HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Երկրորդ կյանք թափոններին. Կարենի ստորգետնյա «թանգարան»-ը

«Փինք Ֆլոյդի մասին էստեղ երևի շատ քիչ մարդ գիտեր, երբ եղբայրս 1979 թ.-ին Մոսկվայից «Պատ»-ի երկու դիսկերն ուղարկեց: «Ռոսիա» կինոթատրոնի շենքում ապառատուռա կար, տարա էնտեղ, որ լսեմ: Ես Դիփ Փարփլ էի լսում, Զեփլինն էտքան էլ դուրս չէր գալիս, բայց դե իհարկե, Փինք Ֆլոյդը մոռացնել տվեց անգամ Փարփլին»,- հիշում է Կարեն Պանյանը:

«Երրորդ-մաս»-ի իր տան նկուղում 60-ամյա Կարենը փոքրիկ անկյուն է սարքել, որը դարձել է ստորգետնյա թանգարանի պես մի բան:

Հարյուրավոր առարկաներ կան Կարենի նկուղում, որոնցից ամեն մեկն իր պատմությունն ունի:

Նկուղն այսպես ձևափոխելու միտքը Կարենին պատահաբար է եկել:

Ամեն ինչ սկսվել է այն բանից, երբ հարկ է եղել նորոգել ջրի խողովակները, այդ ժամանակ նա նկուղից մի քանի կգ պղնձի լար է գտել, հանձնել է ընդունման կետ ու ստացված գումարով որոշել է մի քիչ կարգի բերել նկուղը:

Մուտքը

«Տան ավելորդ իրերը, որոնք ափսոսում էի դեն նետել, իջացրի նկուղ, դասավորեցի, հետո տեսականին կամաց-կամաց ավելացավ»,- պատմում է Կարենը:

Երբեմն ծանոթներն են ինչ-որ իրեր տալիս, բայց հավաքածուի հիմնական մասը Կարենը գտնում է աղբամանների մոտից: 

«Էնպես չի, որ քչփորում եմ աղբամանների մեջ, մարդիկ իրենց համար անպիտան իրերը երբեմն ուղղակի դնում են աղբամանների կողքը, ես էլ, եթե հավանում եմ, վերցնում եմ»,- ասում է Կարենը:

Ամռանն այստեղ զով է, ձմեռը՝ տաք:

Այս խողովակները տնտեսական խանութից են, դրանց վրա պոլիէթիլենային թաղանթն է փաթաթած լինում: Երբ թաղանթը վաճառվում է, խողովակները դառնում են աղբ, իսկ Կարենի նկուղում՝ հենասյուն առաստաղի համար:

«Շատ իրեր ունեմ այստեղ, բայց գտածս ամենաարժեքավոր բանն ինձ համար այս կտակարաններն են, պատկերացնո՞ւմ եք, ինչ-որ մեկը դրանք դեն էր նետել»,- զարմանքով նշում է Կարենը:

«Այստեղ շատ իրեր կան, որոնք այժմ գործնական նշանակություն չունեն, դրանց փոխարինելու են եկել ժամանակակից տարբերակները, բայց դրանք իմ պատմությունն են, մեր սերնդի պատմությունը, կենցաղը»,- ասում է Կարենը:

Գործիքների հավաքածուն

Հակագազի դետալը՝ որպես նկարի շրջանակ:

Այս վրձիններից խանութներում չես գտնի էլ:

Կարենը ցույց է տալիս իր հավաքածուի առանձնահատուկ նմուշներից մեկը:

«Էրեբունի-Երևան 2750»:

Սարդոստյանները ևս «թանգարան»-ի մի մասն են, դրանք մի քանի տասնամյակի պատմություն ունեն:

«Մի հատ երազանք ունեմ՝ գնամ Վանա լիճ, ոտքերս թաթախեմ լճի մեջ, վանա տառեխ ուտեմ». Կարենն արմատներով Վանից է:

«Ինչ տեսել եմ, էտ եմ վերհիշում, այս իրերը օգնում են վերապրել անցածը». Կարեն Պանյան:

Այս սղոցը 90-ականներին փայտ կտրելու համար է ծառայել:

Այստեղ ռադիոն մի քիչ կտրատելով է աշխատում, բայց լսել լինում է:

Բանալիների հավաքածուն:

«Հիմա սրանով էլ ոչ մեկ լանգետ չի ծեծում: Մաքուր կաղնու փայտից է, մսին կաղնու հոտը փոխանցում էր»:

Առնետի գանգի կմախք:

«Սուխոյ սպիրտ, կերոսինի վառարան, 90-ականներ...»:

Զինվորական հին ջրաման:

Ստորգետնյա «թանգարան»-ում 8 տարբեր տեսակի էլեկտրական լամպեր կան և 5 մոմ:

«Թանգարան»-ի հավաքածուն պարբերաբար թարմացվում է:

Նկուղի այս հատվածը դեռ չբարեկագարգված վիճակում է, հետագայում այն կարող է դառնալ «թանգարան»-ի մյուս ցուցասրահը:

Որոշ իրեր արդեն իրենց տեղն ունեն այստեղ:

Խնամքով կահավորված և բարեկարգված ստորգետնյա այս «թանգարան»-ի մասին՝ Կարենի խոսքով, քիչ մարդ գիտի, այցելուներ այստեղ չեն գալիս այլ թանգարանների պես, սա ուղղակի տարածք է, որը հանգամանքների բերումով է դարձել ասյպիսին:

«Չեմ ուզում շատերն իմանան էս տեղի մասին. ամեն մարդ չի, որ կգնահատի սա: Որ շատ մարդ գա, մի օր կարող է դառնա խորովածանոց, էդպես չեմ ուզում լինի»,- ասում է Կարենը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter