HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

77-ամյա մայրը պատմում է որդու սպանության մանրամասները

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում 58-ամյա Եղիշե Խաչատրյանի սպանության գործով դատական նիստին Խաչատրյանի մոր`տուժող Էմմա Աբրահամյանի ինքնազգացողությունը հարցաքննության ընթացքում վատացավ: 77-ամյա կնոջ համար, ում աչքի առաջ մահացել է որդին, երկու անգամ շտապօգնություն հրավիրվեց, և, այդ պայմաններում, դատարանը ստիպված եղավ տուժողի հարցաքննությունը կիսատ թողնել ու հետաձգել դատական նիստը:

Մինչ այդ, երկու ժամից ավելի, Էմմա Աբրահամյանը որդու սպանության վերաբերյալ մանրամասներ էր հայտնում, հուզվում, բարկանում ու պարբերաբար կրկնում, որ ոչ մի մոր չի ցանկանում այն վիշտը, որն ինքն է ապրում:

Հիշեցնենք, որ Եղիշե Խաչատրյանը սպանվել է 2016թ-ի  հուլիսի 4-ին: Գործով մեղադրվում են 5 անձինք՝ Արտաշես Չիչոյանը, Արարատ Նիկողոսյանը, Խաչիկ Կոսյանը, Արթուր Զաքարյանն ու Յուրի Հակոբյանը: Վերջիններիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7 և 10-րդ մասերով (սպանություն մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով, պատժվում է ազատազրկմամբ՝ տասներկուսից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ) և 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով): Ըստ մեղադրանքի` սպանված Եղիշե Խաչատրյանը երևեկության կանոնները խախտելու համար նկատողություն է արել ամբաստանյալներ Յուրի Հակոբյանին, Արտաշես Չիչոյանին ու Արարատ Միկողոսյանին,  որից հետո վերջիններս նրան հայհոյել են, ծեծի ենթարկել, ապա դեպքի վայր են եկել ևս երեք անձինք՝ Արթուր Զաքարյանը, Խաչիկ Կոսյանը և, ինքնությունը չպարզված, ևս մեկ անձ, ու ծեծկռտուքը շարունակվել է այնքան, մինչև Եղիշե Խաչատրյանը սպանվել է:

Էմմա Աբրահամյանը, ով դեպքի ժամանակ հարված է ստացել ու վայր ընկել, նշեց, որ ինքը գործով անցնող բոլոր ամբաստանյալներին ճանաչում է, բոլորը դեպքի վայրում են եղել, ծեծի են ենթարկել իր որդուն:

«Փրկվեցիք. էդ երիտասարդները փրկվեցին իմ որդու զգոնության շնորհիվ, բայց իրեն չփրկեցին՝ չհասկանալով, որ իրենց փրկել է իմ որդին»,- նկատի ունենալով ամբաստանյալներին` ասաց Էմմա Աբրահամյանը:

Մայրը ցուցմունքը սկսեց որդու հետ կապված վերջին երջանիկ հիշողություններից, պատմեց, որ դեպքի օրն ինքն ու որդին գյուղից եկել են քաղաք՝ իր եղբոր թոռան հարսանիքին մասնակցելու:

«Ամսի 4-ին մեծ ոգևորությամբ ինձ բերեց այդ հարսանիքին. չէ՞ որ ես մեծ էի, եղբայրս կար...մեծ բավականություն ստացանք այդ հարսանիքին...ինչպե՞ս կուրաախանար մեծ կինը, երբ իր ամբողջ գերդաստանն այդ հարսանիքին էր: Որդիս էլ էր երջանիկ. ինձ անընդհատ ասում էր՝ նայի, քո ազգով ոգևորվի: Ես ասում էի՝ Եղիշե, գուցե սա իմ վերջին ուրախությո՞ւնն է իմ գերդաստանի հետ, ինքն ասում էր՝ էդպիսի բան չասես, մամ ջան, էլի կլինի»,- պատմեց Էմմա Աբրահամյանն ու նշեց, որ հարսանիքից հետո գնացել են որդու Երևանի բնակարան, որտեղ ապրում են Եղիշե Խաչատրյանի կինը՝ Փառանձեմ Մեյթիխանյանն ու երեխաները:

Էմմա Աբրահամյանի խոսքով՝ չնայած Փառանձեմ Մեյթիխանյանի հորդորին, որ դեպքի օրը Երևանում մնան՝ Եղիշե Խաչատրյանը որոշել է վերադառնալ գյուղ, քանի որ վաղ առավոտյան խոտհունձ պիտի անեին: Էմմա Աբրահամյանը նշեց նաև, որ որդին հարսանիքի ժամանակ առհասարակ ալկոհոլ չի օգտագործել:

Երբ մայր և որդի ճանապարհ են ընկել, Եղիշե Խաչատրյանը հիշել է, որ բանալին չի վերցրել, վերադառնալիս են եղել բանալու ետևից, երբ ինքը՝ Էմմա Աբրահամյանը, նկատել է անմիջապես դեպի իրենց եկող մեքենան:

«Նրանք ուղիղ մեզ էին գալիս, ասի՝ Եղի՛շ ջան, դրանք գալիս են դեպի մեզ, ասաց՝ մամա՛, հանգի՛ստ: Ինքը սթափ էր, հավաքեց իրեն, մեքենան արգելակեց, մեքենաները չբախվեցին իրար»,- պատմեց Աբրահամյանը:

Հետո, երբ վտանգն արդեն անցած է եղել, Եղիշե Խաչատրյանն, ըստ տուժողի, մեքենայի բաց պատուհանից բարկացած ասել է՝ «ոչխա´ր անասուներ, ի՞նչ եք անում, մտնում էիք մեքենայի տակ»:

«Սարսափելի էր: Դրանք էդ ոչխար անասունը չհանդուրժեցին, մեքենայից իջան և հայհոյեցին իմ որդուն: Ասի՝ Եղի՛շ ջան, մի՛ իջիր, արդեն զգացվում է դրանք ինչ են, ձեռքը բռնեցի, ասաց՝ մամա՛, հանգի՛ստ, բայց մայր հայհոյեցին, և իմ որդին իջավ, ու ինձ ստիպեց՝ չիջնել: Ես մի քանի րոպե տատանվում էի՝ իջնել, թե ոչ, որովհետև որդիս արգելել էր իջնել, բայց հետո տեսա, որ աղմուկը մեծացավ»,- պատմեց Էմմա Աբրահամյանն ու շարունակելով նշեց, որ ինքը մեծ դժվարությամբ մեքենայից իջնելուց հետո տեսել է, թե ինչպես են երեք տղա քաշքշում իր որդուն: Նրանց հետ մի աղջիկ էլ է եղել, որը սակայն, ըստ տուժողի, փորձել է հանդարտացնել իրավիճակը:

«Երեք տղա էին (նկատի ունի Արարատ Նիկողոսյանին, Արտաշես Չիչոյանին և Յուրի Հակոբյանին. հեղ․),երեքն էլ հաղթանդամ էին ու քաշքշում էին Եղիշեին, խփում էին որդուս: Ես գոռում էի՝ միլիցա կանչե՛ք, օգնեք, բայց ոչ ոք չէր լսում»,- պատմեց Էմմա Աբրահամյանը:

Տուժողի պնդմամբ՝ իր որդուն հարվածողների վրայից ալկոհոլի սուր հոտ է եկել:

«Արտաշեսը հարբած էր, Արիկը (նկատի ունի Արարատ Նիկողոսյանին, հեղ․) ավելի հաղթանդամ էր, քան մյուսը, բռունցքներով հարվածում էին իմ որդուն: Յուրան, սկզբից եկավ, միացավ դրանց, հետո անցավ մեքենան, հետո նորից եկավ, միացավ: Ես ականտես եմ եղել, երդվում եմ ամեն ինչով, ոչ մի սուտ չկա էստեղ»,- ասաց Աբրահամյանն ու շարունակելով նշեց, որ հետո կռիվն ավելի է մեծացել, իր տղային այնքան են հարվածել, որ վերջինս կամաց-կամաց իրեն քաշել է դեպի իր մեքենան ու հենվել դրան:

«Խփում էին աջից ու ձախից, իսկ իմ որդին, իմ որդին, հարգելի՛ դատավոր, որևէ մեկին բռունցքով չէր խփում, հայրական ապտակ էր տալիս նրանց, իսկ նրանք ոտքով, ձեռքով խփում էին իմ որդուն»,- պատմեց Էմմա Աբրահամյանը` հիշելով, թե ինչպես է շարունակ խնդրել շտապօգնություն կանչել, ոստիկանություն զանգել, բայց ոչ ոք, այդ թվում՝ կռվողներին անջատել փորձող աղջիկը, դա չեն արել:

Փոխարենն, ըստ Էմմա Աբրահամյանի, այդ աղջիկը (խոսքը գործով վկա Մարիամ Գրիգորյանի մասին է. հեղ․)  իրեն հորդորել է գնալ տարածքից:

«Ասաց՝ դու գիտես ո՞ւմ է խփում. մարդիդ վերցրու, տար էստեղից, սրա տակից ո՞նց է դուրս գալու, ասի՝ որդիս է, մարդս չի»,- պատմեց  Աբրահամյանն ու հետո հուզվեց, ջուր խնդրեց:

«Վերին աստիճան հարբած էին, իրենց կորցրած, գազազած էին, մարդ չէին ճանաչում, թռնում էին...թռնում էին, ոտքով խփում էին, ձեռքով խփում էին, չեմ ասում, որ որդիս չէր խփում, պաշտպանվում էր: Եթե ինքը խփեր, գուցե դրանցից մեկը հաշմանդամ դառնար, բայց իմ որդին խղճում էր, ինքը խղճում էր, բայց իրեն չխղճացին»,- ասաց Էմմա Աբրահամյանը:

Վերջինս նշեց, որ հետո դեպքի վայր են եկել երեք այլ երիտասարդներ, ու այլևս ինքն ու Մարիամ Գրիգորյանը չեն կարողացել ոչինչ անել` կռիվը հանդարտեցնելու համար:

«Ինձ հրին, գցին, ինձ խփին, գցին, գցին և իմ որդուն...տեսա, որ որդիս, գլուխը ձեռքերով բռնելով, իջավ... մայր, ի՞նչ կանեիր»,- հուզված պատմեց Էմմա Աբրահամյանն ու նշեց, որ անգամ որդու ընկնելուց հետո նրան շարունակել են հարվածել:

Տուժողի խոսքով՝ իր որդուն ինչ-որ բութ գործիքով են հարվածել, հարվածել է նա, ով ավելի ուշ է եկել ու ասել՝ «էդ ում ախպորն ես խփում»: Խոսքը, ըստ Էմմա Աբրահամյանի, ամբաստանյալ Խաչիկ Կոսյանի մասին է:

Աբրահամյանը նշեց, որ երբ երկրորդ եռյակն է եկել դեպքի վայր, ինքը մտածել է, որ որդին փրկվեց, որ հիմա եկած տղաները նրանց կբաժանեն, ամեն ինչ կհարթվի, բայց ապարդյուն:

Տիկին Էմման պարբերաբար դեպքի մասին արդեն իսկ պատմածը նորից էր կրկնում՝ ինչ-որ բան հիշելով ու ավելացնելով, շարունակ ասելով, որ ոչ մի մայր իր որդու պես որդի չի ունեցել:

Աբրահամյանը մի քանի անգամ, Յուրի Հակոբյանի մասին խոսելիս, ձեռքն ուղղում էր դեպի ամբաստանյալները, սակայն ոչ դեպի Յուրի Հակոբյանը:

Այս հանգամանքը պաշտպաններից Վաչագան Քոսյանի մեջ կասկած հարուցեց, որ Էմմա Աբրահամյանը չի ճանաչում Յուրի Հակոբյանին, և հարց ուղղեց, թե ամբաստանյալներից ո՞ր է Յուրին: Աբրահամյանը սխալ ամբաստանալի ցույց տվեց, և այս հանգամանքը դահլիճում թեժացրեց մթնոլորտը:

Յուրի Հակոբյանի դիմաց ոստիկաններ կային, և Փառանձեմ Մեյթիխանյանը հորդորեց, որ ոստիկանները մի կողմ քաշվեն, որպեսզի սկեսրոջ համար բոլոր ամբաստանյալները տեսանելի լինեն: Դրանից վայրկյաններ անց, Էմմա Աբրահամյանը, մատնացույց անելով Յուրի Հակոբյանին, ասաց որ նա է Յուրին:

Դահլիճում մթնոլորտն ավելի լարվեց. ամբաստանյալների պաշտպանները բարձրաձայնեցին այն մասին, որ Փառանձեմ Մեյթիխանյանը ձեռքով ցույց է տվել Յուրիին ու ասել՝ «մամա, էս կողմին ա»:

Փառանձեմ Մեյթիխանյանն, ով դեռևս դատական նիստի մեկնարկին հայտարարել էր, որ ավելորդ շահարկումներից խուսափելու համար ոչ թե սկեսրոջ կողքին, այլ հետևի շարքում կնստի, հայտարարեց, որ սկեսուրն իրեն մեջքով էր կագնած, և հետևաբար ինքը չէր կարող նրան որևէ մեկին մատնացույց անել:

Ինչպես բոլոր լարված իրավիճակներում, այս անգամ ևս դատավոր Աննա Դանիբեկյանը կարգուկանոն հաստատելու փոխարեն աննկատ հեռացավ նիստերի դահլիճից:

Այս միջադեպից հետո է, որ տուժող Էմմա Աբրահամյանի ինքնազգացողությունը վատացավ, և քիչ անց, դատարանի դահլիճ վերադարձած դատավորը հետաձգեց նիստը:

Մեկնաբանություններ (1)

Arsen
Հետաքրքիր է, ՀԵՏՔը տեղեկություններ ունի՞, թե ում լակոտներն են կամ ի՞նչ են իրենցից ներկայացնում մադանման այս հրեշները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter