HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Տեղեկատվության ազատության, կամ՝ զանգվածային լրատվության մասին օրենսդրության իրավիճակը Հայաստանում

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ընդունվել է 1995թ. հուլիսի 5-ին: Սահմանադրության առաջին փոփոխությունները կատարվել են 2005թ. նոյեմբերի 27-ին, իսկ երկրորդ անգամ փոփոխվել է 2015թ. դեկտեմբերի 6-ին: Սահմանադրական փոփոխություններով տեղեկություններ ստանալու իրավունքը հռչակվել է որպես սահմանադրական իրավունք և մարդու հիմնարար/հիմնական իրավունքներից մեկը:

Գործող Սահմանադրությունում երաշխավորվում է կարծիքի արտահայտման ազատությունը (հոդված 42): Չի կարող խոսքի, կարծիքի ազատության իրավունքը գոյատևել, եթե չլինի դրա հիմքը՝ տեղեկություններ ստանալու իրավունքը: Գործող Սահմանադրությամբ ամրագրված է, որ «յուրաքանչյուր ոք ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության մասին տեղեկություններ ստանալու և փաստաթղթերին ծանոթանալու իրավունք: Տեղեկություններ ստանալու իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրային շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով» (հոդված 51):

Սահմանադրությունը տվել է հստակ երաշխիքներ, իսկ կարգավորումները, կիրառման մեխանիզմները թողնվել են ոլորտը կարգավորող օրենսդրության վրա: ՀՀ Ազգային Ժողովը «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքն ընդունել է 2003թ.-ի սեպտեմբերի 23-ին։ Այն ուժի մեջ է մտել 2003թ.-ի նոյեմբերի 15-ին։ Օրենքի գործողությունը տարածվում է ոչ միայն պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, այլև հանրային նշանակության կազմակերպությունների՝ ապրանքային շուկայում մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող, ինչպես նաև առողջապահության, սպորտի, կրթության, մշակույթի, սոցիալական ապահովության, տրանսպորտի և կապի, կոմունալ ոլորտներում հանրությանը ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպությունների վրա։ Օրենքի ընդունումից անցել է 13 տարի, որը բավարար ժամանակ է ոլորտը կարգավորելու և տեղեկատվության ազատությանը վերաբերող նորմերը կյանքի կոչելու համար, սակայն մինչ օրս օրենքի կիրառումը լուրջ խնդիրներ է առաջանում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների շրջանում: Թեև օրենքի հիմնական կարգավորումները, մեխանիզմները հստակ են, սակայն գործնականում տեղեկատվություն ստանալիս լրագրողները, շարքային քաղաքացիները հանդիպում են մի շարք արգելքների և դժվարությունների: Հիմնական պատճառներից մեկն էլ այն է, որ պետական կառույցներում տեղեկատվություն տնօրինող պաշտոնյաները տեղեկատվություն չեն տրամադրում, քանի որ օրենքով ամրագրված իրենց պարտականությունների մասին բավարար տեղեկացված չեն: Կամ՝ տեղեկատվություն չտրամադրելով փորձում են կանխել տեղեկատվության արտահոսքը, կանխել հանրային հնչեղությունը, ի վերջո՝ հանրությունից թաքցնել իրականությունը:

«Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքը երաշխավորում է զանգվածային լրատվության միջոցների և զանգվածային լրատվության միջոցներում աշխատող լրագրողների՝ առանց ապօրինի սահմանափակումների աշխատելու իրավունքը։ Այն վերահաստատում է տեղեկություններ փնտրելու, ստանալու և տարածելու սահմանադրական իրավունքը։ Այն արգելում է գրաքննությունը, լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը, առանց ծանր հանցագործություններ բացահայտելու անհրաժեշտությամբ պայմանավորված դատարանի որոշման տեղեկատվության աղբյուրները բացահայտելը, և պահանջում է, որ պետական մարմինները խտրականություն չդնեն լրագրողների միջև: Իսկ ՀՀ քրեական օրենսգիրքը հատուկ երաշխիքներ է նախատեսում լրագրողների կողմից տեղեկություններ ստանալու իրավունքի համար։ Հոդված 164-ը պաշտպանում է լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը, այդ թվում՝ տեղեկություններ ստանալու իրավունքը, որը լրագրողի մասնագիտական օրինական գործունեության մաս է կազմում։

Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքնե րով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով։ Նույն արարքները, որոնք կատարել է պաշտոնատար անձն իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, պատժվում է ուղ ղիչ աշխատանքներով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

Առաջին անգամ այս հոդվածը կիրառվել է 2004թ-ին։ Դատարանը մեղավոր է ճանաչել թիկնապահին, ով հարձակվել էր լրագրողների վրա և թույլ չէր տվել, որ վերջիններս լուսանկարեն։ Դատարանը նրան դատապարտել էր վեց ամսվա ազատազրկման։ Դա մինչ օրս առաջին դեպքն է Հայաստանում, երբ անձը դատապարտվել է ազատազրկման լրագրողների աշխատանքն ապօրինի խոչընդոտելու և տեղեկություններ ստանալու նրանց իրավունքը սահմանափակելու համար։ Մնացած դեպքերում՝ նախ իրավապահ մարմինները խուսափում են լրագրողի մասնագիտական, օրինական գործունեությունը խոչընդոտելու հոդվածով« Իսկ, եթե հարուցում են, ապա կատարվում է ձևական քննություն և դատարանների կողմից նշանակվում է սիմվոլիկ պատիժ:

Հետաքննող լրագրողների համար տեղեկատվության ազատությանը վերաբերող ամենատարածված ռիսկերը և մարտահրավերները

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը 5-օրյա ժամկետ է սահմանում տեղեկություն ստանալու գրավոր հարցումներին պատասխանելու համար։ Եթե հարցման մեջ նշված տեղեկությունները տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այդ տեղեկությունները դիմողին են տրվում հարցումն ստանալուց հետո 30-օրյա ժամկետում: Այդ մասին հարցումն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում գրավոր տեղեկացվում է դիմողին՝ նշելով հետաձգման պատճառները և տեղեկությունները տրամադրելու վերջնական ժամկետը։ Իսկ եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը հրապարակված է, ապա տվյալ հրապարակման միջոցի, վայրի և ժամկետի մասին տեղեկությունը դիմողին է տրվում հարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում: Օրենքն ունի նաև նորմեր, որոնք սահմանափակում են տեղեկատվության ազատությունը: Մասնավորապես՝ տեղեկատվություն տնօրինողը մերժում է տեղեկության տրամադրումը, եթե այն պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առևտրային գաղտնիք, խախտում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը, այդ թվում՝ նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիությունը, պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալները, բացահայտում է մասնագիտական գործունեությամբ պայմանավորված մատչելիության սահմանափակում պահանջող տվյալներ (բժշկական, նոտարական, փաստաբանական գաղտնիք), խախտում է հեղինակային իրավունքը և (կամ) հարակից իրավունքները։ Եթե պահանջվող տեղեկության մի մասը պարունակում է տվյալներ, որոնց տրամադրումը ենթակա է մերժման, ապա տեղեկություն է տրամադրվում մնացած մասի վերաբերյալ:

Տեղեկատվությունը մերժելիս պետական մարմինը պետք է հիմնավորի մերժումը՝ հղում կատարելով օրենքով նախատեսված մերժման հիմքերին: Պաշտոնական տեղեկատվության մատչելիությունը Հայատանում շարունակում է մնալ լուրջ խնդիր: Չնայած պաշտոնյաներն ընդունում են, որ տեղեկատվություն տրամադրելն իրենց պարտականությունն է, պրակտիկան ցույց է տալիս, որ պաշտոնական տեղեկատվության հասանելիությունը դեռևս կարելի է համարել անբավարար: Օրինակ՝ հանրամատչելի և հանրային հնչեղություն ունեցող դեպքերով պատասխանատու կառույցները հնարավոր է տեղեկատվություն չտրամադրեն՝ պատճառաբանելով, թե այն գաղտնիք է  պարունակում՝ այդպես էլ չհիմնավորելով, թե ինչ գաղտնիք է: Նման ձևակրպումներով տեղեկատվություն ստանալու գրավոր հարցումներին տրվող պատասխանները արդեն հուշում են, որ հատկապես պետական պաշտոնյաները խուսափում են տեղեկատվություն տրամադրելուց՝ հետևում թաքցնելով շատ կարևոր խնդիր: Օրինակ՝ «Հետաքնող լրագրողներ» ՀԿ-ի լրագրողը հրապարակում էր հոդված վաշխառու երեք քաղաքացիների մասին, ովքեր նույն ընտանիքի անդամ էին և խաբեությամբ մարդկանց ձեռքից վերցնում էին նրանց բնակարանները: Լրագրողը գրավոր հարցում է ուղարկել ոստիկանություն՝ պարզելու համար, թե վերջին 5 տարվա ընթացքում քանի՞ բողոք է ներկայացվել ոստիկանություն նշված քաղաքացիների դեմ: Ի՞նչ բովանդակությամբ կամ հիմքով են դրանք ներկայացվել: Ինչպե՞ս են լուծվել բողոքները: Հարուցվել են արդյոք քրեական գործեր: Եթե քրեական գործի հարուցումը մերժվել է, ապա ինչ հիմքով: Ոստիկանությունը մերժել է վերը նշված տեղեկատվության տրամադրումն այն հիմնավորմամբ, որ հայցվող տեղեկատվության տրամադրումը խախտում է անձի անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը: Ոստիկանությունը բավարարվել էր միայն նշել տեղեկատվության ազատությունը սահմանափակող օրենքի համապատասխան հոդվածը՝ այդպես էլ չհիմնավորելով, թե ինչով է խախտվում անձի իրավունքը և արդյոք այդ իրավունքի պաշտպանությունն ավելի գերակա է, քան հանցագործության բացահայտումը: Դրանից հետո «Հետաքննող լրագրողները» ընդդեմ ոստիկանության դիմել է ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով պարտավորեցնել տրամադրել տեղեկությունները: Գործի քննության աընթացքում՝ 5 ամիս անց դատարան ներկայացրեց հարցվող տեղեկությունները, դրանով փակելով դատական վեճը: Լրագրողը կորցրեց 5 ամիս, այն ինչ այդ տեղեկատվությունը պետք է տրամադրվեր 5-օրյա ժամկետում:

Նման դեպքերը եզակի չեն և պետական մարմինները այդ եղանակով խուսափում են տրամադրել տեղեկություններ: Հաճախ պատասխանում են թերի, ինչը չի գոհացնում հատկապես հետաքննությամբ զբաղվող լրագրողին: Երբեմն էլ ընդհանրապես չեն պատասխանում:

Տեղեկատվության ազատության իրավական փոփոխություններին վերաբերող հետաքննությունների միջին ազդեցությունը

Հետաքննական լրագրության վրա իր ազդեցությունն է թողնում պատկան մարմիններից տեղեկատվության օրենքով սահմանված ժամկետներում ստացումը: 2015թ. հոկտեմբերի 15-ին, օրենքի ընդունումից 12 տարի անց նոր միայն ընդունել է տեղեկատվության տնօրինողի կողմից մշակված կամ նրան առաքված տեղեկությունների գրանցման, դասակարգման և պահպանման կարգը: Դրանով ամրագրվել է նաև, որ էլեկտրոնային փոստի միջոցով ուղարկված հարցումները ևս պետք է պատշաճ ուշադրության արժանանան և գրանցվեն: «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով նախատեսվում է, որ գրավոր հարուցմները պետք է լինեն ստորագրված: Էլեկտրոնային փոստով ուղարկված հարցումները որոշ պետական մարմիններ, օրինակ՝ ՀՀ Ազգային ժողովը, համարում էր չստորագրված և մատնում էր անուշադրության: Այս կարգի ընդունումը որոշ չափով կհեշտացնի լրագրողների աշխատանքը՝ հարցումների միջոցով տեղեկատվություն ստանալու միջոցների հարցում: Սակայն, ընդհանուր առմամբ, այն բավարար չէ, քանի որ լրագրողները, հատկապես՝ հետաքննող լրագրողները պետական կառույցների ու պաշտոնատար անձանց շրջանում դիտվում են որպես «հակառակորդ», ուստի ամեն ինչ արվում է նրանց աշխատանքը բարդացնելու, տեղեկատվություն չտրամադրելու կամ թերի տեղեկատվություն տրամադրելու հարցում: Օրինակ՝ լրագրող Զարուհի Մեջլումյանը ցմահ դատապարտյալի քրեական գործի վերաբերյալ հետաքննական հոդված պատրաստելու նպատակով գրավոր դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ խնդրելով ծանոթանալ քրեական գործի վերաբերյալ դատախազության հսկողական վարույթի նյութերը: Դատապարտյալը գրավոր տվել էր իր համաձայնությունը, որպեսզի ուսումնասիրվեն իր վերաբերյալ նյութերը: Դատախազությունն ընդհանրապես չէր պատասխանել լրագրողի հարցմանը: Երկու ամիս անց լրագրողը նույն խնդրանքով կրկին դիմել էր դատախազություն: Այս անգամ ևս հարցումը մնացել էր անարձագանք, ինչից հետո ընդդեմ դատախազության դիմել էին վարչական դատարան: Դատական գործընթացը տևեց 1 տարի 3 ամիս: Դատախազությունն իր անգործությունն արդարացնելու համար բերում էր զավեշտալի հիմնավորումներ: Օրինակ այն, որ լրագրողն իրավունք չունի նույն հարցի վերաբերյալ 6 ամսվա ընթացքում դիմել նույն պետական մարմնին: Նման պահանջն ամրագրված է օրենքով, սակայն դա վերաբերում է իրավունքի չարաշահումներին, որ պատշաճ պատասխան ստացած լրագրողը նույն հարցով նորից չանհանգստացնի պետական ատյաններին 6 ամսվա ընթացքում: Մինչդեռ գլխավոր դատախազությունն ընդհանրապես չէր պատասխանել հարցմանը, ուստի զավեշտալի է 6 6 ամսյաժամկետում կրկին դիմելու անթույլատրելիությունը որպես հիմնավորում բերելը: Սպառվեցին ներպետական բոլոր դատական ատյանները, որոնք կայացրել էին վճիռ հօգուտ լրագրողի: Արդեն մեկ ամիս է օրինական ուժ ստացած վճիռը չի կատարվում: Այս անգամ լրագրողը ստիպված պետք է դիմի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանը, որպեսզի այն հարկադրաբար կատարվի: Ստացվում է, որ հետաքննությամբ զբաղվող լրագրողը ստիպված պետք է մի քանի ամիս ևս կորցնի, որպեսզի կարողանա պետական մարմնից ստանա իր հարցման պատասխանը: Իսկ տեղեկությունը «հնացող» ապրանք է և կարող է ժմանակի ընթացքում դառնալ «ոչ պիտանի»:

Ինչպես բարելավել ստեղծված իրավիճակը

Ոլորտի բարելավման միակ երաշխիքը քաղաքացիական հասարակության և լրագրողների ակտիվությունն է: Օրենքը գրեթե բոլոր կարգավորումներն ունի, այլ հարց է, որ դրանք չեն կիրառվում: Հատկապես լրագրողները պետք է ակտիվորեն օգտագործեն օրենքով ընձեռված բոլոր միջոցներ՝ ընդհուպ դատական պաշտպանության իրավունքը: Պայքարի միջոց է նաև տեղեկատվության ազատության հետ կապված խնդիրները ակտիվորեն լուսաբանելը, որպեսզի հասարակությունը տեղյակ լինի տեղեկատվության մատչելիության իրավունքին: Լրագրողը կարող է դառնալ տեղեկատվության ազատության իրավունքի կիրառման վերահսկողն ու օրենքի օգտագործողը, ինչն անշուշտ բերելու է ոլորտի ընդհանուր վիճակի բարելավմանը:

Հետաքննությունների ազդեցությունը.  Հետաքննական լրագրությունն իր խորքային և բազմակողմանի ուսումնասիրություններով կարող է հասնել տեղեկատվության ձեռք բերմանը, թեև դրա ստացմանը խոչընդոտում են պետական մարմինները: Օրինակ՝ «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն ընդդեմ ՀՀ բնապահպանության նախարարության` «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական և բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» (GITES) կոնվենցիայով ներկրված և արտահանված կենդանիների թույլտվությունների (GITES-ների) պատճենները տրամադրելուն պարտավորեցնելու պահանջով 2014թ. դիմել էր վարչական դատարան: Մինչ դատարան դիմելը ՀԿ-ի լրագրողը դիմել էր նախարարություն, որպեսզի ստանար անհրաժեշտ տեղեկությունները: Սակայն, ՀՀ բնապահպանության նախարարությունը մերժել էր տրամադրել, պատճառաբանելով, որ այդ թույլտվություններում առկա են «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումներ: «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի լրագրողը, ով կապիկների ապօրինի առևտրի վերաբերյալ հետաքննական հոդված էր պատրաստում, հենց նախարարության շենքում տեսանկարահանել էր, թե նախարարության նույն պաշտոնյան, ով մերժել էր «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ին, ինչպես է նույն տեղեկատվությունը տրամադրում արտասահմանյան լրատվամիջոցի ներկայացուցիչներին: 12 ամիս տևած դատաքննությունից հետո ՀՀ բնապահպանության նախարարությունը դատարանի կողմից պարտավորեցվեց տրամադրել պահանջված տեղեկատվությունը: Դատարանի միջոցով ստացված տեղեկատվության հիման վրա պատրաստվեցին հետաքննական հոդվածներ, որոնք ստացան նաև միջազգային արձագանք: Նույնիսկ հարուցվեց քրեական գործ: Այդ դատական գործը դարձավ նախադեպային: Այժմ նմանատիպ տեղեկություններին վերաբերող բոլոր հարցումներին բնապահպանության նախարարությունը պատշաճ արձագանքում է և տրամադրում տեղեկատվություն: Մյուս պետական մարմինները ևս տեղեկացված են այդ դատական նախադեպի վերաբերյալ և նմանատիպ հարցումներին արձագանքում են պատշաճ:

Հետաքննությունների ժամանակ տեղեկատվության ազատության իրավական անվտանգությունը.  ՀՀ քրեական օրենսգիրքը բազմաթիվ հոդվածներ է պարունակում, որոնք սահմանափակում են որոշ տեղեկությունների հրապարակումը։ Մասնավորապես՝ անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկությունների, բժշկական գաղտնիքի, նամակագրության, հեռախոսային խոսակցությունների և այլ հաղորդումների գաղտնիության, լրտեսության, պետական գաղտնիք հրապարակելու, պետական գաղտնիք պարունակող փաստաթղթերի հետ վարվելու կանոնները խախտելու, նախաքննության կամ հետաքննության տվյալները հրապարակելու  մասին հոդվածներ։  «Զանգվածային լրատվության մասին» օրենքի նախատեսված են որոշակի տեղեկությունների հրապարակման սահմանափակումներ։ Այսպես՝ արգելվում է գաղտնի համարվող կամ քրեորեն պատժելի արարքներ քարոզող, ինչպես նաև մարդու անձնական և ընտանեկան կյանքի անձեռնմխելիությունը խախտող տեղեկությունների հրապարակումը։ Արգելվում է նաև տեսաձայնագրմամբ ստացված տեղեկությունների տարածումը, եթե դրանք ստացվել են առանց տվյալ անձին տեսաձայնագրման մասին զգուշացնելու, բացի այն դեպքերից, եթե հրապարակումն անհրաժեշտ է հանրային շահերի պաշտպանության համար։

Մինչև 2010թ. մայիս ամիսը վիրավորանքի և զրպարտության համար նախատեսվում էր քրեական պատասխանատվություն: Արդեն 6 տարի է օրենքի փոփոխության արդյունքում վիրավորանքին ու զրպարտությանը վերաբերող վեճերը տեղափոխվել են քաղաքացիաիրավական ոլորտ: Փոփոխությունից հետո մեծ թվով քաղաքացիական հայցեր ներկայացվեցին դատարաններ: Թիրախում հայտնվեցին հատկապես լրագրողները: Դատարանների միջոցով լրագրողներից պահանջում էին  փոխհատուցման խոշոր գումարներ՝ վիրավորանքի համար 1 մլն դրամ, զրպարտության դեպքում՝ 2 մլն: Սա օրենքով սահմանված վերին շեմն է: Զգալի մասի դեպքում դատարանները բավարարում էին հայցվորների պահանջները, ինչը լրագրողների համար ծանր ֆինանսական հարված էր։ Դրանով փորձ էր արվում լռեցնել լրագրողներին՝ դիպչելով վերջինիս գրպանին: Այժմ էլ կա այդ վտանգը և ցանկացած ժամանակ լրագրողը կարող է հայտնվել դատարանում: Սակայն դատական պրակտիկան բերեց նրան, որ լրագրողների դեմ որպես պատժամիջոց կիրառվող գումարի չափը անհամեմատ նվազել է: Վերը նշված իրավական կարգավորումները ցանկացած պահի կարող են մահակ դառնալ պատկան մարմինների ձեռքին: Թիրախում հայտնվում են հատկապես հետաքննող լրագրողները, որոնցից փորձում են կորզել տեղեկատվություն տրամադրողի վերաբերյալ տեղեկություններ:

Հետաքննական լրագրության համար տեկատվության ազատության երեք հիմնական խոչընդոտները

    Հետաքննական լրագրության համար խոչընդոտ են հանդիսանում հատկապես պետական մարմինների կողմից ՝

  1. Տեղեկատվություն չտրամադրելը:
  2. Ժամկետների խախտմամբ տեղեկատվություն տրամադրելը (երբեմն առավելագույն 30 օրյա ժամկետի փոխարեն պատասխանում են 40-60 օրվա ընթացքում):
  3. Թերի և ոչ ամբողջական տեղեկատվության տրամադրումը (երբեմնը նշում են, թե տեղեկատվությունը հրապարակված է այս ինչ կայքում, սակայն իրականում այդ կայքում նման տեղեկատվություն չկա):

Տեղեկատվության ազատության խնդիրների շարունակականությունը՝ առաջիկա 5 տարիների ընթացքում:

Պետական մարմինները շահագրգռված չեն աշխատել բաց և թափանցիկ: Դա էլ իր հերթին բերում է տեղեկատվության ազատության սահմանափակմանը, արհեստական խոչընդոտների հարուցմանը:  Մի կողմից տեղեկատվության ազատության հարցերով լրատվամիջոցների ոչ հետևողական լինելը, մյուս կողմից պաշտոնյաների նկատմամբ կիրառվող պատասխանատվության միջոցի բացակայությունը կամ ոչ համաչափ լինելը բերում են նրան, որ կուտակված խնդիրները մնան չլուծված: Քաղաքացու, այդ թվում՝ լրագրողի  տեղեկատվության ազատության իրավունքը կոպտերեն խախտող պաշտոնյան քանի դեռ շարունակում է մնալ անպատիժ և շարունակել իր գործունեությունը նույն տեմպով, չեն վերանալու վերը նշված երեք հիմնախնդիրներից և ոչ մեկը: Սա անպատժելիության արդյունք է, որը շարունակական բնույթ է կրում:

Հայաստանյան մեդիաոլորտի ներկայացուցիչները, չինչի բացառություններով սերտ կապեր և համագործակցության փորձ չունեն տեղեկատվության ազատության հիմնահարցերով զբաղվող արտասահմանյան լրագրողների կամ մասնագետների հետ: Այս պարագայում հայաստանյան լրագրողի համար էլ ավելի է բարդացնում, օրինակ՝ Հայաստանի սահմաններից դուրս գտնվող հայ պաշտոնյաների գործունեությանն անդրադառնալու, նրանց վերաբերյալ տեղեկատվություն ստանալու հարցերը: Չունենալով կապեր, մասնագիտական աջակցություն լրագրողի տեղեկատվության աղբյուրները դառնում են սահմանափակ, իսկ հատկապես ծավալուն և լայն աշխարհագրություն ունեցող հետաքննական հոդվածների դեպքում խիստ անհրաժեշտ է դաառնում համագործակցությունը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter