Կիրակի, 23 սեպտեմբերի

Արագած գյուղում հաշվում են կարկուտի պատճառած վնասի չափը


Գրիշա Բալասանյան

Առավոտ կանուխ մի խումբ գյուղացիներ հավաքվել էին Արմավիրի մարզի Արագած գյուղի համայնքապետարանի շենքի դիմաց և քննարկում էին երեկ երեկոյան տեղացած կարկուտի պատճառած վնասները: Այդ ընթացքում համայնքապետարանի աշխատակիցները շրջում էին դաշտերով` վնասները հաշվելու:

Համայանքապետարանի առաջ տխուր կանգնած էր նաև արագածցի Էդիկ Եղիազարյանը: Նա պատմեց, որ 1 հա հող է մշակում՝ կաղամբի, ելակի, կարտոֆիլի, լոբու մշակաբույսերով: Տեղացած կարկուտը վնասել էր 2500քմ մակերես զբաղեցնող կաղամբի բերքն ու ելակը:  Նա մեզ ուղեկցեց իր հողամաս, որպեսզի «մեր աչքով տեսնենք վնասը»:

«Մի քիչ հասցրել կաղամբը վաճառել էի, երեկ կլիենտի հետ պայմանավորվել էի, բանվորների հետ խոսել էի, որ այսօր 5 տոննա կաղամբ քաղենք ու հանձնենք, բայց չհասցրեցինք: Կարկուտն ընենց ա վնասել, որ վարդի պես կաղամբը բացվել ա: Արդեն հանձնելու ապրանք չունեմ»,-ասում է Էդիկը: Կաղամբի 1 կիլոգրամը հանձնելու էր 150 դրամով, սակայն 5 րոպեում զրկվեց ոչ միայն 750 հազար դրամից, այլև բերքի զգալի մասից: Էդիկ Եղիազարյանի խոսքերով՝  հասցրել էին հավաքել միայն բերքի 30%-ը, մնացածը դաշտում էր:

Նա պատմեց, որ այսօրվա դրությամբ 4 մլն դրամ գյուղատնտեսական վարկ ունի: Վարկի մի մասը վերցրել էր 2 տարի առաջ, սակայն անցյալ տարվա կարկուտն ամբողջությամբ ոչնչացրել էր բերքը՝ հատիկ լոբին ու կաղամբը: Քանի որ չի կարողացել վարկը մարել, դիմել է վերավարկավորման խնդրանքով: Այս տարի պատմությունը կրկնվում է, դարձյալ վնասներ է կրում:

«Պետության կողմից գյուղացուն աջակցություն չկա, մենք անտեսված մարդիկ ենք: Անցյալ տարի մարզպետը, գյուղնախարարը եկան, իրենց աչքով սաղ տեսան, բայց ոչ մի աջակցություն: Բա մարդը ամբողջ տարի տանջվի, վարկեր կուտակի, ցանկանա, որ արդյունքի հասնի ու վերջում այս վիճակը: Բանկն էլ հո մեր մասին չի մտածում, իր շատ պետքն ա՝ ես բերք ստացել եմ, թե չէ»,-ասում է Էդիկը:

Նա իր օրինակով նշեց, որ բանկերն այսօր գյուղացու դեմ են աշխատում: Պատմեց, որ ունեցել է սուբսիդավորված վարկ: Այն եղել է 14%-ով, որից 6%-ը ֆինանսավորել է կառավարությունը, իսկ 8%-ը վճարել է ինքը:

«Անցյալ տարի, որ կարկուտը բերքը 100%-ով ոչնչացրեց, չկարողացա վարկը փակեմ: Իմ սուբսիդավորված վարկը՝ մոտ 900 հազար դրամ, «Ակբա» բանկը վերավարկավորեց արդեն 24%-ով: Ես էլ թղթերը բերեցի տուն միամիտ տեսա, որ 24% են դարձրել: Այ ձեր ցավը տանեմ, ես 8% չկարողացա փակեմ, 24%-ը ո՞նց եմ տալու»,-ասում է Էդիկ Եղիազարյանը՝ հավելելով, որ վերավարկավորման դիմումը շուտ էր ներկայացրել, բայց բանկը սպասել է այնքան, մինչև ունեցել է ժամկետանց պարտավորություն, դրանից հետո նոր միայն վերավարկավորել է բարձր տոկոսադրույքով:

Զրույցը դեռ չէինք ավարտել, երբ հարևան հողամասից, ցեխոտ կոշիկները հազիվ քարշ տալով, մոտեցավ Էդիկի համագյուղացի Գարսևան Հակոբյանը:

Նա պատմեց, որ ռեհան էր սածիլել, կաղամբ, մշակում էր լոբի: Այսօր առավոտ շուտ եկել է հողամաս և ականատես եղել տխուր պատկերի. բերքի 80%-ը վնասվել է, իսկ 20%-ն էլ վաճառքի ենթակա չէ:

Գարսևանն իր ընտանիքով և բանվորների օգնությամբ մշակում է 1 հա 3000քմ հողատարածք: Նա նույնպես վարկեր ունի, և այս պահին նրա մտածմունքը վարկերը փակելն է: Ասում է՝ նոր վարկ վերցնելու հույս չկա, քանի որ բանկերն այլևս չեն վարկավորի: Նշեց, որ գյուղում բոլորն են վարկերի տակ՝ 90%-ից ավելին:

«Այսօր գյուղացին դարձել է ավելորդ օրգան, ոչ մեկին պետք չէ»,-ասում է Գարսևան Հակոբյանը և գլուխը կախ հեռանում:

Արագածի համայնքապետ Աշոտ Կամավոսյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ կարկուտը վնասել է գյուղի կաղամբի, ելակի, վարունգի, լոլիկի, լոբու ցանքատարածությունները: Ինչ վերաբերում է պտղին, ապա զգալի մասը կարկուտի հարվածներից թափվել է ծառերի տակ, իսկ մնացածն այլևս ապրանքային տեսք չունի և դժվար թե վաճառվի:

Աշոտ Կամավոսյանն ասաց, որ համայնքապետարանի աշխատակիցները ուսումնասիրություններ են կատարում վնասի չափը պարզելու ուղղությամբ: Արագածում մշակովի հողատարածքը մոտ 300 հեկտար է:

«Իմ կարծիքն եմ ասում, եթե գյուղում հակակարկտային կայանները չաշխատեին, լրիվ բերքը կավիրվեր: Ուժեղ կարկուտ էր, մասնակի են օգնել հակակարկտային կայանները»,-ասաց Ա. Կամավոսյանը:

Նախորդ տարի Արագած գյուղը ևս տուժել էր ուժեղ կարկտահարությունից, այն ժամանակ՝ 100%-ով: Համայնքապետը տեղեկացրեց, որ նախորդ տարի կառավարությունը փոխհատուցել է միայն գյուղացու ոռոգման ջրի դիմաց:

«Մոտ 10 մլն հողի վարձավճարի ապառք ունենք նախորդ տարվա կարկտահարության հետևանքով: Ամեն տարի մենք 100%-ով կատարել ենք պլանը, բայց անցյալ տարի 28% է եղել, գյուղացին գումար չուներ: Այս տարվա պլանը այսօրվա դրությամբ կատարել ենք 190%-ով, բայց պարզ է, որ կարկուտից հետո դարձյալ կանգնելու է, մարդիկ չեն կարողանա վճարել»,-ավելացրեց Աշոտ Կամավոսյանը:

«Հետք»-ն անդրադարձել էր նաև նախորդ տարվա կարկտահարությանը: Պարզվեց, որ անցյալ տարի ջրի երեսին հայտնված ձմերուկի տերն այս տարի նույն տարածքում նորից ձմերուկ է ցանել: Բույսը դեռ բերք չի տվել, սակայն կարկուտը դարձյալ լուրջ վնաս է հասցրել ձմերուկի ցանքատարածությանը:

Նույն տարածքում կարկուտի պատճառած վնասները 2016 և 2017 թվականներին

Գյուղացիներն ակնկալում էին կառավարության աջակցությունը, թեև իրենց խոսքերի վրա ծիծաղում էին. «Երբ են մեզ աջակցել, որ հիմա աջակցեն»:


Գլխավոր էջ

Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։