HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դաշնակցական նախկին պատգամավորի եղբայրը հետաքրքրված է հանքարանային ջրից մետաղների կորզման հեռանկարով

Կապանի պղնձի հանքավայրի Կենտրոնական հանքի տրանսպորտային հանքուղուց արտահոսող հանքարանային ջրից մետաղների կորզման հեռանկարները պարզելու նպատակով երկրաբանական ուսումնասիրություններ են իրականացվելու:

Այդ նպատակով «Գևլեռ» ՍՊԸ-ն բնապահպանության նախարարություն նախագիծ է ներկայացրել, որ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ են լինելու հունիսի 20-ին, Կապանի համայնքապետարանում:

«Գևլեռ» ՍՊԸ-ն գրանցվել է ավելի քան մեկ ամիս առաջ՝ ապրիլի 27-ին: Հիմնադրել է Կապանում գրանցված Լևոն Լեռնիկի Գևորգյանը: Նա ՀՅԴ-ական նախկին պատգամավոր Գագիկ Գևորգյանի եղբայրն է: Գևորգյան եղբայրները Կապանի նույն հասցեում էլ գրանցված են: Գագիկ Գևորգյանը, հիշեցնենք, ԱԺ պատգամավոր էր ընտրվել 2007թ. մայիսի 12-ին` համամասնական ընտրակարգով ՀՅԴ կուսակցությունից: ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ է: Այս տարվա ընտրություններին ևս ՀՅԴ ցուցակում էր՝ 23-րդ հորիզոնականում:

Համաձայն նախագծի՝ նոր տրանսպորտային հանքուղու հանքարանային ջրերը դուրս են գալիս երկրի մակերևույթ` անմիջապես Կապանի պղնձի հարստացուցիչ կոմբինատի տարածքում: Մետաղների կորզումից և, հետևաբար, մաքրումից հետո հանքարանային ջրերը կարող են օգտագործվել տեխնոլոգիական նպատակներով՝ Կապանի հանքավայրի հանքաքարերի վերամշակման համար:

Ըստ «Գևլեռ» ՍՊԸ-ի՝ ծրագրվող աշխատանքների իրականացումը կնպաստի Կապանի հանքային շրջանի բնապահպանական իրավիճակի բարելավմանը, քանի որ թե´ գործող, թե´ կոնսերվածված հանքերը ջրավազանների աղտոտվածության աղբյուր են:

«Երկրի մակերևույթին հայտնվելիս այդ մետաղներով հարստացված ջրերը թափվում են բաց ջրավազաններ, աղտոտում վերջիններս՝ դրանով իսկ բացասաբար են ազդում տարածաշրջանի էկոլոգիական իրավիճակի վրա»,- նշված է ԲՆ ներկայացված նախագծում:

Մեկնաբանություններ (1)

Ընթերցող
Ուղղագրությանն առավել ուշադիր է պետք լինել, Հետք-ը լուրջ լրատվամիջոց է

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter