HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաստաբանը պնդում է, որ Արարատ Խանդոյանի մեղադրանքը որևէ հիմնավորում չունի

Ամալյա Մարգարյան

Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում Արարատ Խանդոյանի գործով նիստին պաշտպան Արա Ղարագյոզյանը հանդես է եկել պաշտպանական ճառով: «Իմ ելույթն այսօր երեք մասից էր բաղկացած, առաջինում խոսում էի արարքի որակավորման վերաբերյալ, որ Խորենացիում զանգվածային անկարգություն տեղի չի ունեցել, այդ բռնությունները կիրառվել են ոստիկանների կողմից, անդրադարձել եմ դատարանի կողմից արդար դատաքննության  իրավունքի խախտմանը: Մյուս մասով անդրադարձել եմ օրենքի խախտումով կիրառված հատուկ միջոցների կիրառմանը»,- «Հետք»-ի հետ զրույցում նշեց փաստաբանը:

Անդրադառնալով նախորդ նիստի ընթացքում մեղադրողի հնչեցրած ճառին` Արա Ղարագյոզյանն ասաց. «46 ոստիկան տուժել է, Արարատ Խանդոյանը բռնություն է գործադրել, սրա մասին էր դատախազի ճառը, սակայն սա մտացածին էր,  հիմնավորված չէր»:

Փաստաբանը  վկաների ցուցմունքերի վերաբերյալ ասաց, որ նշված է եղել, թե ինչպես է Խանդոյանը հարվածել ոստիկաններին, սակայն նրան ճանաչել են բերման ենթարկելուց հետո: «Վկաներից Չախմուխչյանը երեք անգամ կրկնեց, որ Արայիկ Խանդոյանն է հարվածել, բայց ինչպե՞ս, եթե  Արայիկ Խանդոյանը գտնվում էր ՊՊԾ գնդի ներսում: Սրանից երևում է, որ այս երկու վկաները դատախազության կողմից պատրաստված անձիք են, նրանց կողմից լավ աշխատանք էր կատարվել, բայց ձախողվեց»,-հայտնեց Արարատ Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը:

Փաստաբանն ասաց, որ իշխանությունները ընդունում են ոստիկանների ցուցմունքները, իսկ մեղադրյալի ցուցմուքներն արժանահավատ չեն համարել: Նշեց նաև, որ վկաների ցուցմուքներում էական հակասությւններ են եղել:

Արա Ղարագյոզյանը հայտնեց, որ դատարանում անդրադարձել է ոստիկանների կողմից հատուկ միջոցների կիրառմանը և նշեց, որ օրենքի խախտմամբ են կիրառվել: «Հատուկ միջոցները հիմնականում փակ տարածություններում են կիրառվում, Խորենացիում հավաքի ամբողջ մասնակիցների նկատմամբ են կիրառվել, որից վնասվել են մասնակիցները, Արարատ Խանդոյանը նույնպես վնասվածք է ստացել: Կիրառումից առաջ չեն նշել հատուկ միջոցի տեսակը, հետևանքը, զգուշացումից անմիջապես հետո կիրառել են»:

Արա Ղարագյոզյանը նշեց, որ 46 տուժող ոստիկաններից չի եղել  մեկը, ով Արարատ Խանդոյանի գործողություններից է տուժել. «Եթե տուժող չկա, ուրեմն գործողություն ևս չկա: 46-ից ոչ մեկը չէր տեսել, որ Արարատ Խանդոյանը բռնություն է կիրառել: Տեսանյութում երևում է, որ Արարատ Խանդոյանը ոտքը վերև է բարձրացնում, սակայն որևէ մեկին չի կպչում, որևէ մեկի նկատմամբ բռնություն չի կատարում:»,-հավելեց պաշտպանը:

Հիշեցնենք, որ նախորդ նիստի ընթացքում դատախազ Հայկ Պետրոսյանը Արարատ Խանդոյանի մեղքը հիմնավորված է համարել և դատարանից պահանջել 4 տարվա ազատազրկում:

Արա Ղարագյոզյանը անդրադարձավ նաև «Ազատություն» ռադիոկայանին դատախազ Հայկ Պետրոսյանի տված  հարցազրույցին և ասաց. «Դատախազը հարցազրույց  է տվել, նշելով, որ պաշտպանի «հիվանդագին  երևակայությունն է», ըստ որի` դատախազությունը պատրաստել է վկաների: Սա փաստում է, որ մենք որակյալ դատախազներ չունենք, սա դատավարական գործ է, իսկ նրանք դարձրել են անձնական խնդիր: Սա անձնական վիրավորանք է»:

Այս գործով հաջորդ նիստը կկայանա հունիսի 27-ին, Արարատ Խանդոյանը հանդես կգա ճառով:

Արարատ Խանդոյանը մեղադրվում է 2016թ.-ի հուլիսի 20-ին  Երևան քաղաքում տեղի ունեցած հասարակական անկարգությունների ժամանակ ոստիկանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter