HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարիամ Չախոյան

Լիդա Դաշյանի ընտանիքի բնակարանային խնդիրը կառավարությունը առաջիկայում ի վիճակի չէ լուծելու

«Հետքը»  Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից ստացել է Գեղարքունիքի մարզի Փամբակ համայնքի բնակիչ Լիդա Դաշյանի բնակարանային խնդրի վերաբերյալ հարցման պատասխանը։ Այնտեղ ասվում է, որ խնդիրը «բազմիցս է քննարկվել ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի, ՏԿԶՆ միգրացիոն պետական ծառայության և Գեղարքունիքի մարզպետարանի հետ»:  Պատասխանը, թեև, բացասական չէ, սակայն չի ներառում որևէ կոնկրետ քայլի վերաբերյալ նշում. կառավարությունը ճանաչում է խնդիրը, նշում, թե որ ծրագրի շրջանակներում է այն դիտարկվելու, սակայն անորոշ է թողնում գլխավոր հարցերը՝ ե՞րբ և ի՞նչ լուծում ակնկալել:

Նամակում նշված է, որ կառավարության մի շարք ծրագրերում Դաշյանների բնակարանային հարցը չի ներառվել: Մասնավորապես,  ընտանիքը չի ընգրկվել կառավարության 2004թ. մայիսի 20-ի N 747-Ն որոշմամբ հաստատված՝ 1988-1992թթ. Ադրբեջանից բռնագաղթած անձանց բնակարանային ապահովության առաջնահերթ ծրագրում: Դրա պատճառն այն է, որ «ընտանիքը չի համապատասխանել շահառուների ընտրության առաջնահերթության չափանիշներին», քանի որ Միգրացիայի և փախստականների նախկին վարչության կողմից 2003թ. իրականացված  ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ վերջիններս հաշվառված չեն եղել ժամանակավոր կացարանում և բնակվել են անհատական հասցեում: Ըստ ստացված պատասխանի՝  միայն ծրագրի ավարտից հետո քննության կառնվի մյուս կարիքավոր փախստական ընտանիքների, այդ թվում նաև՝ Լիդա Դաշյանի ընտանիքի, բնակապահովության հարցը:

ՏԿԶ նախարարությունը տեղեկացնում է, որ 2017թ. պետբյուջեով, ինչպես նաև 2017-2019թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով «հանրապետության 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող բնակելի տների բնակիչների բնակարանային պայմանների բարելավմանն ուղղված ծրագրերի իրականացման համար միջոցներ չեն նախատեսվել»:

Ըստ նամակում տեղ գտած տեղեկության՝ Միգրացիոն պետական ծառայությունը Լիդա Դաշյանի ընտանիքի բնակարարանային հարցը քննարկել է ՄԱԿ ՓԳՀ-ի հայաստանյան գրասենյակի հետ, սակայն թե ինչ է քննարկվել, և ինչ լուծում է առաջարկվել, դարձյալ չկա նշված:

Ըստ նախարարության՝ «Լիդա Դաշյանի դիմումում բարձրացված հարցի քննարկմանը հնարավոր է անդրադառնալ ՀՀ կառավարության 2013թ. մարտի 7-ի N 9 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած՝ ՀՀ տարածքում (բացառությամբ աղետի գոտու վերականգնման ծրագրի շրջանակներում ընդգրկված բնակավայրերի) քանդման ենթակա վթարային՝ 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող, բնակարանային ֆոնդի բնակիչներին անվտանգ բնակելի տարածքով ապահովմանն ուղղված հայեցակարգով ձևավորված մոտեցումների համաձայն՝ Գեղարքունիքի մարզում առկա վթարային բնակելի տների բնակիչների բնակարանային պայմանների բարելավմանն ուղղված ծրագրերի շրջանակներում՝ դրանց իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների առկայության պարագայում»:

Սա նշանակում է, որ կառավարությունը չի հրաժարվում` Լիդա Դաշյանի կողմից բարձրացրած խնդիրը լուծելու իր պարտականությունից, սակայն  ՏԿԶ նախարարությունը նամակում չի նշում, թե ե՞րբ կկարողանա անդրադառնալ դրան:    

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter