HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստան է ժամանել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը

Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը: 

Տաջիկստանի նախագահն առավոտյան այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ծաղկեպսակ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Նախագահ Ռահմոնը նաև եղևնի է տնկել հուշահամալիրի Հիշողության պուրակում:

Նախագահական նստավայրում այնուհետև տեղի է ունեցել Տաջիկստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո կայացել է նախագահներ Սերժ Սարգսյանի և Էմոմալի Ռահմոնի առանձնազրույցը: 

Սերժ Սարգսյանը ողջունել է հյուրին և նշել, որ նրա այցը Հայաստան նաև խորհրդանշական բնույթ է կրում, քանի որ այս տարի Հայաստանը և Տաջիկստանը տոնում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: 

Ս․Սարգսյանի  համոզմամբ, նման այցելությունները լավ հնարավորություն են վերլուծելու, ամփոփելու այն ուղին, որ երկու երկրներն անցել են 25 տարիների ընթացքում, մյուս կողմից, իհարկե, նաև մտքեր փոխանակելու երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարի, տարածաշրջանային և միջազգային արդի խնդիրների շուրջ: 

Ս․ Սարգսյանը կարևորել է Տաջիկստանի նախագահի այցի շրջանակներում ստորագրվելիք փաստաթղթերը, որոնք, ըստ նրա, կլրացնեն երկկողմ հարաբերությունների օրակարգը, ինչի անհրաժեշտությունը կա, քանի որ համագործակցության ներկայիս մակարդակը չի համապատասխանում ոչ հայ և տաջիկ ժողովուրդների բարեկամության և ոչ էլ երկու երկրների միջպետական հարաբերությունների մակարդակին: 

Ս․Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է ցանկացած ոլորտում ակտիվ համագործակցության և գոհունակությամբ է խոսել նախագահ Ռահմոնի այցի շրջանակներում Երևանում կազմակերպված գործարար համաժողովի ու միջկառավարական հանձնաժողովի նիստի մասին: 

Տաջիկստանի նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանի նախագահին հիասքանչ, հնագույն երկիր՝ Հայաստան, հրավերի և ջերմ հյուրընկալության համար: Նախագահ Ռահմոնը համակարծիք է եղել հայ գործընկերոջ հետ, որ այսօր ստորագրվելիք փաստաթղթերը լավ հնարավորություն են բոլոր ոլորտներում իրավապայմանագրային դաշտի հիման վրա զարգացնելու հարաբերությունները: Էմոմալի Ռահմոնը փոխգործակցության հեռանկարային ուղղությունների շարքում նշել է առևտրի, գյուղատնտեսական ապրանքների արտադրության և վերամշակման, սննդարդյունաբերության, թեթև արդյունաբերության, հանքարդյունաբերության, էներգետիկայի, հեռահաղորդակցության, գիտության և կրթության, առողջապահության ոլորտները: Տաջիկստանի նախագահն ընդգծել է, որ հենց այդ նպատակով իր գլխավորած պատվիրակության կազմում ընդգրկվել են գործարար շրջանակների ներկայացուցիչներ, որոնք մասնակցում են երևանյան գործարար համաժողովին:

Նախագահ Ռահմոնը դրվատանքով է խոսել հայաստանյան գործարար համայնքի մասին՝ նշելով, որ հատկապես գյուղատնտեսական ապրանքների վերամշակման ոլորտում Հայաստանը մեծ հաջողություններ ունի, և Տաջիկստանում կցանկանան նույնպիսի հմտություններ ձեռք բերել՝ հաշվի առնելով ոլորտի արդի տեխնոլոգիաները և նորարարությունները:

Տաջիկստանի նախագահի պաշտոնական այցի շրջանակներում նախագահի նստավայրում մեկնարկել են ընդլայնված կազմով բանակցությունները՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter