HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

8 տասնամյակ լռելուց հետո Ջավախքի Լոմատուրցխ գյուղում եկեղեցու զանգը կրկին ղողանջեց

Տե՛ս նորոգվում են սրբատուր սրբոց,
Եկեղեցիները մեր հին՝ հայոց,
Ու ղողանջում են զանգերը նորից,
Ավերա՛կ Անի, թո՛ղ ցնծա նորից։
Գևորգ Հայասա, ջավախահայ բանաստեղծ

«Մեր տունը գտնվում էր եկեղեցու հարևանությամբ։ Փոքր ժամանակ երեխաներիս հավաքատեղին եկեղեցու բակն էր, որտեղ «ստուգ» (պահմտոցի) էինք խաղում։ Անցան տարիներ։ Երկու տարի առաջ, երբ այցելեցի հայրենի գյուղ, վերածնվեցին իմ մանկության հիշողությունները։ Սակայն եկեղեցու անմխիթար վիճակը ինձ մտածելու տեղիք տվեց»,- պատմում է Սեդրակ Խաչատրյանը։

Լոմատուրցխ գյուղի եկեղեցին մեկն էր Ջավախքի բազմաթիվ այլ եկեղեցիներից, որոնք տարիներ շարունակ չէին գործում որպես սրբավայր և գտնվում էին ոչ բարեկարգ վիճակում։ Հիշյալ եկեղեցին ունի ավելի քան 110 տարվա պատմություն։ Վերջինիս կառուցման աշխատանքները սկսվել են դեռևս 19-րդ դարի վերջերին և ամբողջությամբ ավարտվել 1906 թվականին։ Հենց նույն տարում էլ եկեղեցին օծվել է։ Այն կրում է գյուղի նախկին՝ փայտաշեն եկեղեցու անունը՝ Սուրբ Փրկիչ։ 1935 թվականից եկեղեցին վերածվում է կոլտնտեսության պահեստի, իսկ 1980-ական թվականներին ծառայում էր որպես հարսանքատուն, այնուհետև մատնվել է անուշադրության։

«Այսօր բազմաթիվ սրբավայրեր՝ վանքեր ու եկեղեցիներ, որոնք աստվածամերժության տարիներից մնացել են աղոթազուրկ ու անխնամ, փլուզվում և ավերակ են դառնում հոգածության բացակայության պատճառով։ Այդպես կլիներ նաև մեր եկեղեցու ճակատագիրը, եթե 2016 թվականին գյուղի արժանավոր զավակներ, բարերարներ՝ Սեդրակ և Արթուր Խաչատրյանների կողմից չնախաձեռնվեր հնամենի եկեղեցու վերանորոգումը։ Ութ տասնամյակ իր բուն նշանակությունը կորցրած այս հոգևոր տունը կրկին նոր շունչ ու ոգի է առնում»,- հունիսի 11-ին Սուրբ Փրկիչ եկեղեցու վերաօծման հանդիսավոր արարողության ժամանակ նշեց Լոմատուրցխի հանրային դպրոցի տնօրեն Հովհաննես Շորաղյանը:

Սբ. Փրկիչ եկեղեցու վերաօծման արարողությունը կատարվեց Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ձեռամբ, Սամցխե-Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանի մասնակցությամբ:

Եկեղեցու «բացումը» իսկական տոն էր լոմատուրցխեցիների համար նաև այլ առումներով։ Այդ օրը միավորել էր նաև տարբեր երկրներից, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնությունից և Հայաստանի Հանրապետությունից վերադարձած համագյուղացիներին, ովքեր տարիներ ի վեր չէին այցելել ծննդավայր։

Ծիսակատարություն-տոնակատարությանը ներկա էին Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը, նախկին պատգամավոր Սամվել Պետրոսյանը, Ախալքալաքի վարչության ղեկավար Էդուարդ Աղասարյանը, շրջանային ժողովի նախագահ Համլետ Մովսիսյանը և այլ պաշտոնատար անձինք։ Համլետ Մովսիսյանը շնորհակալություն հայտնեց բոլոր այն մարդկանց, որոնց շնորհիվ Լոմատուրցխում և, ընդհանրապես, Ջավախքում զարգանում է մշակութային, կրթական, հոգևոր կյանքը․ «Վերջին տարիների ընթացքում Ջավախք լեռնաշխարհի տարբեր գյուղերում մեր բարեգործների միջոցով երեք տասնյակից ավելի եկեղեցիներ են վերանորոգվել և վերաօծվել։ Սա նշանակում է, որ Ջավախքում կյանքը շարունակվում է»։

Վերաօծման արարողությանը հաջորդեցին գյուղի հանրային դպրոցի սաների կողմից կազմակերպված համերգային ծրագիրը, այդուհետ՝ հյուրասիրությունը։

Արմինե Բերակչյան
Ջավախք

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter