HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեղադրական եզրակացությամբ է ավարտվել լրագրողի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի նախաքննությունը

«Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Տաթեւ Խաչատրյանի հաղորդման առթիվ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ ծառայության քննիչի կողմից որոշում է կայացվել Երևանի բնակիչ Հայկ Հունանյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Այս մասին տեղեկացնում է ՀՔԾ-ն։

Այսպես, նախաքննության ընթացքում պարզվել է, որ «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Տ. Խաչատրյանը 14.05.2017թ.-ին` Երևանի ավագանու ընտրությունների օրը, Էրեբունի վարչական շրջանում գտնվող թիվ 10/29 ընտրատեղամասում, իր օրինական լիազորությունների շրջանակում բջջային հեռախոսով տեսանկարահանում է իրականացրել: Այդ ընթացքում հիշյալ ընտրատեղամաս այցելած Հայկ Հունանյանը, մոտենալով լրագրողին, տեսանկարահանումը դադարեցնելու անօրինական պահանջ է ներկայացրել վերջինիս: Հ. Հունանյանը ձեռքով փակել է հեռախոսի տեսախցիկը և փորձել խլել այն Տ. Խաչատրյանից` այդպիսով խոչընդոտելով զանգվածային լրատվամիջոցի ներկայացուցչի մասնագիտական օրինական գործունեությանը, որի հետևանքով լրագրողը չի կարողացել պատշաճ կերպով լուսաբանել քվեարկության ընթացքը:

Զանգվածային լրատվամիջոցի ներկայացուցչի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու համար Հայկ Հունանյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter