Շաբաթ, 22 սեպտեմբերի

Արմավիրի մարզում անցել են ոռոգման ջրի խնայողության ռեժիմին. փակել են ջրամբարը



Արմավիրի մարզում այս պահին ոռոգման ջրի լուրջ պակաս չկա, սակայն մարզպետարանում կանխատեսում են, որ 1-2 ամիս հետո դժվարությունների առջև են կանգնելու:

«Մեր խնդիրները, դժվարությունները կառաջանան հետագայում, քանի որ տարին բնութագրվում է սակավաջուր: Մարզը սնուցող երկու՝ Ախուրյանի և Ապարանի ջրամբարների լցվածությունը կազմում է 70-80%»,-ասում է Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը:

Նրա խոսքերով՝ նախորդ տարվա հետ համեմատ, միայն 90 մլն խորանարդ մետր պակաս ջուր է լցվել Ախուրյանի ջրամբարը, որը չի կարող մարզի համար անհետևանք մնալ հատկապես հուլիս ամսվա վերջին և օգոստոս ամսին:

«Լուրջ վնասներից խուսափելու համար այսօրվանից պատրաստվում ենք, համագործակցում ենք ջրային պետական կոմիտեի  հետ՝ կատարելով համապատասխան միջոցառումներ ջուրը խնայելու և արդյունավետ օգտագործելու համար»,-նշում է մարզպետարանի պաշտոնյան:

Մասնավորապես՝ երեկ երեկոյան փակվել է Ախուրյանի ջրամբարը: Այսօրվանից մարզի Բաղրամյանի նախկին տարածաշրջանի համայնքները և Արմավիրի համայնքների հիմնական մասը ջուր չեն ունենա մինչև հունիսի 18-ի առավոտը:

Արթուր Այվազյանն ասաց, որ իրազեկել են համայնքների ղեկավարերին, պայմանավորվել են ՋՕԸ-երի տնօրենների հետ, որպեսզի ժամանակին հայտարարությունները փակցնեն և ջրօգտագործողը պատրաստ լինի այդ օրերին:

Այդպիսի միջոցառումներ ձեռնարկելով փորձում են խնայել ջուրը: Չի բացառվում, որ տարվա ընթացքում նման միջոցառումներ դարձյալ ձեռնարկվեն: Քննարկվում է նաև ջրաշրջանառության հարցը, որ որոշակի օրերի վրա բաժանեն համայնքների ջրամատակարարումը:

Վարչության պետն ասաց, որ այժմ ՋՕԸ-երի կողմից  հաշվառվում են մարզի այն խորքային հորերը, որոնք չեն օգտագործվում, անսարք են, որպեսզի վերանորոգման համար գույքագրվեն և ֆինանսական միջոցներ հատկացնելու խնդրանքով դիմեն կառավարությանը:

«Ես առաջարկել եմ նաև, որ եթե վիճակն ավելի լրջանա, պատրաստ լինենք համայնքներում օգտագործել նաև խմելու ջրի համար օգտագործվող խորքային հորերի հզորությունները: Այսինքն՝ համայնքը կարող է օրվա ընթացքում 4-5 ժամ խմելու ջուր մատակարարել բնակիչներին, իսկ մնացած ժամերի ընթացքում ջուրն օգտագործվի ոռոգման նպատակով»,-ասաց  Արթուր Այվազյանը:

Ոռոգման ջրի առումով խնդրահարույց են ծայրամասերում գտնվող՝ Նորավան, Մայիսյան, Մրգաշատ, Մրգաշատ, Արևիկ, Տանձուտ, Եղեգնուտ, Արազափ, Մարգարա. Տալվորիկ, Վանանդ համայնքները:

Ինչ վերաբերում է ջրի վարձավճարների հավաքագրմանը, Արթուր Այվազյանը նշեց, որ ջրօգտագործողների ընկերություններն առայժմ ձեռնպահ են մնում գումարի բռնագանձման պահանջով դատարաններ դիմելուց: Պարտքեր ունեցող գյուղացիներին ծանուցագրեր են ուղարկվում, որպեսզի վճարեն պարտքերը, սակայն չի բացառվում, որ մի փուլում սկսվեն նաև դատական գործընթացներ:

Մարզպետարանի պաշտոնյայի խոսքերով՝ ՋՕԸ-երի աշխատակիցները տարվա սկզբից մինչ այժմ աշխատավարձ չեն ստացել՝ ջրի վարձավճարները չգանձելու հետևանքով:

«Գյուղացին ասում է՝ ջուրը տվեք, ոռոգեմ բերքահավաքից հետո կամ տարեվերջում կվճարեմ: Ու ամեն տարի այս ձևով շարունակվում է պրոցեսը: Հիմա էլ հավաքագրված գումարներն իմ կարծիքով հազիվ բավարարում են ՋՕԸ-երի հոսանքի ծախսերը վճարելու, ընթացիկ ծախսերը կատարելու համար»,-ավելացրեց Արթուր Այվազյանը:

Արազափի համայնքապետ Մանվել Հարությունյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ ամբողջ տարին «կռիվ-ղալմաղալով» են կարողանում հողերը ոռոգել: Ոռոգման ջրի հարցը մասամբ լուծում են նաև պամպերի միջոցով, որը սակայն, չի ծածկում ամբողջ համայնքը:

«Ջրի պակասն է խնդիրը: Արաքս գետում ջուր չկա, 3 օրը մեկ են տալիս գյուղին ջուր: Արաքսից էլ, որ ջուրը վերցնում են, մեր համայնքի մոտից  չեն վերցնում, գլխամասը 70 կիլոմետր հեռու է մեզանից, մինչև հասնում է գյուղ, էլ ջուր չի մնում, ստիպված կողքի գյուղացիների հետ կռվելով ջուր ենք բերում»,-ասում է Մանվել Հարությունյանը:

Համայնքապետն ասում է, որ այսպես էլ մնա էլի շնորհակալ են, քանի որ ավելի վատ օրեր են ունեցել:

«Ժողովուրդը հիմա քիչ ջուր է օգտագործում, հեսա գա ջրելու պահը, պատերազմը կսկսվի, ամեն անգամ նույն վիճակն է»,-ասում է համայնքապետը:

Մանվել Հարությունյանը նշեց, որ երբ իրավիճակը լարվում է կանչում է ՋՕԸ-ի աշխատակցին, որպեսզի գյուղացիներին ջուր հասցնեն, քանի որ «խոսալուց լավ խոսում են, մարդկանց վրա պարտքի նամակներ են գրում, նման բաներ կարողանում են անել, ուրիշ ոչինչ»:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ