HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկական ստարտափ. աշխարհի առաջին «ճախրող» ու խելացի տեսախցիկը

Մանե Գևորգյան

Լուսին հիշեցնող փոքրիկ տեսախցիկը՝ Moon-ը, միայն նկարելու համար չէ. օդում հայտնվող այս սարքը տան ավտոմատացման կենտրոն է, այսինքն՝ բնակարանի սարքավորումները տանից հեռու լինելու դեպքում կառավարելու միջոց։

Ստարտափի համահիմնադիր, ղեկավար Սերգո Օգանովն ասում է. «Նման հնարավորություններ ունեցող սարքավորումներ, իհարկե, կան, բայց Moon-ն աշխարհում առաջին տեսախցիկն է, որում համատեղել ենք մի քանի տարբեր գործառույթներ, և այն միակ լևիտացիոն տեսախցիկն է, որը կարծես հրաշքով մնում է օդում, և հենց այդ դիրքում էլ տեղի է ունենում դրա մարտկոցի լիցքավորումը»։

Moon-ի նորարարությունն արդեն հաստատված և, իհարկե, պաշտպանված է. տեսախցիկն արդեն պատենտավորված է։

Որպես տեսախցիկ` այն նախատեսված է օգտագործել տեսահանդիպումների համար։ Ի տարբերություն մյուս նմանատիպ սարքերի՝ այն ունի ձայնային լավ որակ՝ միկրոֆոնները մաքրում են աղմուկն ու թողնում միայն անհրաժեշտ ձայնը։ Տեսախցիկը միանգամից պտտվում է այն մարդու կողմը, ով այդ պահին խոսում է։

Moon-ի գործառույթները տարբեր են։ Բնակարանում եղած կամ բնակարանի հետ կապված այն բոլոր սարքավորումները, որոնք աշխատում են Bluetooth-ով, Z-wave-ով կամ ZigBee-ով, հեշտությամբ հնարավոր է հեռակա կարգավորել Moon-ի միջոցով։ Այս դեպքում ոչ մի սահմանափակում չկա։ Օրինակ՝ կարելի է միացնել սուրճ եփող ապարատը, բացել ավտոտնակի դուռը, բարձրացնել շերտավարագույրը, միացնել լույսերը։

Սրանից բացի՝ Moon-ը հեռակառավարման վահանակի ինֆրակարմիր ճառագայթների շնորհիվ թույլ է տալիս, տանը չլինելու դեպքում, հեշտությամբ կառավարել նաև այն բոլոր սարքերը, որոնք ունեն հեռակառավարման վահանակ։ Այսինքն՝ հնարավոր է հեռախոսի միջոցով միացնել կամ անջատել հեռուստացույցը, օդափոխության համակարգը։

Moon-ն ունի միջավայրի չորս տարբեր երևույթի՝  ջերմաստիճանի, խոնավություն, լույսի, CO2-ի չափման հնարավորություն։ Անհրաժեշտ է պարզապես նախնական ցուցումներ տալ համակարգին՝ երբ և որ ջերմաստիճանի կամ խոնավության դեպքում ձեզ ծանուցում ուղարկի։ Օրինակ՝ հնարավոր է երեխաները համակարգչի մոտ շատ են նստել ու չեն զգացել, որ պատուհանները բացելու և սենյակն օդափոխելու կարիք է առաջացել։ Այս դեպքում ծնողները ծանուցում են ստանում այդ մասին, զանգահարում ու հիշեցնում են, որ արդեն պատուհանները բացելու ժամանակն է։ Այս համակարգը կարևոր է հատկապես այն դեպքում, երբ չեք ցանկանում ավելորդ գումար ծախսել բնակարանի ջեռուցման համար։ Նախնական ցուցում եք տալիս, որ բնակարանում որոշակի ջերմաստիճանի դեպքում ծանուցում ստանաք։ Այն ստանալուց հետո միայն, երբ վստահ եք, որ ձեր նախատեսածից ավելի ցածր է ջերմաստիճանը, հեռակա կարգավորում եք այն։

Հաջորդ կարևոր գործառույթը անվտանգության ապահովումն է։ Տեսախցիկը զգում է ցանկացած շարժում կամ փոփոխություն շրջակա միջավայրում ու սկսում նկարել՝ այդ մասին տեղեկացնելով ձեզ։ Կարևոր մի փաստ. Moon-ը նկարում է փոփոխության կատարումից, օրինակ 30 կամ 60 վայրկյան առաջ։ Այսինքն՝ եթե ինչ-որ մեկը մտնի ձեր բնակարան ու միանգամից վերցնի տեսախցիկը, հավանական է, որ նրա դեմքը չեք տեսնի, բայց Moon-ը իր հիշողության մեջ է պահում այն կադրերը, որոնք հնարավոր է ստանալ նախքան դրան մոտենալը՝ նույնիսկ, երբ այդ պահին ակտիվ չէ։ Տեսախցիկը կարող է միշտ ակտիվ լինել, բայց մարտկոցը խնայելու համար հնարավոր է միացնել sleep ռեժիմը՝ վստահ լինելով, որ ցանկացած փոփոխության դեպքում այն ինքնուրույն կակտիվանա և ձեզ կտեղեկացնի այդ մասին։ Կարևոր է նշել նաև, որ տեսախցիկը հստակ է նկարում նաև թույլ լուսավորված սենյակում։ Այն, որ տեսախցիկը օդում է և կարող է 360 աստիճան անաղմուկ պտտվել, թույլ է տալիս ամբողջական պատկերացում կազմել՝ ինչ է կատարվում տանը։ Դրա միջոցով հնարավոր է հետևել երեխաներին, տնային կենդանիներին ու վստահ լինել, որ ամեն ինչ կարգին է։

Moon-ի մեջ կա վերլուծող համակարգ, որը թույլ է տալիս տարբերակել ձայները, ու դրանց մասին տեղեկացնել բնակարանի տերերին։ Օրինակ՝ եթե երեխան տանը մենակ է, ու ապակին կոտրում են կամ կոտրում է, ապա այն միանգամից տեղեկացնում է, որ ապակի է կոտրվել։ Հնարավոր է նախապես տալ որոշակի ցուցումներ կամ դրանք ընտրել արդեն իսկ եղած ամենակարևոր ցուցումների ցանկից։ Օրինակ՝ եթե շունը հաչում է որոշակի կոնկրետ ժամերի, ապա դա դիտարկել որպես անսովոր ու տարօրինակ պահվածք և այդ մասին ծանուցել։

«Բացի այն, որ տեսախցիկը սիրուն տեսք ունի օդում և լիցքավորվում է անլար սկզբունքով, աշխատում է նաև այն դեպքում, երբ առանց իր տակդիրի տեղափոխում ես մեկ այլ տեղ կամ կպցնում մի բանի վրա, որը մագնիսական ձգողություն ունի։ Տեղեկություն ստանալու համար սարքին միևնույն ժամանակ կարող են միանալ տարբեր օգտագործողներ՝ մայրը, հայրը, երեխան։ Հնարավոր է նաև տեսախցիկի միջոցով մի քանի սարք միաժամանակ կառավարել։ Ապահովված է անվտանգությունը. հնարավոր չէ, որ ինչ-որ մեկն իր հեռախոսով միանա ու ստանա ձեր տեղեկությունը։ Ունենք համապատասխան մասնագետներ, որոնք ամբողջովին լուծում են այդ խնդիրը։ Եթե նույնիսկ ինչ-որ մեկը կարողանա կոտրել համակարգը, միևնույն է` ոչինչ չի տեսնի»,-ասում է Սերգոն։

Ըստ գաղափարի հեղինակի՝ Moon-ն ունի հսկայական շուկա, որովհետև հիմա խելացի բնակարանների պահանջարկը մեծացել է, և նման սարքավորումներ ցանկանում են ունենալ գրեթե բոլորը։

«Սկզբում մտածում էինք բնակարանի խելացի կառավարման մեխանիզմ մշակել, որը նաև կունենար նկարող սարք, հետո հերթական փորձարկումների ժամանակ լևիտացիայի վրա տեսախցիկը դրեցի, ուղարկեցի գործընկերներիս, միտքը բոլորիս դուր եկավ, որոշեցինք շեշտը դնել տեսախցիկի վրա ու բոլոր գործառույթները դրա շուրջ զարգացնել. արդյունքում ստացանք այս լևիտացիայի գաղափարով հաբը։

Գործառույթները դեռ ավելանալու են։ Տեսախցիկների շուկան շատ մեծ է աշխարհում, իսկ ավտոմատացված կենտրոնը, որն իր մեջ ունի նաև տեսախցիկ՝ ավելի մեծ շուկա է ենթադրում։ Բոլորը Moon-ն ընդունում են որպես տեսախցիկ, բայց ենթագիտակցության մեջ մնում է, որ բնակարանի ավտոմատացման համակարգ է»,- ասում է Սերգոն։

Moon-ի ստեղծման աշխատանքները սկսվել են  երկու տարի առաջ. հիմա արդեն տեխնիկապես պատրաստ են մասսայական արտադրության, ինչի համար էլ պատրաստվում են օնլայն հարթակներից մեկում քրաուդֆանդինգ արշավ սկսել։ Անհրաժեշտ գումարը հավաքելուց 6-9 ամիս հետո տեսախցիկն արդեն կլինի վաճառքում։

 «Տեսախցիկը նախագծված է Հայաստանում։ Դիզայնի հեղինակն էլ ենք մենք, փորձել ենք մինիմալիստական ոճով անել։ Ուզում ենք, որ հնարավոր ամեն ինչը Հայաստանում արվի՝ նույնիսկ եթե մի փոքր ավելի թանկ լինի։ Պարզապես խնդիրն այն է, որ շատ բաների հետ կապված արտադրություն չկա Հայաստանում։ Մեզ համար դժվար էր նաև գտնել համապաստախան մասնագետներ։ Ակնհայտ է, որ գրեթե բոլոր ոլորտներում կան անելիքներ, բայց չկան մասնագետներ։ Բազում հաշվետվություններ կան, որ ՏՏ ոլորտում հազարավոր աշխատատեղեր կան, իսկ դա ամենաբարձր վարձատրվող ոլորտներից է։ Պետք է կրթության ու աշխատաշուկայի միջև ճիշտ կապ ստեղծել։ Մեր հիմնական միտքը հետևյալն է՝  թույլ տալ  այն մարդկանց, ովքեր ունեն գիտելիք ու հմտություններ մնալ Հայաստանում, բայց աշխատել աշխարհի համար։ Նախատեսվող շուկան միայն Հայաստանը չէ, թիրախավորում ենք միջազգային շուկան, որպեսզի գումարները Հայաստան բերենք: Մոտ ապագայում պատրաստվում ենք այս սարքավորման զարգացումների միջոցով մեր բանակին աջակցել։ Քանի դեռ մենք այստեղ հանգիստ աշխատում ենք, տղաները մեր անվտանգությունն են ապահովում, ու մենք հուսով ենք՝ կհասնենք նրան, որ ծառայողները խելացի տեխնոլոգիաներով զինված կանգնեն սահմանին։ Այնպես անենք, որ, օրինակ,  անկախ կապ հաստատելով տեղեկացնելուց, ծառայողի սրտի բաբախից հեռավոր թիկունքում արդեն զգան, որ ինչ-որ բան է պատահել, խուճապի մեջ է ծառայողը, տագնապ է, ու որոշակի քայլեր պետք է ձեռնարկել։ Սա միայն սկիզբն է` առաջին փուլը. ուզում ենք այս ամենը ուղղել Հայաստանը աշխարհում ճանաչելի դարձնելուն, Հայաստանի զարգացմանը, պաշտպանությանն ու անվտանգության ապահովմանը»,-ասում է Սերգոն։

 

Մեկնաբանություններ (2)

Լուսիկ
Հաճելի է կարդալ այսպիսի հուսադրող հոդվածներ, իմանալ, որ երկրում կան 21 դարի ընտրած ճանապարհի տաղանդավոր շինարարներ:
Tigran
Որտե՞ղ է նկարահանվել այս հոլովակը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter