HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Ուժային կառույցների առաջ օրենքը նվաստ է, ՃՈ-ն՝ անզոր

Երկրում համակարգային բարեփոխումների, իրավապահ մարմինների բարեվարքումների եւ նման կարգի այլ խոստումները Խանջյան-Նալբանդյան փողոցների հատվող կետում միանգամից կորցնում են իրենց արժեքը:

Այստեղ տեղակայված են Ազգային անվտանգության ծառայության եւ ոստիկանության ստորաբաժանումների եւ կենտրոնական շենքերը:

Խանջյան եւ Նալբանդյան փողոցներում երթեւեկության համար ամենամեծ խոչընդոտ են հանդիսանում հենց իրավապահների ավտոմեքենաները: Ճանապարհային երթեւեկության կանոնների համաձայն՝ տրանսպորտային միջոցը իրավունք կա կայանել միայն մայթին զուգահեռ, մեկ շարքով։

Ամեն աշխատանքային օր ԱԱԾ-ի եւ ոստիկանության աշխատակիցների տասնյակ մեքենաներ կայանվում են օրենքով չսահմանված կարգով:

Եվ որ ամենամեծ խնդիրն է՝ որեւէ մեկը դրա համար պատասխանատվության չի ենթարկվում: Ուշագրավ է այն հանգամանքը, որ մայրաքաղաքի կենտրոնական այդ հատվածներում ճանապարհային ոստիկանության տեսախցիկներ տեղադրված չեն:

Եթե Երեւանի խաչմերուկների մեծ մասում տեղադրված են տեսախցիկներ, եւ քաղաքացիները ցանկացած խախտման համար վարչական տույժի են ենթարկվում, ապա այս առումով արտոնյալ կարգավիճակում են ԱԱԾ-ի եւ ոստիկանության աշխատակիցները։

Ամեն օր Խանջյան եւ Նալբանդյան փողոցներում իրավախախտումներ կան:

«Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթեւեկության կանոնները եւ տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների եւ պայմանների ցանկը հաստատելու մասին» կառավարության որոշման համաձայն՝ կայանումն արգելվում է դեղին հոծ գծի առկայության դեպքում: Կանգառն արգելվում է նաեւ խաչմերուկներում, երթևեկելի մասերի հատման վրա և հատվող երթևեկելի մասի եզրից 5 մ պակաս վայրում` բացառությամբ երթևեկելի մասերի եռակողմ հատման հոծ գծով կամ բաժանարար գոտիով առանձնացված կողմի վրա:

Տրանսպորտային միջոցը որպեսզի Խանջյան փողոցից շարունակի երթեւեկությունը դեպի Նալբանդյան փողոց, աջ շրջադարձ կատարելու իրավունք ունի միայն առաջին երթեւեկության գոտուց։ Սակայն, ինչպես երեւում է ստորեւ բերված լուսանկարներում, երթեւեկության առաջին գոտին ամբողջությամբ զբաղեցրած է կայանած ավտոմեքենաներով։ Ամեն օր։ Եվ Խանջյանից աջ շրջադարձ կատարելու համար, տրանսպորտային միջոցների վարորդները ստիպված օրենք են խախտում, աջ շրջադարձ կատարելով երթեւեկության երկրորդ գոտուց, որտեղից, սակայն, թույլատրված է շարժվել միայն ուղիղ՝ դեպի Մոսկովյան փողոց։

Բայց քանի որ վարորդների՝ հարկադրված խախտումները պետական պաշտոնյաների, ԱԱԾ-ի եւ ոստիկանության աշխատակիցների գործողությունների արդյունքում է, Խանջյանից երթեւեկության երկրորդ գոտուց չթույլատրված կարգով աջ շրջադարձ կատարողները չեն տուգանվում։ 

Ոստիկանության շենքի հարեւանությամբ ծառայություն իրականացնող ՃՈ տեսուչները տպավորություն են ստեղծում, թե իբր իրենց տեղում են, ամեն ինչ տեսնում են, բայց իրականում ոչինչ չեն ձեռնարկում խախտումները վերացնելու ուղղությամբ։ 

Այս լուսանկարում ՃՈ տեսուչը չթույլատրված վայրում կայանելու համար տուգանում է ուսանող վարորդին եւ ավտոմեքենան էվակուատրով հանում տարածքից, տեղափոխում տուգանային հրապարակ: 

Սակայն չի նկատում նույն պահին ընդամենը 60-70 մետր ավելի վերեւ՝ Նալբանդյան փողոցում, ոստիկանության 6-րդ վարչության դարպասների մոտ, կամ նույնքան ներքեւ՝ ԱԱԾ շենքի հարեւանությամբ տեղի ունեցող իրավախախտումները:

ՃՈ տեսուչները, իմ հարցին, թե ինչու են թույլատրում նման կայանումները, պատասխանեցին, որ հիմա հարցը կկարգավորեն։

Կես ժամ անց ստուգեցինք․նույն վիճակն էր, ոչինչ չէր փոխվել։

Ընդ որում, նույնը կրկնվում է ամեն օր։

Մեկ ուրիշ օր, նույն վայրում ծառայություն էր իրականացնում ՃՈ մեկ ուրիշ ավտոմեքենա, եւ տեսուչը մեզ հետ վստահեցնում էր, որ Նալբանդյան փողոց են եկել հատուկ իրավախախտումները վերացնելու համար։ «Էսա կհանենք»,-ասաց տեսուչը՝ նկատի ունենալով, որ երթեեւկության երկրորդ գոտում կայանած ավտոմեքենաները կհեռացնեն, բացելով երթեւեկությունը։

Սակայն 10 րոպե անց ՃՈ տեսուչը, երեւի կարծելով, որ ոչ ոք չի ստուգի, հեռացավ Նալբանդյան փողոցից, երթեւեկությունը թողնելով ինչպես որ կար։

Փոխարենը երթեւեկությունը կարգավորելու գործին է լծվել ոստիկանության Պարեկային ծառայությունը: Այս ստորաբաժանումը վարորդների կողմից խախտումների դեպքում արձանագրում է մեքենայի պետհամարանիշը եւ հրավիրում ՃՈ տեսուչներին՝ խախտումն ամրագրելու եւ վարչական ակտ կազմելու համար։
Պարեկային ծառայության ոստիկանները շատ «քաջ» են, օրինակ, տաքսիստների հետ հարաբերություններում, սակայն, անհասկանալիորեն, չեն նկատում ԱԱԾ-ի եւ ոստիկանության աշխատակիցների կողմից կատարվող խախտումները: Հերթական դեպքը Խանջյան փողոցում էր։

Տաքսու վարորդին այս անգամ չտուգանեցին: ՃՈ-ից որեւէ մեկը չմոտեցավ «Հարգելով նրա տարիքը», այս անգամ ամեն ինչ ավարտվեց նախազգուշացումով:

Ոստիկանությունը որեւէ կերպ չմեկնաբանեց, թե ինչպես է, որ օրենքն անհավասար է կիրառվում։

«Հետք»-ի հետ զրույցում իրավիճակը մեկնաբանեց «Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեյանը։ Նա ասաց, որ անկախ նրանից, թե որ մարմնի կողմից է կատարվում իրավախախտումը, խնդիրը փողոցների գերծանրաբեռնվածության մեջ է․

«Քանի որ ձեր նշած հատվածում շատ են եւ պետական կառույցները, եւ ուսումնական հաստատությունները, ապա ավտոմեքենաների մեծ հոսք կա, փողոցները գերծանրաբեռնված են։ Երեւանի քաղաքապետարանը պետք է մտածի համապատասխան կայանատեղիներ ստեղծելու ուղղությամբ, թեկուզ՝ ստորգետնյա»։

Տիգրան Քեյանի խոսքով՝ մի շարք պետական կազմակերպություններ իրականում տարածք ունեն, սակայն իրենց աշխատակիցներին չեն տրամադրում։ Բակերում արգելափակոցներ են տեղադրված, որոնք նույնպես թույլ չեն տալիս ավտոմեքենաները կայանել շենքերի հարակից ազատ տարածքներում: Արդյունքում ողջ ծանրաբեռնվածությունն ընկնում է փողոցների վրա։

Անգամ կարմիր գծերի համար վճարումներ կատարած վարորդները հաճախ ազատ կայանատեղի չեն գտնում մայրաքաղաք Երեւանի կենտրոնում։

Ինչ վերաբերում է ՃՈ կողմից տվյալ տարածքում տարհանումներ չկատարելուն, ապա, Քեյանի խոսքով, տեսուչները բարի կամք են դրսեւորում։

«Սա կարելի է համարել եւ դրական, եւ բացասական։ Դրականն այն է, որ տեսուչները մտնում են մարդկանց իրավիճակի մեջ, քանի որ մարդիկ գալիս են աշխատանքի, եւ պետք է ինչ-որ կերպ իրենց աշխատանքը կատարեն։ Բացասականն էլ այն է, որ դա անում են օրենքի խախտմամբ»,-ասաց Տիգրան Քեյանը։

Ի դեպ, ֆեյսբուքյան «Ճանապարհային ոստիկանություն եւ կարմիր գծեր» խմբում վարորդները հրապարակում են իրենց նկատմամբ գրանցված վարչական ակտերը, եւ դրանց մի մասն էլ հենց երթեւեկության երկրորդ գոտում կայանելու համար է։ Բոլորն են տուգանվում` բացի ուժային մարմինների աշխատակիցներից, հատկապես եթե խախտումը կատարվել է տվյալ կառույցների շենքերին հարակից փողոցներում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter