HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատաբժշկական եզրակացությունից անհետացել են դիակի լուսանկարները

2014 թ. հոկտեմբերի 29-ին Շիրակշին բանավան 227/106 տնակում Գյումրիի 25-ամյա բնակիչ Արտյոմ Ադանալյանի սպանությունից երկուսուկես տարի է անցել, սակայն սպանության գործիքը մինչ օրս հայտնաբերված չէ:

«Հետքը» անդրադարձել է այս գործին դեռևս նախաքննության փուլից: Գործով մեղադրյալ է ճանաչվել միայն մեկ անձ՝ Արթուր Մարտիրոսյանը: Նա մեղադրվում է 104 հոդվածի 1-ին մասով (սպանություն): Արտյոմ Ադանալյանի մայրը՝ տուժողի իրավահաջորդ Ռուզաննա Ադանալյանը, մի քանի տարի պնդում է, որ տղան զոհ է գնացել դեպքի նախորդ օրը ծավալված թմրանյութերի հետ կապված «ռազբորկայի» շարունակության պատճառով: Տիկին Ռուզաննան պնդում է, որ սպանությանը մասնակից է եղել մի ամբողջ խումբ՝ մոտ 10 հոգի, այնինչ նրանցից ոմանք լքել են հանրապետությունը, մյուսները գործով որպես վկա են անցնում: «Խմբակային հանցագործություն են կոծկում»,- ասում է տիկին Ռուզաննան՝ հավելելով, որ մինչ օրս պարզված չէ սպանության մոտիվը, հայտնաբերված չէ սպանության գործիքը:

Եզրակացությանը կից չկան դիակի լուսանկարները

Գործը մեկ տարուց ավելի քննվում է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աշոտ Մանուկյանի նախագահությամբ: Դատական վերջին նիստին տուժող կողմի միջնորդության հիման վրա դատարան է հրավիրվել առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործական կենտրոնի դատաբժիշկ, փորձագետ Մանվել Մելիքյանը:

«Նախապես դատական բժշկության վերաբերյալ մասնագիտական գրականություն էի ուսումնասիրել, կարդացել էի սուր կտրող-ծակող գործիքների հետքերի մասին, 26 -27 հարց էի պատրաստել», - ասաց տուժողի իրավահաջորդը՝ սպանված երիտասարդի մայրը:

Ամենակարևոր հարցն այն է, թե ինչպես են եզրակացությանը կից դիակի լուսանկարներն անհետացել, կամ արդյոք առհասարակ արվել է լուսանկարների հավելված, թե ոչ: Ավելին, ըստ քրեական դատավարության օրենսգրքի, պետք է կազմվի նաև համապատասխան սխեմա՝ վնասվածքների տեղակայումներով, որը նույնպես բացակայում է դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունից:

Սանիտարը, ով սիրողական բնույթի դիակներ է լուսանկարում

Ըստ տիկին Ռուզաննայի՝ դատաբժիշկ Մելիքյանը լուսանկարների մասով տվել է հակասական պատասխաններ: Նախ ասել է, որ ունեն սանիտար, որը սովորաբար սիրողական բնույթի, «հավեսի խաթեր» լուսանկարում է, բայց այդ օրը չի ստացվել, որ վերջինը գա: Հետո ասել է, որ Արտյոմ Ադանալյանի դին, վնասվածքները լուսանկարվել են, բայց վատորակ լինելու պատճառով չեն կցվել եզրակացությանը:  

«Ցույց տվեցի մասնագիտական գրականությունից, որ եզրակացության մեջ պիտի լինի վնասվածքների տեղակայման սխեմա, ասաց, որ կարող է հիմա անել: Զարմացա, ասացի` ո՞նց, հիմա՞ պիտի նկարեք»,- «Հետք»-ին ասաց Ռուզաննա Ադանալյանը:

Դատաբժիշկը վրիպել է

Դատաբժշկական եզրակացությամբ չի տրվել պատասխան, թե հարվածները միևնույն գործիքով են հասցվել, թե եղել են տարբեր սուր, կտրող-ծակող գործիքներ, թեպետ այդ մասին հարցադրում եղել է քննիչ Հրաչ Առաքելյանի կողմից` ուղղված փորձագետին: «Ասաց` վրիպել եմ, ես էլ կարող եմ ասել, որ ուրեմն ամբողջ եզրակացությանը վրիպակ է, քանի որ նման էական հարցի պատասխան մենք չունենք», - ընդգծում է տիկին Ռուզաննան:

Դատաբժշկի հարցաքննության ժամանակ պարզվել է, որ գոյություն ունեն փորձագիտական այլ ուսումնասիրության ակտեր ևս, որոնցից օգտվելիս է եղել դատաբժիշկը, որոնք սակայն 2,6 տարի չեն ներկայացվել տուժող կողմին: Այնտեղ հստակ գրված է, որ վնասվածքներից մեկի անկյունը սուր է, մյուսը՝ բութ, իսկ դատաբժշկական եզրակացության մեջ միայն սուր անկույններ են նշված: «Այսինքն` ունենք երկու իրար հակասող գիտական եզրակացություն, որոնցից մեկին ես առհասարակ ծանոթ չեմ եղել: Միայն դատարանում հարցը բարձրացնելուց հետո այդ ակտերը պատճենահանվեցին ու տրվեցին մեզ», - ասաց սպանված Արտյոմ Ադանալյանի մայրը:  

Դատաբժշկական թիվ 308 եզրակացության մեջ խախտում հայտնաբերեցինք նաև մենք` քննիչ Հրաչ Առաքելյանի որոշումը` դիակի դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին, մի տեղ արձանագրված է, թե կազմվել է 2014թ-ի հոկտեմբերի 30-ին, այսինքն` մահվան հաջորդ օրը, մեկ այլ տեղում` մահվանից 38 օր անց` 2014թ-ի դեկտեմբերի 7-ին, իսկ դատաբժշկական գիտագործական կենտրոնում այդ որոշումը ստացել են 2014թ-ի դեկտեմբերի 8-ին:

«Հետքը» պարզաբանում ստացավ նաև պաշտպանական կողմից` ամբաստանյալ Արթուր Մարտիրոսյանի պաշտպան Արամայիս Հայրապետյանից: Նա ասաց, որ իրենք ևս գտնում են, որ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը թերի է, էական բացերով, դատավարական կարգը խախտված է, չկան դիակի, վնասվածքների լուսանկարները, չկա սխեման: Ըստ պաշտպան Հայրապետյանի՝ այդ ամենը չփարատված կասկածներ են, որոնք պետք է մեկնաբանվեն հօգուտ մեղադրյալի: Բացի այդ, պաշտպանը նշեց, որ որևէ ուղղակի ապացույց չկա, որ Արթուր Մարտիրոսյանը հարվածել է Արտյոմ Ադանալյանին, փոխարենը կան անուղղակի ապացույցներ` երկու վկայի կողմից: Ինքը` ամբաստանյալ Արթուր Մարտիրոսյանը դատարանում ցուցմունք է տվել, որ եղել է վիճաբանություն, ինքը ևս տուժել է, գլխին հարվածներ է ստացել, չի հիշում, որ որևէ մեկին հարվածած լինի: 

Ուշագրավն, ըստ պաշտպան Հայրապետյանի այն է, որ սպանության գործով նախաքննության փուլում չի արվել հոգեբանական փորձաքննություն: Պաշտպանի այդ միջնորդությունը մերժվել է քննիչի կողմից: Նույն միջնորդությունը պաշտպանական կողմը անելու է նաև դատարանում:

Տուժողի իրավահաջորդ Ռուզաննա Ադանալյանը ևս մեկ հարցի անդրադարձավ․ դատական նիստերի արձանագրությունների ձայնագրություններից պակասում են որոշակի պահեր: Նա ասաց, որ դրանք դատարանից խնդրում ու ստանում է, քանի որ ցանկանում է հանգիստ մթնոլորտում լսել դատարանում կատարվածը ևս մեկ անգամ: «Օրինակ` եղել են պահեր, երբ վկաները դատավորին ասել են՝ հոպար ջան, վռազ ենք, թող էրթանք, դատախազին ասել են՝ ապ ջան, չիդեմ, օր գիտենամ, կպատասխանեմ: Նման արտահայտությունները չկան ձայնագրություններում»,- ասում է տուժողի իրավահաջորդը, ով պատրաստվում է դիմել Դատական դեպարտամենտ և Արդարադատության խորհուրդ:

Տուժողի իրավահաջորդը մեր զրույցի ավարտին, ինչպես և ամեն անգամ, շեշտեց. «Ես պահանջում եմ արդար դատ, իմ նպատակը արդար դատաքննությունն է»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter