HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Նոր վարկ, թե հնի աուդիտ. ֆիննախը ե՞րբ է ուսումնասիրելու կրթական վարկի միլիոնավոր դոլարների հոսքը

Հայաստանում պետական հիմնարկը կարող է միլիոնավոր դոլարների վարկ վերցնել` ուռճացված ու մոտավոր խոստումներով, չիրականացնել դրանք և չենթարկվել որևէ պատասխանատվության։

Պետական հիմնարկն այս դեպքում կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակն է, վարկային ծրագիրը՝ դեռևս 2014թ. մեկնարկած «Կրթության բարելավում»-ը։ Այս ծրագիրն ավելացրեց Հայաստանի պետական պարտքը շուրջ 30 միլիոն դոլարով, քանի որ կառավարությունը նշված չափով վարկ վերցրեց Համաշխարհային բանկից։

Ուռճացված խոստումը հանրապետության մոտ 17 ավագ դպրոցների հիմնանորոգումն է, որոնցից միայն 5-ի հիմնանորոգման աշխատանքներն են մեկնարկել: ԿԳՆ-ն ու դրա ենթակայությամբ գործող «Կրթական ծրագրերի կենտրոն»-ը մնացած 12-ի հիմնանորոգումը` եղած վարկային միջոցներով, այսօր անհնար են համարում. վերահաշվարկ են կատարել և պարզել, որ անհրաժեշտ է հավելյալ 19 միլիոն դոլար:

Թե ինչպես է հնարավոր նման բան, պատրաստի պատասխան ունեն թե´ ԿԳՆ-ն, թե´ «Կրթական ծրագրերի կենտրոն»-ը, թե´ Համաշխարհային բանկը: Բոլորը մեջբերում են «մոտ 17» ձևակերպումը և համարում, որ ծրագրով հիմնանորոգման ենթակա դպրոցների թիվը վերջնական սահմանված չէր: «Հիմնանորոգման համար աջակցություն ստացող դպրոցների վերջնական թիվը ծրագրի գնահատման փաստաթղթում չսահմանվեց…», - մեր հարցումներից մեկի պատասխանում նշել է Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի արտաքին կապերի պատասխանատու Վիգեն Սարգսյանը։

Միջին գնից մինչև 90% շեղումով պայմանագրեր

«Կրթության բարելավում» վարկային ծրագրով մոտ 17 դպրոցների հիմնանորոգման համար նախատեսված է եղել շուրջ 18 միլիոն դոլար։ Այսինքն՝ ամեն դպրոցի հիմնանորոգման միջին գինը նախապես հաստատված բյուջեով կազմել է մոտ 1 միլիոն դոլար։

Չնայած այս հանգամանքին՝ «Կրթական ծրագրերի կենտրոն»-ը հինգ դպրոցներից երեքի պայմանագրերը կնքել է նախատեսված միջին գնից 45-90% շեղումով։

Մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի ավագ դպրոցի հիմնանորոգման պայմանագիրը կնքվել է շուրջ 700 միլիոն, Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի No 2 ավագ դպրոցինը` շուրջ 918 միլիոն, Արարատի մարզի Արարատ քաղաքի ավագ դպրոցինը` շուրջ 722 միլիոն դրամով: Երեք պայմանագրերն էլ գերազանցել են նախատեսված միջին գինը` մոտ 1 միլիոն ԱՄՆ դոլարը` կազմելով 1,45-1,9 միլիոն ԱՄՆ դոլար:

Քանի որ պայմանագրերը կնքած «Կրթական ծրագրերի կենտրոն»-ը ենթարկվում է անմիջապես կրթության և գիտության նախարարությանը, հարցում ուղարկեցինք ԿԳՆ: Հարցրել էինք` արդյոք ԿԳՆ-ն իրականացրել է որևէ ուսումնասիրություն` պարզելու համար` ինչու են պայմանագրերը կնքվել նախատեսված միջին գնից շուրջ 50 և ավելի տոկոս շեղումով:

Նախարարությունը պատասխանել է, որ 5 ավագ դպրոցների համար սկզբում պատրաստվել են նախագծահաշվարկային փաստաթղթեր, համաձայն որոնց` հաշվարկվել են միայն վերանորոգման ծախսերը` առանց հաշվի առնելու շենքերի ուժեղացման և սեյսմազինվածության մակարդակի բարձրացման միջոցառումների հետ կապված ծախսերը

ԿԳՆ-ն ու Համաշխարհային բանկն արդարացնում են ապօրինի հաշվարկը

«Հետք»-ը հարցում ուղարկեց Համաշխարհային բանկի գլխավոր` Վաշինգտոնի գրասենյակ: Հարցրել էինք` արդյոք Համաշխարհային բանկը երբևէ ուսումնասիրություն կատարե՞լ է վարկային այս ծրագրի շրջանակներում կատարած ծախսերի վերաբերյալ: Եթե այո` ինչո՞ւ նախապես հայտնի չէր, որ վարկային միջոցները չեն բավականացնելու, այն էլ` կրկնակի չափով:

«… Ծախսերի ավելի բարձր նախահաշիվը կարող է կապված լինել հիմնանորոգման աշխատանքների ավելի լայն շրջանակի հետ՝ պայմանավորված շինությունների ֆիզիկական վատ վիճակով, սեյսմիկ ուժեղացմամբ, որի համար պահանջվում է հիմքերի ամրացում, պատերի և սյուների հենարան՝ պողպատի և բետոնի զգալի քանակությամբ, ինչպես նաև դպրոցների տարածքների ավելի մեծ մակերեսով, որը ներառում է շինհրապարակների նախապատրաստման և պատերի կամ ցանկապատերի ավելի մեծ պարիսպի վերակառուցում»,- նշված է Համաշխարհային բանկի պատասխանում (մուգ շեշտադրումը` «Հետք»-ի):

Նախագծողների հետ մեր զրույցներից պարզվեց, որ դպրոցները չեն կարող վերակառուցվել` առանց սեյսմազինվածության մակարդակի բարձրացման:

Համաձայն քաղաքաշինության նախարարի 2014թ. մարտի 24-ի հ.87-Ն հրամանի` ուսումնական հաստատությունների (դպրոցներ, ուսումնարաններ, միջին մասնագիտական կրթության ուսումնական հաստատություններ և այլն) վերակառուցման նվազագույն թույլատրելի մակարդակը սեյսմազինվածության բարձրացումն է: Այսինքն` ուսումնական հաստատությունում վերակառուցման ցանկացած աշխատանք պետք է ուղեկցվի սեյսմազինվածության մակարդակի բարձրացմամբ: (տես հավելված 1)

Սա նշանակում է, որ ուսումնական հաստատության սեյսմազինվածության բարձրացումը չէր կարող ծրագրի կեսից ծախսերի աճի պատճառ դառնալ:

«Արդյոք սա ձեզ համար չի՞ նշանակում, որ վարկային ծրագիրը ներկայացնողները նախապես ոչ պրոֆեսիոնալ հաշվարկ են կատարել…», - հարցրինք ՀԲ-ի գլխավոր գրասենյակին` երկրորդ հարցմամբ:

Բանկի վաշինգտոնյան գրասենյակից հարցումը դարձյալ հասցեագրեցին երևանյան գրասենյակին, որտեղից էլ հույս հայտնեցին, որ մեր բարձրացրած հարցերն արդեն իսկ պարզաբանվել են, իսկ ծրագրի տեխնիկական մանրամասների վերաբերյալ ապագա հարցումները խորհուրդ տվեցին ուղղել «Կրթական ծրագրերի կենտրոն»-ին:

ՀԲ-ի թե´ ամերիկյան, թե´ երևանյան գրասենյակները արդարացնում են ապօրինի գործարքը` առանց սեյսմակայուն կոմպոնենտի արված հաշվարկներն ու դրա հիման վրա կազմած վարկային ծրագիրն այն դեպքում, երբ դա հակասում է Հայաստանում գործող քաղաքաշինական նորմերին:

Ավելի քան 38 միլիոն դրամի անարդյունավետ ծախս և ոչ մի քրեական գործ

Համաշխարհային բանկի պաշտոնական փաստաթղթերից տեղեկանում ենք, որ «Կրթական ծրագրերի կենտրոն»-ը «Ինժեներ Լիգա» ՓԲԸ ընկերությանը վարկային ծրագրի ֆինանսական միջոցներից վճարել է 7.656.998 դրամ: 

Նույն աղբյուրում նշված էր, որ պայմանագրի առարկան 5 ավագ դպրոցի նախնական նախագծերի պատրաստումն էր։ 

Մյուս կողմից` այս ընկերության մասին մեզ ոչ մի տեղեկատվություն չէր տրամադրել կրթության և գիտության նախարարությունը, երբ հարցրել էինք, թե որ ընկերություններն են պատրաստել հիմնանորոգման ենթակա դպրոցների նախագծերը: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ից նախարարության միջոցով ստացել էինք 17 ավագ դպրոցների նախագծահաշվարկային փաստաթղթերը կազմած ընկերությունների անվանումները, որոնցում «Ինժեներ Լիգա» ՓԲԸ-ն չկար: Ի՞նչ վճարում էր սա` նախարարության և ԾԻԳ-ի հաշվետվություններում հնարավոր չեղավ գտնել:  

Փոխարենը սույն ընկերության անվանումը գտանք Վերահսկիչ պալատի 2016թ.-ի տարեկան հաշվետվության մեջ: Վերահսկիչը պարզել էր, որ ԾԻԳ-ը չի ընդունել «Ինժեներ Լիգա» ՓԲԸ-ի պատրաստած նախագծերը` «պայմանավորված որոշ փոփոխություններով, որով դպրոցները ոչ թե վերանորոգվելու, այլ հիմնանորոգվելու են: Ստացվում է, որ կատարված նախագծային աշխատանքը, որի դիմաց ԾԻԳ-ը արդեն վճարել էր ընկերությանը (պայմանագրի գումարի 80%-ը), չի համապատասխանում հիմնանորոգմանը ներկայացվող պահանջներին և անհրաժեշտ են նոր նախագծեր»:

7.656.998 դրամը, ըստ Վերահսկիչի, ընդամենը 20%-ն է ընկերության և ԾԻԳ-ի միջև` 5 ավագ դպրոցների նախագծահաշվարկային փաստաթղթերը կազմելու համար կնքված պայմանագրից: Պայմանագրի ամբողջ գումարը, համաձայն հաշվետվության, կազմել է շուրջ 38 միլիոն դրամ, պարզապես մնացած 80%-ը վճարվել է ոչ թե վարկային միջոցներից, այլ վարկի նախապատրաստման դրամաշնորհից:

Պայմանագրի 20%-ը կազմող 7,6 միլիոն դրամը պետք է վճարվեր ընկերության կողմից դպրոցների նախագծերը ԾԻԳ-ին ներկայացնելուց և ընդունվելուց հետո: Սակայն ԾԻԳ-ը չի ընդունել նախագծերը ու չնայած այս հանգամանքին` վճարել է նաև վերջին 20%-ը:

ՀԲ փաստաթղթերից տեղեկանում ենք, որ «Ինժեներ Լիգա»-ն ոչ միայն ստացել է գումարը, այլև պայմանագիր է կնքել ԾԻԳ-ի հետ` առանց մրցույթի. գնման մեթոդը եղել է մեկ աղբյուրից ընտրությունը (SSS-Single source selection):

«Խորհրդատուների` մեկ աղբյուրից ընտրությունը չի ապահովում այն առավելությունները, որն ունի մրցույթը` որակի և արժեքի առումով, չունի ընտրության թափանցիկություն և կարող է խրախուսել անընդունելի գործելակերպ: Այդ պատճառով մեկ աղբյուրից ընտրությունը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում»,- սա Համաշխարհային բանկի գնման ընթացակարգերից հատված էր, որ վերաբերում է մեկ աղյուրից ընտրությանը (թարգմանությունը` ոչ պաշտոնական):

«Ինժեներ Լիգայի» հետ մեկ աղբյուրից ընթացակարգով պայմանագիր կնքելը, փաստորեն, «Կրթական ծրագրերի կենտրոն»-ի համար հենց այդ բացառիկ դեպքն է եղել: Ընկերությունների գրանցման պետական ռեգիստրում բացակայում են տվյալներ, թե ով կամ ովքեր են եղել «Ինժեներ Լիգա»-ի բաժնետերերը:

Դատախազության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արևիկ Խաչատրյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ Վերահսկիչ պալատի «Կրթության բարելավում» ծրագրի բացահայտումների մասով ուսումնասիրություններ իրականացվել են, սակայն քրեական գործ չի հարուցվել: Քրգործ հարուցելու փոխարեն` դատախազությունը, ուսումնասիրությամբ արձանագրված խախտումների կապակցությամբ, հաղորդում է ներկայացրել ԿԳ նախարարություն՝ «դրանք վերացնելու և արդյունքների մասին ՀՀ դատախազությանը հայտնելու վերաբերյալ»։ 

Մեկ մրցույթից` երեք պայմանագիր. ԾԻԳ-ը երկու անգա՞մ է վճարել նույն ծառայության համար

«Հետք»-ը հարցում ուղարկեց կրթության և գիտության նախարարություն` ստանալու 17 ավագ դպրոցների նախագծահաշվարակային փաստաթղթերի կազմման համար «Կրթական ծրագրերի կենտրոն»-ի և նախագիծը պատրաստած ընկերության միջև կնքված պայմանագրերի պատճենները:

ԿԳՆ-ն մեզ տրամադրեց միայն պայմանագրերի ծանուցումների պատճենները, որոնք հրապարակված են նաև Համաշխարհային բանկի կայքում: Պատասխանը պատրաստել էր ԾԻԳ-ը: Վերջինիս աշխատակիցը մեզ հետ զրույցում խոստացավ տնօրենի հետ ճշտել պայմանագրերի պատճեններն ուղարկելու հարցը, սակայն այդպես էլ չստացանք դրանք:

ԾԻԳ-ից մեզ ուղարկել էին երեք պայմանագրերի շնորհման ծանուցում:

Համաձայն դրա` պայմանագրերից մեկը կնքվել է 2015թ. օգոստոսի 10-ին «Բաբայան-Լատ նախագիծ» և «Մոդուլ 2015» ՍՊԸ-ների հետ` 5 դպրոցի նախագծերը պատրաստելու համար (ընկերությունները համատեղ են մասնակցել մրցույթին): Պայմանագրի արժողությունը կազմել է 81.639.960 դրամ: Փորձեցինք նշված արժողությամբ և ժամկետի պայմանագիրը գտնել Համաշխարհային բանկի` կնքված պայմանագրերի բազայում:

տես Հայաստանի հետ կնքված P130182 կոդով պայմանագրերը

Պարզվեց, սակայն, որ 2015թ. օգոստոսի 10-ին «Բաբայան-Լատ նախագիծ» և «Մոդուլ 2015» ՍՊԸ-ների հետ կնքված մեկի փոխարեն` երկու պայմանագիր կա: Վստահաբար կարող ենք ասել, որ դրանք տարբեր պայմանագրեր են, քանի որ տարբեր համարակալում և արժողություն ունեն:

Պայմանագրերից մեկի նպատակը` «Վերջնականացնել Կրթության բարելավում ծրագրի 5 դպրոցի նախագծերը» (“Finalizing the designs for five schools under the Education Improvement project”), արժեքը` 170 723 դոլար, երկրորդ պայմանագրի նպատակը` «Հինգ ավագ դպրոցի հիմնանորոգման ճարտարապետական և տեխնիկական նախագծերի վերջնականացում» (“Finalization of architectural and technical designs for rehabilitation of 5 high schools”), արժեքը` 171 584 դոլար:

ՀԲ-ի փաստաթղթերը վկայում են, որ ԾԻԳ-ը նույն նպատակի համար «Բաբայան-Լատ նախագիծ» և «Մոդուլ 2015» ընկերություններին երկու անգամ է վճարել: 

Եվս մեկ պայմանագիր «Բաբայան-Լատ նախագիծ» և «Մոդուլ 2015» ընկերությունների հետ կնքվել է հաջորդ ամիս` 5 դպրոցի շինարարական աշխատանքների հեղինակային հսկողության համար: Պայմանագրի գումարը կազմել է շուրջ 28 հազար դոլար:

Եվ այս երեք պայմանագրերը ԾԻԳ-ը կնքել է մեկ մրցույթի արդյունքում:

«Հետք»-ը գրավոր հարցմամբ ԿԳ նախարարությունից ստացավ վարկային ծրագրի շրջանակում կայացած մրցույթների հայտարարությունների պատճենները: Պարզվում է, որ մրցույթը, որում հաղթել են «Բաբայան-Լատ նախագիծ» և «Մոդուլ 2015» ընկերությունները, եղել է 5 ավագ դպրոցի նախագծային փաստաթղթերի վերանայման և ուսումնասիրման համար: Մրցույթում հաղթած ընկերության ծառայությունը, ըստ պահանջների, պետք է ներառեր նաև հեղինակային հսկողությունը՝ շինարարական աշխատանքների ընթացքում: Այսինքն` հեղինակային հսկողության ծառայությունը չպետք է դառնար առանձին պայմանագրի առարկա` հավելյալ 28 հազար դոլար արժողությամբ:

Ֆինանսների նախարարությունը ոչ մի անգամ չի ստուգել «Կրթության բարելավում» վարկային ծրագրի ծախսերը

Վերահսկող մարմիններից ոչ միայն դատախազությունը, այլև ֆինանսների նախարարությունը պատասխանատվության չեն ենթարկել ԾԻԳ-ին, չեն կասեցրել ծրագիրն ու չեն իրականացրել աուդիտ` պարզելու համար, թե ինչու՞ է ծրագրի բյուջեն կրկնակի սխալ հաշվարկվել կամ ու՞ր են հոսել մինչ այժմ ծախսված միջոցները:

Ֆինանանսերի նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչությունը կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակում «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանականներում 2013-2016թթ. ստուգումներ չի իրականացրել։ Այս մասին, «Հետք»-ի հարցմանն ի պատասխան, հայտնեցին ֆինանսների նախարարությունից։

Նույն պատասխանում ֆիննախը նշել է, թե 2017թ․ 2-րդ կիսամյակում, վարչապետի որոշմամբ, նախատեսվում է ԾԻԳ-ում իրականացնել ստուգումներ՝ օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանին տրամադրված վարկային և դրամաշնորհային միջոցների, ինչպես նաև պետական բյուջեից հատկացված միջոցների ճշտության և նպատակայնության վերաբերյալ։

Թե կոնկրետ երբ է նախատեսվում ուսումնասիրությունը, ֆիննախը չի հստակեցրել. հայտնի չէ նաև` արդյոք այն կնախորդի կառավարության` Համաշխարհային բանկին շուրջ 19 միլիոն դոլար արժողությամբ վարկային նոր հայտ ներկայացնելուն, եթե նման որոշում կայացվի:

առաջին լուսանկարը՝ cfep-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter