HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ասիական զարգացման բանկը փորձագիտական օժանդակություն է տրամադրում կրթական բարեփոխումներին

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Ասիական զարգացման բանկի hայաստանյան  գրասենյակի տնօրեն Շեյն  Ռոզենտալի, բանկի սոցիալական դեպարտամենտի տնօրեն Ռայ Հիրաոկայի, և  կրթության փորձագետ Ջոկո Սարվիի հետ:  ԿԳՆ-ն տեղեկացնում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Ասիական զարգացման բանակի հետ կրթության և գիտության ոլորտում նախատեսված համագործակցության ծրագրերը:

Ողջունելով հյուրերին՝ նախարարն ընդգծել է, որ Հայաստանի կրթության համակարգն այժմ գտնվում է զարգացման կարևոր փուլում. տարիների ընթացքում եվրոպական կրթական չափանիշներով ներդրված ձևաչափը ժամանակին և ազգային ավանդույթներին համահունչ  բովանդակային առաջընթացի և զարգացման անհրաժեշտություն  ունի: Լևոն Մկրտչյանը կարևորել է Ասիական զարգացման բանկի հետ համագործակցությունը, մասնավորապես փորձագիտական օժանդակությունը Կրթության զարգացման պետական ծրագրի և դրանից բխող գործառնական ենթածրագրերի լրամշակման և հանրակրթության կառավարման համակարգի՝ դպրոցական, տարածքային և ազգային մակարդակներում բարելավման ուղղություններով: Նախարարն իր խոսքում անդրադարձել է նախարարության, Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի և Ասիական զարգացման բանկի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությանը,  միաժամանակ ընդգծելով նաև ուսուցիչների պատրաստման և վերապատրաստման հեռանկարային ծրագրի կարևորությունը, որն այժմ քննարկումների փուլ է անցնում:

Ասիական զարգացման բանկի հայաստանյան  գրասենյակի տնօրեն Շեյն  Ռոզենտալն իր հերթին  շեշտելով, արդյունավետ  քաղաքականության իրագործման և դրական արդյունքների ապահովման կարևորությունը, պատրաստակամություն է հայտնել շարունակել քննարկումները վերը նշված հեռանկարային ծրագրի աջակցության  ուղղությամբ:

 Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև համագործակցության շրջանակում տեխնիկական և աշխատանքային մի շարք հարցեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter