HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստան 2040. երկո՞ւ, թե՞ չորս միլիոն բնակչություն

Արտակ Մարկոսյան
Պատմական գիտությունների թեկնածու, ժողովրդագետ
ՄԱՀՀԻ գործընկեր 

Վերջին օրերին չեն դադարում բանավեճերն այն թեմայով, թե իրական է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հնչեցված տեսլականն այն մասին, որով 2040թ. Հայաստանը պետք է ունենա 4 մլն բնակչություն:

Նախ սկսենք այն փաստից, որ 2017թ. մարտի 1-ի տվյալներով` ՀՀ մշտական (մարդիկ, որոնք գրանցված են Հայաստանում, սակայն կարող են կարճատև կամ երկարատև բացակայել Հայաստանից) բնակչությունը կազմել է 2 մլն 981 հազար մարդ: Նշենք, որ 2011թ. Հայաստանում անցկացված մարդահամարի տվյալներով` Հայաստանի մշտական բնակչության թիվը կազմել է 3 մլն 18 հազար մարդ, այսինքն` պաշտոնական վիճակագրությունը ևս հավաստում է, որ Հայաստանի բնակչությունը գնալով պակասում է: Այդ նվազումը ձևավորվում է տարիներ ի վեր արձանագրվող` բնակչության բնական հավելաճի և շարունակվող միգրացիայի գնահատված մնացորդի ցուցանիշների տարբերության հաշվին:

Սակայն իրականում բնակչության նվազման գործընթացն ավելի ինտենսիվ է տեղի ունենում, քանի որ ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգերի տվյալների համաձայն՝ 2013թ. արձանագրվել է ուղևորահոսքի 31.000, 2014թ.՝ 42.000 , 2015թ.՝ 43.000, իսկ 2016թ.՝ 49 հազարի բացասական ցուցանիշ: Այսինքն Հայաստանից բնակչության արտահոսքը ոչ միայն չի նվազում, այլև տարեցտարի ավելանում է:

Ընդ որում, 2013թ.-ից սկսած արտագաղթը փոխել է իր էությունն ու բնույթը, և հեռացողների մեծ մասն ընտանիքներով են մեկնում Հանրապետությունից: Իսկ եթե դրան գումարվի նաև այն, որ մեկնողների գերակշիռ մասը վերարտադրողական տարիքում գտնվող, աշխատունակ, երիտասարդ մարդիկ են, ապա ամենևին էլ զարմանալի չէ, որ վերջին երկու տարիներին գրանցվում է ծնելիության անկում:

Եթե 2015թ. Հայաստանում ծնվել է 41.768 երեխա, ապա 2016թ. այդ ցուցանիշն իջել է 40.638-ի: Ի լրումն այս բացասական երևույթների՝ նվազել է ամուսնությունների թիվը: Եթե 2015թ. Հայաստանում արձանագրվել է 17.603 ամուսնություն, ապա 2016թ.՝ 16.294: Ամուսնությունների նվազումը չի կարելի դիտարկել որպես ժամանակավոր երևույթ, քանի որ դա շարունակական բնույթ է կրելու: Ակտիվ ամուսնական տարիք է մուտք գործում 20-րդ դարի 90-ական թվականներին ծնված սերունդը, որի թիվը մոտ 40 տոկոսով ավելի քիչ է, քան 80-ական թվականներին ծնվածներինը: Այսինքն քիչ ծնված երեխաներից առավել քիչ թվով երեխաներ են լույս աշխարհ գալու, և ծնունդների թիվը միայն այս գործոնով պայմանավորված արդեն իսկ նվազելու է:

Ըստ փորձագիտական տվյալների՝ արդեն իսկ 2025թ. մահերի թիվը գերազանցելու է ծնունդներին, և բնական աճի ցուցանիշը բացասական է լինելու: Եվ շարունակվող արտագաղթի պայմաններում այդ գործոնն էլ ավելի է նվազեցնելու ՀՀ բնակչության թիվը: Նշենք, որ 1991թ.-ից ի վեր Հայաստանում գրանցվել են բնական աճի դրական ցուցանիշներ: 1991-2016թթ. Հայաստանում բնական աճի ցուցանիշը կազմել է մոտ 450 հազար մարդ, և այդ գործոնը որոշակի իմաստով մեղմել է արտագաղթի բացասական ազդեցությունը Հայաստանի ժողովրդագրական գործընթացների վրա: Այդ գործոնի վերացումը, ներառյալ արտագաղթը, եթե կանգ չառնի և շարունակական բնույթ ունենա, էլ ավելի կնվազեցնի ՀՀ բնակչության թիվը:

Համաձայն ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի փորձագիտական տվյալների՝ 2050թ. Հայաստանի համար գոյություն ունի բնակչության թվաքանակի լավագույն և վատագույն երկու տարբերակ: Ըստ լավագույն տարբերակի՝ Հայաստանում բնակչությունը կարող է կազմել 3 մլն 200 հազար, վատագույն տարբերակի համաձայն՝ 2 մլն մարդ:

Այս թեմայով առավել հանգամանորեն կարող եք կարդալ ՄԱՀՀԻ հետազոտական ծրագրերի շրջանակում հեղինակի պատրաստած «ՀՀ բնակչության ժողովրդագրական գործընթացները 1985-2016թթ.» հետազոտությունը: 

«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ) 

Մեկնաբանություններ (1)

Հայկ
Պետք չէ նման լուրջ մոտեցում ցուցաբերել բացահայտ անլուրջ հարցին։ Այսօրվա Հայաստանում մի քանի ամսից ավել ժամկետի համար որևէ կանխատեսում, անիմաստ է, քանի֊որ ոչ ոք չի կարող իմանալ թե վաղը կամ մյուս օրը ինչպիսի այլասերված գաղափար կառաջարկեն կրեմլյան մուտանտները, որը անհապաղ կկատարեն նրանց տեղական լաքեյները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter