HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Գնելին կարելի էր այն, ինչ չէր կարելի մյուսներիս». որդու համար արտոնյալ պայմաններ ստեղծելու մեջ մեղադրվող գնդապետի գործով վկայի ցուցմունքը

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետի նախկին տեղակալ Զարմիկ Մարկոսյանի գործով մեղադրանքն այլևս դատախազ Հայկ Հարոյանը չի պաշտպանի: Վերջինս մայիս ամսին աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել:

Մեղադրանքը դատարանում կշարունակի պաշտպանել դատախազ Արամ Ամիրյանը:

Զարմիկ Մարկոսյանի վերաբերյալ քրեական գործը, հիշեցնենք, հարուցվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ  Հայկազ Բարսեղյանի սպանության գործի նյութերի հիման վրա: Ինստիտուտի պետի նյութատեխնիկական ապահովման գծով տեղակալ, գնդապետ Մարկոսյանը մեղադրվում է որդու համար ինստիտուտում արտոնյալ պայմաններ ստեղծելու մեջ: Գնդապետի որդին Գնել Թևոսյանն է, ով մեղադրվում է կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության մեջ:

Այսօր դատարանում որպես վկա հարցաքննվեցին ինստիտուտի կուրսանտներ: Հարցաքննված բոլոր վկաները իրենց նախաքննության ընթացքում տված ցուցմունքներում նշել էին, որ Գնել  Թևոսյանը հաճախակի է դուրս եկել ինստիտուտից,  խոսել նրա` շաբաթ օրն ինստիտուտից դուրս գալու մասին, այն դեպքում, երբ առաջին կուրսի կուրսանտները ազատ են արձակվում միայն կիրակի օրերին` ժամը 10:00-ից 18:00-ն ընկած  ժամանակահատվածում: Կուրսանտները նաև համոզմունք էին հայտնել, թե Գնելը կարողանում է դա անել հոր՝ Զարմիկ Մարկոսյանի շնորհիվ:

Դատարանում վկա Արշակ Մարտիրոսյանը, սակայն, նշեց, թե Գնել Թևոսյանի՝ դուրս գալու վերաբերյալ մանրամասներին տեղյակ չէ, թե  ինքը 4-5 ամսվա ուսանող է եղել,  երբ Գնել Թևոսյանը ձերբակալվել է, և չի հետաքրքրվել Թևոսյանի դուրս գալու հարցով, չի հիշում, թե քանի անգամ է դուրս եկել:

Այս գործով ցուցմունք տվող վկաները նշում են, որ կիրակի օրերին ազատ են արձակվում այն կուրսանտները, որոնք կարգապահական տույժ ու անբավարար գնահատականներ չունեն. ասում են՝ դա է կարգը, հրամանատարն է այդպես ասել:

Հարցին՝ Գնել Թևոսյանն անբավարար գնահատականներ ունե՞ր. Մարտիրոսյանը պատասխանեց, որ ուներ, բաց չհիշեց՝ այդպիսի դեպքերում գնացել է զորամասից, թե՞ ոչ:

Օրինակ՝ ինքը՝ Մարտիրոսյանը, երբեք արձակուրդ չի գնացել, որովհետև անբավարար գնահատականներ է ունեցել: Վկան նշեց նաև, թե տեղեկություն չունի՝ Գնելը հոր շնորհիվ է գնացել արձակուրդ թե՞ ոչ և ասաց, որ իր վրա Գնելի դուրս գալը բացասական ազդեցություն չի թողել:

Դատախազ Արամ Ամիրյանը միջնորդեց հրապարակել վկայի` նախաքննության ընթացքում տված ցուցմունքները:

Բացի նրանից, որ դրանցում վկան հաստատում է  Թևոսյանի՝ շաբաթ օրերին ինստիտուտից դուրս գալու և կիրակի վերադառնալու հանգամանքը, Մարտիրոսյանը խոսում է նաև այն մասին, որ  Գնել Թևոսյանը երբեմն  նաև շաբաթվա աշխատանքային օրերին է մի քանի ժամով բացակայել:

«Գնելի հոր շնորհիվ է, որ նա կարողանում էր դուրս գալ...արդեն  սովորական էր դարձել, որ Գնելին կարելի էր այն, ինչ չէր կարելի մյուսներիս»,- իր ցուցմունքներից մեկում գրել էր վկա Մարտիրոսյանն, ով իր նախաքննական ցուցմունքները լսելուց հետո նշեց, թե դրանք պնդում է:

Վկա Հովհաննես Ադամյանը դատարանին հայտնեց, որ Գնել Թևոսյանը զորամասից դուրս էր գալիս, բայց ոչ բոլոր շաբաթ և  կիրակի օրերին:

«Ես ինձ էդ ամեն ինչից վատ չեմ  զգացել. ես լավ եմ սովորում, սահմանված կարգով գնացել եմ իմ արձակուրդը»,- նշեց Ադամյանը:

Վկան ասաց, թե չգիտի՝ Զարմիկ Մարկոսյանը միջամտե՞լ է, որպեսզի որդին հաճախակի ազատ արձակվի, թե ոչ, բայց միևնույն ժամանակ նշեց, որ եթե նման միջամտություն լիներ, ինքն այդ մասին  չէր իմանա. հրամանատարներն իրենց հետ չէին քննարկի այդ հարցը:

Այլ զինծառայողների վրա բացասական ազդեցություն թողել է Գնելի «արտոնությունը», թե ոչ, վկան չգիտի, դատարանին հայտնեց, թե այդ թեման իրեն չի հետաքրքրել:

Այս վկայի նախաքննական ցուցմունքները ևս հրապարակվեցին:

Վերջինս իր ցուցմունքներում նշել էր, թե Գնելը թեև վատ էր սովորում, բայց շատ էր դուրս գալիս զորամասից:

« Գնելի հոր նախաձեռնությամբ է, որ նա երբ ցանկանար, կարողանում էր դուրս գալ զորամասից»,-իր ցուցմունքներից մեկում գրել էր վկան ու հավելել, որ դա երևի հաճելի չէր ոչ մի կուրսանտի:

Վկան դատարանում, անդրադառնալով նախաքննության ընթացքում ու դատարանում տված իր ցուցմունքների միջև առկա էական հակասությանը, նշեց, որ դրանցում արտահայտած մտքերն իր եզրահանգումներ են եղել, իր կարծիքը:

Դատական նիստն այսօր ավարտվեց, և հաջորդը նշանակվեց հունիսի 22-ին:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter