HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկնարկել է «ԴիջիԹեք»-ը

Երևանում այսօր մեկնարկել է 10-րդ հոբելյանական «ԴիջիԹեք» գործարար համաժողովը: Այս մասին տեղեկացնում է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը։ Միջոցառման մեկնարկին նախարար Վահան Մարտիրոսյանն ընթերցել է վարչապետ Կարեն Կարապետյանի ողջույնի խոսքը:

«Չափազանց մեծ է «ԴիջիԹեք» գործարար համաժողովի դերը, որը 2008-ից ի վեր հիանալի հարթակ է ՏՏ ընկերությունների համար՝ մասնակցելու Հայաստանի տնտեսության զարգացմանը: Այս տարի ևս ակնկալվում է այստեղ գտնել «Խելացի լուծումներ՝ խելացի բիզնեսի համար»»,- ասված էր ողջույնի խոսքում:

Նախարարը մասնակցել է «Դիջիթեք» գործարար համաժողովի աշխատանքներին։ Վարչապետը կարևորել է նաև ՏՏ համաշխարհային համաժողովի անցկացումը Հայաստանում: «Սա մեծ հաջողություն է Հայաստանի համար՝ երկրի տեխնոլոգիական ապրանքանիշի առաջխաղացման և աշխարհի տեխնոլոգիական քարտեզի վրա դիրքավորելու առումով», - նշել է վարչապետը:

Ողջունելով հյուրերին ու համաժողովի մասնակիցներին՝ նախարար Վահան Մարտիրոսյանը հույս է հայտնեց, որ արդյունավետ քննարկումներ կանցկացվեն օրակարգային բոլոր թեմաների շուրջ:

Համաժողովին մասնակցել են նաև օրերս Հայաստան ժամանած Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի նախագահ Իվոն Չիուն, ով ևս հանդես է եկել ողջույնի խոսքով:

«Խելացի լուծումներ՝ խելացի բիզնեսի համար». «ԴիջիԹեքի» այս տարվա խորագիրն է, որը ենթադրում է երկօրյա շփումներ B2B ֆորմատով` ՏՀՏ և տնտեսության մյուս ոլորտների ընկերությունների միջև:

Հիմնական ուղղությունը Երևանում ՏՏ համաշխարհային համաժողով 2019-ի (WCIT) քննարկումն էր: Հայտարարվել է wcit2019.org կայքի գործարկումը, ցուցադրվել «WCIT 2019»-ի հոլովակը: Մասնակիցներին ներկայացվել են նաև համաժողովում Հայաստանի բրենդի հայեցակարգը, որի հիմնական ուղերձը հետևյալն է. աշխարհում չկան կենտրոններ ու ծայրամասեր, կարևորն այն է, թե որ դիտանկյունից ես նայում: Այդ համատեքստում, որպես համաժողովի խորագիր, ընտրվել է «Վերաիմաստավորել կենտրոնը» (Rethinking the center) կարգախոսը:

Համաժողովի աշխատանքները կշարունակվեն նաև վաղը` ընդգրկելով մի շարք թեմաներ, ինչպիսիք են՝ «ՏՏ ներդրումային համակարգ», «Վերականգնվող էներգիա և բնապահպանություն», «Տեղեկատվական անվտանգություն. մարտահրավերներ և լուծումներ», «Պետական գնումներ. խնդիրներ և լուծումներ», «Մարդկային ռեսուրսներ. ընդհանուր համակարգի հնարավորություններ», «ՏՏ և զբոսաշրջություն»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter