HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ըստ վկայի՝ կուրսանտի սպանության վերաբերյալ քննիչն իրեն մանրամասներ է պատմել

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով այսօր տեղի ունեցած դատական նիստի ընթացքում հարցաքննված երեք վկաներից մեկը՝ Արամ Սարիբեկյանը, նշեց, որ ինքը սպանության վերաբերյալ մանրամասներ է իմացել քննիչից, այն ժամանակ, երբ իրեն տարել են հարցաքննության: Քննիչը, որը, ըստ վկայի, իրեն ասել է, թե սպանությունը կատարել են գործով ամբաստանյալներ Գնել Թևոսյանը, Վաչե Սահակյանը, Մովսես Ազարյանն ու Նորիկ Սահակյանը, ունեցել է Ավետիսյան ազգանունը: Մինչդեռ քրեական գործում ընդգրկված քննիչը, որը, ըստ գործի նյութերի, ցուցմունք է վերցրել Սարիբեկյանից, ոչ թե Ավետիսյան, այլ Ասատրյան է: Այս հանգամանքն իմանալուց հետո վկան նշեց, որ հնարավոր է՝ ինքը շփոթում է քննիչի ազգանունը:

Սարիբեկյանը նշեց նաև, որ իրեն մի քանի անգամ են տարել հարցաքննության, ըստ որում՝ առաջին անգամ՝ դեպքից մոտ 10 օր անց, և ինքը ձեռագիր ցուցմունքներ է գրել, սակայն դատարանում գտնվող գործի նյութերի համաձայն՝ այս վկան հարցաքննվել է ընդամենը մեկ անգամ, դեպքից ոչ թե մոտ 10 օր, այլ մի քանի ամիս անց, և նրա հարցաքննությունն արձանագրվել է համակարգչային շարվածքով, այլ ոչ թե ձեռագիր:

Ամբաստանյալների պաշտպանները վերը նշված հակասությունները պարզելու նպատակով հարցեր ուղղեցին Սարիբեկյանին, և վերջինս շարունակեց պնդել, որ ինքը քննիչից սպանության վերաբերյալ մանրամասներ է իմացել:

Հարցին՝ քննիչից ստացած տեղեկությունները այլ կուրսանտների պատմել է, Սարիբեկյանը պատասխանեց, թե իր հիշելով՝ ոչ ոքի չի պատմել:

Մեկ այլ վկա՝ Արայիկ Ավագյանն էլ նշեց, թե իրեն սպանության վերաբերյալ մանրամասներ են պատմել ռազմական ոստիկանության աշխատակից ոստիկանները:

Երկրորդ շարքում ձախից երկրորդը` ամբաստանյալ Վաչե Սահակյանը

Այսօր դատարանում հարցաքննված երեք վկաները ամբաստանյալ Վաչե Սահակյանի սենյակում քնող կուրսանտներ էին: Վերջիններիս պնդմանբ՝ իրենք սպանության վերաբերյալ տեղեկություններ են ստացել այլ անձանցից, լրատվամիջոցներից. նրանցից և ոչ մեկը չնշեց, թե հենց ռազմական ինստիտուտի ներսում գտնվող կուրսանտներից և այլ աշխատակիցներից ում միջոցով ինչ տեղեկություն է ստացել:

Վկա Արամ Սարիբեկյանը պատմեց, որ դեպքի օրը՝ հունվարի 29-ի վաղ առավոտյան, երբ ինքն արթնացել է, ամբաստանյալ Վաչե Սահակյանն արդեն արթուն է եղել, քիչ անց իրենց սենյակ են եկել, իր հիշելով` վկաներ Սամվել Սերոբյանն ու Նարիկ Օհանջանյանը, ովքեր Հայկազ Բարսեղյանի սենյակում են քնելիս եղել, նրանցից մեկը Վաչե Սահակյանին ասել է, որ շուտ գնա, դեպք է պատահել:

Դրանից հետո, ըստ վկայի ցուցմունքի, իրենք գնացել են Հայկազ Բարսեղյանի սենյակ ու տեսել նրա՝ ամբողջությամբ արյունոտված անկողինը: Ապա սենյակում գտնվող կուրսանտ, այսօր հարցաքննված վկա Արայիկ Ավագյանն ուշագնաց է եղել, և Արամ Սարիբեկյանն, ըստ իր ցուցմունքի, նրան տարել է բուժկետ:

Վկան նշեց, որ Վաչե Սահակյանը եղել է իրենց մարտկոցի ավագը և ասաց, որ գուցե այս հանգամանքով պայմանավորված են Հայկազ Բարսեղյանի ննջարանում քնող կուրսանտները գնացել նրան կանչելու:

Ըստ վկայի՝ ինքը Վաչեի կողմից որևէ վատ արարք  չի հիշում:

Սարիբեկյանի խոսքով՝ ինքը, բացի քննիչի պատմածից, սպանության և դրանում ամբաստանյալներ Գնել Թևոսյանի, Վաչե Սահակյանի, Նորիկ Սահակյանի և Մովսես Ազարյանի առնչության վերաբերյալ որոշակի տեղեկություն է ստացել նաև վկա Նորիկ Օհանջանյանի ինչ-որ խոսակցությունից:

Ըստ Սարիբեկյանի՝ ինքը լսել է, որ Օհանջանյանն ինչ-որ մեկին պատմելիս է եղել, որ «մտել են ննջարան ու ծեծել, իսկ ինքը վախեցած է եղել ու չի խոսել»:

«Դրանից հասկացա, որ խոսքը 4 կուրսանտների մասին է»,- ասաց Սարիբեկյանը:

Վկա Արայիկ Ավագյանը, որը, ինչպես արդեն նշեցինք, դեպքի մասին իմանալուց ու Հայկազ Բարսեղյանի արյունոտ անկողինը տեսնելուց հետո ուշագնաց  է եղել, նույնպես նշեց, որ երբ ինքն առավոտյան արթնացել է, Վաչե Սահակյան արդեն արթուն ու հագնված է եղել:

Մինչ այդ վկան Վաչեին տեսել է նաև նախորդ օրը երեկոյան՝ «քուն» հրամանից հետո, սակայն չի կարող ասել՝ Վաչեն սենյակից դուրս եկել է, թե ոչ. ասում է՝ ինքն արագ քնել է և ոչնչից տեղյակ չէ: Այս վկան նշեց նաև, որ դեպքի օրը Վաչե Սահակյանը գունատ է եղել:

Սպանված կուրսանտի հայրը` Արկադի Բարսեղյանը

Վկա Էրիկ Բեգլարյանը ներկայացավ որպես Հայկազ Բարսեղյանի ընկեր: Վերջինս նշեց, որ Հայկազի մոտ վերջին օրերին տրամադրության անկում չի նկատել:

«Հայկազին երևի ոչ ոք տխուր չի տեսել»,- ասաց Էրիկ Բեգլարյանը:

Վերջինս որոշ հանգամանքներ հայտնեց դեպքի առավոտյան Վաչե Սահակյանի պահվածքի վերաբերյալ:

Բեգլարյանը նշեց, որ երբ իրենք եկել են Հայկազ Բարսեղյանի սենյակ, Վաչե Սահակյանը նրա անկողնուց ինչ-որ ռեզակ է  ձեռքը վերցրել, ապա կապիտան Ավետիսյանը նրան հորդորել է տեղը դնել:

Հետագայում, ըստ վկայի, այս հանգամանքն անհանգստացրել է Վաչեին, և վերջինս դասի ժամանակ դասախոսներից մեկին այդ մասին պատմել է ու հետաքրքրվել, թե արդյոք դրա վրա կարող են մատնահետքեր մնացած լինել ու խնդիրներ առաջացնել իր  համար:

Երբ Հայկազի մարմինը գտնվել է կախված վիճակում, Վաչե Սահակյանն, ըստ վկայի, այլ կուրսանտների հորդորել է նրան չմոտենալ:

Ըստ վկայի՝ ինքը հետագայում իմացել է, որ չորս ամբաստանյալները գիշերը խմել են, ապա Հայկազին դուրս կանչել, վերջինս գնացել է, վերադարձել ու նրանց հասցեին հայհոյանք ասել: Դրանից հետո Հայկազ Բարսեղյանի սենյակում քնող կուրսանտներից մեկը սենյակից դուրս է եկել, Հայկազի հայհոյանքի մասին ասել ամբաստանյալներին, վերջիններս էլ եկել են սենյակ ու անկողնու մեջ ծեծել Հայկազին, կտրել նրա երակներն ու որպեսզի արյուն չգա, զինվորական բուշլատը հագցնելով՝ նրան դուրս տարել ու կախել պտտաձողից:

Այս վկան ևս պատմեց Հայկազ Բարսեղյանի և Կարեն Բաղրամյանի միջև վերջինիս ոչ մաքուր պահվածքի և ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կերպով կատարելու համար պարբերաբար առաջացող միջադեպերի մասին՝ նշելով, որ Բաղրամյանն այդ միջադեպերը հարթելու համար դիմում էր Վաչե Սահակյանին:

Բաղրամյանի և Հայկազի միջև հերթական միջադեպը տեղի է ունեցել սպանության նախորդ օրը: Վաչե Սահակյանն, ըստ վկա Բեգլարյանի, դարձյալ միջամտել է, սակայն խոսակցությունը նորմալ ավարտվել է, և վկայի գնահատմամբ՝ դա չէր դառնա սպանության պատճառ:

Նախաքննության ընթացքում տված իր ցուցմունքներում խոսելով սպանության գործով մեղադրյալների մասին՝ վկան նշել է, թե նրանք գերիշխող դիրք էին գրավում, ու միայն ինքը, Հայկազն ու ևս մի քանի կուրսանտ չէին հանդուրժում, որ իրենց հետ կոպիտ վարվեն:

Ըստ վկայի՝ ինքն ու Հայկազը Գնել Թևոսյանին չեն սիրել, քանի որ վերջինս, լինելով ինստիտուտի պետի տեղակալ, գնդապետ Զարմիկ Մարկոսյանի որդին, իրեն բարձր էր դասում մյուսներից:

Նախաքննության ընթացքում վկան նշել է նաև, որ դեպքի առավոտյան Վաչե Սահակյանի միմիկան ու խոսքերը իրար չէին բռնում, բայց դատարանում այդպես էլ չկարողացավ հստակ բացատրել, թե ինչ է նկատի ունեցել:

Վկաների հարցաքննություն ավարտվեց: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter