HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ընդլայնված ճանապարհաշինական բիզնես, որ Հայաստանից հասել է Ջավախք

ՀՀ Ազգային ժողովի նախորդ գումարման պատգամավոր Վոլոդյա Բադալյանի (Վոլոդյա Բադալյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խնամին է) եղբոր՝ Գագիկ Բադալյանի որդին մուտք է գործել վրացական ճանապարհաշինական բիզնես միջավայր և գործունեություն սկսել այնտեղ: Այս օրերին նրա հիմնադրած ընկերության մասնաճյուղը Վրաստանում վերանորոգում է Ջավախքի ճանապարհներից մեկը՝ Ախալքալաքի շրջանի Արագվա և Կոթելիա գյուղերը կապող 6,5 կմ երկարությամբ հատվածը:

Հայաստանում գրանցված «Ա.Ա.Բ.պրոեկտ» ՍՊԸ-ի հիմնադիր և բաժնետեր Արմեն Բադալյանը, ով Գագիկ Բադալյանի որդին է, Վրաստանում 2010թ.-ին հիմնադրել է «Ա.Ա.Բ.պրոեկտ»-ի վրաստանյան մասնաճյուղը:  

Վրաստանի ընկերությունների գրանցման պետական ռեգիստրից մեր ձեռք բերած փաստաթղթերի համաձայն՝ Արմեն Բադալյանը լիազոր է ՀՀ քաղաքացի Բաբկեն Ավետիսյանին ներկայացնել «Ա.Ա.Բ.պրոեկտ» ՍՊԸ-ի շահերը Վրաստանի բոլոր հիմնարկ կազմակերպություններում, հանրային ռեեստրում, մասնավոր կառույցներում՝ ընկերության մասնաճյուղի բացման ու գրանցման նպատակով: Բաբկեն Ավետիսյանը նաև ընկերության տնօրեն է նշանակվել:

Հայկական ընկերության վրաստանյան մասնճյուղը մասնակցել է Վրաստանում հայտարարված էլեկտրոնային մրցույթին և շահել Արագվա գյուղի նշված ճանապարհահատվածի շինարարությունը:

Լուսանկարը՝ Բաբկեն  Ավետիսյանի ֆեյսբուքյան
էջից

Բաբկեն Ավետիսյանը «Հետքի» հետ զրույցում պատմեց, որ սա իրենց իրականացրած նախագծերից առաջինը չէ: Հայաստանյան ընկերության ընդլայնումը նպաստել է, որպեսզի ընկերությունը մտածի նաև այլ երկրներներ դուրս գալու և հայտարարված միջազգային տենդերներին մասնակցելու մասին: «Ա.Ա.Բ.պրոեկտ»-ի մասնաճյուղը Վրաստանում հիմնադրվելուց հետո նաև շահել էր Բոլնիսում ճանապարհաշինություն իրականացնելու տենդեր:

Հայաստանում գրանցված «Ա.Ա.Բ.պրոեկտ» ՍՊԸ-ն ի սկզբանե ճանապարհաշինություն իրականացնող ընկերություն էր, որը հետագայում ընդլայնել է իր հետաքրքրությունների շրջանակները բիզնեսի տարբեր ոլորտներում: Հիշեցնենք՝ ընկերությունը շահագործում է նաև Արամուսի բազալտի բացահանքը, որին «Հետքն» անդրադարձել է երկու տարի առաջ:

«Արտոնությունների հարց չկա: Վրաստանում հարկատեսակներն են փոքր-ինչ այլ, քան Հայաստանում: Օրինակ՝ շահութահարկն այնտեղ ավելի քիչ է՝ 15 տոկոս է, բայց այդ առումով չէ…Շինարարական ընկերություն է, որպեսզի մեր աշխատակիցները պարապ չմնան, 2010 թվականին Հայաստանում բավականին քիչ էր աշխատանքը, գնացինք այնտեղ, մի նախագիծ վերցրեցինք, արեցինք ու հետ եկանք: Հիմա նույնպես Ախալքալաքում նախագիծ եղավ, այստեղ էլ աշխատանքները քիչ էին, գնում ենք հիմա այնտեղ վերջացնենք, էլի հետ ենք գալու՝ այստեղ էլ գործեր ունենք անելու»,- իրենց մուտքը Վրաստան այսպես ներկայացրեց Բաբկեն Ավետիսյանը: 

Տնօրենը պատմեց, որ իրենք համապատասխանել են հայտարարված տենդերի չափանիշներին և որոշել են դիմել: Արագվա-Կոթելիա ճանապարհահատվածի համար հայտարարված լոտի վրա 4 դիմորդ է եղել, և էլեկտրոնային մրցույթում հաղթել է «Ա.Ա.Բ.պրոեկտ»-ի վրաստանյան մասնաճյուղը:

Ճանապարհի բարեկարգման աշխատանքները սկսվել են դեռևս անցյալ տարվա ամառվանից, այս տարվա ընթացքում իրականացվելու են ասֆալտապատման աշխատանքներ: Տնօրեն Ավետիսյանը համոզված է, որ նախատեսված ժամկետների մեջ կավարտվեն բոլոր աշխատանքները: Միակ դժվարությունը Ջավախքում եղանակային պայմաններն են, որոնք խոչընդոտում են ճանապարհաշինությանը: Հոկտեմբերից այլևս որևէ շինաշխատանք հնարավոր չէ իրականացնել, քանի որ այդ ամսից սկսվում է ձմեռը:  

Շինարարական աշխատանքներին, ՀՀ-ից տեղափոխված աշխատակիցներից բացի, տեղացիները ևս ընդգրկվում են: Տնօրենի խոսքով, մենեջերները կամ հատուկենտ հմտացած տեխնիկավարներ Հայաստանից են գնում, մնացած աշխատուժը տեղի բնակիչներն են: Լինում են դեպքեր, երբ որևէ անհրաժեշտ տեխնիկա են վարձակալում իր վարորդի հետ հենց տեղում: Աշխատանքների համար հումքը ևս հիմնականում տեղական մատակարարներից են ձեռք բերում:

Բաբկեն Ավետիսյանի տեղեկություններով` Արագվայի հարևան Կոթելիա գյուղից սկսած ևս 5 կմ-ի համար պետք է տենդեր հայտարարվի, սակայն թե երբ է այն հայտարարվելու, կամ ով է մասնակցելու մրցույթին, դեռևս հայտնի չէ:

80 կմ երկարություն ունեցող Ախալքալաք-Բակուրիան-Բորժոմ մայրուղու շուրջ կեսն է նորոգված: Մնացյալ կեսը (Արագվա-Լոմատուրցխ-Ղադո-Բակուրիան) գրունտային է, մասամբ սարերի միջով է անցնում և խիստ անբարեկարգ է: Դրան զուգահեռ սարերի միջով անցնող հատվածը ձմռան ամիսներին փակվում է և որևէ կառույցի կողմից չի սպասարկվում:

Ախալքալաքից Բորժոմ 120 կմ է, եթե Ախալցխա տանող բարեկարգ ճանապարհով են տեղացիները գնում: Ախալքալաք-Բակուրիան ճանապարհի նորոգումը 40 կմ-ով կկրճատի Ախալքալաք-Բորժոմ երթուղին:

Ախալքալաք-Բակուրիան ճանապարհը բարեկարգելու մասին խոսակցությունները վերջին շրջանում ակտիվացել են: Հունիսի 10-ին Ջավախք էր այցելել Վրաստանի ավտոճանապարհային դեպարտամենտի նախագահ Գիորգի Սաթուրիձեն, ով հայտնել էր, որ Ջավախքում մի քանի ուղղություններով ճանապարհաշինական աշխատանքներ են ընթանում: Բացի Արագվա-Կոթելիա հատվածից, վերանորոգվում է նաև Գումբուրդո գյուղ տանող 10 կմ-անոց ճանապարհահատվածը: 

Գիորգի Սաթուրիձեն նշել է, որ հաջորդ տարի փորձելու են Գումբուրդոյից Վարձիա հասցնող հատվածը նորոգել, որպեսզի ամբողջացնեն տուրիստական ուղին, և այս հարցը կառաջադրվի ղեկավարությանը:

«Բացի դրանից, կառավարության առջև մենք ուզում ենք դնել Նինոծմինդա-Հայաստանի սահման հատվածի հրատապ կերպով վերանորոգման հարցը»,-ասել է  Գիորգի Սաթուրիձեն:

Առաջին լուսանկարը՝ Գայանե Մելքոնյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter