HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

«Օշական»-ի վերականգնողական կենտրոնից օգտվողների ծնողները դեմ են դրա մասնավորեցմանը

Հունիսի 9-ին ԱԺ-ն արտահերթ նիստում հաստատեց «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրինագիծը։ 

Խորհրդարանը ձայների մեծասնությամբ որոշեց, որ պետական բաժնեմաս ունեցող 47 օբյեկտներ կդրվեն աճուրդի և կմասնավորեցվեն։ 

Մասնավորեցման ենթակա օբյեկտների ցանկում են նաև որոշ բժշկական կենտրոններ, որոնց թվում` «Օշական» մանկական վերականգնողական կենտրոն»-ը։ Մինչ օրինագծի հաստատումը այս կենտրոնի մասնավորեցմանը ընդդիմացել էին կենտրոնից օգտվող հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողները։ Իսկ արդեն այսօր նրանցից ոմանք եկել էին Ազգային ժողով՝ հանդիպման ակնկալիքով, սակայն ԱԺ-ում ծնողներին ուղեկցել են նամակագրության բաժին, որտեղ իրենց բողոք-պահանջների մասին նամակ են գրել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին։ 

«Օշական»վերականգնողական կենտրոնի փակմանն ընդդիմացող ծնողներից է նաև Լիանա Քիլիսլյանը, որի 17-ամյա աղջիկն արդեն 7 տարի, տարեկան մի քանի անգամ օգտվում է կենտրոնի ֆիզիոթերապիայի, հոգեբանի, լոգոպեդի ծառայություններից։  Երեխան ունի մտավոր հետամնացություն, ողնաշարի, ոտքերի խնդիրներ, սիրտը վիրահատված է, և մայրը հավաստիացնում է, որ «Օշական»-ում անցնող վերականգնողական բուժումներից հետո երեխայի առողջական վիճակում դրական տեղաշարժ է նկատվել։ 

Մասնավորեցման հիմնական պատճառաբանությանը, թե կենտրոնի շենքային պայմանները բավարար չեն, Լիանան ընդունում է, սակայն դրանք իրենց չեն անհանգստացրել. «Գիտեք՝ պայմանները, ճիշտ է, լավ չէին, բայց մեզ պայմանները չէին հետաքրքրում էն դեպքում, երբ իմ բալիկը «Օշական»-ում իրեն շատ լավ էր զգում։ Բավականին առաջխաղացում եմ տեսել։ Պայմանները լավ չէին, բայց մնացած ամեն ինչ լավ էր։ Մեզ գոհացնում էին մասնագետները։ Երեխան իրան էնքան լավ էր զգում, որ մեզ պայմաները չէին հետաքրքրում»,-ասաց նա։ 

Հավաքված ծնողները դժգոհ են, որ «Կոշի մանկական վերականգնողական կենտրոն»- ում երեխաները հնարավորություն կունենան վերականգնողական բուժումեր անցնել տարին մեկ անգամ՝ 23 օրով. դա իրենց երեխաների համար բավարար չէ։ Ծնողները«Օշական»-ում հնարավորություն են ունեցել ամեն դուրսգրումից հետո՝ երկու ամիս անց, կրկին դիմել՝ երեխային վերականգնողական բուժումների տանելու համար։ 

Նելլի Ոսկանյանի 5 տարեկան երեխան «Օշական» վերականգնողական կենտրոնի ծառայություններից օգտվել է ընդամենը մեկ անգամ, սակայն մայրը զգալի արդյունք է արձանագրել։ Երեխան ունի մտավոր թերզարգացվածություն: Նելլին պնդում է, որ երեխային չի պատրաստվում տանել «Կոշի մանկական վերականգնողական կենտրոն»-ն, քանի որ այն չի կարող փոխարինել «Օշական»-ին։ 

«Հիմա ժամանակն էր, որ մենք պետք է գնայինք Օշական՝ շարունակելու բուժումը։ Իմանալով, որ իմ երեխայի արդյունքը շատ մեծ էր, ցանկանում եմ, որ երեխան նորից շարունակի բուժումն այնտեղ։ Կոշում հերթագրելով է։ Լինում է, որ հերթագրում են, ու հերթը կարող է հասնի մի երկու տարուց։ Բայց երկու տարում երեխայի առողջական վիճակը ահագին կփոխվի, եթե ես գնամ «Օշական»»,-նշեց մայրը։ 

Ծնողներին նաև մտահոգում է այն հանգամանքը, որ ամռան այս ամիսներին երեխաները չեն կարող վերականգնողական բուժումներ անցնել, քանի որ «Կոշի մանկական վերականգնողական կենտրոն»-ում պայմանները նախատեսված են փոքր խմբերի համար, իսկ իրենց հերթը, նախնական տվյալներով, հասնելու է աշնանը։ 

Սոխակ Մարտիրոսյանը Ազգային ժողովի պատգամավորների հետ հանդիպելու, իր բողոքը տեղ հասցնելու համար Երևան էր եկել Ալավերդիից։ «Մեր խնդրանքն էն է, որ «Օշական»-ը չփակվի։ Էդ երեխեքը շատ-շատ են, իրանց համատեղել հնարավոր չի, որ լրիվ մի հատ վերականգնողական գնան, ամենքին տարին մի անգամ է հասնելու»։ 

Սոխակի որդու մոտ ախտորոշել են ծանր աստիճանի մանկական ուղեղային կաթված։ Երեխան մեկ տարվա վերականգնողական բուժման ընթացքում բժշկական կենտրոն է հաճախել երեք անգամ։ Հաճախումների արդյունքում, մոր փոխանցմամբ, երեխան սկսել է նորմալ սնվել, բառեր արտասանել, դժվարությամբ, բայց արդեն կանգնում է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter