HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Շիրակի նոր մարզպետը հայտարարեց, որ արտագնա աշխատանքի չի գալիս՝ տեղափոխվում է ընտանիքով

Կառավարության նիստից անմիջապես հետո տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանն ու Շիրակի մարզի նորանշանակ մարզպետ Արթուր Խաչատրյանը շտապել էին Գյումրի: Այսօր Շիրակի մարզպետարանում պաշտոնապես ներկայացվեց մարզի նոր ղեկավարը: ՀՅԴ գերագույն մարմինը Շիրակի մարզի ղեկավարումը Հովսեփ Սիմոնյանից փոխնախարար Արթուր Խաչատրյանին հանձնելու որոշումը կայացրել էր դեռեւս հունիսի 2-ին:

Նախարար Դավիթ Լոքյանը հայտարարեց, որ դժկամությամբ է բաժանվել իր բազմափորձ տեղակալից. «Արթուր Խաչատրյանի մասին ես կասեմ կարճ, մնացածը կթողնեմ, որ դուք աշխատանքի ընթացքում ավելի լավ ծանոթանաք, գնահատեք: Ես համոզված եմ, որ ծրագրերը, որոնք պետք է իրականացվեն մարզում, Խաչատրյանն ի զորու է կյանքի կոչելու՝ կառավարություն-մարզպետարան-համայնքապետեր համակարգված աշխատանքի շնորհիվ: Հանրապետության նախագահը, վարչապետը մշտապես ֆիքսում են, որ մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի Շիրակի մարզում գրանցենք լուրջ տեղաշարժ` տնտեսական տեսակետից: Համոզված եմ, որ ձեր օգնությամբ Արթուր Խաչատրյանն ամբողջությամբ կիրականացնի՝ հաշվի առնելով նաեւ նախորդների փորձը»,-նշեց Դավիթ Լոքյանը:

Հովսեփ Սիմոնյան

Նախարարը հայտարարեց, որ փոփոխությունն անձնավորված չէ, պարզապես վստահ է, որ Արթուր Խաչատրյանին Շիրակի մարզպետ նշանակելով` առավել լավ կարող են օգտագործել եվրոպական ներդրումներն ու սփյուռքի հնարավորությունները ուղղել Շիրակի մարզ: Դավիթ Լոքյանը շնորհակալություն հայտնեց նախկին մարզպետ Հովսեփ Սիմոնյանին, նշելով, որ նրա փորձն օգտագործելու են այլ ոլորտում:

«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ ընկերոջը՝ Հովսեփ Սիմոնյանին, որը, մեկ տարուց ավելի աշխատելով որպես մարզպետ, արել է ամենագլխավոր բանը՝ Շիրակի մարզում մենք տեսել ենք համերաշխությամբ, բարեկամությամբ պայմանավորված աշխատանքային մթնոլորտ»,-շեշտեց նախարարը:

Նորանշանակ մարզպետ Արթուր Խաչատրյանն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց նախկին մարզպետին՝ խոստանալով ավելին անել մարզի համար: «Ես արտագնա աշխատանքի չեմ գալիս, ես Գյումրի եմ տեղափոխվում կնոջս ու երեխաներիս հետ,-հայտարարեց Արթուր Խաչատրյանը,-փորձելու եմ ունեցածս գիտելիքները ներդնել մարզի զարգացման գործում: Վստահ եմ, որ համատեղ կկարողանանք մարզի վիճակը բարելավել, հանել նոր մակարդակի»:

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ նախարար Դավիթ Լոքյանը հայտարարեց, որ մարզպետի փոփոխությունն անձնավորված չէ: «Եթե ուզում եք ասեմ, որ Արթուրը լավն է, Հովսեփը՝ վատը, դուք նման բան չեք լսի ինձնից,-նկատեց նախարարը,-նորից եմ կրկնում, խնդիրն այստեղ անձերը չեն, Հովսեփ Սիմոնյանի որակները պետությունն օգտագործելու է այլ տեղում, դա ձեզ շուտով հայտնի կդառնա, իսկ Արթուր Խաչատրյանի տեղափոխումը Շիրակի մարզ ավելի շատ կապվում է այն տնտեսական ծրագրերի, այն ռազմավարական խնդիրների հետ, որ մենք ուզում ենք Շիրակում իրականացնել»:

«Հետք»-ի հարցին, արդյոք մարզպետների հապճեպ փոփոխությունը կապ ունի առաջիկայում մարզում սպասվող համայնքների խոշորացման հետ, տարածքային կառավարման եւ զարգացան նախարար Դավիթ Լոքյանը կտրուկ ժխտեց: «Մարզպետի փոփոխությունը դրա հետ կապ չունի, մենք ուզեցել ենք որպեսզի կուսակցությունը` որպես բեռ կրող քաղաքական ուժ, որը հանրապետական կուսակցության հետ կիսում է երկրի տնտեսության, կառավարման խնդիրները, փորձենք նոր որակներով, նոր հնարավորություներով Շիրակում աշխուժացնել տնտեսական զարգացումները»:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter