HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Բանկերում ֆիզիկական անձանց ավանդների շուրջ 40%-ը երաշխավորված է

Վերջին մեկ տարում Հայաստանի բանկերում պահվող ավանդների ծավալն աճում է։ Այս տարվա ապրիլի վերջի դրությամբ առևտրային բանկերի ընդհանուր ավանդային պորտֆելը կազմել է 2.434 տրլն դրամ։  

 Տարեսկզբի համեմատ այն աճել է մոտ 21 մլրդ դրամով կամ 0.8%-ով, իսկ 2016 թվականի ապրիլի համեմատ՝ 447 մլրդ դրամով կամ  22.5%-ով։  Այս մասին են վկայում Կենտրոնական բանկի ներկայացրած տվյալները։

Ավանդային պորտֆելում գերակշիռ մասը ռեզիդինետների ավանդներն են։ Հայաստանի քաղաքացիները բանկերին իրենց գումարներն ի պահ տալիս  շարունակում են նախապատվությունը տալ արտարժույթին, մեծամասամբ՝ դոլարին։ Դրանով հաճախորդները ապահովագրում են իրենց դրամ-դոլար փոխարժեքի տատանումների ռիսկերից։  

Ապրիլի վերջի դրությամբ ոչ ռեզիդենտներից ներգրավված ավանդները կազմել են մոտ 617 մլրդ դրամ, որը ընդհանուր ավանդների մեկ քառորդն է։  

Իսկ մնացածը՝ ռեզիդենտների խնայողություններն են։ Դրանք կազմել են 1.817 տրլն դրամ, որի մոտ 60%-ն արտարժույթով է։ Ոչ ռեզիդենտների ավանդների մեծ մասը ևս արտարժույթով են (ավելի քան 70%-ը)։

Վերջին տարիներին ավելացել  են և ռեզիդենտներից, և ոչ ռեզիդենտներից ներգրավված ավանդները։ Ընդ որում ՝ և´ դրամային, և´ արտարժութային։ Արտարժույթային ավանդների աճը կարելի է «կեղծ» համարել, եթե այդ ընթացքում դոլարը դրամի նկատմամբ թանկացել է, այսինքն՝ աճը գրանցվել է փոխարժեքի տատանումների հաշվին, ինչպես եղավ 2015 թվականի սկզբին։  Իսկ 2016  թվականին փոխարժեքի կտրուկ տատանումներ չեն գրանցվել, ինչը նշանակում  է, որ ավանդների իրական աճ է գրանցվել։ Սա, սակայն, չի կարող ինքնին վկայել, որ բնակչության եկամուտներն ու գնողունակությունն աճել է, քանի որ մեր բնակչության ոչ լայն զանգվածն է իր գումարներն ի պահ տալիս բանկերին։

Ինֆոգրաֆիայում ավանդների ընդհանուր ծավալն է և դինամիկան՝ սկսած 2001 թվականից։  Ինչպես նաև՝ ավանդներն ըստ տեսակների (ռեզիդենտներից՝ դրամով և արտարժույթային, ոչ ռեզիդենտներից)։ Թեև ավանդների վիճակագրությունը թարմացվում է  ամեն ամիս և փոփոխությունների ենթարկվում, սակայն ընդհանուր դինամիկան տեսնելու համար  ընտրել ենք ամեն տարվա վերջում գրանցված ցուցանիշները.

ՀՀ առևտրային բանկերի կողմից ներգրավված ավանդների ծավալները (մլրդ ՀՀ դրամ)
Create line charts

  Բանկերի ավանդատու հաճախորդների մեծ մասը հակված է ժամկետային ավանդներին։ Օրինակ՝ ապրիլի վերջի դրությամբ ռեզիդենտների դրամային ավանադների՝  68%-ը, և արտարժույթայինի 75%-ը  ժամկետային են։ Պատճառն այն է, որ ժամկետային ավանդի համար սահմանված տոկոսադրույքն ավելի բարձր է լինում, քան՝ ցպահանջ ավանդի: Բանկերը ժամկետային ավանդների համար ավելի բարձր տոկոսադրույք են առաջարկում, քանի որ ցպահանջ ավանդների  դեպքում պայմանագիրը կնքվում է ավանդն ու տոկոսագումարներն առաջին իսկ պահանջով վերադարձնելու պայմանով, իսկ ժամկետայինի դեպքում՝ միայն որոշակի ժամկետի ավարտից հետո։ Իսկ եթե ժամկետային ավանդ ներդրած հաճախորդը ժամկետից շուտ է իր գումարները ետ վերցնում, սովորաբար, նրան տոկոսագումարներ չեն վճարվում կամ վճարվում են մասնակի։

Ինչո՞վ է զբաղված Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը

Հայաստանում գործում են բազմաթիվ հիմնադրամներ, որոնց մասին  քիչ բան է հայտնի հասարակությանը՝ ֆինանսական ի՞նչ աղբյուրներից են նրանք սնուցվում,  ի՞նչ կազմ ունեն, ո՞ր խմբերի հետ են աշխատում և այլն։ Նրանցից մեկն էլ Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամն է։

2005 թվականին Կենտրոնական բանկի կողմից հիմնադրվեց Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը` որպես շահույթ չհետապնդող իրավաբանական անձ: Սկզբնական շրջանում Հիմնադրամը երաշխավորում էր ֆիզիկական անձանց՝  հայաստանյան առևտրային բանկերում եղած առավելագույնը  2 մլն ՀՀ դրամի ավանդները։  2010 թվականին շեմը կրկնապատկվեց՝ դառնալով 4 մլն դրամ, իսկ 2015թ-ին՝  մինչև 10 մլն դրամ:  Այսօր էլ երաշխավորվող դրամային  ավանդների առավելագույն չափը 10 մլն դրամն է, իսկ արտարժույթային ավանդներինը՝ 5 մլն դրամը։

Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի ֆինանսական աղբյուրը բանկերն են։ Հիմնադրամի հաշվետվություններից մեկում կարդում ենք, որ միջոցները ձևավորվում են ՀՀ առևտրային բանկերի կողմից վճարվող երաշխիքային վճարների գումարներից, դրանց կառավարումից ստացված եկամուտներից, ստացված վարկային միջոցներից:   

Սակայն, թե որքան գումար է մինչև այսօր կուտակվել բանկերի երաշխիքային վճարների արդյունքում, հայտնի չէ։ Հիմնադրամի տնօրեն Հերմինե Հարությունյանը «Հետք»-ին պատասխանեց, որ այդ տվյալները չեն հրապարակվում՝ համաձայն «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի։ Սակայն, ենթադրվում է, որ խոսքը բավականին մեծ գումարի մասին է, քանի որ օրենքով սահմանված է, որ  հիմնադրամին երաշխիքային վճարները կատարում են բոլոր բանկերը (բացառությամբ անվճարունակ բանկերի), իսկ վճարների չափը կազմում է հաշվետու եռամսյակի` տվյալ բանկի ֆիզիկական անձանց, այդ թվում` անհատ ձեռնարկատերերին պատկանող բանկային ավանդների միջին օրական ցուցանիշի 0.05 տոկոսը, բայց ոչ պակաս, քան տարեկան մեկ միլիոն դրամը։

Ֆիզիկական անձանց ավանդների շուրջ 40%-ը երաշխավորված է

Հիմնադրամի տնօրենից տեղեկացանք, որ այս տարվա մարտի վերջի դրությամբ հայաստանյան առևտրային բանկերում ֆիզիկական անձանց երաշխավորված ավանդների ծավալը կազմում է շուրջ 533  մլրդ դրամ։ Երաշխավորված ավանդների կշիռը ֆիզիկական  անձանց ընդհանուր  ավանդների կազմում 39.9%  է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter