Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

Երեխայի շահի՞, թե՞ շքեղության համար. 3 տարեկան երեխայի բնակության հարցը հասել է Վերաքննիչ դատարան



Նախկին ամուսիններ Անահիտ Սարգսյանի և իրանահայ Վանանդ Արդուշ Անդրեասյան Ազարարգիթիի 3 տարեկան որդու կացության վայրի վերաբերյալ վեճն այսօր քննվում էր Վերաքննիչ դատարանում: Նիստը նախագահում էր դատավորը Արսեն Մկրտչյանը, նրա գործընկերները դատավորներ Կարինե Հակոբյանն ու Ալվարդ Հունանյանն էին:

Սակայն Վանանդ Արդուշ Անդրեասյան Ազարարգիթիի ներկայացուցիչ, փաստաբան Արմինե Հարությունյանը դատավորներից մեկին՝ Ալվարդ Հունանյանին, ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց, քանի որ վերջինս ամուսինների վեճերից մեկի առիթով արդեն մասնակցել է բողոքի քննությանը և ձևավորված դիրքորոշում ունի այս գործի վերաբերյալ: Ընդմիջումից հետո Ալվարդ Հունանյանը հայտարարեց, որ ինքնաբացարկ է հայտարարում և հեռացավ դահլիճից: Նրան փոխարինելու եկավ դատավոր Նարինե Բարսեղյանը:

Դատավոր Արսեն Մկրտչյանի հարցին, թե արդյոք կողմերը փորձել են հաշտության եզրեր գտել, ինչը ենթադրում է նաև երկկողմանի զիջումներ, կողմերն ասացին, որ նման փորձեր եղել են, սակայն վեճի առարկա դարձած կացության վայրի վերաբերյալ համաձայնության չեն եկել. հայրը պնդում է, որ երեխան պետք է իր հետ ապրի, մայրը՝ իր:

Հիշեցնենք, որ այս գործով երկու տարբեր դատավորներ տարբեր վճիռներ էին կայացրել, որին «Հետք»-ն արդեն անդրադարձել է: 2015 թվականի հոկտեմբերին դատավոր Ալեքսեյ Սուքոյանը բավարարել է Անահիտ Սարգսյանի հակընդդեմ հայցը և երեխայի խնամքը հանձնել նրան՝ բնակության վայրը սահմանելով ըստ մոր բնակության վայրի՝ նշելով նաև, որ այդ հանգամանքը չի զրկում հորն իր կողմից ծնողական իրավունքների իրականացման հնարավորություններից: 

Սուքոյանի վճիռը երկու վերադաս ատյաններում բողոքարկվելուց հետո օրինական ուժի մեջ է մտել, իսկ Արայիկ Մելքումյանը վեց անգամ գործի քննությունը վերսկսելուց հետո` այս տարվա մարտի 2-ին, այս գործի նույն դրվագով ևս մեկ և այլ բովանդակությամբ վճիռ է կայացրել: Դատավոր Մելքումյանը լուծել է Անահիտ Սարգսյանի և Վանանդ Անդրեասյան Ազարարգիթիի ամուսնությունը: Փոխարենը երեխայի բնակության վայրը, ըստ հոր հակընդդեմ հայցի պահանջի, սահմանել է` ըստ Վանանդ Անդրեասյան Ազարարգիթիի բնակության վայրի:

Այս հանգամանքն էլ առիթ է դարձել, որպեսզի Անահիտ Սարգսյանը բողոքարկի Արայիկ Մելքումյանի վճիռը, որի քննությունն այսօր ընթանում էր Վերաքննիչ դատարանում:

Երեխայի հոր ներկայացուցիչը, դատավորի հարցադրմանը, թե որոնք են այն հիմնական հիմքերը, որոնցով պնդում է, որ առաջին ատյանի դատարանի վճիռն օրինական է, Արմինե Հարությունյանը նշեց երեխայի տարիքը, որի փոփոխությամբ էլ առաջացել է նրա բնակության վայրի փոփոխման անհրաժեշտություն: Բացի դրանից, երեխան մեծանում է մի ընտանիքիում, որի անդամենրից մեկը, ըստ փաստաբանի, բռնություն է կիրառել հոր ընտանիքի անդամներից մեկի նկատմամբ, և այդ փաստով քրեական գործ է հարուցվել:  

Ի պատասխան` Անահիտ Սարգսյանի ներկայացուցիչ, փաստաբան Արամազդ Կիվիրյանը նշեց, որ տղայի տարիքը ընդամենը մի քանի ամսով էր փոխվել և չէր կարող էական փոփոխություն համարվել, իսկ ինչ վերաբերում է բռնություն կիրառելուն, ապա արդեն իսկ կա դատական ակտ հոր բարեկամներից  մեկի կողմից Անահիտ Սարգսյանի նկատմամբ բռնություն կիրառելու վերաբերյալ, որով նա մեղավոր է ճանաչվել:

«Դուք նշում եք քրեական գործ, ես վկայակոչում եմ դատական ակտ»,- հստակեցրեց փաստաբան Կիվիրյանը:

Վերաքննիչում ևս քննարկվեցին երեխայի մոր և հոր կենսապայմանները, նրանց աշխատանքային ժամերի և աշխատավարձերի տարբերությունները, երեխայի կապվածությունը մոր և տեսակցությունները հոր հետ: Փաստաբան Կիվիրյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ դատարանը պետք է հաշվի առնի երեխայի շահը, այդ թվում՝ հոգեբանական, կրթական, զարգացան համար բարենպաստ պայմանների և այլ գործոններ, և ավելի շքեղ պայմանները չպետք է գերադասվեն այդ ամենից:

Նախագահող դատավոր Մկրտչյանն էլ, վերջում ևս շեշտելով երեխայի շահը, կողմերին մեկ անգամ էլ առաջարկեց հաշտության եզրեր գտնել:

Բողոքի քննությունն այդպիսով ավարտվեց: Հունիսի 22-ին պարզ կդառնա, թե որտեղ պետք է բնակվի 3-ամյա Արեգը՝ մոր, թե՝ հոր հետ:  


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (3)
1. Վալյա20:22 - 9 հունիսի, 2017
Միանշանակ մոր հետ պիտի ապրի...
2. Anna Arevshatyan00:08 - 12 հունիսի, 2017
Անահիտ Սարգսյան՝ Բավական է ինչքան իրականությունները խեղաթյուրեցիր: Այո, երեխայի շահերը վեր են ամեն ինչից: Հենց դրա համար էլ նա պիտի մեծանա հավասարակշռված, ազնիվ և հանդարտ ընտանիքում: Իսկ դու ի՞նչ մայր ես, որ երեխայիդ ցիրկ ես դարյձրել: Ամոթ է, ամոթ:
3. Edgar Simonyan14:14 - 17 հունիսի, 2017
Անահիտ Սարգսյանի դատապաշտպանն այդ ու՞մ է ուզում խաբել կամ մոլորեցնել: Ամբոխավարությամբ հնարավոր չէ ճշմարտությունը խեղաթյուրել:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ