյան) խաղային պրակտիկայի պակասն ու Արթուր Պետրոսյանի կողմից նրանց տրված խաղաժամանակը, ինչպես նաեւ անկախ ամեն ինչից հաղթանակի ոգեւորող ազդեցությունը կարեւոր հանդիպումից առաջ ու, անշուշտ, մարզչական շտաբի տակտիկական փորձարկումները, ապա կարելի է ասել, որ կղզեաբնակների հետ հանդիպումից հավաքականը որոշակի օգուտ քաղեց:

Բայց գաղտնիք չէ նաեւ, որ թիմի իրական պոտենցիալը երեւում է մրցունակ հակառակորդի դեմ, այնինչ շատերի համար, թերեւս, անակնկալ էր, որ Կարիբյան ծովից ժամանած մրցակիցն այդքան անատամ ֆուտբոլ է ցույց տալու՝ շեշտը դնելով տարերային պաշտպանության վրա: Այս առումով կարելի է ասել, որ մեր ընտրանու ներկա իրական վիճակը երեկ այդպես էլ չբացահայտվեց: Օրինակ՝ մրցակիցը ոչ մի խնդիր չառաջադրեց պաշտպաններին, դարպասապահին, հենակետային խաղացողներին, ճնշում մեր դիրքերի վրա չտեսանք, ինչից չենք կարող հետեւություն անել, թե թիմում ամեն ինչ շատ լավ է, որովհետեւ Մոնտենեգրոն լրիվ այլ թիմ է՝ այլ մակարդակով: Այս մասին շեշտել է նաեւ հավաքականի ավագ Մխիթարյանը՝ փորձելով իրականության դաշտ բերել էյֆորիայի մեջ հայտնվածներին:

5-0 հաշվով հաղթանակից հետո գլխավոր մարզիչն ասել է, թե շատ հնարավոր է, որ Պոդգորիցայում նույնպես հարձակողական ոճով խաղան: Որ նման խաղը հետաքրքիր կլինի, պարզ է, բայց արդյոք այն ռիսկային չէ, եթե հաշվի առնենք, որ պաշտոնական խաղերից միայն Ղազախստանի հետ երեւանյան հանդիպմանն է թիմը կարողացել անառիկ պահել դարպասը, ինչը պաշտպանական խնդիրների ցուցիչ է: Շատ ավելի հավանական է թվում, որ Պետրոսյանն ամսի 10-ին կենտրոնը կհագեցնի երկու հենակետայիններով: Չմոռանանք նաեւ, որ յուրաքանչյուր խաղում տակտիկան որոշվում է ըստ մրցակցի:

Եթե Ղազախստանի ու Սենթ Քիթս եւ Նեւիսի հետ հանդիպումներում Հայաստանը խաղացել է 4-3-3 հարձակողական դասավորությամբ, ապա Մոնտենեգրոյի հետ նախորդ խաղում մերոնք հանդես են եկել 4-2-3-1 սխեմայով:

Քանի դեռ Դավիթ Յուրչենկոն տատանվում է Հայաստանի կազմում խաղալու հարցում, դարպասապահի դիրքում Արսեն Բեգլարյանն ունի ապահովագրված տեղ (եթե, իհարկե, վնասվածք չստանա կամ կոպիտ սխալներ թույլ չտա): Պաշտպանությունում երեկ Արթուր Պետրոսյանը փորձարկում էր անում. թիմի հիմնական ձախ պաշտպան Լեւոն Հայրապետյանի փոխարեն մեկնարկային րոպեներից խաղում էր Գագիկ Դաղբաշյանը, իսկ աջից Արտակ Եդիգարյանն էր, որին սովորաբար տեսել ենք ձախ եզրում կամ հենակետայինի գոտում: Երկուսն էլ վատ հանդես չեկան, Գագիկը դարձավ գոլային փոխանցման, իսկ Արտակը՝ գոլի հեղինակ, ընդ որում՝ դա Եդիգարյանի առաջին գոլն էր հավաքականում: Եթե հետո Դաղբաշյանը փոխարինվեց, ապա Եդիգարյանը տեղափոխվեց կիսապաշտպանություն: Կարելի է ենթադրել, որ ամսի 10-ին հենակետայինի գոտում զույգ կկազմեն չեմպիոն «Ալաշկերտի» առանցքը կազմող երկու Արտակները՝ Եդիգարյանն ու Գրիգորյանը: Պաշտոնական վերջին երկու խաղերում (Մոնտենեգրո, Ղազախստան) աջ պաշտպանը եղել է Տարոն Ոսկանյանը, որն այս անգամ զույգ էր կազմել Գաել Անդոնյանին: Մարզիչները, թերեւս, նորարարություն չեն կիրառի ու Պոդգորիցայում կօգտագործեն Հայրապետյան-Անդոնյան-Մկոյան-Ոսկանյան քառյակը (գուցե վերջին երկուսը տեղերով փոխվեն):

Ավելի հավանական է թվում, որ Պետրոսյանն արտագնա խաղում կկիրառի 4-2-3-1 սխեման, ինչպես առաջին խաղում Երեւանում: Մխիթարյանի հետ լավ գրոհային եռյակ կարող են կազմել Մարկոսն ու Մանուչարյանը կամ Արասը: Գլխավոր մարզիչը երեկ նշել է, որ Մարկոսի խաղալու շանսերը բարձր է գնահատում: Իր հերթին Արասը Թուրքիայում շատ քիչ է խաղում, բայց տեխնիկան չի տուժել, ֆիզպատրաստությունն է կաղում, ինչի պատճառով լիարժեք 90 րոպե չի կարող հանդես գալ: Գրոհի ծայրում կարելի է սպասել Ռուսլան Կորյանին, որը Սարկիսովից ավելի խոշոր ու բարձրահասակ է, ինչը կարեւոր է բալկանցի պաշտպանների հետ պայքարում:

Վերադառնալով երեկվա խաղին՝ պետք է առանձնացնել հենակետային Արտակ Գրիգորյանին, որը խաղից խաղ, ինչպես ասում են, ավելացնում է: Իր տեսակով պայքարով, չզիջող ֆուտբոլիստ լինելով՝ Գրիգորյանը չի մտածում միայն մրցակցի գրոհները խափանելու, «քանդելու» մասին ու ժամանակ առ ժամանակ «բռնկվում է»՝ առաջ նետվում խորքից՝ գոլային պահ ստեղծելով իր կամ ընկերների համար, ինչը շատ լավ է եւ բխում է ժամանակակից ֆուտբոլի միտումներից: Եթե նոյեմբերյան խաղում Արտակն այդկերպ գրավեց Մոնտենեգրոյի դարպասը, երեկ նույն իրավիճակում, 20-րդ րոպեին դուրս գալով դարպասապահի առաջ, ժլատություն չարեց ու փոխանցեց Կորյանին, որը բացեց հավաքականում իր գոլերի հաշիվը:

Նկատելի էր, որ Արթուր Պետրոսյանի թիմը շատ է օգտագործում աջ ու ձախ եզրերը, չնայած առաջին երկու գոլերը ծնվեցին կենտրոնից: Երկրորդ գոլի դրվագում աչք շոյեց Մխիթարյան-Կորյան կոմբինացիան. 30-րդ րոպեին Հենոն պատ խաղարկեց Ռուսլանի հետ, տեղափոխվեց տուգանային հրապարակի կենտրոն, իսկ մնացածը տեխնիկայի հարց էր: Եվս 10 րոպե անց Մանուչարյանը ձախ եզրում առաջ մղեց Դաղբաշյանին, որն էլ փոխանցեց կենտրոն՝ Մխիթարյանին, ով ավելի արագ ու ճարպիկ էր, քան մրցակցի պաշտպանները: Հենրիխը հավաքականում իր գոլերի թիվը հասցրեց 22-ի՝ թարմացնելով ռեկորդը:

Ընդհանրապես, կղզեաբնակները շատ բան էին թույլ տալիս մերոնց, ինչից ուղղակի չէր կարելի չօգտվել: Այդպես 68-րդ րոպեին փոքրամարմին Սարկիսովն իր արագության ու համառության հաշվին ազատվեց պաշտպանի հետապնդումից, մեն-մենակ մնաց դարպասապահի առաջ, որի ոտքերի արանքով գնդակն ուղարկեց դարպասը՝ մի տեսակ ծաղրելով մրցակցին: Սա Արթուրի 6-րդ գոլն էր հավաքականում: 89-րդ րոպեին էլ «նվեր» ստացավ Արտակ Եդիգարյանը. մրցակցի խաղացողն այնքան անփույթ հետ փոխանցում կատարեց, որ Արտակին դուրս բերեց հարվածային դիրք, հայ ֆուտբոլիստն էլ գնդակը մխրճեց ցանցը:    

Մեր ընտրանու պատմության մեջ սա ամենախոշոր հաշվով տնային հաղթանակն էր, Արթուր Պետրոսյանն էլ դարձավ առաջին մարզիչը, որը հաղթում է իր մեկնարկային 3 խաղերում անընդմեջ:

Մեր առաջիկա մրցակիցը երեկ 1-2 հաշվով տանը պարտվեց Իրանին: 10-րդ րոպեին Անսարիֆարդը առաջ է մղել հյուրերին, սակայն 32-րդ րոպեին Յովետիչը վերականգնել է հավասարակշռությունը: Այդուհանդերձ, Ազմունի գոլը 60-րդ րոպեին հաղթական էր մեր հարեւանների համար, որոնք 81-րդ րոպեից կարմիր քարտի պատճառով խաղում էին 10 հոգով: Մոնտենեգրոյի կազմում թիմի առաջատարներից Ստեւան Յովետիչն անցկացրել է 64 րոպե, առաջին խաղակեսին մասնակցել է պաշտպան Ստեֆան Սավիչը, իսկ երկրորդին՝ վետերան Միրկո Վուչինիչը:

Լուսանկարը՝ Գագիկ Աղբալյանի


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. Սօս Ավետիսեան00:14 - 6 հունիսի, 2017
Յարգելի Վահե, պէտք չէ, որ Ձեր բանիմաց վերլուծութիւնը մթագնի այնպիսի քերականական կոպիտ սխալ, ինչպիսին է՝ ՛՛տեղերով փոխՎել՛՛. դա ռուսաբանութիւն է, ցավոք՝ մեր մարզական մեկնաբանների շրջանում շատ տարածուած: Ճիշտը՝ տեղերը փոխել: Նոյնկերպ՝ եզրերը փոխել, ոչ թե եզրերով փոխուել, գոլեր փոխանակել, ոչ թէ գոլերով փոխանակուել եւ այլն: Մարդիկ չեն փոխՎում միայն այն բանից, որ եզր են փոխում, ոչ էլ փոխանակՎում են, հո գերի չեն, որ իրենց փոխանակեն, ընդհակառակը՝ իրենք են փոխանակում: Շնորհակալութիւն:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ