HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավելացող աշխատատեղերն ու աճող գործազրկությունը. ինչու՞ չեն հանդիպում գործատուն ու աշխատանք փնտրողը

Անուշ Թորոսյան

Աշխատանք փնտրելու ձևերն այսօր բազմաթիվ են՝ կադրային կենտրոններից մինչև համացանց, իսկ աշխատանք փնտրողների թիվն առավել քան տպավորիչ է: Զբաղվածության պետական գործակալության տվյալներով՝ 2017թ. մայիսի 1-ի դրությամբ՝ 95,4 հազար մարդ աշխատանք է փնտրում, նրանցից 79,7 հազարը գործազուրկ են: Աշխատանք փնտրողների կեսից ավելին կանայք են: Գործազուրկների մեծ մասը՝ 55, 6 տոկոսը, միջնակարգ կրթություն ունեցողներն են: Բարձրագույն կրթություն ունեցողների շրջանում գործազրկության ամենաբարձր ցուցանիշը հումանիտար գիտությունների ոլորտում է՝ 24.8 տոկոս:

Աշխատանք փնտրողին առաջարկվող աշխատանքները հաճախ նրան չեն գոհացնում, պատճառները շատ են․ պայմաններն այն չեն, աշխատավարձը ցածր է, գործատուներն էլ ասում են՝ որակյալ մասնագետների պակաս կա: Երկարամյա գործազրկության հետևանքով՝ մասնագետները կորցնում են իրենց նախկին որակավորումը: Առկա է նաև մարզերի անհամաչափ զարգացման խնդիրը. մարզերում մշտապես կան բժիշկների թափուր աշխատատեղեր, մինչդեռ գործազուրկ բժիշկները փոքրաթիվ են և գրանցված են հիմնականում Երևանում: Նմանատիպ խնդիր կա նաև դասավանդողների, տեխնոլոգների պարագայում:

«Գործ բոլորին» գործակալության տնօրեն Անահիտ Կիզողյանի խոսքով՝ ներկայում մեծ պահանջարկ ունեն հաշվետար-հաշվապահները, ծրագրերի հետ աշխատողներն ու օպերատորները, շուկայագետները, անգլերենի իմացությամբ թարգմանիչները, արտաքին կապերի մասնագետները, ներմուծողները, իմպորտ-մենեջերները: Պահանջարկ ունեն նաև օֆիսային աշխատանքները, ընդ որում՝ այս դեպքում հաճախ քարտուղարուհու ու գործավարուհու հաստիքները համատեղվում են: Կիզողյանը նշում է՝ գործատուներն ամենից առաջ կիրթ, գրագետ մարդկանց պահանջ ունեն, և արդարացի չեն պնդումները, թե նրանք միշտ աշխատանքային փորձ են պահանջում:

«Մեր բուհերը տալիս են արտադրանք, բայց որակ չկա. աշխատաշուկային չհամապատասխանող կադրեր են տալիս, երիտասարդությունն էլ հաճախ ծուլանում է, ինքն իր վրա չի աշխատում: Երեք տարի առաջ ավարտած անձը գնում է հարցազրույցի, ինչու՞ է սպասում, որ գործատուն չի հարցնելու՝ աշխատանքային փորձ ունի՞, թե՞ ոչ: Անընդհատ ասել՝ գործատուն չի ընդառաջում, ճիշտ չէ»,- ասում է նա՝ հավելելով, որ աշխատանքային փորձի պահանջը երբեմն պարզապես գեղեցիկ մերժելու ձև է:

Աշխատատեղերով հարուստ է հատկապես սպասարկման ոլորտը, մանավանդ՝ ամռանը, երբ հյուրանոցների, սրճարանների աշխատանքի թեժ շրջանն է, և մեծ թվով մատուցողների, խոհարարների կարիք կա: Բայց կան նաև ոլորտներ, որտեղ աշխատատեղերի պակասը չի լրացվում. պատճառը՝ մասնագետների բացակայությունն է. աշխատաշուկայում այսօր մեխանիկի, եռակցողների, մեխանիզատորների, կռունկավարների կարիք կա: Այս մասնագետները պահանջված են նաև արտերկրում՝ շրջանառու միգրացիայի առաջարկները մնում են չլրացվող: Խնդիր կա և արհեստագործական ոլորտում՝ չկան ոսկերիչներ, արծաթագործներ: Այստեղ մասնագետների դժվար են գտնում, իսկ եթե անգամ կան մասնագետներ, նրանք աշխատում են ընտանեկան բիզնեսը զարգացնելու համար:

Ոլորտներ էլ կան, որտեղ մասնագետների «ավելցուկ» կա: Կիզողյանի խոսքով՝ մեր դպրոցներում այդքան մանկավարժի կարիք չկա, նույնը կարելի է ասել նաև սոցիոլոգների, հոգեբանների մասին: Հարց է առաջանում՝ եթե այդ կադրերի կարիքը չկա, ինչու՞ են այդքան կադր պատրաստում:

MyJob.am կայքում ամսական հրապարակվում է թափուր աշխատատեղերի վերաբերյալ ավելի քան 650 հայտարարություն: Սա՝ միջին հաշվարկով: Կայքի տվյալներով՝ գործատուն համեմատաբար շատ աշխատանքներ է առաջարկում ՏՏ, ֆինանսաբանկային, մարքեթինգի և սպասարկման ոլորտի մասնագետներին: Դիտելիությամբ և հայտարարությունների քանակով առաջատար են նաև ադմինիստրատիվ - գրասենյակային աշխատանքները: Առավել ակտիվ գործատուների թվում են ՏՏ ոլորտի կազմակերպությունները, ապահովագրական և տուրիստական ընկերությունները, վարկային կազմակերպությունները, բանկերը, հյուրանոցները և դեղատները:

Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարության  արդյունաբերության զարգացման վարչության պետ Արմեն Եգանյանը նշում է, որ տնտեսության, մասնավորապես՝ արդյունաբերության մի շարք ճյուղերի զարգացման առումով իրականացվում են ծրագրեր, ներառյալ նաև բիզնեսը, որին պետությունն իր որոշակի գործիքներով աջակցում է, ձևավորում միջավայր, որ այն իր գործունեությունը կարողանա կազմակերպել, զարգացնել, տանել:

Եգանյանի խոսքով՝ զարգացման դինամիկա է նկատվում թեթև արդյունաբերության ոլորտում: «Այս տարվա ընթացքում մի քանի ձեռնարկություններ են գործարկվել, մասնավորապես՝ «Ալեքս տեքստիլ»-ի, «Տավուշ տեքստիլ»-ի մասնաճյուղերը, ընդլայնման ծրագրեր ունեն մյուս թեթև-արդյունաբերական արտադրությունները, կան ծրագրեր այլ ոլորտներում նույնպես»,- ասում է նա:

Եգանյանը նկատում է՝ կա նաև որակյալ, մասնագետ-կադրերի պակաս, այդ ուղղությամբ նույնպես կառավարությունը քայլեր է ձեռնարկում. առաջիկայում թեթև արդյունաբերության ոլորտում նախատեսում են պետական-մասնավոր համագործակցությամբ որոշակի ուսումնական կենտրոնների ձևավորում, ինչը կլուծի շուկան պահանջարկ ունեցող մասնագետներով լրացնելու խնդիրը, փոփոխություններ են նախատեսվում աշխատանքային օրենսգրքում, դա թույլ կտա գործընթացը կազմակերպել ավելի պարզեցված ու հեշտ․ արտադրական ձեռնարկությունները իրենց բազայի վրա աշակերտների հավաքագրման և կադրերի պատրաստման պրոցես կիրականացնեն:

«Թեթև արդյունաբերության ոլորտում արդեն նախատեսված ծրագրերը ենթադրում են երեք հազարից ավելի աշխատատեղերի ստեղծում, բայց կան ծրագրեր, որոնք դեռ ընթացքի մեջ են, բիզնեսը կազմակերպողների բանակցային, քննարկումների փուլում են, դրանց իրագործումը ևս մի քանի հազար աշխատատեղեր կապահովի»,- ասում է նա:

Հիմնական «աշխատատար» ոլորտներն են թեթև արդյունաբերությունը, ադամանդագործությունը, ոսկեգործությունը, իսկ մյուս ոլորտներում տեխնոլոգիական պրոցեսները մի քիչ ավելի շատ են, հետևաբար ավելի քիչ աշխատուժ է պահանջվում:

Կադրերի պակասն, ըստ Եգանյանի, մի շարք գործոններով է պայմանավորված. նախ՝ ուսումնական հաստատություններում մասնագիտական մոտեցումների ու պահանջարկի անհամապատասխանություն կա: Երկրորդ պատճառն առաջացել է խախտված տնտեսության մի շրջանում, երբ տարբեր ոլորտներում աշխատուժի պահանջարկով պայմանավորված՝ կրթական համակարգը չի պատրաստել համապատասխան կադրեր, կամ մարդիկ ցանկություն չեն ունեցել գնալ՝ համապատասխան մասնագիտացումը ստանալու, որովհետև հետագայում աշխատանք գտնելու հեռանկարը չեն տեսել: Եգանյանը վստահեցնում է՝ ներկայում կա պահանջարկը, և պետք է փորձել համադրել պահանջարկը և ուսումնական գործընթացը՝ կադրերի պատրաստումը:

Նա նշում է՝ դեպքեր էլ կան, երբ աշխատավարձն այնքան «հրապուրիչ» չի եղել, որ մարդիկ ընտրեին այդ ուղղությունը, սակայն կարծում է՝ պահանջարկի շնորհիվ կլինեն ավելի ընդունելի աշխատավարձեր:

Պահանջարկ և միաժամանակ կադրերի պակաս ունեցող թեթև արդյունաբերության ոլորտում, ըստ Եգանյանի, միջին աշխատավարձը 100-110 հազար դրամի սահմաններում է: «Իհարկե, ավելի բարձր աշխատավարձը գերադասելի է, բայց պետք է հաշվի առնել նաև՝ որքանով մրցունակ կլինի տվյալ բիզնեսը, եթե շատ բարձր աշխատավարձ վճարի, դրա համար զարգացմանը զուգընթաց նաև այդ հարցը պիտի լուծվի: Այսօր դա է միջինը, վաղը կարող է ավելի բարձր լինել»,- ասում է նա:

Ըստ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների՝ 2017 թ. հունվար-ապրիլին միջին ամսական աշխատավարձը կազմել է 187 153 դրամ, պետական հատվածում՝ 156 865, ոչ պետական հատվածում՝ 225 131 դրամ: Աշխատանք փնտրողը հաճախ, եթե ոչ միշտ, ունի կենցաղային կարիքներն ու օրվա հացն ապահովելու խնդիր, մնում է հաշվարկել՝ մեր օրերում նրան առաջարկվող աշխատանքների մեծամասնությունը որքանո՞վ թույլ կտա նրան եթե ոչ ապրել` գոնե գոյատևել:

 

Մեկնաբանություններ (1)

Արփինե
շատ եմ ցանկանում աշխատել հաճելի միջավայրում եվ ինչպես կարող եմ CV ուղարկել

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter