HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

21 տարի շարունակ իմ սնունդը ապահովել է ընտանիքս

Մհեր Ենոքյան

«Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Վոլոդյա Ավետիսյանի հարցազրույցը կարդացի. և՛ ոգևորվեցի նրա համարձակությամբ, և՛ զայրացա իրավիճակից, որը ներսից եմ տեսնում: Վոլոդյան, որպես ականատես, բարձրաձայնեց` Հայաստանում բանտարկյալները զրկված են օրենքով նախատեսված, պետական բյուջեի հաշվին գնվող անհրաժեշտ սննդից, որ սննդի հարցը լուծում են բանտարկյալների հարազատները:

Տեղեկացա նաև, որ «Հետքը» լրագրողական հետաքննություն է անցկացրել հայաստանյան բանտերում և գաղութներում անազատության մեջ գտնվող մարդկանց օրենքով սահմանված տրամադրվող-չտրամադրվող սննդի վերաբերյալ: Որպես «Հետքի» բանտային թղթակից՝ չեմ կարող անմասն մնալ այս խնդրին: Հետևաբար սեփական օրինակիս վրա`ձեզ եմ ներկայացնում փաստեր, որոնք հաստատել են հենց մեկուսարանի համապատասխան պաշտոնյաները: Օրինակ՝ 2015-ին ընտանիքս ինձ բերել է 675 կգ հանձնուք, այսինքն՝ ամսական շուրջ 50 կգ սնունդ:

Ավելին, որպեսզի ամեն բան փաստացի լինի, ես ստանում եմ ինձ փոխանցվող սննդամթերքի ցուցակի օրինակները:

Ես դատապարտյալ եմ, ով 21 տարի գտնվում է «Նուբարաշեն» բանտում և ականատես է, թե ինչ է կատարվում իրականում: 21 տարի շարունակ իմ սնունդը ապահովել է իմ ընտանիքը, քանի որ մեկուսարանի կողմից երբեք չի տրամադրվել օրենքով սահմանված նույնիսկ նվազագույն, անհրաժեշտ սննդամթերքը: Հացը մշտապես եղել և մնում է անորակ: Այս փաստն այսօր արդեն ապացուցվեց «Հետքի» շնորհիվ անցկացված համապատասխան փորձաքննությամբ: Կառավարության որոշմամբ, ամեն օր միրգ պետք է տան: Հայտարարում եմ, որ 21 տարիների ընթացքում «Նուբարաշեն» ՔԿՀ-ում միրգ ինձ տրամադրել են առավելագույնը 10 անգամ`մի քանի խնձոր: Տարիներով օրենքով նախատեսված օրական 25 գրամ պանիրը չի տրամադրվում: Վերջերս միայն մի 2-3 օր բաժանում են, երբ բողոքներ են լինում, բայց հետո նորից ամիսներով պանրի երես չենք տեսնում:

Վերջին շրջանում որոշեցին հսկիչների մոտ՝ պատին, փակցնել ինչ-որ ցուցակ, թե, իբր, ցուցակում նշվածը բաժանում են ԱՄԵՆ ՕՐ: Սա արվեց, որ մեկուսարան այցելած ստուգողները տեսնեն այդ ցուցակը, մտածեն՝ այդպես էլ կա: Կարդացի ցուցակը և անմիջապես դիմում գրեցի պետին՝ ցուցակում նշված է՝ իբր ամեն օր պանիր են բաժանում (չկա նման բան`չեն բաժանում), նշված է՝ ամեն օր խտացրած կաթ են բաժանում (չկա նման բան`չեն բաժանում), նշված է՝ ամեն օր ձուկ են բաժանում (սուտ է`չեն բաժանում):

Հենց հաջորդ օրը նոր ցուցակ հայտնվեց հսկիչի պատին, որտեղ նշված սննդամթերքներն արդեն բացակայում էին:

Վերջերս թեժ գծով զանգահարեցի ՀՀ ԱՆ վարչություն, ասացի, որ իրականում չի տրամադրվում օրենքով նախատեսված սննդամթերքը, հատկապես շեշտեցի, որ ձուկ առհասարակ չեն բաժանում, նաև արդեն 3 տարի է առհասարակ շաքարավազ չի տրամադրվում: Պատկերացնո՞ւմ եք, թե քանի տոննա շաքարավազ է գնվում պետական բյուջեի գումարներով և հօդս ցնդում: Թեժ գիծ զանգահարելուց հետո, հենց հաջորդ օրը, ճաշ բաժանողն առաջարկում է ինչ-որ անորակ թեյ, ասելով՝ մեջը շաքարավազ կա:

Բանտարկյալները խուսափում են բարձրաձայնել այս անօրինությունների մասին, իսկ մեր հարազատներն՝ իրենց նեղություն տալով, տասնյակ տարիներ սնունդ են բերում՝ պահպանելով մեր առողջությունը, այլապես թոքախտի ու տարբեր հիվանդությունների համար այստեղ նպաստավոր պայմաններ կան: Բնականաբար, եթե չլիներ հարազատներից ստացած սնունդը,  մահացությունը բանտերում կմնար բարձր տոկոսների վրա: Իսկ պետական բյուջեից դուրս գրվող գումարները շարունակվում են նպատակին չծառայել՝ Հայաստանում բանտարկյալների չնվազող թվաքանակի հաշվին: Ստացվում է, որ քաղաքացիների գրպանից կազմավորվող բյուջեն տարբեր եղանակներով փոշիանում է:

Սակայն արդարության, օբյեկտիվության համար պետք է ասեմ նաև, որ 2004-ին, շուրջ 9 ամիս գտնվելով «Գորիս» ՔԿՀ-ում, տեսել եմ լրիվ այլ բան: Այնտեղ, Կառավարության որոշման համաձայն, մշտապես տրամադրում էին գրեթե բոլոր սննդամթերքները, ավելին`ճաշը պատրաստում էր մի կին և բավական համեղ, ամեն օր միս էին տալիս առանձին, ոչ ճաշի մեջ, իսկ հացը որակով էր`թխում էին հենց մեկուսարանի տարածքում գտնվող հացի փռում:

Մեկնաբանություններ (2)

Մարտիկ
Խայտառակություն, դեռ ինչեր են ջրի երես դուս գալու
Լրջագույն առաջարկ!
Եթե ուտելիքն իրենց հաշվին է փաստացի, ուրեմն թող տեղի ու քնելու հոգսերն էլ իրենց վրա դնեն ու պրծնեն: Այսինքն տնային կալանք կիրառեն ու բանտերը բոլորովին թեթեւացնեն: Հսկելը չափազանց դյուրին է հիմա՝ թեւին կամ ոտին մի ,,բռոսլետ,, են դնում ու կոմպյուտերին կապում: Թե կոռուպցիոն ռիսկերն են վերացվում եւ թե բյուջեի բեռն է ահագին պակասում: Խիստ հնարավոր է որ ահագին գրանտներ էլ գան! (Գեւորգ)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter