HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Ջրառատցիները պահանջում են հանել իրենց գյուղը խոշորացող համայնքների ցանկից

Շիրակի մարզի Ախուրյանի նախկին վարչատարածքում գտնվող Ջրառատ համայնքի բնակիչներին կառավարության խոշորացման ծրագիրը խուճապի է մատնել: Թեմայի շուրջ խոսում ու քննարկում են ամենուր՝ տանը, հանդում, գյուղամեջում, ուրախության ու տխրության արարողությունների ժամանակ: Կանայք հիմնականում չեն միջամտում՝ ասելով, թե տղամարդիկ մի բան կորոշեն: Ջրառատցի տղամարդիկ էլ գյուղ հասած լրագրողից տարածքային նախարար Դավիթ Լոքյանին են պահանջում: «Թող ինքը գար, թե չէ ձեզի կըսենք՝ լրիվ տեղ չեք հասցընե»,-նեղսրտում է Գևորգ Յայլոյանը: Խոստանում եմ ձայնագրած դժգհությունից ոչինչ չկրճատել.

Կարապետ Մաթևոսյանը կատակով նկատում է` եթե գյուղը խոշորացրին, վերցնելու է իր Կասանդրա անունով կնոջն ու ընդմիշտ գնալու է գյուղից: «Հմի եթե գուզեք ես ու կնիգս շարունակենք Չրախլի (Ջրառատի հին անունն է-հեղ.) ապրել, ուրեմն մեզի հանգիստ թողեք, մենք չենք ուզե խոշըրնա,-ծիծաղելով «սպառնում» է Կարապետը, հետո լրջանում,- էսքան տարի աշխատել՝ մենք մեզի պահել ենք, պետության երեսից ամեն անգամ չենք կախվել: Հարկ են ուզել՝ հարկը տվել ենք: Ծայրամասային գյուղ ենք, հենց գյուղերն իրար միացրեցին՝ առաջին քանդվողը մերը կեղնի: Աշխարքի կարգն է՝ միշտ մեծը կուլ կուտա փոքրին»:

Նույն կերպ է մտածում նաև Արթուր Մանուկյանը: Ասում է` գյուղում խոպանչիները շատ են, մի օր էլ կվերցնեն ընտանիքներն ու ընդմիշտ կհեռանան: «Առանց էդ էլ արտագաղթը կա՝ պահած բան չէ: Խոշորացնելուց հետո հենց տեսան դրական բան չի էղնի գյուղի համար, էն մնացածն էլ կերթան: Գյուղում կմնան անճարները ու ըդիկ չեղավ, օր պետությունը մեր մասին մտածեց, մեզի խոշորացրեցին, մեր համար դրական բան էրեցին: Լավ կեղներ մեր կարծիքն էլ հարցնեին` գուզե՞նք մենք էդ խոշորացումը, թե չէ»,-շեշտում է զրուցակիցս:

Մեխանիզատոր Անդրանիկ Մանուկյանը ևս դրական ոչինչ չի տեսնում կառավարության հեղինակած ծրագրում: Ասում է` երբեք «խոպան» չի գնացել, բայց համայնքների խոշորացումից հետո, հավանաբար, կկորցնի աշխատանքն ու ստիպված ինքն էլ կհամալրի խոպանչիների ցանկը:

Ծովի մակերևույթից 1900 մետր բարձրության վրա գտնվող Ջրառատում 1300 մարդ է բնակվում: Զբաղվում են հիմնականում անասնապահությամբ: Հողագործությունն այստեղ տարածված չէ՝ պատճառը գրեթե ամեն տարի կրկնվող կարկտահարության դեպքերն են: Հակակարկտային կայաններ չկան՝ գյուղացու բերքը որևէ կերպ պաշտպանված չէ բնական աղետներից: Սակայն, ջրառատցիները չեն դժգոհում: Գյուղատնտեսությունից չստացած եկամուտը լրացնում են «խոպաններից եկած փողերով»:

«Ջրառատը միշտ էլ սեփական եկամուտների հավաքագրման գծով իր կատարողականն ապահովել է, ծույլիկների շարքում երբեք չենք եղել,-ասում է համայնքի ղեկավար Ահարոն Ոսկանյանը,-հանգիստ խղճով կարող եմ ասել, որ կայացած համայնք ենք, ու էս խոշորացմանը ես չեմ կարող կողմ լինել: Գյուղի բնակչությունն էլ է դեմ՝ դրական որևէ բան նախորդների հետ կապված մարդիկ չեն լսում, դրան գումարած՝ մեր սեփական դիտարկումները»:

Անցած հոկտեմբերի 2-ին խոշորացման ծրագրով Շիրակի մարզում ձևավորվեց 4 փունջ` Ամասիայի և Աշոցքի տարածարջաններում: Մինչև այս տարվա վերջ նախատեսվում է փնջեր ձևավորել Անիի և Ախուրյանի տարածաշրջաններում: Ջրառատը և ևս 7 համայնք ընդգրկվելու է Ախուրյանի փնջում՝ Ախուրյան կենտրոնով: Ջրառատի համայնքապետը մտավախություն ունի, որ կկրկնվեն 1953թ. դեպքերը:

«Մեր գյուղից մի 4 կմ վերեւ Խանվալի անունով գյուղ է եղել, հետո կոչվել է Ծաղկասար, միացրել են Ջրառատին: Էն ժամանակ մեր մոտ սովխոզ էր, էդ միացրած գյուղի անունով էլ կոչել են Ծաղկասարի սովխոզ, ղեկավարն էլ եղել է Հովհաննիսյան Համոն Խանվալիից: Երեք տարի հետո էդ գյուղը լրիվ քայքայվել է: Մարդիկ թողել տները քոչել են Երեւան, Էջմիածին, մի մասն էլ իջել է Ախուրյան, բայց Ջրառատ ապրելու չեն եկել: Մի օր էս նախագահը կտեսնի, որ Ջրառատ տուն կսարքեն, քարերն էլ Խանվալիի լքված տներից կքանդեն, կբերեն, կանիծե, կըսե. «Չրախլեցի՛ք, ձեր քարը քարին չմնա»,-պատմում է համայնքապետն ու կեսլուրջ-կեսկատակ հորդորում կառավարությանը իրականություն չդարձնել կես դար առաջ հնչած անեծքը:

Ջրառատի բյուջեն 30 մլն դրամ է, որից 7 մլն-ը սեփական եկամուտներն են: Հարկերի հավաքագրման առումով երբեք լուրջ թերացումներ չեն ունեցել: Ձգտում են մասնակցել զարգացում ապահովող բոլոր ծրագրերին: Առայժմ չի լուծվում գազիֆիկացման խնդիրը: Դա էլ, ըստ համայնքապետի, իրենց ձեռքը չէ՝ ներքևի գյուղերը պիտի մասնակցեն այդ ծրագրին, խողովակաշարը գա հասնի Ջրառատ, որ իրենք էլ մտածեն ներդրման մասին: Առայժմ խստաշունչ ձմեռները հաղթահարում են ավանդական աթարի ջերմությամբ:

«Գյուղում մի քանի խոշոր ծրագիր ենք իրականացրել խմելու ջրի հետ կապված: Մի տասը տարի առաջ որ գյուղ գայիք, կնանիք ղանթարով ջուր կկրեին, հիմի արդեն 24 ժամ ջուր ունեն մարդիկ տները: Ջրմուղին էլ չեն հանձնել՝ մենք կտնօրինենք: Հիմի ես կվախենամ, որ խոշորացումից հետո ստիպեն հանձնել ջրմուղին,-մտահոգվում է Ահարոն Ոսկանյանը,-անցած տարի ԻՖԱԴ-ի ծրագրով ջրի քլորացման նոր կայան կառուցեցինք, 180 մլն դրամ կազմակերպության ներդրումն էր, 10 մլն-ը` համայնքինը, որ ժամանակից շուտ էլ տվել ենք, մարզպետարանից էլ աջակցություն չենք ուզել: Խոշորացումից հետո որ զրկվեցինք ինքնուրույնությունից, էս տիպի ծրագրերը ի՞նչ ձեւով ենք անելու, արդյո՞ք կենտրոնից կուզենան մեզ ամեն անգամ գումար տալ»:

2017թ. սկիզբը ջրառատցիների համար խոստումնալից էր: Ղազախստանում բնակվող համագյուղացի գործարար Գնել Հակոբյանը շտապօգնության մեքենա է նվիրել՝ հեշտացնելով հիվանդների տեղափոխումը Գյումրի և Ախուրյան, համաձայնվել է վերականգնել նաեւ ծննդավայրի կիսակործան, 6-րդ դարի եռանավ եկեղեցին, բացի այդ` եկեղեցու հարեւանությամբ հանդիսությունների տուն է կառուցելու: Մեկ այլ ռուսաստանաբնակ ջրառատցի էլ պատրաստակություն է հայտնել որեւէ ծրագրով մասնակցություն ունենալ համագյուղացիների կյանքին:

Ջրառատի ղեկավարն էլ, ոգեւորված համագյուղացիների խոստումներից, մտադիր է գյուղական տուրիզմի զարգացման ծրագիր ներկայացնել վարչապետին: «Դե որ եկեղեցին վերականգնվի, գյուղ հասած զբոսաշրջիկն էլ գյուղական բարիքները վայելելուց զատ տեսնելու բան էլ կունենա: Հիմա, որ 24 ժամ ջուր կա գյուղում, կարող են նաեւ մարդկանց հյուրընկալել: «Ուղղակի մտածում եմ, որ խոշորացրեցին՝ դժվար թե մեր բարերարներն ուզենան ներդրում անել, բնակիչներն էլ թեւաթափ կլինեն»,-բացատրում է համայնքապետը:

Համայնքապետը ջրառատցիների անունից պատրաստվում է դիմել երկրի ղեկավարին, վարչապետին եւ ԱԺ-ին, որպեսզի Ջրառատը հանեն խոշորացվող համայնքների ցանկից:

«Կամ, եթե պիտի անպայման խոշորացնեն, ուրեմն թող Ախուրյան համայնքի վարելահողերից 500 հա ջրովի վարելահող մեզ տան, մերից էլ թող 1000 հա տան ախուրյանցիներին՝  ամեն ինչ իրար խառնենք ու մեկտեղ բաժանենք, թող էդպես լինի, որովհետեւ իմ գյուղացին իր մեկ հա-ից ընդամենը մեկ տոննա բերք կստանա, ախուրյանցին՝ 10 տոննա,-առաջարկում է Ջրառատի ղեկավարը,-կանե՞ն, չեն անի, բա ո՞ւր մնաց հավասարությունը, ո՞ւր մնաց խոշորացման դրական էֆեկտը, որ իբրեւ թե պիտի տեսնենք: Թե էն նախորդների ժամանակ փնջերին գյուղտեխնիկա էին տալիս, հիմա էդ էլ չկա: Բայց մեր գյուղին էդ տեխնիկան էլ պետք չէ՝ մենք 10 միավոր գյուղտեխնիկա ունենք»:

Ջրառատում գործող գյուղկոոպերատիվ կա: Մի քանի տարի առաջ մասնակցեցին գյուղնախարարության ջրարբիացման ծրագրին, հիմա էլ պատրաստվում են արոտներում փարախ ու հովվի տուն կառուցել նախարարության ԾԻԳ-ի աջակցությամբ:

Համայնքների խոշորացման ծրագրի վերաբերյալ իրենց դիրքորոշումը ջրառատցիները որոշել են արտահայտել հանրաքվեի միջոցով: Ասում են` բոլոր ջանքերը կներդնեն, որպեսզի գյուղը չմիավորվի:

Մեկնաբանություններ (1)

ընթերցող
Միայն Ջրառատի բողոքը բավարար չէ, բոլոր գյուղերը պիտի միավորվեն այդ ավերիչ քաղաքականության դեմ: Գյուղերն առանց այն էլ վերջին շնչում են, դրանից հետո ավելի արագ կամայանան: Իսկ գյուղերը որ վերացան, հաշվեք որ երկիրն էլ վերացավ: Սա շատ լուրջ հարց է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter