Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

Կարապետ Գուլոյանի ընտրած կազմակերպությունը յուրացնում է ուսուցիչների սոցփաթեթի գումարները



Այս տարվա մարտ ամսին Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանի օգնական Հերմինե Ադամյանը մարզի հանրակրթական դպրոցների տնօրեններին հանձնարարական է ուղարկել· «Սոցիալական փաթեթի հանգստի բաղադրիչի շրջանակներում համագործակցել բացառապես «Տուրիզմ» ՍՊԸ, «Տ·Մ·Կենտր», «Գոհար 87» ՍՊԸ կազմակերպությունների հետ: Գործակալները կլինեն դպրոցներում:

Հրազդանի թիվ 2,8,9,11,12 հիմնական դպրոցները համագործակցեն «Արմա Տուր» ՍՊԸ-ի հետ»:

Կոտայքի մարզպետի օգնականի ներկայացրած 4 ընկերություններից երեքը հաշվառված են տնտեսական մրցակցության եւ զարգացման նախարարությունում սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություններ մատուցելու համար: Նշվածներից «Տ·Մ·Կենտր» եւ «Տուրիզմ» ՍՊԸ-ն նույն ընկերություն է: «Տուրիզմ» ՍՊԸ-ի հիմնադրած «Աիլինդա տուր»  զբոսաշրջային ընկերության գործակալներն անցյալ տարի եղել են մարզի դպրոցներում եւ դեռեւս մարտ ամսից հարկադրաբար գումարները փոխանցել են տվել այս ընկերության հաշվեհամարին, սակայն ուսուցիչների հանգիստը կա´մ չեն կազմակերպել եւ գումարներն էլ չեն վերադարձրել, կա´մ մատուցված ծառայության դիմաց, մինչ օրս գումարը չեն փոխանցել հանգստյան տներին:

Մեր հարցին, թե ինչու պետք է հանրակրթական դպրոցների աշխատակազմը բացառապես այս ընկերությունների հետ համագործակցի` Կոտայքի մարզպետի օգնական Հերմինե Ադամյանն ասում է, որ այդ ընկերությունները դիմել են մարզպետարան, մարզպետն էլ թույլ է տվել, որ նրանք աշխատեն մարզի դպրոցների հետ: «Մեր կողմից դպրոցներին հանձնարարական է եղել այն առումով, որ տեղեկացված ենք այդ ընկերությունների մասին»,- հայտնեց Հ. Ադամյանը: Վերջինիս հարցրեցի, թե տեղյակ են, որ «Տ·Մ·Կենտր» կամ արդեն «Տուրիզմ» ՍՊԸվերանվանված ընկերությունն անցյալ տարի չի կատարել դպրոցների աշխատակիցների հետ կնքած պայմանագրային պարտավորությունները: Նա ասաց, որ մարզպետարանում նման հարցեր չեն քննարկում:

Ինչևէ, այս տարի դարձյալ «Աիլինդա տուր»-ի գործակալները եղել են մարզի դպրոցներում եւ, դեռեւս մայիս ամսվա առաջին օրերին, պայմանագրեր են կնքել ուսուցիչների հետ: Նրանց պարտավորեցրել են նախապես գումարները փոխանցել իրենց հաշվեհամարին, այն դեպքում, երբ ուսուցիչները հանգստանալու կարող են մեկնել միայն իրենց` արձակուրդում գտնվելու օրերին, այսինքն` հուլիս-օգոստոս ամիսներին:

Գառնիի երկու հանրակրթական դպրոցների ուսուցիչներից նրանց, ովքեր անցյալ տարի պայմանագիրը կնքել են «Աիլինդա տուր»-ի հետ եւ ամիսներ առաջ գումարը փոխանցել են նրանց հաշվին, այդպես էլ չի հաջողվել հանգստի մեկնել: Այս տարի դարձյալ մարզպետարանից իջեցված հրահանգով` նրանց պարտադրվել է պայմանագիր կնքել այս գործակալության հետ: Գործակալները խոստացել են, կրկին իրենց հետ պայմանագիր կնքելու դեպքում, երկու տարվա գումարի 30%-ը վերցնել, իսկ մնացածը փոխանցել նրանց ընտրած հանգստյան տան հաշվեհամարին: Սակայն, պայմանագիրը կնքելուց եւ գումարները փոխանցելուց հետո գործակալները կրկին անհետացել են կամ ուսուցիչներին պատասխանել  են, որ այլեւս չեն աշխատում «Աիլինդա տուր»-ում: 

Կոտայքի մարզի Զառ գյուղի հանրակրթական դպրոցի ուսուցիչներին «Լոռի ռիզորթ» հանգստյան տնից նախապես տեղեկացրել են, որ «Աիլինդա տուր» զբոսաշրջային գործակալության հետ պայմանագիր կնքելու դեպքում, նրանց չեն ընդունի: «Աիլինդա տուր»-ն անցյալ տարի հանգստացողների գումարները չի փոխանցել ընկերությանը: Դպրոցի աշխատակազմը գոհ է «Լոռի ռիզորթ» հանգստյան տան ծառայությունից, սակայն ինչպես տեղեկացրին, մարզպետարանից կրկին նրանց պարտադրում են պայմանագիր կնքել «Աիլինդա տուր»-ի հետ: Անցյալ տարի, գործակալների հետ ձեռք բերված նախնական պայմանավորվածությամբ` հանգստանալու համար ընտրել են այս հանգստյան տունը, սակայն երբ տեղ են հասել, պարզվել է, որ այստեղ նրանց չէին սպասում: Ասել են, որ հանգստյան տունը «Աիլինդա տուր»-ի հետ համագործակցության պայմանագիր չունի: Այնուամենայնիվ, բանավոր համաձայնության են եկել, մի քանի որ հանգստացել են, սակայն «Աիլինդա տուր»-ն այդպես էլ գումարները չի փոխանցել:

«Լոռի ռիզորթ»-ից նույնպես հաստատեցին, որ «Աիլինդա տուր» զբոսաշրջային գործակալությունը մեծ պարտքեր ունի, իրենք ծառայությունը մատուցել են, սակայն գումարները չեն փոխանցվել: Մի քանի օր առաջ տնտեսական մրցակցության եւ զարգացման նախարարությունում հանդիպում է կազմակերպվել զբոսաշրջային ընկերությունների, հանգստի ծառայություններ մատուցողների եւ կառավարության ներկայացուցիչների հետ` կազմակերպչական հարցեր քննարկելու նպատակով: Բազմաթիվ հանգստյան տների եւ հյուրանոցների ներկայացուցիչներ նախարարություն են գնացել ոլորտում առկա հարցերը քննարկելու համար: Միաժամանակ, հանգստյան տան եւ հյուրանոցների ներկայացուցիչներից շատերն ակնկալել են, որ այնտեղ կարող են հանդիպել, հատկապես, «Տուրիզմ» ՍՊԸ-ի ներկայացուցչին եւ իրենց գումարները պահանջել: Սակայն, ընկերությունը չի մասնակցել քննարկմանը, իսկ նրանց բարձրացրած հարցերը պատասխան չեն ստացել:

«Լոռի ռիզորթ»-ը պատրաստվում է դատական հայց ներկայացնել «Տուրիզմ» ՍՊԸ-ի դեմ:

2012 թ.-ից գործող սոցիալական փաթեթի ռիսկային համարվող այս բաղադրիչի արդյունավետությունն անցյալ տարի ուսումնասիրել էր Վերահսկիչ պալատը (ՎՊ): Ստուգվել էր նաեւ «Տ.Մ. Կենտր» ՍՊԸ-ի գործունեությունը եւ ստուգման արդյունքներով` այս կազմակերպությունը՝ 01.10.2016թ.-ի դրությամբ «Տ.Մ. Կենտր» ՍՊԸ-ն 9 մլն 125 000 դրամի պարտք է ունեցել հյուրանոցներին եւ հանգստյան տներին (ՎՊ-ի ուսումնասիրությունն ընդգրկել է 2012 թ. հունվարի 1-ից մինչեւ 2016 թ.-ի հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածը): ՎՊ-ն նրանց եւ պարտքեր կուտակած զբոսաշրջային այլ ընկերություններին առաջարկել է ժամանակացույցով մարել պարտքը:

Ստուգումից անմիջապես հետո «Տ.Մ. Կենտր» ՍՊԸ-ի դեմ երկու դատական հայց է ներկայացվել` գումարները բռնագանձելու պահանջով: Առաջին հայցը 31.10.2016 թ.-ին ներկայացրել է Ջերմուկ քաղաքում գործող «Արարատ մոր եւ մանկան առողջարան» ՓԲԸ-ն:  Հարկադիր կատարման ծառայությունը 02.11.2016 թ.-ին հայցի ապահովման նպատակով հայցագնի` 2 մլն 456 հազար դրամի չափով, արգելանք է դրել պատասխանող «Տ.Մ.Կենտր» ՍՊԸ-ի դրամական միջոցների վրա: Այս գործի քննությունը դեռեւս չի ավարտվել:

Երկրորդ հայցը 09.12.2016թ.-ին ներկայացրել է Դիլիջան քաղաքում գործող «Փարադայս հոթել» ՍՊԸ-ն: Հայցերը քննվում են Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, քանի որ այդ ժամանակ «Տ.Մ.Կենտր» ՍՊԸ-ն գործել է ք. Երեւան, Պուշկինի 43 հասցեում։ 12.12.2016 թ. որոշմամբ` հայցադիմումը վարույթ է ընդունվել, միաժամանակ բավարարվել է հայցվոր կողմի միջնորդությունը` հայցի ապահովման միջոց ձեռնարկելու մասին: ԴԱՀԿ-ը հայցագնի չափով` 666050 դրամ` որպես հյուրանոցային ծառայության եւ 595 050 դրամ` չվճարված սննդի դիմաց (ընդհանուր` 1 261 100 դրամ), արգելանք է դրել պատասխանող «Տ.Մ.Կենտր» ՍՊԸ-ի գույքի եւ դրամական միջոցների վրա։

Մինչեւ Կենտրոն դատարանը ընկերության դեմ քննվող գործերից մեկով կկայացներ առաջին վճիռը, «Տ.Մ. Կենտր» ՍՊԸ-ն 27.02.2017 թ.-ին ռեգիստրով անվանափոխվել է «Տուրիզմ» ՍՊԸ-ի եւ տնտեսական զարգացման եւ, ներդրումների նախարարությունում գրանցվելով, մասնակցում է 2017թ.-ի համար սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություններ մատուցելուն` դարձյալ հանդես գալով «Աիլինդա տուր»  անվանումով:

 «Փարադայս հոթել» ՍՊԸ-ի հայցապահանջը բավարարվել է, դատարանը դեռեւս չի ավարտել «Արարատ մոր եւ մանկան առողջարան» ՓԲԸ-ի ներկայացրած հայցի քննությունը:

Վերահսկիչ պալատը Կառավարությանն առաջարկել էր` արձանագրված խախտումները հետագայում բացառելու նպատակով` լրամշակել սոցիալական փաթեթի ոլորտը կարգավորող իրավական ակտերը: Իսկ մինչեւ լրամշակված տարբերակի ընդունումը, սոցիալական փաթեթի գումարների հնարավոր անօրինական կանխիկացումների դեպքերից խուսափելու համար առաջարկել էր`

  • սոցիալական փաթեթի գումարները տրամադրել շահառուներին` դրանք իրենց հայեցողությամբ տնօրինելու նպատակով,
  • քննարկել  զբոսաշրջային օպերատորների պարտադիր հաշվառման պահանջը վերացնելու եւ ոլորտը ազատ մրցակցային դաշտում թողնելու հարցը,
  • քննարկել սոցիալական փաթեթի շահառուներին հյուրանոցների կամ հանգստյան տների հետ անմիջական գործարքի մեջ մտնելու հնարավորություն ընձեռելու  հարցը:

Տնտեսական մրցակցության եւ զարգացման նախարարությունում անցյալ տարվա հուլիս ամսին քննարկել են ՎՊ-ի առաջարկները: «Նախարարն իր ներածական խոսքում նշել է, որ ՀՀ կառավարության կողմից սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության բաղադրիչի կիրառման նպատակն է հանրային ծառայողների հանգստի համակարգված եւ արդյունավետ կազմակերպումը` միաժամանակ խթանելով Հայաստանում եւ Արցախում ներքին զբոսաշրջության զարգացումն ու նպաստելով ոլորտը սպասարկող կազմակերպությունների գործունեությանը: Սակայն այն, ինչին ականատես ենք լինում, ըստ էության, շեղում է հիմնական նպատակից»,- ասվում է  նախարարության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ: 

Քննարկումը, սակայն որևէ  եզրահանգման չի հանգեցրել եւ նախարարությունում, համաձայն ընդունված կարգի` շարունակել են զբոսաշրջային ընկերություններին հաշվառել հաջորդ տարի սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություններ մատուցելու համար:

Դպրոցների աշխատակիցները մեզ հետ զրուցելիս պնդում էին, որ իրենց պետք է հնարավորություն տալ առանց միջնորդների օգտվել իրենց սոցիալական փաթեցից, եւ առանց այն էլ ոչ մեծ գումարները տնօրինել անձամբ` առանց միջնորդավճարներ խլելու կամ ողջ գումարը անհասկանալի կազմակերպությունների փոխանցելու: 


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (8)
1. ԼԵՆԱ13:02 - 6 հունիսի, 2017
Լինելով Կոտայքի մարզի Զառ գյուղի հանրակրթական դպրոցի աշխատակից, հայտնում եմ որ երկու տարի հանգստացել եմ ,,Լոռի ռիզորթ,, հանգստյան տանը և չեմ դժգոհում հանգստյան տան և տուրիստական ընկերության ծառայություններից,որոնք սպասարկել են մեզ:Մենք ոչ մի առնչություն չունենք տվյալ հոդվածի հետ:
2. Գառնի բանավանի հիմնական դպրոցի աշխատակազմ11:16 - 7 հունիսի, 2017
Գառնի բանավանի հիմնական դպրոցի ողջ աշխատակազմը վստահեցնում է, որ hetq.am կայքում ուսուցիչների սոցփաթեթի գումարների վերաբերյալ տեղադրված հոդվածը չի վերաբերում մեր դպրոցին, քանի որ Գառնի բանավանի հիմնական դպրոցի կոլեկտիվի յուրաքանչյուր անդամ սոցփաթեթով հանգիստն անց է կացնում բացառապես իր ցանկությամբ: Այդ հարցում առ այս պահը ոչ մի ճնշում կամ պարտադրանք մեր հաստատությունում չի եղել:
3. Գառնիի թիվ 1 հիմնական դպրոցի ուսուցիչներ 12:32 - 7 հունիսի, 2017
Գառնիի թիվ 1 հիմնական դպրոցի այն ուսուցիչները, ովքեր անցյալ տարի պայմանագիր են կնքել -ի հետ, հերքում են hetq. am կայքում տեղադրված հոդվածում նշված տվյալները՝ այն համարելով զրպարտանք: Դպրոցում մարզպետարանի կողմից ոչ մի պարտադրանք չի եղել: ՈՒսուցիչներն են տնօրինում իրենց գումարը և ընտրում կազմակերպությունը:
4. Սառա Պետրոսյան13:34 - 7 հունիսի, 2017
Հարգելի ուսուցիչներ, անկեղծ ասած, ես ձեր արձագանքին չէ, որ սպասում եմ, այլ իրավապահ մարմինների: Կարծում եմ, զրպարտանքը հաստատելը կամ հերքելը նրանց գործն է:
5. Վերա17:44 - 27 հուլիսի, 2017
Ես աշխատում եմ Մատենադարանում։ Ճանաչում եմ անձամբ երկու մարդու, ովքեր տուժել են Տուրիզմ -Այլանդա-ի անբարեխիղճ աշխատանքից։ Գումարները նրանք փոխանցել էին, սակայն հանգիստը չէր կազմակերպվել։ Մեր ոչ մի զանգին ցայսօր չեն պատասխանել։ Այս պահին իմ ձեռքի տակ է այդ երկու տարեց գիտաշխատողների փաստաթղթերը, քանի որ խոստացա նրանց գտնել Տուրիզմի աշխատակիցներից որև մեկին կամ տնօրենին։ Ապարդյուն։
6. Քնար22:08 - 27 հուլիսի, 2017
Իհարկե, հիմա բոլոր ուսուցիչները կսկսեն հերքել, որ իրենց ստիպել են ընտրել այս կամ այն ընկերությունը, բայց փաստն այն է, որ պետական բավական մեծ թվով հիմնարկություններում աշխատողներին ստիպում են նախապես գրանցվել իրենց ասած գործակալությանը: Հարգելի լրագրողը կարող է շարունակել հետաքննությունը՝ ի շահ այն ժողովրդի, որը պատրաստ չէ պայքարել իր իրավունքների համար:
7. Արմինե10:35 - 28 հուլիսի, 2017
Հարգելի ուսուցիչներ, բա որ գնում եք, դրանց եք ընտրում, ընտրակեղծիքների մեջ եք թաթախվում, մարդկանց եք ցուցակագրում, բա արդյունքները պետք է վայելեք: Ու ինչու է Հետքը փորձել ինչ-որ բան անել, եթե էս մարդիկ հիմա էլ վախից հերքելու են կամ ասելու են, որ այդ տուր-օպերատորից ամենաշատն են գոհ: Սարսափում եմ, որ մտածում եմ իմ երեխային դուք և ձեզ նման վախկոտ ու անսկզբունքային մարդիկ են ուսուցանելու:
8. Անի17:03 - 25 մայիսի, 2018
Ամեն ինչ ճիշտ էր։ Արդեն 4 տարի է փնտրում եմ այդ տուրիստական ընկերությանը։ Ապարդյուն։ Անհետացել են։
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ