Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի

Մոտկորցիները կառավարությունից պահանջում են «առանձնապես մեծ ծախսեր չպահանջող արդարություն»



Մոտկորի անտառի փեշին ապրող շամուտցիների ուզածը կառավարությունից մեծ բան չէ: Նրանք պահանջում են մարդկային ուշադրություն, բարեկարգ ճանապարհ՝ իրենց գյուղմթերքները շուկա հասցնելու համար կենցաղային տարրական պայմաններ, գյուղից սար գնացող ճանապարհի բարեկարգում և առանձնապես մեծ ծախսեր չպահանջող արդարություն:

«Մեր ախպրի ակունքը փուլք ա տվել, մի հետ Լևոն Զավարյանը էս 1 տարի 4 ամսում տեսած չի, թե էս գյուղի ջուրը որդիան է գալիս: Կրանտից մեր ջրի հետ ճիճուներ են գալիս ու էդ ջուրը մեր երեխեքը խմում են»,- ասաց շամուտցի Քաջիկը։ 

«Ամեն տեղ էլ ջրի մեջին ճիճուներ են լինում»,- բողոքին պատասխանում է խոշորացված Թումանյան համայնքի ղեկավար Լևոն Զավարյանը:

2016թ.-ի փետրվարի 14-ին Մոտկորի 6 համայնքների խոշորացման հիմնական պատճառներից մեկը համայնքների բյուջեների կենտրոնացնելն ու խնայողաբար ծախսելն էր: Խոշորացված Թումանյան համայնքի բյուջեի 114 մլն դրամ եկամուտների 59 մլն դրամը ծախսվում է բյուջեի կառավարում տողով, իսկ «թանկարժեք» կառավարումը Շամուտ և Մոտկորի մյուս գյուղեր չի հասնում:

Շամուտի հենց 1-ին տան բնակիչ Սիլվան, ցույց տալով իր տան հարևան քանդված տները, ասաց, որ գյուղի տների մեծ մասն է դատարկվել, իսկ դատարկվելուց հետո անտերությունից քանդվել է։ «Շամուտում ապրելու հնար չկա. ով կարողանում է, գնում է: Խոշորացումը մեր գյուղին շատ վնաս տվեց: Ճանապարհները, տեսաք, ինչ ծանր վիճակում են: Եթե մի գյուղում խանութ չկա, ո՞նց կարող ենք ապրել: Մի սուտի ապրանքի համար քաղաք ենք իջնում»,- ասաց Սիլվան:

«Մեր համայնքապետ պարոն Զավարյան Լյովան մենակ մեզ հարկի թղթեր է ուղարկում, բայց աշխատատեղ չկա, որ հարկերի փողն աշխատենք: Ես աշխատում եմ Լորուտի նախկին գյուղապետ Հրաչիկ Սահակյանի կշտին: Անասուն եմ պահում, էշի պես ձգում եմ, հազիվ երեխանցս հացն եմ ստեղծում: Վանյան Քաջիկն է Ձեզ հետ խոսողը»,- ասաց Շամուտի մուտքի մոտ մեզ հանդիպած ձիավորը:

Քաջիկը զայրացած էր խոսում համայնքապետ Լևոն Զավարյանի մասին. «Որպես ի՞նչ է Լևոն Զավարյանը ինձ նամակ գրում, թե 200 հազար դրամ հարկ, 80 հազար դրամ էլ բյուջեին պարտք ունես»,- ասում է Քաջիկը:

Վերջինս խոշորացված համայնքի ղեկավարին կոչ է անում շփվել գյուղացու ու նրա խնդիրների հետ. «Ընկեր Զավարյան, ճամփա չունես, մի հլա արի ճանապարհները նայի, տես ոնց ենք խոտը հնձում, էդ ճանապարհով ոնց ենք խոտը բերում: Հո մենակ ուտելով չի: Մենակ մարդավարի որպես համայնքապետ մեզ նայի, հետո արի հարկ ուզի: Ինքը չգիտի, որ հարկը տվող էլ չկա: Այո, մենք մեր համայնքի համար ոչ մի խնդիր չլուծող համայնքապետին պատժում ենք»,- ասաց Քաջիկը:

Համայնքների խոշորացումը ենթադրում է բնակավայրերի կենտրոնացված բյուջեների խնայողաբար և արդարացի ծախսում:

Թումանյան համայնքի ավագանու 2017թ.-ի ապրիլի 27-ի N18-Ա որոշմամբ խոշորացված բնակավայրերի 30 բնակիչներից 26 մարդու տրվել է 20 հազարական, իսկ 4-ին՝ 25 հազարական դրամ օգնություններ: Օգնություն ստացած բնակիչներից 21-ը 20 տարի Լևոն Զավարյանի կողմից ղեկավարած Թումանյան քաղաքի, 1-ը՝ Աթան գյուղի, 2-ը` Լորուտի, 5-ը Քարինջի բնակիչներ են: Շամուտի, Ահնիձորի և Մարցի գյուղացիներից որևէ մեկը սոցիալական օգնության չեն արժանացել:

«Իմ երեխան՝ Արսեն Քոչարյանը, Հադրութի առաջնագծում է ծառայում, քառօրյա պատերազմին մասնակցել և այսօր էլ իր ծառայությունը Ղարաբաղում պատվով իրականացնում է, բայց մենք չենք արժանանում համայնքապետ Լևոն Զավարյանի ուշադրությանը»,- ասում է զինվորի մայր Օֆելյա Երիցյանը:

«Լ. Զավարյանին մեր գյուղում ընտրեցինք ոչ թե որպես մարդ, ես տղավարի եմ ասում, այլ ընտրեցինք զաստավիտով»,-պատմեց Քաջիկը: Վերջինս իրեն խաբված մարդ էր զգում, ասում է` ընտրությունից հետո բոլոր թեկնածուներն իրեն և լոռեցիներին խաբում են:

«Եկավ մի հատ թեկնածու էլ ընտրվեց՝ Բաղդասարյան Վահրամն էր: Ընտրեցինք նրա համար, որ խոստացավ ճանապարհը սարքի: Ի՞նչ սարքեց: Ամոթ է, մենք էլ մարդիկ ենք:  Էս մեր ճամփով չես կարող էդ հղի կնոջը հիվանդանոց հասցնես: Մեր մեղքն ինչումն ա: Թող մեր ճանապարհը մարդավարի սարքեն, մենք հարկերը մարդավարի տանք»,- ասում է Քաջիկը:

Քաջիկը վստահ է, որ եթե Շամուտից քաղաք գնացող ճանապարհը վերանորոգեն, մի քանի շամուտցիներով կմիանան, մեքենա կվարձակալեն, իրենց ապրանքը կտանենք Վանաձոր կամ հարևան համայնքերի շուկաներ, կծախեն՝ հարկ ու տուրքը կտան:

«Ռանչպար մարդ եմ, մի կով ունեմ, մի մերուն, 9 հատ խոզ: Մեկ էլ էս ձին: Թող ամբողջ Հայաստանը իմանա , որ ամբողջ Մոտկորի ժողովուրդը դժգոհ ա Թումանյանի համայնքապետից: Ես ոչ վախելու ունեմ, ոչ թաքցնելու: Նա իր պաշտոնում չի աշխատում: Ուզում եմ ասեմ, որ համայնքների խոշորացումը մենակ մի մարդու փոր կշտանալով չի: Եթե էսպես շարունակվի, Շամուտում մի 30 տուն էլ չի մնա:  Մեր գյուղում 85 տնտեսություն է եղել ժամանակին»,- հավելեց Քաջիկը:

«Երբ 18 տարի առաջ  Շամուտ հարս եկա, էստեղ ինչքան տուն եք տեսնում, լրիվ ապրում էին»,- ասաց Սիլվան:

Քաջիկի ասելով` այդ ճանապարհով մի մեքենա խոտ բերելը գյուղացիներին 30 հազար դրամ է արժենում:  «Հլա նայի հրեն  հա՜, մեր Սարիբուլաղ սարին, 40-50 լիտր սալյարկա ենք լցնում, որ մի ռեյս քոչ տանենք սարը: էն էլ մեկը տրանսպորտ ունի, մեկը չունի: Մարդիկ չեն էլ գնում սարը, ասում են ճամփա չկա, ինչ անենք, ոնց քոչը տանենք սարը: Շամուտի կողմն ա վատը, Լորուտի կողմը ճանապարհը լավն է: Խնդրում եմ` սաղ ճանապարհը նկարելով գնաք, ու տանեք դնեք իրեն առաջը, ասես՝ պարոն Զավարյան, նայեցեք»,- պահանջեց Քաջիկը:

Շամուտի անասունները դեռ սարում չեն, արածում են գյուղ գնացող ճանապարին հարող կանաչ հովտում: Գյուղի տարեց Լուսիկ Վարդանյանը, ով խորհրդային տարիներին գյուղխորհրդի դեպուտատ է եղել և աշխատել է Շամուտի ակումբի վարիչ, լսելով համայնքների խոշորացման մասին հարցս` բարկացավ. «Էդ կառավարությանն ասեք ներվահան մի արեք էս ժողովրդին: Մեր գեղի էլածն էսօր պետք է սարումը լիներ: Ժողովուրդը հիմի արխեյնացել ա, հմի տավարն ստի, ժողովրդին անհանգստացնող չկա, ինչ ուզում են, անում են: Բրախած ա, ազիզ, օրենք կար, կարգ կար, կանոն կար: Մեր գյուղապետերը գյուղը հսկեին, ղեկավարեին, հմի գյուղը  բրախած է, տեր-տիրական չկա ոչ մի հարցով: Էս ինչ ա անում կառավարությունը էս գյուղի քուլփաթին»,- բարկացավ  Լուսիկը:

Լուսիկ տատը նույնպես դժգոհեց Լևոն Զավարյանից. «Գյուղում մարդ կա հարկի համար դատի է տվել: Դե հնար չունի մարդը, երեխեն սովածա: Մի կով ա՝ 7 ջան են, ինչ անի էդ մարդը: էրեխեն ուտի, թե հարկը տա»,- բացատրեց Լուսիկ Քոչարյանը:    

Լևոն Զավարյանը այսօր մեզ հայտնեց, որ որպես համայնքապետ` օրենքով պատասխանատվություն է կրում միայն խոշորացված ներհամայնքային ճանապարհների համար, սակայն անանցանելի են նաև Մոտկորի խոշորացված բոլոր համայնքներ մտնող ճանապարհները: Լ. Զավարյանի ասելով` Թումանյան-Շամուտ միջբնակավայրային ճանապարհի պատասխանատուն Թումանյանի ՃՇՇՁ-ն է:  

«Թումանյան-Աթան 28 կմ երկարությամբ միջբնակավայրային ճանապարհը հանրապետական նշանակության ճանապարհ է: Էսօր առավոտյան գրեյդերը ուղարկել եմ՝ ճանապարհը կհարթեցվի և ջրատարները կբացվեն: Այսօր ես էլ եմ անցել այդ ճանապարհով, իսկապես շատ ծանր վիճակ է»,- ասաց  ՃՇՇՁ-ի պետ Մուկուչ Տիտանյանը:

Ճանապարհի հարթեցումը` կցովի հողափորով, ճանապարհի բարեկարգման ժամանակավոր լուծում է, հորդառատ մի քանի անձրևներից հետո ճանապարհը հայտնվում է նույն անանցանելի վիճակում: Մոտկորի խոշորացված Քարինջի, Մարցի, Լորուտի, Շամուտի, Ահնիձորի, Աթանի գյուղացիները ճանապարհի կապիտալ բարեկարգում են պահանջում: Թումանյան համայնքի 2016-2020թ.թ. զարգացման ծրագրով Լևոն Զավարյանը 2016թ.-ին միջբնակավայրային 28 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգում է նախատեսել՝ համայնքի բյուջեի 65 մլն դրամ ներդրումով: Իր նախատեսած ժամկետում Լ. Զավարյանին չի հաջողվել իրականացնել ծրագիրը:

Վերադառնալով Շամուտից Սարիբուլաղ գնացող սարի ճանապարհին` Լևոն Զավարյանը հեռախոսով մեզ բացատրեց, որ սարի ճանապարհների վերանորոգման նպատակով գյուղերում համայնքապետարանի ներկայացուցիչներից յուրաքանչյուրին 200 հազար դրամ է հատկացրել: Հատկացնելուց հետո, թե ինչու՞ չի ստուգվել սարի ճանապարհների  անվտանգության խնդիրը, Լևոն Զավարյանը չմեկնաբանեց: «Խոշորացված համայնքի մոդելը Թումանյանի համայնքն է: Փորձելու ենք ամեն ինչ անել, որ Թումանյանի համայնքը դառնա օրինակելի համայնք և օրինակ ծառայի նաև մյուս համայնքերի համար: Այս համայնքի օրինակով` Լոռու մարզի մյուս համայնքերում պետք է հասկանան նաև խոշորացված և չխոշորացված համայնքերի տարբերությունը»,- պիլոտային ծրագիրը Թումանյանում իրականացնելիս ասել է Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Շամուտցիները երազում են առանձնանալ խոշորացված Թումանյան համայնքից:


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (17)
1. Արմեն22:49 - 6 հունիսի, 2017
Համայնքների խոշորացումը դանդաղ քայքայում է մեր գյուղական միջավայրը: Կառավարությունում նստած ոչմեկ չի տեսնում,որ այս գյուղերը քայքայվում են,միակ նպատակը ծրագիրը եվրոպայից բերելն ու փող աշխատելն էր: Յանի Լյովան Ձաղիձորի հմար ինչա արել , որ Մոտկորի հմար մտածի
2. Նելսոն10:05 - 7 հունիսի, 2017
Գյուղ չտեսած,երբևէ գյուղում չեղած մարդը ինչ հիմքով է օրենք գրում գյուղի վերաբերյալ.
3. Ասյա16:54 - 7 հունիսի, 2017
Համայնքների խոշորացումից հետո՝ հատկապես Շամուտ համայնքում արվել է նկատելի աշխատանք:Չի կարելի չգնահատել այն, ինչ չէր արվել մինչ այդ: Մինչ խոշորացումը չկար հանդիսությունների սրահ: Խոշորացումից անմիջապես հետո գյուղի բնակիչների առաջին խնդրանքը կատարվեց մի քանի ամսվա ընթացքում, իսկ ինչ վերաբերվում է գյուղը դատարկվելուն - դա եղել է տարիներ առաջ, խոշորացման հետ կապ չունի բնավ:
4. Armen20:59 - 7 հունիսի, 2017
Հարգելի Ասյա կարող եք ասել քանի աշխատող է կրճատվել Ձեր նշած Շամուտում,համայնքների խոշորացումից: Շատ ողջունելի է հանդիսությունների սրահ ունենալը, բայց չաշխատող մարդու միակ նպատակը երկրից գնալն է ու չեք կարող այնպիսի փաստեր ներկայացնել,որ խոշորացումը ինչ-որ լավ բան ունի իր մեջ
5. Սուսաննա15:13 - 8 հունիսի, 2017
Տիկին Փարեմուզյանը 1-2 դժգոհ գյուղացիներից կարծիք հարցնելով փորձում է խոշորացման վատ կողմերը ուռճացնել: Բայց մի լավ բան ասող չկար՞, էդ ճանապարհները նոր քանդվեցի՞ն, էս մի տարում: Էդ գյուղերում խոշորացման արդյունքում ստացված բազմաֆունկցիոնալ մեքենան ամեն օր աշխատանք է կատարում, գյուղամիջյան և միջհամայնքային ճանապարհներն է հարթեցնում, աղբանոցներն են ծածկում: Ճիշտ չի ,էլի միայն թերություններից խոսել: Յուրաքանչյուր գյուղ ավագանու իր ներկայացուցիչն ունի, համայնքապետն էլ նրանից պիտի իմանա չէ՞ գյուղացու ցավի մասին, ե՞րբ խոսեցին, որ չընդունեցին:
6. Aram23:09 - 8 հունիսի, 2017
Եթե մինչև համայնքների խոշորացումը ինչ-որ հույս կար որ ձեր նշած ճանապարհները կվերանորոգվեն,ապա խոշորացումից հետո լրիվ մոռացեք դրա մասին հարգելի Սուսաննա: Կարող եք ցույց տալ էտ գյուղերից գոնե մեկում որևէ գյուղացու,որը գոնե մի քիչ գոհե ստեղծված իրավիճակից?թե ձեր գործը չինովնիկ մեծարելն է: երեվի մտածում եք որ մի մեքենայի համար արժի մի 50 հոգու զրկել աշխատանքից, դե ձեզել ետքանա տված ոչինչ: Առաջարկում եմ փակել Հայաստանի բոլոր բյուջետային հիմնարկները , ես պատրաստ եմ ամենքին մի տրակտոր նվեր տալ, Էսքան ժամանակ չեմ տեսել որևէ նյութ որում Լարիսա Փարեմուզյանը որևէ կողմնակալ դիրքորոշում ունենա, Նա կանգնած է յուրաքանչյուր գյուղացու կողքին ում ամեն օր թալանում ու ճնշում են
7. Ձաղիձոր14:44 - 9 հունիսի, 2017
Արմեն ըստ գրածդ մեկնաբանության (Յանի Լյովան Ձաղիձորի հմար ինչա արել , որ Մոտկորի հմար մտածի) կամ դու Թումանյան համայնքից չես կամ վատ ես մտածում (նյութը գրողի նման) Եթե տեղյակ ես գրի ինչա արվել վերջին 20 տարում մինչ խոշորացումը գյուղերում Ու մի բան էլ իմացի մենակ գործ չի արվում, գործն արվումա թիմային աշխատանքով
8. Ձաղիձոր14:50 - 9 հունիսի, 2017
Ինչ Է արել Լևոն Զավարյանը Թումանյան քաղաքի համար ու խոշորացումից հետո գյուղերի համար ________________________________________________________________________________ Շութջորյա ջրամատակարարում Մշակույթի տան հիմնանորոգում գույքի ձեռքբերում Արվեստի դպրոցի գույքի ձեռքբերում Քաղաքի փողոցների լուսաորության կառուցում 14 բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգում Մանկապարտեզի հիմնանորոգում ջեռուցման համակարգի կառուցում Փոքր կարի արտադրամասի հիմնում (աշխատատեղերի ստեղծում) Քաղաքի հրապարակի բարեկարգում խաղահրապարակի կառուցում Քաղաքի դպրոցի մարզադահլիճի վերանորոգում Քաղաքի գազաֆիկացում Սրանք կատարված մեծ ծրագրերը, կան նաև փոքր ծրագրեր որոնք շատ-շատ են
9. Ձաղիձոր14:50 - 9 հունիսի, 2017
Խոշորացումից հետո 2016թ-ին գյուղերից սար բարձրացող ճանապարհների մասնակի բարեկարգում, որը շարունակական է....... Լորուտ գյուղի մանկապարտեզի ննջասենյակի վերանորոգում Շամուտ գյուղի դպրոցի մարզադահլիճի վերանորոգում որը նաև հանդիսությունների սրահ է Քարինջ գյուղի ջրամատակարարման ներքին ցանցի մասնակի վերանորոգում Մարց գյուղի արտաքին ցանցի ջրամատակարարման մասնակի վերանորոգում Այժմ աշխատանքներ են կատարվում Լորուտ գյուղի ջրամատակարաման ներքին ցանցի մասնակի վերանորոգման համար Քարինջ և Մարց գյուղերի ներբնակավայրային ճանապարհների մասնակի բարեկարգում Տարածքային զարգացման նախարարության և ԱՄՆ ՄԶԳի- ֆինանսավորմամաբ տրամադրված տեխնիկայի միջոցով այժմ աշխատանքները շարունակվում են Աթան գյուղում: Աթան, Շամուտ, Ահնիձոր, Մարց գյուղերում մանկապարտեզների հիմնում որը արդեն ընթացքի մեջ է (աշխատատեղերի ստեղծում) գյուղերի խաչքար հուշարձանների վերանորոգում Մարց գյուղի լուսավորության վերականգնում (կենտրոնական մասում)
10. Աննա15:34 - 9 հունիսի, 2017
Ասյա16:54 - 7 հունիսի, 2017 Համայնքների խոշորացումից հետո՝ հատկապես Շամուտ համայնքում արվել է նկատելի աշխատանք:Չի կարելի չգնահատել այն, ինչ չէր արվել մինչ այդ: Մինչ խոշորացումը չկար հանդիսությունների սրահ: Խոշորացումից անմիջապես հետո գյուղի բնակիչների առաջին խնդրանքը կատարվեց մի քանի ամսվա ընթացքում.......սարսափելի է, որ Ձեզ համար նկատելի աշխատանք է համարվում մի քանի ամսում ընդամենը հանդիսությունների սրահ ստեղծելը, և բնականաբար շատ բնական է, որ չի գնահատվում ու չի գնահատվելու Ձեր , որովհետև չի արվում այն և այնքան, ինչ պետք է արվի
11. Սարգիս՝ Քարիջից18:52 - 9 հունիսի, 2017
Լևոն Ձավարյան, ազնվորեն նաև պատմի, թե ինչ բիզնեսներ ունես, գազի լցակայանով, քարի ցեխով բանով,չմոռանաս ասել տղայիդ ինչ յուղոտ գործի ես տեղավորել, կնիկդ որտեղ է աշխատում, և ամենակարևորը հոդվածում շամուտցիների բերած փաստերը ճիշտ են, թե սխալ: Նաև բացատրի, քո պաշտոնավարման 20 տարիներին քանի մարդ է մնացել Ձաղիձորում, քանիսն են հեռացել: Քարինջեցի եմ, էդ ինչ ես բլեֆ անում, ստի հերն անիծենք, թե Քարինջի սարի ճամփեն բարեկարգված է: Ձավարյան քո բաեկարգած ճամփով մենակ բեռնատար 66-ով ենք կարում հասնենք սար: Շամուտի ջրի մասին խոսի, էդ մարդիկ բողոքում են, որ իրենց երեխեքը վտանգավոր ջուր են խմում: Ինչ ես արել, ասում ես սաղ ջրերի մեջ էլ ճիճու կա՞, վայ քո հերն եմ անիծել: Հո պարծենալով չի, գոնե մի անգամ մտել ես Լորուտի գեղապետարանի շենքը, էդ մարդիկ կեղտի մեջին են բլոտ խաղում: Ձավարյան , ամոթ է, պետական դրոշի նկատմամբ էլ հարգանք չունես, գոնե Լորուտի գյուղապետարանի ծղողված դրոշը փոխի, էս պետության խորհրդանիշն էլ ես խայտառակում: Շամուտեցի Քաջոն սխալ չի ասել, դու ընդամենը քո փորի համար մտածող ղեկավար ես: Գոնե ձենդ կտրի, տեղդ վեր ընկի:
12. Suren19:26 - 9 հունիսի, 2017
Այն որ Թումանյանում 20 տարվա կատարված աշխատանքը ներկայացնում ես, թե կատարվել է խոշորացումից հետո, համը հանել ես: Դա խոսում է քո ցածր մակարդակի մասին:
13. Արմեն21:50 - 9 հունիսի, 2017
համոզված եմ, որ էտ կերածներից դուել փայ ունես ու դու էլ հասարակ կցորդ էս ,քո նմանների պատճառով քանի ընտանիքա գնացել իմ հարազատ գյուղից, կամ դու ովես ընդհանրապես որ փորձես 40 տարի ըտեղ ապրած ու արտագաղթաց մարդուն բան բացատրես, գնա եվրոպայից բերած գրանտների թուլափայը խժռի ու ասա որ գյուղացին լավա ապրում
14. Վարդեվան09:18 - 10 հունիսի, 2017
Էտ ամեն ինչը էն գլխից էր պարզ որ վնասից բացի ուրիշ բան չի կարա ըլնի: Ձավարյան ըլի թե կորկոտյան, խոշորացումը գյուղերի հերն անիծում ա: Սովետի վախտն էլ են մի քանի անգամ փորձել, անտերությունն ա շատացել միայն ու եղածը քանդվել ա մանր գյուղերում: Քաղաքում նստող մեծավորները, առանց մարդու բան հարցնելու, որոշում են ընդունել ավելի մեծ թափով գյուղերը միացնել: Մարդ չի հասկանում սրանք քոռ են ու բան չեն տենում, թե հենց մտադրված են անում, որ թեզ քանդվի վերջանա էս անբախտ երգիրը
15. Անթառամ13:00 - 10 հունիսի, 2017
Որ մեծ-մեծ խոսում եք, դուք չեք ամաչում? մի երկու հոգի գյուղերում աշխատում էին, լավից-վատից իրենց գործն էին անում, կրճատեցիք, որ բյուջեն հարստանա, բա էդ ինչի եք էդքան աշխատող ընդունել Թումանյանում, որ պարապ-սարապ գյուղացու քրտինքը ուտեն, գյուղացուն էլ արհամարհեն, գնմ ես մի հարցով, շշկլվմ ես, էնքան աշխատող ունեն, իրար պաս են տալի, վերջը էլի ղրգմ քու գեղը, թե գնա ,էգուց կգաս, մեր գեղմ մի ,երկու աշխատողը ավելի արագ են քո հարցը լուծում, քան ձեր քսան հոգին, ախպեր, չենք ուզմ, մենք մեր գեղը, էն երբ ա քու հարեվանը քեզ հմար քու ընտանիքից ցավաքար եղել, որ հմի ձաղիձորցին շամուտեցու կամ քարնջեցու հմար ինչ անի, հերիքա, չկշտացաք?
16. Հրանտ Մ17:33 - 12 հունիսի, 2017
Էտ երբա արածը գնահատվել որ հմի գնհատվի։ Ձեզ թողան մենակ բողոքեք ու սևացնեք, կարողա մասկվան մի տարումա կառուցվել։ Ինչ եք անկապ աղմուկ հանում ճամփեն ես մի տարում քանդվեց, թե մինչև հմի ֆիլտրած ջուր խմեիք հմի ճիճու ընգավ։ Ամոթա ձեր ղեկավարից քիչ բանբասեք, ովա իրա ավելի լավը մեզ տալու, ավելի լավ չի ձեռ ձեռի տանք մեր խնդիրները լուծենք
17. Ani22:29 - 12 հունիսի, 2017
Ասեմ ձեզ,որ շատ վատ ու ցածր մակարդակի պաշտպաններ ունի ձեր ղեկավարը,որը երեվումա ձեր գրած անիմաստ ու աննպատակ կոմենտներից: Գոնե խոսեք արված գործերից(եթե կա), խոսեք փաստերով,անիմաստ բաներ եք գրում,որոնցից զռռումա,որ պատվիրված կոմենտա
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ