HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առողջապահության նախարարության ՊՈԱԿ-ի աշխատակիցները բաց նամակ են գրել վարչապետին

Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի «Սյունիք» մասնաճյուղի Մեղրիի տարածաշրջանի աշխատակիցները դիմում են գրել վարչապետ Կարեն Կարապետյանին, որը ներկայացնում ենք նույնությամբ.

«Հարգելի պարոն վարչապետ,

Մեր կոլեկտիվը զարմացած է հիմնարկը լուծարելու որոշումից: Կարծում ենք անհրաժեշտություն չկա թվարկելու այն բոլոր կարևոր գործառույթները, որ իրականացնում է մեր ծառայությունը մարդկանց առողջությանը վտանգ սպառնացող աղիքային վարակիչ ինֆեկցիոն հիվանդությունները կանխարգելու ուղղությամբ: Լինելով սահմանային ամենաշոգ բնակավայրը, ոռոգման նպատակով շփվելով մայր Արաքսի ջրերի հետ, տեղացիներս բազմիցս ենք բախվել աղիքային բազմաբնույթ ինֆեկցիաների հետ: Տեղացիների հիշողության մեջ դեռ թարմ է, թե ինչ տարածում էր ստացել ջրերից աղիքային ինֆեկցիայով վարակված հիվանդների շրջանակը, որոնցից մի քանիսը ամիսներով բուժվեցին անգամ Երևանում: Եվ միայն մեր ծառայության կազմակերպված օպերատիվ աշխատանքի արդյունքում մեր շրջանը զերծ մնաց բռնկումից:

Մենք սպասարկում ենք նաև Հայկական բանակի 50869 զորամասին և Ռուսական բանակի 2393 զորամասին: Բազմիցս դեպքեր են եղել, երբ 24 ժամով հերթապահել ենք մաքսատան տարածքում ու կանխել վարակի ներթափանցումը Մեղրի և Հայաստան:

Քանի որ Մեղրու ՏԲԿ-ն չունի մանրէաբանական լաբորատորիա, տարիներ շարունակ հիվանդանոցի ինֆեկցիոն հիվանդների մանրէաբանական հետազոտությունները կատարում ենք մենք: Կատարում ենք նաև խմելու ջրի պարբերաբար անալիզներ Մեղրիի տարածաշրջանում: Տեսչության հայտով ստուգումների ժամանակ կատարում ենք տվյալ օբյեկտում մանրէաբանական, քիմիական և գործիքային հետազոտություններ:

Հարգարժան պարոն վարչապետ, մենք վստահում ենք Ձեր մտքի ճկունությանը և ունակությանը և խնդրում ենք վերլուծել` մեր կրճատումով պետբյուջեի ճեղքվածքն է փակվելու, թե մեր վիճակն է ավելի ծանրանալու: Մանրէաբանական անալիզներ տալու համար բնակիչը  պետք է 80 կմ տարածք կտրի ֆինանսական միջոցներ և ժամանակ ծախսի մինչև հասնի Կապան: Եվ վերջապես այսքան կրճատվող մարդիկ դառնում են գործազուրկ և ուզեն թե չուզեն հաց վաստակելու համար պիտի իրենց ընտանիքների հետ լքեն բնակավայրը: Բայց միթե այսպես են ամրապնդում սահմանային բնակավայրը: Անգամ կրակոցների տակ մեղրեցին չի լքել իր հողը, իսկ հիմա…

Խնդրում ենք մեկ անգամ ևս քննարկեք այս որոշումը, որը մեղրեցիների համար կարող է դառնալ ճակատագրական»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter