Կիրակի, 23 սեպտեմբերի

ՀԷՑ-ը 8 միլիոն դրամի հայց է ներկայացրել Արմավիրի մարզպետարանի դեմ



«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը դատական կարգով Արմավիրի մարզպետարանից պահանջում է մոտ 8 միլիոն դրամ, որը գոյացել է չկատարված պարտավորությունների դիմաց: ՀԷՑ-ը գումարի բռնագանձման պահանջով հայցադիմում է ներկայացրել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան, և գործը նախնական քննության փուլում է:

Մարզպետարանի իրավաբանական բաժնի պետ Յուրի Մանվելյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ ընկերության ներկայացրած հայցադիմումից հնարավոր չէ հասկանալ, թե որ ժամանակահատվածում  է գոյացել մարզպետարանի ունեցած պարտքը, սակայն, փետրվարի 1-ի դրությամբ, այն կազմել է 6,5 միլիոն դրամ, որի վրա հաշվարկվել են տույժ տուգանքներ՝ հասնելով 8 միլիոն դրամի:

Յուրի Մանվելյանի խոսքերով՝ կատարվել է ուսումնասիրություն, մարզպետարանը գերածախս չի կատարել, ճիշտ հակառակը՝ խնայողաբար են օգտագործել էլեկտրաէներգիան: Սակայն, իրավաբանական բաժնի պետը տեղյակ չէր, թե ինչ հանգամանքներում է գոյացել պարտքը:

Յուրի Մանվելյանն ասաց, որ մարզպետարանը, բացի իր հիմնական շենքից, ունի համապատասխան շենքեր և´ Բաղրամյանում, և´ Էջմիածնում, որտեղ ևս էլեկտրաէներգիա է օգտագործվում, ուստի դժվարանում է ասել, թե որ շենքի օգտագործած էլեկտրաէներգիայի պարտքի համար է ընկերությունը դիմել դատարան:

Մարզպետարանի պաշտոնյան նշեց, որ կառավարությունը որոշում է կայացրել գումար հատկացնել մարզպետարանի պարտքը փակելու համար: Հաջորդ դատական նիստը հունիսի 27-ին է, եթե կառավարությունը մինչ այդ գումարը փոխանցի, ապա, ամենայն հավանականությամբ, հայցվորը կհրաժարվի հայցից, և գործը կկարճվի:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ