HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Խռովություն օպերային թատրոնում. Ավազե հիմքով տունը չի դիմանում

Երեկ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային  ակադեմիական թատրոնում պետք է տեղի ունենար Խաչատրյանի «Գայանե» բալետի ներկայացումը, սակայն փոխարենը սկանդալ է գրանցվել: Օպերային թատրոնի նվագախմբի երաժիշտները հրաժարվել են բեմ դուրս գալուց: Ներկայացումը տեղի չի ունեցել, ավելի քան 1100 վաճառված տոմսերի գումարները թատրոնը վերադարձրել է:

Թատրոնում հավատում են մանկական չարաճճիություններին

Երաժիշտներն այսօր օպերային թատրոնի ղեկավարությանը բացատրագիր են ներկայացրել ներկայացումը ձախողելու վերաբերյալ, սակայն դրանց մանրամասներն առայժմ չեն հրապարակվում: Ինչպես «Հետք»-ի հետ զրույցում երեկոյան ժամը 17-ի սահմաններում ասաց մշակույթի նախարարի մամլո խոսնակ Ռուզաննա Խաչատրյանը, երաժիշտները դեռ շարունակում են բացատրագիր ներկայացնել: 

Փոխարենն ասուլիսով հանդես եկավ թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի տեղակալ Կարինե Կիրակոսյանը: Լրագրողների ակնկալիքները՝ ստանալ համապարփակ տեղեկատվություն տեղի ունեցածի վերաբերյալ՝ չարդարացան:

Կարինե Կիրակոսյանն ընդամենն ասաց, որ առավոտյան թատրոնում տեղի է ունեցել ընդհանուր ժողով, որին մասնակցել է նաեւ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ու շատ խիստ որակումներով հանդես եկել: Խռովարարները շատ խիստ կպատժվեն՝ սա է եղել ժողովի պատգամը, որը նաեւ ասուլիսի միակ պատգամն էր:

Մշակույթի նախարարության պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ նախարար Ամիրյանը ժողովի ժամանակ երաժիշտներին կոչ է արել համախմբվել գեղարվեստական ղեկավար եւ տնօրենի պաշտոնակատար Կոնստանտին Օրբելյանի շուրջ:

Կոնստանտին Օրբելյանը, պարզվում է, երեկվա ներկայացմանն իր անձնական միջոցներով արտասահմանյան երկրներից արվեստի գործակալների էր հրավիրել, որոնց հետ թատրոնի հյուրախաղերի ծրագրերի շուրջ էր բանակցելու՝ բեմադրությունը դիտելուց հետո: 

«Մեկի անձնական հարցը ստորադասվեց բոլորիս՝ աշխարհում մեր արվեստը ցույց տալու հարցին։ Եթե դուք դա նորմալ եք համարում, ուրեմն ես բան չեմ հասկանում այդ մտածելակերպից։ Ես ափսոսում եմ, որ այդպիսի հնարավորություն կորցրիք»,-ժողովում ասել է Օրբելյանը։ 

«Խնդիրները ներկայացրե′ք տնօրենությանը՝ ստեղծագործականից մինչև աշխատանքային ու կենցաղային, միասնաբար կփորձենք առողջացնել մթնոլորտն ու համակարգը թատրոնում։ Ամենաբա′րդ խնդիրները բարձրացրեք, բայց ոչ մի դեպքում չի կարելի տապալել ներկայացումը»,-ասել է մշակույթի նախարարը։

Ժողովում այդպես էլ որևէ մեկը նախարարին բարձրաձայն չի խոստովանել, թե որտեղ կամ ում գլխում է ծագել «Գայանե» բալետի ներկայացումը տապալելու գաղափարը։ Ըստ նախարարության մամլո ծառայության՝ բալետային խմբի անդամները պնդել են, որ իրենք կազմ ու պատրաստ սպասել են երրորդ զանգին։ 

«Արտիստը ինչ խնդիրներ էլ ունենա, չպետք է հանդիսատեսի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորի: Եվ մեր ժողովի ընթացքում հնչեց այն միտքը, որ անպայման մեղավորները կպատժվեն: Հիմա բոլորը բացատրագիր են գրել, թե ինչու երեկ չեն ներկայացել աշխատանքի, չեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները»,-ասուլիսում հայտարարեց Կարինե Կիրակոսյանը, լրագրողներին տեղեկացնելով, որ խռովարարների թիվը 80-90 է:

 

Ըստ Կարինե Կիրակոսյանի, օպերային թատրոնն ունի 583 աշխատակից՝ եւ վարչական մասում, եւ գեղարվեստական, եւ սպասարկող անձնակազմում: Վարչական մասից 10 աշխատակից կրճատվել է, եւ, բանախոսի խոսքով, ինչպես նաեւ Մշակույթի նախարարությունում պտտվող վարկածի համաձայն՝ այս խռվությունն ազատված աշխատակիցների ձեռքի գործն է:

Շան գլուխն ավելի խորն են թաղում

80-90 երաժիշտ բոյկոտում է աշխատանքը, հրաժարվում նվագել նման կարեւոր ներկայացմանը, եւ, փաստորեն, օպերային թատրոնի ղեկավարությունը չի կարողանում հասկանալ, թե իրականում ինչ խնդիր կա: Եվ թատրոնի փոխտնօրենն ասուլիս է հրավիրում առանց լուրջ ասելիքի: Դատելով Կարինե Կիրակոսյանի խոսքերից, լրագրողների հարցերին ներկայացված պատասխաններից` օպերային թատրոնի ղեկավարությունը կամ անտեղյակ է եւ անկարող կառավարել ու վերահսկել իրավիճակը, կամ թաքցնում է խնդիրը: Երկուսն էլ վատ են: Մեկը մյուսից վատ: 

Երկու օր առաջ թատրոնի տնօրենի արդեն նախկին տեղակալ Նարեկ Անտոնյանը խոսել է Araratnews.am կայքի հետ եւ բավականին տեղեկատվություն ներկայացրել: Կրճատված աշխատակիցները դիմել են Կոնստանտին Օրբելյանին, պահանջել մեկնաբանել իր որոշումը, մաեստրոն ասել է, որ դա «վերեւների» որոշում է:

Թատրոնի ղեկավարությունը երաժիշտների սաբոտաժին տալիս է շատ պարզունակ մեկնաբանություն՝ ազատված աշխատակիցը դավեր է հյուսում, երաժիշտներին լարում իրենց դեմ, տապալում շատ կարեւոր ներկայացումներ:

Կներեք, այդպես կարող է լինել սովորական դարբնոցում, որտեղ աշխատում է 4 դարբին եւ երեք աշակերտ, կամ հարեմում: Պարզունակ կլինի մտածել, թե մեկ մարդը առանց որեւէ լուրջ հիմքերի կարող է 80-90 մարդու հեղափոխել, այն էլ՝ երաժիշտների, այն էլ՝ օպերային թատրոնի նման լուրջ կառույցում, այն էլ՝ անչափ կարեւոր ներկայացումից առաջ: 

Երաժիշտների բոյկոտի վերաբերյալ՝ այսօր Արմեն Ամիրյանն ասել է. «Դա պարզապես սաբոտաժ էր եւ ապացուցեց, որ, իրոք, անհրաժեշտություն են վարչական կառուցվածքային այն փոփոխությունները, որոնք որոշել է իրականացնել մաեստրո Օրբելյանը, եւ որոնց մենք հավանություն ենք տվել։ Միայն դրանք իրականացնելով` մենք կունենանք մեր երազած նոր թատրոնը»։

Ասուլիսի ընթացքում Կարինե Կիրակոսյանն ի պատասխան «Հետք»-ի հարցի՝ ասաց, որ թատրոնի հինգ տեղակալներից երեքն ազատվել են աշխատանքից, բայց, փոխարենը երեք այլ անձինք են ընդունվել նույն պաշտոններում:

Կարինե Կիրակոսյանը օպերային թատրոնի փոխտնօրենն է կառավարման գծով: Նախկինում նա զբաղեցրել է կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչության պետի, այնուհետեւ՝ «Անելիք» բանկի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը: 

Օպերային թատրոնում նրա կառավարման արդյունքը երեկվա խռովությունն է: «Հետք»-ի հարցին՝ երաժիշտների բոյկոտի հիմքում մաեստրո Օրբելյանի կամ ձեր կողմից ինչ-որ բացթողումներ տեսնու՞մ եք` Կիրակոսյանը պատասխանեց. «Oպերային թատրոնում իրականացվող կառուցվածքային փոփոխությունները միայն մի նպատակ ունեն՝ առողջացնել թատրոնը, դարձնել աշխարհին ընկալելի, աշխարհի մշակութային կյանքի ակտիվ մասնակիցը: Բոլոր փոփոխությունները՝ թե կադրային, թե կառուցվածքային, ցավոտ են նաեւ որոշ մարդկանց համար, ովքեր իրենց խնդիրները փաթաթում են ամբողջ կոլեկտիվի վզին»: 

Թատրոնի արտիստներից երկուսի հետ զրուցեցինք: Առանց հրապարակելու անունները, մեջբերում ենք ամենակարեւորը, որ նրանք նշեցին թատրոնում եղած իրավիճակի մասին: 

Մաեստրո Կոնստանտին Օրբելյանն ընդունելի մարդ է թատրոնում, սակայն՝ անտեղյակ արտիստների խնդիրներին, անձնակազմի հարաբերություններին, ներքին շատ հարցերի: Նա, այսպես ասած, տիպիկ երաժիշտ է, որի համար անչափ կարեւոր է թատրոնի ստեղծագործական աճը, հաջողությունները: Բայց խնդիրներին տեղյակ չէ: Վարչական ու կազմակերպչական հարցերը Կարինե Կիրակոսյանի ուսերին են:  

«Թատրոնի դիմահարդարման սենյակներում արտիստները ներկայացումներին պատրաստվում են իրար գլխի լցված՝ հագուստները հանում գցում են դաշնամուրին, որովհետեւ պայմաններ չկան: Եվ թատրոնի ղեկավարությունը տեղյակ չէ սրան:

Ներքին շատ խնդիրներ կան, որ անձնակազմին իսկապես հուզում են, սակայն մաեստրոն «օդերում» է՝ երաժշտական հարցերով, տեղակալների կառավարումն էլ չի կարելի արդյունավետ համարել»,-ասաց երաժիշտներից մեկը: 

Օպերային թատրոնում ասես անեծք կա՝ մնացած դեռ նախորդ նախարար Հասմիկ Պողոսյանի պաշտոնավարումից: Ոչ հեռավոր անցյալում նվագախմբի գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանն ազատվեց պաշտոնից եւ արցունքն աչքերին հեռացավ Հայաստանից: 

Երբ պետք է նշանակվեր Կոնստանտին Օրբելյանը, շատ համառ խոսակցություններ էին պտտվում, որ նրա նշանակումն ի հեճուկս Հասմիկ Պապյանի եւ Բարսեղ Թումանյանի նշանակումների է, քանի որ նրանք համարվում էին թատրոնի գեղարվեստական ղեկավարի եւ տնօրենի պաշտոնի թեկնածուներ:

Անդրանիկ Արզումանյանը՝ թատրոնի արդեն նախկին տնօրենը, ստիպված եղավ համաձայնել նախարարի խորհրդականի պաշտոնին` իր տեղը զիջելով Կոնստանտին Օրբելյանին: Այսօր արդեն, Մշակույթի նախարարության կայքում Անդրանիկ Արզումանյանի անունը բացակայում է նաեւ Արմեն Ամիրյանի խորհրդականների ցանկից:                                       

Թատրոնում լուրջ խնդիր կա, եւ նվագախմբի բոյկոտն ընդամենը դրա նշաններից է: Եթե նախարարությունը բարեփոխումներ չիրականացնի ադմինիստրատիվ կազմում, ապա խնդիրները հաջորդելու են միմյանց: Սարսափի, տուգանքի ուժով որեւէ մեկին չես ենթարկեցնի:

  

Եթե իրոք երաժիշտները հետեւում են արդեն նախկին փոխտնօրեն Նարեկ Անտոնյանի՝ աշխատանքը բոյկոտելու կոչերին, ապա մշակույթի նախարարին սա պետք է անհանգստացնի: Նշանակում է՝ գործող ղեկավարների հեղինակությունն ավելի ցածր է կոլեկտիվում:

Կառավարությունում պետք է ընտրություն կատարեն՝ կա՛մ սեփական կադրերը, կա՛մ օպերային թատրոնը: Խոսքը շենքի մասին չէ, այլ՝ նվագախմբի եւ մյուս ըմբոստների, ովքեր, անկախ նախագահի, վարչապետի, մշակույթի նախարարի ով լինելուց, երկար տարիներ ներկայացրել են օպերային թատրոնը:

Լուսանկարները՝ հեղինակի

Մեկնաբանություններ (7)

Հայկ
Փոխտնօրենի ազատումը նվագախմբի հետ կապ ունի այնքանով,որ այդ փոխտնօրեն Հրաչ Գրիգորյանի որդին,կինը և իրենց գերդաստանի միյուս ներկայացուցիչները աշխատում են օպերային թատրոնի նվագախմբում և իրենց սիրելի հարազատի ազատման վրեժը լուծում են կազմակերպելով այս ցածրորակ բոյկոտը:Իսկ նվագախմբի միյուս անդամները աշխատելով վախի մթնոլորտում անում են այն ինչ իրենց հրամայում է այս կլանը և բնականաբար նվագախմբի կոնցերտմայստերը:Որովհետև վայ նրանց ովքեր չեն ենթարկվի նվագախմբի կոնցերտմայստերի տրված «հրամաններին»:Իսկ նվագախմբի տնօրեն կոչվածի մասին խոսելն ուղղակի ավելորդ է,քանի որ նա էլ մի խամաճիկ է այս գործող անձանց ձեռքում:
Սիրանուշ
Իսկ եթե Հասմիկ Պողոսյանի ձեռքի գործն է՞: Քանի տարի ուզում ա Օպերայի տնօրեն դառնա ու էս շոուն հատուկ սարքած ա՞, որ ցույց տան թե Օրբելյանը չի կարում ադմինիստրատիվ հարցեր լուծի, մնա գեղ. ղեկավար, Հասմիկն էլ՝ տնօրեն
Անուշ
Եթե երաժիշտները իրենց հիմնական բան ու գործը թողած հետևում են արդեն նախկին փոխտնօրենների Նարեկ Անտոնյանի,Հրաչ Գրիգորյանի կամ Սուրեն Աղաբաբյանի աշխատանքը բոյկոտելու կոչերին, ապա ողբամ զքեզ,օպերային թատրոն:Պատկերացնում եք Եվրոպական որևիցէ մի օպերային թատրոնում այսպիսի իրավիճակ:Էս ուր հասանք,ամոթ...
Ավետիս
Երբ օպերային թատրոնի նվագախումբը կունենա այնպիսի մի կոնցերտմայստերը ով իրեն պատասխանատու կզգա ներկայացման որակի համար,կլծվի նվագախմբում որակյալ երաժիշտների քանակի ավլացման գործնթացին և ընդհանրապես իր ներսում կկրի ստեղծագործ մարդուն վայել արժեքներ,այդ ժամանակ էլ այս հիմար ու մանր ռազբորկաների վերջը կդրվի թատրոնում:Այ էդտեղ է թաղված շան գլուխը,քանզի երկար տարիներ է ինչ օպերային թատրոնի նվագախումբը բաժանվել է մի քանի խմբավորումների՝ կոնցերտմայստեր Գայանե Աբրահամյանի,հայր և որդի Գրիգորյանների,նվագախմբի տնօրենի հաստիքը սեփականաշնորհած և իրար ժառանգաբար փոխանցած հայր և որդի Սիմոնյանների և այլոց անմիջական գլխավորությամբ:Իսկ նվագախմբի երաժիշտն էլ իր աշխատանքը չկորցնելու համար ստիպված հարում է այդ խմբավորումենրից մեկին և անխոս կատարում այն ինչ իրեն թելադրում են: Այ երբ այդ հստիքներում կնշանակվեն կարգին,բանիմաց, իրենց գործին նվիրված մարդիկ էտ ժամանակ էլ մեր օպերային թատրոնում կտիրի ազգային ակադեմիական օպերային թատրոնին հարիր մթնոլորտ :Ցավոք այս իրավիճակը արդարության համար մղվող պայքար չի այլ մի քանի մարդու շահի համար տարվող կենաց մահու պայքար,որի արդյունքում այս էլ որերրոդ անգամ տուժում է մեր երկրի վարկանիշը միջազգային հանրության առջև:
Վարդգես
Նվագախմբում առանց կոնցերտմայստերի գիտության ոչինչ չի կատարվում:Հստակ և նախօրոք պլանավորած գործողություն է կատարվել նաև իր անմիջական գլխավորությամբ:Թատրոնի նվագախմբում ձևական բնույթ է կրում նաև տնօրենի պաշտոնակատարը ով, ի պաշտոնե պիտի հասկանար այս արարքի խուլիգանական ու անթույլատրելի լինելը և կանխեր այդ անթույլատրելի իրավիճակը:Այս ամենի բաց թողման ու բացակայության արդյունքում ևս մեկ անգամ տուժեց հանդիսատեսը և մեր երկրի հեղինակությունը:Ցավալի է...
Մարինե
Երբ լակոտին նշանակում են նվագախմբի տնօրեն նման խայտառակությունն արդեն անխուսափելի է դառնում:Ընդհանրապես երբ օպերային թատրոնում կվերանա ժառանգականությամբ պաշտոն փոխանցելը,ինչպես դա եղավ նվագախմբի տնօրենի դեպքում,ճիշտ կադրեր կնշանակվեն պատասխանատու դիրքերում այ այդ ժամանակ նման իրավիճակում չենք հայտնվի:
Սոնա
Ոչ մեկի համար գաղտնիք չէ,որ նվագախմբում տիրում է թայֆայական մթնոլորտ: Թայֆայի պարագլուխն է կոնցերտմայստեր Գայանե Աբրահամյանը ում խոսքին անվերապահորեն հետևում են նվագախմբի բոլոր երաժիշտները:Այդ թայֆայի ցայտուն ներկայացուցիչներն են Հրաչ Գրիգորյանը և իր մեծամիտ որդի Շմավոն Գրիգորյանը:Նրանք օպերային թատրոնը վերածել են իրենց դյուքյանի ինչ կուզեմ կանեմ և ոնց կուզեմ կանեմ:Ահա սա էլ արդյունքը...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter