HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Այսօր մեր հյուրանոցը 56 արտասահմանցի հյուր ունի, և անհամբեր սպասում ենք ջրին». «Միրհավ» հյուրանոցի տնօրենի ահազանգը

«Հետք»-ն ահազանգ է ստացել Գորիսի «Միրհավ» հյուրանոցի տնօրեն Շահեն Զեյթունցյանից, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.  

«Հարգելի «Հետք»-ի խմբագրություն

Հայաստանը, հատկապես Գորիս քաղաքը, իրենք իրենց հայտարարել են զբոսաշրջության զարգացման կենտրոն, ավելի ճիշտ` հավակնում են տուրիզմով զարգացնել տարածաշրջանը:

Ինչպես գիտեք, «Միրհավ» հյուրանոցն արդեն 12 տարի գործում է Գորիս քաղաքում եւ շոշափելի ներդրում ունի զբոսաշրջությունն այս տարածքում զարգացնելու գործում: Սակայն ամեն տարի, ժամացույցի ճշգրտությամբ, ամառային ամիսներին (հատկապես անձրեւասակավ օրերին) քաղաքի ջուրը ժամերով, երբեմն էլ օրերով անջատվում է, եւ Գորիսի բնակչությունն ու, հատկապես, հյուրանոցները մնում են առանց ջրի, տագնապի մեջ, թե արդյոք, հաջորդ ժամերին կամ օրերին ջուր կունենա՞ն: Ոչ մի զգուշացում, հիշեցում, պատճառաբանություն չի ներկայացվում անջատումներից առաջ:

Այսօր՝ հունիս 12-ին, մեր հյուրանոցը 56 արտասահմանցի հյուր ունի եւ անհամբեր սպասում ենք ջրին: Իհարկե, ունենք ջրի 8+2 տոնանոց պահեստային տարան, սակայն այդ քանակի ջուրը, այն էլ ամառային շոգ ամիսներին հազիվ է բավարարում մեկ օրվա սպառումը`մաքրություն, լվացք, լոգարան-զուգարաններ, էլ չեմ խոսում այգու ոռոգումը:

Վարչապետի թեժ գծին ահազանգելով` հույս ունեի որեւէ բան իմանալ անջատումների մասին: Սակայն հարգարժան տիկինը հեռախոսով հայտնեց, որ ինքը ոչ մի լծակ չունի հարցը կարգավորելու եւ խորհուրդ տվեց զանգել քաղաքապետարան կամ մարզպետարան: Իմ առարկությանը, որ այս հարցով նախկինում հաճախ եմ զանգել քաղաքապետին, սակայն անարդյունք, նա խորհուրդ տվեց զանգել բոլորին, եթե հարցին լուծում չտան` իրենց նամակ գրեմ: Հիշեցրեցի, որ մեզ այսօր է ջուր հարկավոր, ոչ թե մի քանի օր հետո:

Այս անգամ էլ նրա խորհրդով զանգեցի Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցին: Նա ասաց, որ ինքը ոչ մի լծակ չունի, ջրով զբաղվում է «Ջրմուղ-կոյուղի» հիմնարկը, նաեւ հիշեցրեց, որ նախկինում էլ իմ բողոքներին նույն պատասխանն է տվել:

Իսկ ինչպե՞ս է բացատրում այն հանգամանքը, որ ամեն տարի նույն ամիսներին են պատահում վթարները, կամ երբեւիցե աշնան ու գարնան ամիսներին մնան դեպքեր չենք գրանցվում: Պատասխանեց, որ ինքը որպես նախկին «Ջրմուղ-կոյուղու» ղեկավար դա պատահական է համարում ու բացատրություն չունի եւ խորհուրդ տվեց զանգել վերոհիշյալ հիմնակ:

Առավոտից պարբերաբար զանգում եմ «Ջրմուղ-կոյուղու» գրասենյակ 0284 20030 հետախոսահամարով, առավոտյան անընդմեջ զբաղված էր, իսկ հետո՝ մինչեւ ժամը 15:00-ն, ոչ ոք չէր պատասխանում զանգերիս:

Ինչպես նշեցի, մենք 12 տարի է առնչվում ենք այս անհաղթահարելի թվացող եւ կենսական նշանակություն ունեցող դժվարության հետ, սակայն ամեն անգամ մի կերպ հաղթահարելով բարդությունը, ինչպես ասում են` «յոլա» ենք գնացել: Այս նամակը չէի գրի, եթե չլինեին Գորիսում հաճախ շրջանառվող ասեկոսեները, թե ինչ-որ «իշխանիկներ», որոնք Սիսիանի «յաները» կաղամբի եւ այլ բուսամշակման տարածքներ ունեն, ամառային ջրասակավ ամիսներին ու օրերին ջուրը մղում են իրենց տարածքները ջրելու կամ էլ իրենց ջրավազանները պահեստավորելու համար: Այս հանգամանքն, ի դեպ, պրն Ադունցը բացառում է, սակայն հուշում է, որ եթե իսկապես այդ կասկածը կա, «թող գնան ու ստուգեն»:

Ինքնին հասկանալի է, որ ես անձամբ ոչ մի լծակ չեմ կարող ունենալ՝ պարզելու այս առեղծվածը, իսկ որեւէ բացատրություն «Ջրմուղ-կոյուղուց», թե ինչու են վթարներն այդքան հաճախ պատահում, եւ ինչու միայն ամռան ամիսներին, չեմ ստացել: Պատասխանը միշտ նույնն է` վթար է ու վերջ:

Ենթադրելով, որ դուք, որպես հեղինակավոր լրատվամիջոց, ունեք համապատասխան միջոցներ ու լծակներ բացահայտելու Գորիսի ջրամատակարարման առեղծվածը, կամ փարատելու այդ չարամտաբար շրջանառության մեջ դրված ասեկոսեները, դիմում եմ ձեզ` օգնելու Գորիսի բնակչությանն ազատվելու անջրությունից»:

Մեկնաբանություններ (1)

Հայկ
Պատահական չէ, որ տնօրենը ձեզ է դիմել: Հետքը ՀՀ ամենահեղինակավոր ու մաքուր(հասկացողը կհասկանա) լրատվությունն է: Հուսով եմ այս խնդիրը, շատ այլ խնդիրների նման, ձեր օգնությամբ լուծում կգտնեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter