HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բուսաբանության ինստիտուտ. գիտական հազվագյուտ արժեքներ՝ հին պատերից ներս

Գիտությունների ազգային ակադեմիայի բնական գիտությունների բաժանմունքում գործող Բուսաբանության ինստիտուտը վերջերս կառավարության որոշմամբ անվանակոչվել է հայտնի բուսաբան, ակադեմիկոս Արմեն Թախտաջյանի անունով:

Ինստիտուտը հիմնադրվել է 1938-ին: Ներառում է երեք բաժին՝ բարձրակարգ բույսերի կարգաբանության եւ աշխարհագրության, երկրաբուսաբանության եւ բույսերի էկոլոգիական ֆիզիոլոգիայի, բույսերի ներմուծման: Ինստիտուտի կազմի մեջ են մտնում նաեւ Երեւանի, Սեւանի ու Վանաձորի բուսաբանական այգիները: 2006-ից ինստիտուտը ղեկավարում է կենսաբանական գիտությունների դոկտոր, ծառագետ, ԳԱԱ թղթակից անդամ Ժիրայր Վարդանյանը:

Ինստիտուտի գիտքարտուղար, կենսաբանական գիտությունների թեկնածու Անահիտ Ղուկասյանը նշում է, որ Հայաստանում միայն իրենց մոտ են զբաղվում բույսերի անատոմիայով, ծաղկափոշու ուսումնասիրությամբ, հնէաբուսաբանական ուսումնասիրություն անում, ինստիտուտի հպարտություններից մեկն էլ բուսատեսակների չորացրած նմուշներով հերբարիումն է (բուսապահոց), նմուշների թիվը գերազանցում է 500.000-ը:

Ինչո՞ւ բուսաբանական այգին ամբողջությամբ չի խնամվում

Բուսաբանության ինստիտուտը գտնվում է Երեւանի բուսաբանական այգու տարածքում: 1935-ին հիմնադրված 80 հեկտար մակերեսով այգին այսօր ամբողջությամբ չի խնամվում: Պատճառը, ինստիտուտի փոխտնօրեն Գագիկ Մովսիսյանի փոխանցմամբ, «ողբերգալի» ֆինանսավորումն է: 2004-ից բուսաբանական այգին, որ առանձին կառույց էր, ընդգրկվել է ինստիտուտի կազմում: Մինչ այդ այգու տնօրենը եղել է հենց Գ. Մովսիսյանը: Պատմում է, որ եթե խորհրդային տարիներին բուսաբանական այգին 30 ոստիկան էր հսկում՝ «զենք-զրահով», ապա այսօր ընդամենը 2 պահակ ունեն, որոնք 60 հազար դրամ աշխատավարձ են ստանում: Ըստ փոխտնօրենի՝ այգին ոչ թե լավ չի խնամվում, այլ հիանալի է խնամվում, սակայն դա արվում է իրենց ստացած գումարի սահմաններում: Այգին ամբողջությամբ չի ջրվում: «Որտեղի՞ց կարող ենք ջրել, հիմնականում կենտրոնական ու կոլեկցիոն մասերն ենք կարողանում ջրել»,- նկատում է Մովսիսյանը: Ջրվում է միայն այգու շուրջ 40 տոկոսը, իսկ դրա խնամքի համար մեծ գումարներ են անհրաժեշտ:

Բուսաբանական այգու տոմսը 300 դրամ է, երեխաների համար՝ 150: Տարեկան մոտ 5-6 մլն դրամ է գոյանում տոմսերից: Աշխատակիցները պատմում են, որ շատ դեպքերում մարդիկ այգի են մտնում խոտոր ճանապարհներով (ոչ հիմնական մուտքից), արդյունքում գումար չեն մուծում: Բուսաբանական այգու թանգարան լինելու գիտակցությունը դեռ չի ձեւավորվել մեզանում:

Գիտաշխատողները հիմնականում կանայք են

Այգու մուտքից փոքր-ինչ հեռու է գտնվում ինստիտուտի վարչական շենքը: Գիտքարտուղար Անահիտ Ղուկասյանն ասում է, որ շենքը ջեռուցվում է, խնդիրներ չունեն: Նրա հետ շրջում ենք ինստիտուտի բաժիններում: Ոչ միայն նա, այլեւ մյուս աշխատակիցները չեն թաքցնում այսօրվա խնդիրները, բայց փոխարենը հպարտորեն խոսում են աշխատանքի ու ձեռքբերումների մասին:

Աշխատակիցների թիվը տատանվում է, ինչը պայմանավորված է սեզոնային գործով: Ապրիլից մինչեւ նոյեմբեր ինստիտուտն ընդունում է բանվորների, ովքեր աշխատում են այգում: Նվազագույն աշխատավարձ ստանում է մոտ 10 հոգի, ովքեր հիմնականում համալսարանը նոր ավարտածներն են: Նրանցից մեկը Եփրեմ Հովհաննիսյանն է, մագիստրատուրայի ուսանող է, մի քանի ամիս է՝ աշխատում է ինստիտուտում, հիմնականում՝ ջերմատանը: Ասում է, թե գումարին չի նայում, քանի որ ընտանիքն ապահովված է:

Մեր այցի ժամանակ Եփրեմը բուսապահոցի բակում ճյուղեր էր էտում: Ըստ նրա՝ հասարակական գիտակցությունը բույսերի վերաբերյալ պիտի փոխվի: «Մեզ մոտ ասում են՝ բույս ա, էլի, կաճի, չեն մտածում, որ էս բույսով իրենց օդը մաքրվում է, հիվանդությունների դեմ է պայքարում»,- նշում է Եփրեմը:

Ինստիտուտի ընդհանուր աշխատկիցների ու գիտաշխատողների թիվը վերջին տարիներին շատ չի փոխվել, համապատասխանաբար՝ 77-83 եւ 43-47:

ԲԻ աշխատակիցներ
Create pie charts

Մյուս կողմից՝ գիտաշխատողների մեծ մասը կանայք են (նրանց մեջ գերակշռում են 35-ից բարձր տարիք ունեցողները):

ԲԻ գիտաշխատողներ
Create pie charts

Բնապահպանությունը՝ գլխավոր խնդիր

Ծաղկափոշու եւ սպորների թաղանթների կառուցվածքն ուսումնասիրող պալինոլոգիայի խմբի ղեկավար, կենսաբանական գիտությունների դոկտոր Ալլա Հայրապետյանն այս ինստիտուտում աշխատում է 1987-ից: Նա այն վերջին սերնդի ներկայացուցիչներից է, որոնց ուսուցիչը եղել է Արմեն Թախտաջյանը: Այսօր ակադեմիկոսի աշակերտների 3 սերունդ է աշխատում ինստիտուտում:

Թախտաջյանի շնորհիվ ԲԻ-ն կապեր ունի Ս. Պետերբուրգի բուսաբանության ինստիտուտի հետ: Ժամանակին ակադեմիկոսն աշխատել է այնտեղ, եղել դրա տնօրենը եւ, ըստ Հայրապետյանի, շատ է օգնել հայ ուսանողներին: Հիմա մեր մասնագետները սկաներային մանրադիտակով ուսումնասիրություններ են անում Պետերբուրգում: Հայկական ինստիտուտը դրա հնարավորությունը չունի. մանրադիտակն արժե 200-300 հազար դոլար:

Ալլա Հայրապետյանն ասում է, որ այսօր Հայաստանում միայն իրենք են ծաղկափոշի ուսումնասիրում, թեեւ նախկինում դրանով զբաղվում էին նաեւ ԵՊՀ-ում, Մանկավարժական համալսարանում եւ Երկրաբանության ինստիտուտում:

Նշում է, որ ժամանակակից տեխնիկայի կարիք ունեն. օրինակ, իր մանրադիտակը 70-ականների է, սակայն չի բողոքում: Խնդիր են նաեւ քիմիկատները, որոնք այստեղից-այնտեղից են գտնում, մինչդեռ նախկինում Հայաստանում դրանցով զբաղվող կազմակերպություններ կային: Գիտնականի ցանկությունն է, որ գիտությանը մեծ ուշադրություն հատկացվի։

Գոհար Օգանեզովան նույնպես կենսաբանական գիտությունների դոկտոր է, ինստիտուտում է 1977-ից, ղեկավարում է բույսերի անատոմիայի խումբը: Հիշում է, որ 1964-ին գերմանացի մի գիտնական աշխատանք էր տպագրել՝ շուշանազգիների կառուցվածքն էր ուսումնասիրել ու պարզել էր, որ դրանք շատ հեռու են իրարից, ինչ իրենց ոլորտում ռումբի պայթյունի պես մի բան էր: Դրանից հետո Թախտաջյանը մի քանի գիտնականների, որոնցից մեկը Գոհար Օգանեզովան էր, խնդրել էր զարգացնել այդ ուղղությունը: Դոկտոր Օգանեզովան շուշանազգիների ու մոտ տաքսոնների էվոլյուցիային եւ դասակարգմանը նվիրված մենագրություն է հեղինակել: Ասում է, որ այսօր ոչ միայն Հայաստանում, այլեւ աշխարհում գիտության մակարդակով գլխավոր խնդիրը բնապահպանությունն է:

Երկրաբուսաբանության եւ բույսերի էկոլոգիական ֆիզիոլոգիայի բաժնի ղեկավար Գեորգի Ֆայվուշը կիսում է այս տեսակետը՝ առաջին հերթին բնությունը, կենսաբազմազանությունը պահպանելու խնդիր ունենք: Ասում է՝ Հայաստանը հրաշալի երկիր է, այնպիսի կենսաբազմազանություն ունի, որ աշխարհում չես գտնի՝ չհաշված արեւադարձային կղզիները: Նրա գործընկեր Ալլա Ալեքսանյանն էլ նշում է, որ փորձում են մեր կենսաբազմազանությունը հետաքրքիր դարձնել արտասահմանցի երիտասարդ գիտնականներին: Բացի դրանից՝ ձգտում են գտնել համագործակցության ծրագրեր, որպեսզի մեր երիտասարդ գիտնականներն էլ դրսում աշխատելու հնարավորություն ստանան:

«Հենց հիմա ավստրիական ծրագրի ենք դիմել, եթե շահենք, մերոնք էլ կկարողանան գնալ այնտեղ: Ամեն դեպքում, պետք է, որ ինստիտուտում որակյալ կադրեր պատրաստվեն եւ մնան: Այստեղ կա նաեւ մոտիվացված լինելու խնդիր. եթե մարդը նպատակ ունի, պրպտող է, ցանկություն կա, հնարավոր է մի ճանապարհ գտնել»,- նշում է Ալլան:

Հերբարիումը. հին պատմություն

Բուսապահոցի առայժմ միայն մուտքի դուռն է թարմացված, ներսը հին կահավորմամբ է: Իսկ հինը, աշխատակիցներից ոմանց ասելով, պատմություն է:

Նրանցից մեկը միացնում է հերբարիումի լույսը: Այստեղ պահարանները, սեղանը, նույնիսկ աննշան թվացող դետալները խորհրդային ժամանակների են: Պահարաններում թղթապանակների մեջ պահվում են բույսերը՝ ամեն մեկն իր «կենսագրությամբ»: Բուսապահոցը ստեղծվել է 1925-ին: Ավելի քան կես միլիոն նմուշները ոչ միայն Հայաստանից ու Կովկասից են, այլեւ տարբեր երկրներից:

Սերմերի բանկը

Սերմերի գենետիկական բանկի ղեկավար, կենսաբանական գիտությունների թեկնածու Անուշ Ներսիսյանն ասում է, որ 2011-ին սկսել են համագործակցել Մեծ Բրիտանիայի «Հազարամյակի սերմերի բանկի» հետ: Դրա շնորհիվ սարքավորումներ են ձեռք բերել սերմերի երկարաժամկետ պահպանման համար, սերմերը չորացվում ու պահվում են սառցե խցիկներոմ, ինչի արդյունքում պահպանվում է դրանց ծլունակությունը:

Հայ մասնագետները համագործակցում են նաեւ գերմանացի գործընկերների հետ:

Ջերմատան խնդիրները

Հատկապես շոգ եղանակին դժվար է գտնվել ինստիտուտի ջերմատանը. շունչդ կարծես կտրվում է:

Դրա աշխատակից, կենսաբանական գիտությունների թեկնածու Նազիկ Ալեքսանյանն ասում է, որ ջերմատունը վերանորոգվել է 2012-ին «Գրանդ Քենդիի» միջոցներով: Սակայն կառույցի մի փոքր հատվածը դեռեւս հին վիճակում է:

Ալեքսանյանի փոխանցմամբ՝ ջերմատանն այսօր կան օդափոխության, ջերմաստիճանի պահպանման խնդիրներ: Մյուս կողմից՝ քանի որ հավաքածուն անընդհատ ընդլայնվում է (մոտ 700 տեսակի բույս ունեն ներկայում), տարածքն արդեն չի բավականացնում:

Ճաքճքած շենքը՝ հարուստ հավաքածուով

Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատան աջակցությամբ վերականգնվել է ինստիտուտի վարդանոցը:

Դրա դիմաց երկհարկանի հին շենք է, որը, սակայն, կարեւոր գործառույթ ունի: Այստեղ են ինստիտուտի գիտական գրադարանն ու հնէաբուսաբանության թանգարանը:  Գիտքարտուղար Անահիտ Ղուկասյանն ասում է, որ մտածում են շենքն ամբողջությամբ վերանորոգելու մասին:

Երկրորդ հարկի միջանցքում բույսեր են դրված, որոնք ջրում է հնէաբուսաբանության խմբի աշխատակից Աստղիկ Պապիկյանը: Ասում է, որ համագործակցում են Գերմանիայի Սենկենբերգի անվան գիտահետազոտական ինստիտուտի հետ, ու եթե այնտեղ մի ամբողջ ինստիտուտ է զբաղվում հնէաբուսաբանությամբ, ապա մեզ մոտ՝ միայն մի խումբ: Բայց, ըստ Աստղիկի, իրենք գերմանացիներին չեն զիջում:

Հնէաբուսաբանությունը գիտություն է, որն ուսումնասիրում է անցյալ երկրաբանական դարաշրջանների բույսերը՝ հիմնվելով դրանց դրոշմների ու քարացուկների վրա: Բուսաբանության ինստիտուտում, Աստղիկ Պապիկյանի ներկայացմամբ, շուրջ 25.000 այդպիսի նմուշ ունեն: «Ոչ միայն բույսեր, այլեւ կենդանիներ կան, թանգարանային ցուցադրություն կազմակերպելու համար շատ հարուստ նյութ ունենք»,- ասում է Աստղիկը՝ հույս հայտնելով, որ հետագայում թանգարանի վերածված մի ամբողջ շենք կունենան ներկայիս սենյակի փոխարեն:

Աստղիկը դարակներից մեկից հանում է վայրի իշխանի նմուշը, որ գտնվել է Սիսիանից, ասում է՝ մոտ մեկ միլիոն տարվա շերտերից է հավաքված:

Երիտասարդ գիտնականը նշում է, որ երբ խոսում են կլիմայական գլոբալ փոփոխություններից, դրանք ոչ թե օդում արված հայտարարություններ են, այլ հիմքում ունեն գիտական տվյալներ: Օրինակ՝ բրածո նմուշներն ուսումնասիրելիս փորձում են համեմատել ժամանակակից տեսակների հետ, հասկանալ, թե ինչ բնակլիմայական պայմաններ կնախընտրեին դրանք:

Առաջին հարկը, որտեղ գրադարանն է, կտրուկ տարբերվում է երկրորդ հարկից: Նախորդ տարի անձրեւաջրերը լցվել էին գրապահոց, գրքերը վնասվել էին, բայց հաջողվել էր դրանք, բացի մեկից, վերականգնել: Գրադարանը ստանում է նոր գրքեր ու ամսագրեր, սկսվել է գրքերի թվայնացման գործընթացը:

Բուսաբանության ինստիտուտի ֆինանսավորումը

Մոտ 80 աշխատող ունեցող ինստիտուտը, ինչպես Հայաստանի մյուս գիտական ինստիտուտները, կախում ունի դրամաշնորհներից: Գիտքարտուղար Ղուկասյանն ասում է՝ եթե դրամաշնորհները չլինեին, առաջընթաց չէր լինի: 2011-2016 թթ. ինստիտուտն արտասահմանյան կազմակերպություններից ստացել է ընդհանուր 175.000 եվրոյի եւ 89.000 դոլարի 4 դրամաշնորհ:

ԲԻ
Create bar charts

Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter