HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Համայնքները խոշորացնելու Կառավարության անհաջողության հիմնական պատճառը` պահանջը ներքեւում չի ձեւավորվել

Հունիսի 8-ին Ազգային ժողովը 57 կողմ, 23 դեմ, 0 ձեռնպահ արդյունքով առաջին ընթերցմամբ ընդունեց Հայաստանում վարչատարածքային բաժանում իրականացնելու կամ, այլ կերպ ասած, կառավարության ներկայացրած խոշորացվող համայնքների նոր փաթեթը: Նախագծին դեմ է քվեարկել միայն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, իսկ «Ելք» դաշինքն իր վերաբերմունքն արտահայտել է չքվեարկելով («Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ խմբակցությունը չի մասնակցի քվեարկությանը): Այսպիսով, այս նախագծի վերաբերյալ խորհրդարան անցած քաղաքական ուժերն ու դաշինքները ցուցաբերեցին նույն վերաբերմունքը, որը հանդես էին բերել նախընտրական քարոզչության ժամանակ:

Ներկայացված նախագծով միավորվելու են տարբեր մարզերի թվով 328 բնակավայրեր, որի արդյունքում ձեւավորվելու է 34 համայնք: Նախագիծը նախնական քննարկվել է ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում՝ պատգամավորների, համայնքների ղեկավարների, Կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ: Բնակչությունը, որի անմիջական շահերին է առնչվում այս որոշումը, դուրս է մղված գործընթացից:

Սահմանադրական վերջին փոփոխությունից հետո վարչատարածքային բաժանում կատարելու համար անհրաժեշտ չէ հանրաքվե իրականացնել: Հիշեցնենք, որ համայնքների խոշորացման առաջին փուլում, երբ ձեւավորվում էին Տաթեւ, Թումանյան եւ Դիլիջան համայնքները, բնակչության կարծիքին ծանոթանալու համար տեղական հանրաքվե անցկացվեց, չնայած արդյունքները դարձյալ պարտադրող չէին Կառավարության համար:

Համայնքների խոշորացման վերաբերյալ «վերեւի» եւ «ներքեւի» տեսակետները խիստ տարբեր են. վերեւները` հանձին տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության (ՏԿԶՆ), բոլոր լսարաններում ընդգծում են խոշորացման արդյունքում արդյունավետ կառավարում ունենալու հանգամանքը: Ներքեւների` բնակչության ըմբոստությունը կառավարության պարտադրանքի դեմ է` «խոշորացումը բռնի են անում»:

Կառավարության անհաջողության հիմնական պատճառն այն է, որ պահանջը ներքեւում չի ձեւավորվել: Այս պարագայում ճի՞շտ էր, արդյոք, բնակիչներին գործընթացից դուրս մղելը, կարծիքները չլսելը, մտահոգությունները չցրելը: Խոշորացվող համայնքների բնակիչներն իրենց կարծիքը հնչեցնելու ուղիներ են որոնում, եւ միակ  հնարավորությունը լրատվամիջոցներով արտահայտելն է: Շիրակի մարզի Ջրառատ գյուղի բնակիչներն, այնուամենայնիվ, իրենց դիրքորոշումը որոշել են արտահայտել հանրաքվեի միջոցով: Ասում են` բոլոր ջանքերը կներդնեն, որպեսզի գյուղը չմիավորվի:

Երկու տարի է, ինչ կառավարությունը սկսել է համայնքների վարչատարածքային նոր բաժանումը, սակայն խոշորացվող համայնքների ամեն փուլի հետ բնակիչներն ընդվզում են: Պատճառները տարբեր են՝ ավագներն օրինակները բերում են անցյալից, երբ Խորհրդային միության շրջանում հերթական բարեփոխման հետեւանքով բարձրլեռնային համայնքներից բնակչությանը վերաբնակեցրել են դաշտավայրային գյուղերում: Տեղահանվելուց հետո բնակիչներն իրենք են ընտրել իրենց բնակության վայրը, եւ համայնքը որպես այդպիսին դադարել է գոյություն ունենալ:

Մեկ այլ ոչ հուսադրող օրինակ է այն, որ մինչ այս խոշորացումը կային համայնքներ, որում մի քանի բնակավայր էր միավորված: Ալավերդի քաղաքի հետ միավորվել է Ակներ գյուղը, Սեւանի հետ` Գագարինավանը, Գոմաձոր ու Ցամաքաբերդ գյուղերը, Սյունիքի մարզի Լեռնաձոր համայնքի վարչական տարածքում ընդգրկված են Լեռնաձոր, Մուսալամ, Կավճուտ, Փուխրուտ, Կաթնառատ գյուղերը եւ այլն։ Ամեն մարզում այդպիսի մի քանի օրինակ կա, եւ բոլորի համար տեսանելի է այս համայնքների սարսափելի խղճուկ վիճակը, որոնց օրինակով էլ նրանք պատկերացնում են խոշորացվող գյուղի ապագան:

Ընդդիմացողների մյուս խումբն էլ բարեբախտություն է ունեցել աշխատող, գործունյա համայնքի ղեկավար ունենալ, եւ մտավախություն ունեն, որ այն, ինչին հասել են համատեղ ջանքերով, միավորվելուց հետո երկրորդվելու է ընդհանուրի շահին:

Շիրակի մարզի Բասեն համայնքը լավագույն կառավարման օրինակ է: Համարձակ մտահղացումների, նորարությունների հաջող կիրառման եւ համայնքի ղեկավարի համար չափազանց կարեւոր մի շարք այլ հատկանիշների շնորհիվ համայնքի ղեկավար Համլետ Պետրոսյանին հաջողվել է մի քանի հարյուր գյուղական համայնքների մեջ հնչեղ դարձնել Բասենի անունը: Բասենը միավորվելու է Ախուրյան, Այգաբաց, Արեւիկ, Կամո, Կառնուտ, Հովիտ, Ջրառատ համայնքների հետ: Նա պետք է սպասի, թե երբ են ընդհանուր բյուջեից իրեն հատկացնում անելու, եւ հատկացնելու դեպքում արդյոք բավարար չափով կֆինանսավորեն, որպեսզի կարողանա իրականություն դարձնել իր մտահղացումները:

Կան նաեւ համայնքներ, որոնք կարողացել էին միավորել երկրից դուրս գտնվող բնակիչներին, ստեղծել հիմնադրամներ, որոնք զգալի ֆինանսական աջակցություն են ցուցաբերում իրենց ծննդավայրին: Այս դեպքում չի՞ մարելու, արդյոք, նրանց հետաքրքրությունը: Ի վերջո, միջազգային կազմակերպությունների աջակցությունը, որն այսօր խոստացվում ու ցուցաբերվում է համայնքներին, ժամանակավոր բնույթ է կրում:

ՏԿԶ նախարարության կայքէջում ներկայացված են խոշորացված 18 համայնքների համեմատական ցուցանիշները: Նոր միավորվող համայնքներին կարելի էր ցույց տալ եւ համոզել այն հաջողությունների ու ձեռքբերումների մեջ, որոնք գրանցվել են խոշորացված համայնքներում: Խոսքը կարճ ժամանակի մասին է, եւ շատ բան հնարավոր չէ ասել հաջողությունների մասին, սակայն ինչ-որ բան հնարավոր է:

Նախարարությունը ներկայացնում է խոշորացված համայնքների բյուջեի համեմատականը սեփական եկամուտների հավաքագրման առումով` մինչեւ խոշորացումը եւ դրանից հետո: Տարբերությունը մեծ չէ, բայցեւայնպես ցուցանիշ է կառավարման որակը գնահատելու համար: Հարկահավաքման ցուցանիշները ներկայացված չեն ըստ բնակավայրերի, մինչդեռ պետք է մանրամասնել, թե բնակավայրերից յուրաքանչյուրը սեփական եկամուտները հավաքագրելու, ավելացնելու ինչ ցուցանիշ է գրանցել, բոլո՞ր բնակավայրերն են հարկման ճիշտ քաղաքականություն իրականացնում, բոլո՞ր հարկատուներն են հավասարապես հարկվում եւ այլն: Չէ՞ որ արդեն մեկ միասնական բյուջե է, որից պետք է մասհանում կատարվի բոլոր համայնքներին, ուստի սոցիալական արդարությունը պահպանելու, հավասար հնարավորություններ ստեղծելու տեսանկյունից թափանցիկ կառավարումը միանշանակ պետք է ապահովվի:

Լավ կառավարման երկրորդ ցուցանիշը կարող էր լինել բնակչության թվաքանակի համեմատականը խոշորացումից հետո` ավելացե՞լ է բնակչության քանակը այդ բնակավայրերում, թե` պակասել: Սրանք շատ ավելի շահագրգռող միջոց են խոշորացնելու առավելությունները մյուսներին ցույց տալու եւ համոզիչ դարձնելու առումով, քան այդ թեմայով ամենաբարձր ամբիոնից հնչեցրած ցանկացած տեսական ելույթ կամ խոստում:

Լուսանկարը` ՏԿԶ նախարարության կայքից

Մեկնաբանություններ (1)

Ահա որտեղ է շան գլուխը
//Ի վերջո, միջազգային կազմակերպությունների աջակցությունը, որն այսօր խոստացվում ու ցուցաբերվում է համայնքներին, ժամանակավոր բնույթ է կրում:// Ահա եւ շան գլուխը - էտ կոպեկները ոնց մեջ մեջ անեն հարյուրավոր քրջոտ գյուղապետերի հետ? Չե որ փող բաժանող չինովնիկներն էլ իրենց փայն են հետ ուզում? Օրինակ, վարչապետ տիկոյի ժամանակ 28 մլն դոլլարի դիմաց մի քանի գյուղացու դաս էին տվել .... թե կովը ոնց կթեն! Գետինը մտնեն թալանչիները, որոնք իրենց մորն են պատրաստ ծախելու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter