HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

12 տարի անց կքննվի «Մատաղիսի» գործով զինվորներին խոշտանգելու վերաբերյալ հարցը

«Մատաղիսի» գործով խոշտանգումների վերաբերյալ 12 տարի անց քննություն կկատարվի: Երեկ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, բավարարել է «Մատաղիսի» գործով դատապարտված, ապա արդարացված նախկին զինվորներից Արայիկ Զալյանի բողոքը: Այս մասին մեզ տեղեկացրեց Արայիկ Զալյանը:

Սա նշանակում է, որ «Մատաղիսի» գործով խոշտանգումների վերաբերյալ նոր քննություն պետք է սկսի պետությունը, ինչը չի արել 12 տարի շարունակ: Հենց այդքան ժամանակ Հայաստանի դատաիրական համակարգը, ներպետական դատական ատյանները աչք են փակել երեք նախկին զինծառայողներին խոշտանգելու վերաբերյալ վկայություններին: Որևէ քննություն այդ մասով չի կատարվել: Սակայն ՄԻ Եվրոպական դատարանի` ընդդեմ մեր պետության կայացրած վճռից հետո ներպետական դատարանները բավարարել են 12 տարվա վաղեմության բողոքը, որը դեռևս 2005թ․ ներկայացրել էր երեք զինվորների պաշտպան Զարուհի Փոստանջյանը:

Խոշտանգումների մասով ներկայացված գործը պետք է վերաբացվի, կատարվի նոր քննություն՝ ասում է արդարացված նախկին զինվոր, այսօր իրավապաշտպան ու փաստաբան Արայիկ Զալյանը: Նա նաև տեղեկացնում է, որ բավականին շատ փաստեր կան բուն քրեական գործում, օրինակ՝ վկաները ցուցմունքներ են տվել, որ ունենալով վկայի կարգավիճակ՝ ամիսներով պահվել են Ռազմական ոստիկանությունում: Ըստ Զալյանի՝ դրանք փաստեր են, որոնք կարող են կցվել այս գործին:

Երեք զինծառայողներին երեք ամիս ՌՈ-ում պահելու, նրանց խոշտանգելու և ինքնախոստովանական ցուցմունք կորզելու համար որևէ մեկը մինչ օրս պատասխանատվություն չի կրել: Ըստ Զալյանի, սակայն, այդ անձինք հայտնի են, այսօր էլ բարձր պաշտոններ են զբաղեցնում, պատասխանատվության չեն ենթարկվել, ընդհակառակը՝ առավել առաջադիմել են պաշտոնների աստիճանակարգում. օրինակ՝ Արմեն Հակոբյան, Սամվել Տոնոյան: «Փաստորեն, այն անձինք, ում գործողությունների հետևանքով նաև դատական կոպիտ սխալ էր տեղի ունեցել, դատապարտվել էին անմեղ մարդիկ, ոչ թե պատասխանատվության ենթարկվեցին, այլ, ընդհակառակը, խրախուսվեցին»,-ընդգծեց իրավապաշտպան, Մատաղիսի գործով արդարացված երիտասարդներից Արայիկ Զալյանը:

Հիշեցնենք, որ խոշտանգումների հետևանքով գործով անցնող զինվորներից Ռազմիկ Սարգսյանից կորզվել էր ինքնախոստովանական ցուցմունք, որը դրվել էր դատավճռի հիմքում: 2016-ի մարտի 17-ին ՄԻԵԴ-ի վճռով հաստատվել էր, որ Հայաստանի Հանրապետությունը խախտել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածը` խոշտանգումների հետ կապված հաղորդման ոչ բավարար քննություն, և 5-րդ հոդվածը` Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտումը`1,2,3 կետերով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter