HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

19-ամյա դատապարտյալը 16 օր առաջ գդալ է կուլ տվել

«Հետքը» ահազանգ է ստացել «Արմավիր» ՔԿՀ-ում պատիժը կրող դատապարտյալ, 19-ամյա Արթուր Մելիքյանից: Նա նշեց, որ ցավեր ունի, 16 օր առաջ օտար իր է կուլ տվել, բժշկի կարիք ունի, իսկ իրեն չեն տեղափոխում հիվանդանոց: Ասաց, որ ցանկանում է այլ քրեակատարողական հիմնարկ տեղափոխվել:

Մենք անդրադարձել ենք Արթուր Մելիքյանի դատապարտմանը: Երիտասարդը 17 տարեկանից բանտում է: Սկզբում պատիժ է կրել «Աբովյան» ՔԿՀ-ում, ապա «Նուբարաշենում», «Հրազդանում», «Կոշում», այժմ էլ՝ «Արմավիրում»: Չափահաս է դարձել ազատազրկման վայրում: Այժմ 19 տարեկան է:

Արթուրն անազատության մեջ է հայտնվել հափշտակության համար: 2014-ին Կենտրոն և Նորք -Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտվել է ազատազրկման 3 տարի 11 ամիս 25 օր ժամկետով` առանց գույքի բռնագրավման, նաև նշանակվել է 500.000 դրամ տուգանք։ Արթուրն ասում է՝ հանցանք է արել, ուրեմն պիտի պատասխանատվություն կրի դրա համար: «Բայց ինձ կարող էին ներկայացնել պայմանական վաղաժամկետ ազատման: Չէ՞ որ օրենքով ինձ հասնում ա»,-«Հետքին» ասաց Արթուր Մելիքյանը:

Նա 6 ամիս առաջ՝ 2016-ի Ամանորի նախաշեմին, արդեն կարող էր մոտալուտ ազատման մասին լուր ստանալ. դեկտեմբերի 30-ին «Կոշ» ՔԿՀ-ում նշանակված էր վարչական հանձնաժողովի նիստ: Ի թիվս այլ դատապարտյալների՝ լսվելու էր նաև Արթուր Մելիքյանի պայմանական վաղաժամկետ ազատման հարցը: Սակայն 19-ամյա Արթուրին վարչական հանձնաժողովը մերժել էր ներկայացնել պայմանական ազատման: Այս մասին մեզ հայտնեց ինքը՝ դատապարտյալը՝ նշելով, որ հանձնաժողովը մերժման հիմքում դրել է իր ինքնավնասման հակումը, տույժերն ու չմարված տուգանքը:

ՔԿՎ հանրային կապերի բաժնից մեզ տեղեկացրեցին, որ Արթուր Մելիքյանը օտար իր կուլ տալուց հետո զննվել է «Վաղարշապատ» ԲԿ-ում, այնուհետև երեկ սոնոգրաֆիա է արվել. «Վիճակը վերահսկելի է, նա գտնվում է բժշկական հսկողության տակ, եթե լինի անհրաժեշտություն, Արթուր Մելիքյանը կտեղափոխվի հիվանդանոց»,-«Հետքին» պարզաբանեցին ՔԿ ծառայության հանրային կապերի բաժնից:  

Լրացված, 14:30 

Հրապարակումից հետո մեզ զանգահարեց Արթուրի մայրը՝ Նաիրա Մելիքյանը, ով ընդամենը երեկ է տեղեկացել որդու վիճակի մասին: Ասաց, որ, իր տեղեկություններով, Արթուրը ծանր վիճակում է, որովայնը փքվել է: «Եթե քայլեր չձեռնարկեն, մինչև երկուշաբթի ուշ կլինի»,-ասաց Նաիրան՝ ՄԻՊ գրասենյակի ուշադրությունը հրավիրելով որդու վիճակի վրա: 

Լրացված, 17:45

Քիչ առաջ կրկին հեռախոսազանգ ստացանք Արթուր Մելիքյանից, ով տեղեկացրեց, որ մայիսի 24-ին կուլ է տվել 1 հատ 13 սմ-անոց, 2 հատ՝ 9 սմ-անոց գդալի պոչեր։ 

Արթուրի փոխանցմամբ՝ ունի թուլություն, սրտխառնոց, սուր ցավեր, սառը քրտինք: Երկու անգամ արյուն է փսխել, սակայն նրան չեն տեղափոխում «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, մինչդեռ երեք անգամ դիմում է  ներկայացրել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետ Տիգրան Նավասարդյանին և նրա տեղակալին։ 

Արթուրը խնդրում է քրեակատարողական վարչության պետ Արթուր  Օսիկյանի, առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի միջնորդությունը՝ իրեն «Դատապարտյալների հիվանդանոց»  տեղափոխելու համար, քանի որ «Արմավիր»  ՔԿՀ-ում ստացվող բուժումներով օտար մարմիններն օրգանիզմից դուրս չեն գալիս. «Շատ եմ խնդրում, ինձ տարեք վիրահատության, էլ չեմ դիմանում, ամեն վայրկյան կարող է մեռնեմ, սուր ցավեր ունեմ»,-ասաց 19-ամյա դատապարտյալը։

Մեկնաբանություններ (1)

Ռաֆֆի
Լրագրողը չի ասել թէ Արթուրը ինչո՞ւ է այդ գդալնորը կուլ տվել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter