HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գյումրու ավագանու նիստերը բոյկոտող երեք կուսակցություներից ՀՎԿ-ն զիջեց դիրքերը

Անցած տարի հոկտեմբերի 2-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքները վիճարկող ու նիստերը բոյկոտող երեք կուսակցություններից Գյումրու ավագանու երկրորդ նստաշրջանի 7-րդ նիստին իր ներկայությունն էր որոշել ապահովել միայն «Հայկական վերածնունդ» կուսակցությունը: ՀՎԿ-ի կազմում փոփոխություն էր տեղի ունեցել՝ ավագանու անդամի մանդատից հրաժարված ԱԺ նախկին պատգամավոր Հովհաննես Մարգարյանին փոխարինել էր Սաշա Մարտիրոսյանը: Խմբակցությունը նիստին մասնակցում էր 4 հոգանոց կազմով: «Բարգավաճ Հայաստան» և «ԳԱԼԱ»  կուսակցություններից ընտրված ավագանու անդամներն այս անգամ էլ էին բացակայում:

Քաղաքապետ Սամվել Բալասանյանը հայտարարեց, որ օրենքի համաձայն, անհարգալից բացակայություններ ունեցող ավագանիների լիազորություններն այսօրվանից դադարեցվում են: «Սակայն ես որոշեցի հարցը չմտցնել այս նիստի օրակագ, այլ տեղափոխել աշնանային նստաշրջան՝ հույս ունենալով, որ բացակա խմբակցությունների 12 անդամներն, ի վերջո, կսկսեն նորմալ մասնակցություն ապահովել ու կներկայացնեն համապատասխան փաստաթղթեր բացակայությունները հարգալից համարելու համար»,-հայտարարեց Սամվել Բալասանյանը:

«Հայկական վերածնունդ» խմբակցության անդամ Հասմիկ Եղիազարյանն իրենց բացակայությունը` նախորդ 6 նիստերից, պատճառաբանեց խնդրով, որի դատական կարգով լուծման ելքով էլ պիտի պայմանավորվեր իրենց հետագա գործողությունները: Հարցը լուծվել է, և իրենք որոշել են մասնակցել նիստերին:

«Մենք երեք կուսակցությունով ստորագրել էինք համաձայնագիր, որ չպետք է մասնակցենք ավագանու նիստերին, մինչեւ Սահմանադրական դատարանի որոշումը,- նշեց Հասմիկ Եղիազարյանը,- այդ որոշումը եղել է արդեն, և դրանից հետո յուրաքանչյուր կուսակցություն իրավունք ունի անկախ վճիռ կայացնելու և ինքնուրույն լուծելու հարցը՝ ինքը մասնակցելու է, թե ոչ: Այդ իրավունքից օգտվել ենք նաեւ մենք՝ արտախորհրդարանական կուսակցություն էինք, խնդիր ունեինք նաեւ այս հարցում, վճռվել է այս հարցը, հիմա եկել ենք մասնակցելու»:

Մամուլում մի քանի օր առաջ տեղեկություն էր հրապարակվել, որ քաղաքապետի որդին՝ Միսակ Բալասանյանը ավագանու նիստերին մասնակցելու համար ՀՎԿ անդամներից յուրաքանչյուրին 300 հազար դրամ գումար է առաջարկել: «Հայկական ժամանակ»  լրատվամիջոցի թղթակիցը հարց ուղղեց Հասմիկ Եղիազարյանին՝ փորձելով ստանալ հրապարակված տեղեկատվությանն առնչվող որևէ պարզաբանում:

«Ես լսել եմ, որ այդպիսի լուր տպագրվել է, բայց պիտի ասեմ, որ մենք ոչ մեկին չենք տեսել, ոչ մեկի հետ բանակցությունների չենք գնացել, ոչ մի որդի մեզ չի դիմել»,-շեշտեց Հ. Եղիազարյանը:

ՀՎԿ խմբակցության ներկայությունը Գյումրու ավագանու նիստին որևէ էական փոփոխություն չմտցրեց ընթացքի մեջ: Պարզապես, շատ հաճախ, ՀՎԿ-ականները մոռանում էին քվեարկել, ու այդպես էլ անհայտ էր մնում նրանց դիրքորոշումը տվյալ հարցի շուրջ՝ կո՞ղմ են, դե՞մ են, թե՝ ձեռնպահ: Նիստի ավարտին քաղաքապետն ընթերցեց ԲՀԿ-ի ներկայացուցիչ Վարդևան Գրիգորյանի՝ ԱԺ պատգամավոր ընտրվելու կապակցությամբ ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին դիմումը: Ավագանու հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter