HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատարան մտնելիս փաստաբանը չի կարող խուզարկության ենթարկվել. փաստաբանների պալատի դիրքորոշումը

Փաստաբանների պալատը դատարաններում փաստաբաններին զննության ենթարկելու դեպքերի մասին հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք նույնությամբ.

«ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում և ՀՀ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում փաստաբաններին զննելու հետ կապված միջադեպերի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը հարկ է համարում ներկայացնել հետևյալ դիրքորոշումը՝

1. Կարո՞ղ է արդյոք դատարանի վարչական շենք մուտք գործելիս փաստաբանը կամ փաստաբանի իրը զննության ենթարկվել:

Հայաստանի Հանրապետությունում արդարադատություն իրականացնող մարմինը դատարանն է:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի՝ Փաստաբանի մասնագիտական գործունեության ազատության մասին 25.10.2000թ. №Rec(2000)21 հանձնարարականի III սկզբունքի 4-րդ կետի համաձայն՝ փաստաբանները պետք է հարգեն դատական իշխանությանը և իրենց պարտականությունները դատարանի առջև իրականացնեն այն ձևով, որպեսզի այն համապատասխանի ներքին իրավական և այլ կանոններին և մասնագիտական չափանիշներին (ստանդարտներին): Իրենց մասնագիտական պարտականությունների կատարումից փաստաբանների ցանկացած շեղումը պետք է արվի այնպիսի ձևով, որպեսզի խուսափեն վստահորդների և իրենց ծառայությունների կարիքն ունեցող այլ անձանց շահերին վնաս պատճառելուց:

ՀՀ դատական օրենսգրքի 213-րդ հոդվածի համաձայն, դատարանում դատավորի, դատավարության մասնակիցների, դատական ծառայողների և այլ անձանց կյանքի, առողջության և արժանապատվության, իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը և դատարանի տարածքի պահպանումը հանցավոր և հակաիրավական այլ ոտնձգություններից ապահովում է դատական կարգադրիչը: 

ՀՀ դատական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ դատական կարգադրիչն իր գործառույթներն իրականացնելու նպատակով իրավունք ունի զննության ենթարկելու դատարան կամ դատական նիստերի դահլիճ մուտք գործող անձանց և նրանց իրերը:

Վերը նշված նորմերից հետևում է, որ դատարանի վարչական շենք մուտք գործելիս փաստաբանը և փաստաբանի իրը կարող է զննության ենթարկվել:

2. Կարելի՞ է արդյոք փաստաբանին կամ փաստաբանի իրը զննության ենթարկելիս խտրական մոտեցում ցուցաբերել:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի՝ Փաստաբանի մասնագիտական գործունեության ազատության մասին 25.10.2000թ. №Rec(2000)21 հանձնարարականի 1-ին սկզբունքի 1-ին կետի համաձայն՝ հարկավոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի հարգվի, պաշտպանվի և խթանվի փաստաբանի մասնագիտական գործունեության ազատությունը առանց խտրականության և իշխանությունների կամ հասարակության կողմից անիրավաչափ միջամտության, հատկապես Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի համապատասխան դրույթների լույսի ներքո:

Նույն սկզբունքի 4-րդ կետի համաձայն՝ փաստաբանները չպետք է տուժեն հետևանքներից կամ ենթարկվեն ցանկացած պատժամիջոցների կամ ճնշումների վտանգի, երբ գործում են իրենց մասնագիտական չափանիշներին համապատասխան:

ՄԱԿ-ի կողմից 1990թ. ընդունված Փաստաբանների դերին վերաբերող հիմնարար սկզբունքներ-ի 16-րդ կետի ա ենթակետի համաձայն՝ կառավարություններն ապահովում են, որպեսզի փաստաբանները կարողանան իրենց մասնագիտական բոլոր պարտականությունները կատարել սպառնալիքներից, խոչընդոտներից, ահաբեկումից կամ անարդարացի միջամտությունից զերծ մթնոլորտում:

ՀՀ դատական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով դատական կարգադրիչին տրված է իրավունք զննության ենթարկելու դատարան կամ դատական նիստերի դահլիճ մուտք գործող ցանկացած անձի:

Այս պարագայում, երբ դատական կարգադրիչը տարբերակված մոտեցում է ցուցաբերում փաստաբանի նկատմամբ, այսինքն՝ նրան հրապարակային կարգով զննության է ենթարկում, իսկ փաստաբանի դատավարական մրցակցին՝ մեղադրողին զննության չի ենթարկում, ապա խախտվում է փաստաբանի՝ վերոհիշյալ կանոններով երաշխավորված առանց խտրականության և առանց ճնշումների մասնագիտական գործունեություն իրականացնելու ազատությունը:

Նման տարբերակված մոտեցման փաստ արձանագրվելու դեպքում փաստաբանների՝  զննության չենթարկվելու դիրքորոշումն իրավաչափ է:

Վերը նշվածից հետևում է, որ  անթույլատրելի է փաստաբանին կամ փաստաբանի իրը զննության ենթարկելիս խտրական մոտեցում ցուցաբերել:

3. Կարո՞ղ է արդյոք դատարանի վարչական շենք մուտք գործելիս փաստաբանը խուզարկվել:

Փաստաբանության մասին ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ …չի թույլատրվում փաստաբանին խուզարկել իր մասնագիտական պարտականություններն անմիջականորեն կատարելիս:

Դատարանի վարչական շենք մուտք գործելիս փաստաբանը չի կարող խուզարկության ենթարկվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter