HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարկտահարությունից առավելապես տուժել են Արմավիրի 8 համայնքներ

Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանն այսօր վաղ առավոտյան մեկնել է Արմավիրի մարզ՝ նախօրեին տեղացած կարկուտի վնասները դիտարկելու նպատակով: Գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ` փոխնախարարը Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ շրջել է մարզի մի շարք համայնքներում, հանդիպել գյուղացիների հետ: 

Նախարարության ներկայացուցիչների դիտարկումների արդյունքներով՝ կարկտահարությունից առավելապես տուժել են Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջանի թվով 7 համայնքներ՝ Մրգաստան, Այգեշատ, Դաշտ, Դողս, Ամբերդ, Շահումյան, Արագած և Բաղրամյանի տարածաշրջանի Արգինա համայնքը: Վնասի չափը նշված համայնքներում հիմնականում տատանվում է 40-90 տոկոսի սահմաններում, առանձին տնտեսություններում մինչև 100 տոկոս վնասվածություն է գրանցվել:

«Օպերատիվ տվյալներով՝ երեկ տեղացած կարկուտը թեթև վնասներ է հասցրել նաև Շիրակի մարզում: Հակակարկտային կայանները ինտենսիվ աշխատել են, ինչի շնորհիվ հնարավոր է եղել խուսափել վնասներից Արագածոտնի մարզի հարակից համայնքներում, ինչպես նաև Արմավիրի մյուս հատվածներում, այլապես վնասները շատ ավելի մեծ կլինեին», - իր խոսքում նշել է Աշոտ Հարությունյանը:

Փոխնախարարի խոսքով՝ տեղերում ստեղծվել են համայնքային հանձնաժողովներ, որոնց հանձնարարվել է սեղմ ժամկետներում ակտերը ներկայացնել մարզպետարան, որն էլ տվյալները կամփոփի և կուղարկի հանրապետական հանձնաժողով՝ կառավարության քննարկմանը ներկայացնելու նպատակով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter