HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

«Ելք» և «Ծառուկյան դաշինք» խմբակցությունները դեմ են օրինագծերի հապշտապ քննարկմանը

Ինչպես արդեն հայտնել էինք՝ ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ է գումարել։

Նիստի մեկնարկին «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ մտահոգված են, որ «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքի քննարկման համար ԱԺ-ն ընդամենը 90 րոպե ժամանակ է հատկացրել, իսկ «Հայաստանի վարչատարածքային բաժանման մասին» օրինագծի քննարկմանը՝ 2 ժամ, քանի որ վերջինի ընդունումով 300 համայնքի ճակատագիր է որոշվելու, և քննարկումը նման ժամային գրաֆիկով սահմանափակելը ճիշտ չէ: ««Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքի նախագծով մի քանի տասնյակ պետական օբյեկտների սեփականաշնորհում է նախատեսված։ Քիչ չի, որ հանրային քննարկումներ չեն արվել, քիչ չի, որ հանձնաժողովներում պատշաճ մակարդակով քննարկում չի կազմակերպվել, հիմա էլ 90 րոպե է սահմանվում։ Մենք առաջարկում ենք երկուսի դեպքում էլ 5 ժամ սահմանել»,-ասաց Փաշինյանը

Պատգամավորի այս առաջարկին միացավ նաև «Ծառուկյան դաշինք» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը` նշելով, որ անընդունելի է այն իրավիճակը, որ «Հայաստանում ինչ մնացել է չմասնավորեցված, պետք է մասնավորեցվի»: «Սա շատ լուրջ խնդիր է։ Մասնավորեցվում են բժշկական հիմնարկներ, մասնավորեցվում է «Հայֆիլմ» կինոստուդիան, մասնավորեցվում են կրթական հիմնարկներ և 90 րոպե սահմանել ընդամենը գալչկայի համար քննարկմանը, բացարձակ անընդունելի է։ Նույնը վերաբերում է  նաև համայնքների խոշորացմանը»,-նշեց Զոհրաբյանը։

Նա նաև հավելեց, թե պարզել է, որ մասնավորեցվող պետական շենքերի համար գնորդներ չկան, միայն դրվում է բյուջեն լցնելու խնդիր, և բերվում են օրինագծեր, որոնք 90 րոպեում, իր գնահատմամբ, «ցանկանում են սղացնել, անցկացնել»։

Զոհրաբյանը նաև ցույց տվեց համայնքի ղեկավարներից ստացած արձանագրությունները, որով հավաստել են, որ դեմ են համայնքների խոշորացմանը։

Աժ նախագահ Արա Բաբլոյանը  այս դիտարկումներից հետո հաղորդեց, որ կառավարությունը քննարկել և ընդունել է Նիկոլ Փաշինյանի այն առաջարկը, որ «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020թթ. ծրագրի մասին» օրինագիծը քննարկվի ավելի երկար ժամանակով, այդ պատճառով գործադիրի որոշմամբ՝ այդ օրինագծի քննարկման համար սահմանվել է ոչ թե 90, այլ 120 րոպե։

«Ելք» դաշինքի պատգամավոր Արտակ Զեյնալյանն էլ հավելեց, որ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու համար նախատեսվել է 4 ժամ, այնինչ մնացած 3 օրենքների քննարկման համար, որոնք ևս կապված են կոռուպցիայի կանխարգելման հետ, հատկացրել են  90 րոպե։ Պատգամավորը նաև հիշեցրեց, որ ԱԺ-ն արդեն մի քանի նիստ գումարել է ընդունած նախորդ օրենքներում սխալներն ուղղելու համար, այդ պատճառով այսօր ևս սխալ է թույլ տալու և հետագայում դրանք ուղղելու համար նիստ գումարելու։

Այս քննարկումներից հետո ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը առաջարկեց 20 րոպե ընդմիջում անել՝ կառավարության հետ հարցը համաձայնեցնելու համար, որն ընդունվեց։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter