HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հետաքրքիր բացահայտումներ՝ Հայաստանի դպրոցների մասին

Գայանե Սարգսյան

2015-2016թթ.  հանրապետության 10 մարզերի 40 դպրոցներում  ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի և ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ «Պահանջատեր հասարակություն հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում իրականացրել է մոնիթորինգ:

Մոնիթորինգի են ենթարկվել դպրոցների ֆինանսական փաստաթղթերը, դպրոցների կառավարման ու ծնողական խորհուրդների նիստերի արձանագրությունները, ինչպես նաև իրականացվել են թեմատիկ հարցումներ ծնողների շրջանում:

Աշխատանքային խումբը յուրաքանչյուր մարզից ներառել է մարզկենտրոնների 4-ական դպրոց՝ 2 հիմնական, 1 ավագ, 1 ներառական: Մոնիթորինգի իրականացման ընթացքում բոլոր դպրոցները` բացառությամբ Եղեգնաձորի ավագ դպրոցի, պատրաստակամորեն ներկայացրել են անհրաժեշտ փաստաթղթերը:

Լոռու մարզում  մոնիթորինգ է իրականացվել Վանաձորի 6, 7, 17 և 30 դպրոցներում:

Այսօր Վանաձորի քաղաքացիական երիտասարդական կենտրոնում ծրագրի ղեկավար, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը, փորձագետ Սերոբ Խաչատրյանը և Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի մոնիթորինգի պատասխանատու Դիանա Տեր-Ստեփանյանը  դպրոցների ներկայացուցիչներին ու թեմայով հետաքրքրված վանաձորցիներին ներկայացրեցին մոնիթորինգի նախնական արդյունքները:

«Մեր օրենքները դպրոցներին տալիս են որոշակի հնարավորություններ դպրոցի կառավարման համար, բացի բյուջեից նաև այլ միջոցներ ներգրավվելու հարցում,  այդ թվում լրացուցիչ ծառայություններ մատուցելու,  ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու միջոցով և այլն: Հանրապետության 40 դպրոցների բյուջեների վերլուծությունը, սակայն, ցույց է տվել, որ թեև դպրոցները լրացուցիչ միջոցներ ներգրավելու հնարավորություններ ունեն, բայց այսօր, գլխավորապես, գոյատևում են պետական բյուջեի հաշվին»,- նշեց Ս. Խաչատրյանը:

Ուսումնասիրության ենթակա երեք տարիների կտրվածքով 39 դպրոցներից 11-ն ստացել են բարեգործական աջակցություն, 7-ը՝ հավելյալ եկամուտ են ստացել վարձակալությունից, 6-ը՝ մրցութային կարգով լրացուցիչ ֆինանսավորում՝ պետբյուջեից:

Բանախոսի դիտարկմամբ՝ երեք տարվա կտրվածքով  սա բավականին ցածր ցուցանիշ է և ցույց է տալիս, որ դպրոցները չեն կարողանում ներգրավել լրացուցիչ ֆինանսական միջոցներ:

Ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ դպրոցների բյուջեի 90,7 %-ը հիմնական և 92,9 %-ը ավագ դպրոցներում ծախսվում է աշխատավարձերի, պարգևավճարների վրա:

Հետաքրքրական է, որ դպրոցները չափազանց փոքր գումար են տրամադրում ուսուցիչների մասնագիտական զարգացման համար: Այս ուղղությամբ ուսումնասիրված դպրոցների ծախսը կազմել է բյուջեի 0,07 %-ը: Բյուջեի 1,3 %-ը կազմել են կոմունալ , 5 %-ը ՝ ջեռուցման  ծախսերը:

Մասնագիտական զարգացման համար վերջին երեք տարիներին ուսումնասիրված  դպրոցները միասին վերցրած ծախսել են 5 մլն 350 հզր դրամ: Դրանից  15-ը, սակայն, երեք տարվա ընթացքում որևէ ծախս չի կատարել աշխատողների մասնագիտական զարգացման ուղղությամբ:

«Սա ծիծաղելի գումար է երեք տարվա կտրվածքով: Այս համամասնությամբ պարզ է, որ մասնագիտական զարգացումն անտեսված է մնում: Թեև մենք առանձին դպրոցներ չենք մատնանշում, բայց ասեմ, որ հատկապես Վանաձորում ուսումնասիրված 4 դպրոցների բյուջեների վիճակը բավական ծանր էր: Համեմատության մեջ ասեմ, որ Վանաձորը ամենավատ վիճակում էր այս իմաստով, և ծախս չկատարած 15-ի  թվում են նաև Վանաձորի մի քանի դպրոց»,- նշեց Ս. Խաչատրյանը:

Ծնողների մոտ կեսը ծանոթ չէ դպրոցի բյուջեին

Դպրոցների գործունեությանը ծնողների մասնակցության հետազոտության արդյունքներով պարզվել է, որ հարցված շուրջ 390 ծնողների 45,4 5 %-ը ծանոթ չէ դպրոցի բյուջեին, 39,2 5 %-ը  մասամբ է ծանոթ: Եվ միայն  15,4 5 %-ն է նշել, որ լիովին ծանոթ է:

Ուսումնասիրելով ծնողի կատարած ծախսերը` մոնիթորինգ իրականացնողները արձանագրել են` ծնողը մեկ ուսումնական տարվա ընթացքում ուսումնական գործընթացների հետ կապված ծախսում է շուրջ 150 000 դրամ, լրացուցիչ պարապմունքների վրա՝ 131 500 դրամ: Ոչ ֆորմալ ծախսը,  որը ներառում է տարաբնույթ նվերների ու ծաղիկների գնումները, կազմել է մոտ 7500 դրամ:  

Ծնողներների ներկայացրած տվյալների համաձայն` մեկ երեխայի համար մեկ ամսվա ընթացքում ծախսվում է 1000-20 000 դրամ: Ընդ որում, 31,9 %-ը նշել է, որ ամսական ծախսը կազմում է 5-15 000, 13%-ը՝ 1000-5000, 11,6 %-ը ՝ 20 000-ից ավել գումար: Եվ միայն 3, 3 %-ն է նշել, որ ամսական ծախսը չի գերազանցում 1000 դրամը:

«Դրանք աբսուրդ թվեր են, դաժե էլ ծաղիկ չեն առնում»,- արձանագրված տվյալները լսելով` բորբոքվեցին հանդիպմանը ներկա դպրոցների ներկայացուցիչները:

Հետաքրքիր է, որ հարցված ծնողների 85%-ը նշել է, որ դպրոցի աշխատակազմի համար գնված նվերները չի դիտարկում որպես կոռուպցիա կամ դպրոցի աշխատակազմի կողմից պարտադրված:

Հարցվածների 47 %-ը ասել է, որ նախորդ տարվա ընթացքում ինչ-որ նվեր է նվիրել դպրոցի աշխատակազմին: Նվերների շարքում առաջին  տեղը զբաղեցնում են ծաղկեփնջերը, ապա` սպասքի, օծանելիքի, զարդերի, տեխնիկայի, ինչպես նաև գումարի տեսքով նվերների տրամադրման ցուցանիշները: Վերը նշված նվերներից  օգտվել են դասղեկ-դասվարները, ուսուցիչները, տնօրեն-ուսմասվարները: Նվերներն, առավելապես, կրել են կոլեկտիվ բնույթ:

Մոնիթորինգի այս արդյունքը ևս բուռն ընդունվեց ներկա տնօրենների, փոխտնօրենների ու ուսուցիչների կողմից:

«Ծաղիկը ուշադրության նշան է, ամոթ էլ է դրա մասին խոսեն»,- նկատեց ուսուցիչներից մեկը:

Ինչո՞ւ են աշակերտները մասնավոր պարապում 

 Մասնավոր պարապմունքների հաճախող աշակերտների վիճակագրությամբ  արձանագրվել է, որ նրանց 31,85%-ը նախընտրում է պարապել օտար լեզու, 27,4 %-ը ՝ մաթեմատիկա, 14,6 %-ը՝ հայոց լեզու: Այլ առարկա պարապողների թիվը տատանվում է 0,6-7 %-ի սահմաններում:

Հարցման արդյունքում պարզվել է, որ աշակերտների 70,1 %-ը պարապում է իր դպրոցի հետ կապ չունեցող անձի մոտ, 24,4 %-ը՝  տվյալ առարկան դասավանդող ուսուցչի մոտ, 3,9 %-ը ՝ իր դպրոցի այլ մասնագետի մոտ:

Երեխային մասնավոր պարապմունքի ուղարկող ծնողների 74,6 %-ը նշել է՝ դա անում են, քանի որ ընդունելության քննության պահանջներն ավելի բարդ են, քան աշակերտներին դպրոցում մատուցվողը: Ծնողների 16,2 %-ը նշել է դասավանդող ուսուցչի ոչ սրտացավ լինելը, 22,9 %-ը՝ դասավանդող ուսուցչի լավ մասնագետ չլինելը: Ծնողները պատճառների թվում մատնանշել են նաև դասարանում աշակերտների մեծ թիվը, ինչի պատճառով ուսուցիչը չի կարողանում անհատական մոտեցում ցուցաբերել:

Այսօր ծավալված ակտիվ քննարկման ավարտին  ծրագրի ղեկավար Լևոն Բարսեղյանը ներկաներին առաջարկեց  առաջիկայում գրավոր ներկայացնել մոնիթորինգի արդյունքների ու դպրոցում առկա խնդիրների հետ կապված իրենց մոտեցումներն ու մտահոգութունները, ինչին` ներկա փոխտնօրեններից մեկն արձագանքեց՝ դիմումներս էլ հետը գրենք ուրեմն, մյուսն էլ հավելեց՝ իսկ դուք կապահովե՞ք, որ տեսակետ գրող մասնագետները  շարունակեն աշխատել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter