HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի տնտեսական մոդելը սպառել է իրեն, ՀԲ-ն առաջարկում է նոր մոդել որդեգրել

«Երկիրը գտնվում է պետական պարտքի աճող բեռի տակ, աճի մակարդակը ցածր է, գործազրկության մակարդակը երկնիշ է, իսկ բնակչության մեկ երրորդի կենսամակարդակը աղքատության գծից ցածր է: Երկրի համակարգված գնահատում (ԵՀԳ) հետազոտությունը ցույց է տալիս, որ այն մինչ օրս Հայաստանի կատարողականն իրեն սպառած տնտեսական մոդելի արդյունքն է»,- այսպիսի եզրահանգում են արել  Համաշխարհային բանկի փորձագետները ««Ապագա Հայաստան». երկրի համակարգված գնահատում» տնտեսական վերլուծության արդյունքում:

Ըստ ՀԲ փորձագետների, որոնց պատրաստած հետազոտությունը ներկայացվեց այսօր, Հայաստանի ներկայիս տնտեսական մոդելն ապահովել է աղքատության կրճատում, սակայն միջին խավի աճի փոխարեն գնալով աճում է խոցելի բնակչության տեսակարար կշիռը: Աղքատության կրճատումը, որը տեղի է ունեցել ավելի շատ մայրաքաղաքում, քան Հայաստանի այլ շրջաններում, գլխավորապես պայմանավորված էր աշխատանքային եւ կենսաթոշակային եկամուտներով, իսկ մայրաքաղաքից դուրս ապրող բնակչության պարագայում՝ նաեւ մասնավոր դրամական փոխանցումներով եւ գյուղատնտեսական եկամուտներով:

Ներկայիս տնտեսական մոդելը նաեւ հանգեցրել է տատանվող ՀՆԱ-ի աճի, քանի որ այն մի մոդել է, որը հիմնվում է արտաքին պայմանների (ուղղակի oտարերկրյա ներդրումների հոսքեր, առեւտրային գործընկերների պայմաններ, մասնավոր դրամական փոխանցումների հոսքեր), առանց ռազմավարական տեսլականի իրականացվող մասնակի կառուցվածքային բարեփոխումների վրա, եւ մեծապես պայմանավորված է ներքին սպառմամբ:

ՀԲ-ն առաջարկում է նոր տնտեսական մոդելի որդեգրում, որը հասցեագրված կլինի ինչպես աճ-աղքատություն հարաբերությունների հիմնարար սկզբունքներին, այնպես էլ լուծում կտա ծերացող եւ կրճատվող աշխատուժով եւ կլիմայի փոփոխությամբ պայմանավորված համակարգային խնդիրներին:

«Եթե որեւէ փոփոխություն չարվի ներկայիս տնտեսական ռազմավարությունում, ապա Հայաստանն ընդամենը կարող է ապահովել մեկ շնչի հաշվով համեստ աճ, որը բավարար չի լինի աղքատության վրա նշանակալից ազդեցություն ունենալու համար: Ավելին, Հայաստանը կանգնած է երկու հիմնարար համակարգային մարտահրավերների առջեւ, այն է՝ ծերացող եւ կրճատվող բնակչությունը եւ կլիմայի փոփոխությունը, որոնք երկուսն էլ ավելի կնվազեցնեն երկրի աճի ներուժը, եթե տնտեսական քաղաքականությունը չփոփոխվի»,- ասվում է զեկույցում:

«Սովորական դարձած եղանակով աշխատելու» պարագայում Հայաստանի չափավոր աճը` մեկ շնչի հաշվով բավարար չի լինի մինչեւ 2050թ.-ն աղքատությունն էականորեն կրճատելու համար:

ԵՀԳ-ն առաջարկում է նոր տնտեսական մոդել որդեգրել`

  • Վերաբալանսավորել աճը՝ ոչ արտահանելի ապրանքներից անցում կատարելով արտահանելի ապրանքների եւ ծառայությունների: Ձեւավորել կայացած բիզնես հատված, որը դինամիկ է, ունի արտադրողականություն եւ մրցունակ է, ստեղծում է աշխատատեղեր:

  • Ձեւավորել կենսունակ գործարար ոլորտ, որը դինամիկ է, արդյունավետ եւ մրցունակ, եւ ստեղծում է աշխատատեղեր:

  • Բարձրացնել մարդկանց արտադրողականությունը եւ որպես ծերացող աշխատուժով պայմանավորված արտադրողականության անկումը զսպող միջոց՝ վերացնել աշխատանքային մասնակցությանը խոչընդոտող արգելապատնեշները:

  • Ապահովել տնտեսական մոդելի ճկունությունը:

Տնտեսագետները նշում են, որ Հայաստանից արտահանվող ապրանքների մրցունակությունը ցածր է, որովհետեւ տեսականին փոքր է, ապրանքները կատարյալ չեն: Գյուղատնտեսական արտադրատեսակների արտահանման ծավալների աճը նշանակալի է եղել, սակայն այդ աճը պայմանավորել են հիմնականում ծխախոտային արտադրանքը, (ալկոհոլային) ըմպելիքները (արտահանվող գյուղմթերքի 70%):

Այս խմբերից եւ ոչ մեկը չի հիմնվում Հայաստանի գյուղատնտեսական պաշարների բազայի վրա. գինու խաղողը, որը հանդիսանում է Հայաստանի՝ միջազգային ճանաչում ունեցող գինիների եւ ալկոհոլային խմիչքների հումք, աճեցվում է ընդամենը 10,000 հեկտար տարածքի վրա, որը կազմում է Հայաստանի մշակվող հողատարածքների ընդամենը 3%-ը: Ծխախոտն արտադրվում է ներկրված հումքից:

Թեեւ գյուղատնտեսության ոլորտում աճը նշանակալի է եղել, սակայն հանգամանալից ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ աճի բարձր տեմպը կայուն չէ: Վերջերս գրանցված նշանակալի աճը պայմանավորված է եղել հիմնականում մասամբ ինքնաբավ նպատակներով գործող գյուղացիական տնտեսությունների արտադրողականության աճով, այլ ոչ՝ ավելի կատարյալ տեխնոլոգիաների կիրառման կամ ժամանակակից, կոմերցիոն գյուղատնտեսության անցնելու հանգամանքով: Ըստ էության, արտադրանքի կազմում փոփոխությունները համեստ են եղել:

Բերքն ավելանում է, եւ պետական ներդրումները պայմանավորել են ոլորտի արտադրողականությունը (պարարտանյութերի օգտագործման ծավալների աճ, ավելի լավ սերմնացու՝ սուբսիդավորման միջոցով, խոշոր եղջերավոր անասունների թվաքանակի ավելացում, կապիտալի եւ ընդլայնման ծառայությունների բարելավված (սուբսիդավորված) հասանելիություն:

Պատրաստեց Սառա Պետրոսյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter