HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Զինված անձիք երեք օր ծեծի են ենթարկել Դոն Պիպոյի գործով անցնող անձանց, ապա հանձնել ոստիկաններին

«Դոն Պիպոյի» դեմ նախապատրաստվող սպանության գործով որպես մեղադրյալ ներգրավված Ա. Ք-ի հանրային պաշտպան Արմինե Ֆանյանը «Հետք»-ին մանրամասներ է հայտնել իր պաշտպանյակի ցուցմունքից: Ա.Ք-ն այն երեք անձանցից մեկն է, ով, ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության, հայտնաբերվել և բերման է ենթարկվել Էջմիածին քաղաքի բնակարաններից մեկից: Մեզ հետ զրույցում Ֆանյանը գործի, մեղադրյալների ձերբակալման վերաբերյալ միանգամայն այլ հանգամանքներ է ներկայացնում:

-Տիկին Ֆանյան, ձեր պաշտպանյալին մեղադրանք է առաջադրվել «Դոն Պիպոյի» դեմ սպանություն նախապատրաստելու համար: Ինքն ի՞նչ դիրքորոշում է հայտնում այս առնչությամբ:

- Նախ, ուզում եմ նշել, որ իմ պաշտպանյալն իր ցուցմունքում հայտնել է, որ նախքան ձերբակալվելը իրեն, ինչպես նաև իր հետ ձերբակալված մյուս երկու անձանց մինչև ատամները զինված անձիք տարել են և երեք օր անազատության մեջ պահել, ծեծի ենթարկել, տարբեր աստիճանի մարմնական վնասվածներ պատճառել: Պաշտպանյալիս ոտքին` ծնկից քիչ վերև հատվածում, դանակի կտրած-ծակած վերքի տեքսով վնասվածք կա: Նրա վնասվածքների բնույթը, առաջացման մեխանիզմը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Պաշտպանյալս դեպքի հետ իր առնչությունը հերքում է: Ըստ նրա հայտնած տվյալների՝ ինքը Էջմիածնի այդ տանը գտնվել է ընդամենը լավ ժամանակ անցկացնելու նպատակով՝ իր ընկերոջ հրավերով, ով իր հետ ձերբակալված անձանցից մեկն է: Որոշել էին գնալ, խորոված անել, և իր պնդմամբ՝ մսով լի կաթսան անգամ այնտեղ էր մնացել:

- Ձեր պաշտպանյալը մանրամասնե՞լ է, թե ովքեր էին իրենց տարել, ինչու, ինչ էին ուզում:

- Ինքն ասում է, որ իրենց անազատության մեջ պահող անձանցից որևէ մեկին չի ճանաչում: Ըստ պաշտպանյալիս հայտնած տեղեկությունների՝ այդ անձիք կարծել են, թե իրենք ինչ-որ սպանություն են նախապատրաստում. սկզբից իր ընկերոջն ու մյուս անձին են տարել, ապա զանգով իրեն են կանչել ու տարել այդ վայր: Պաշտպանյալս չգիտի, թե մինչև իր հայտնվելն այդ վայրում ինչ է եղել, բայց պնդում է, որ մյուս երկու անձանց ևս ծեծի են ենթարկել, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ պատճառել: Ասում է, որ երբ ինքը ներս է մտել, երկուսին էլ արդեն ծեծի ենթարկված են եղել. նրանց վրա կապտուկներ են եղել: Նշեմ, որ իմ պաշտպանյալի դեմքն էլ ամբողջությամբ կապտուկների մեջ էր: Ասում է, որ ինքը շարունակ պահանջել է բացատրություն տալ, թե ինչու են իրենք այնտեղ, և որևէ մեկը որևէ բան չի ասել. ավելի ուշ իրենք հասկացել են, որ ենթադրյալ սպանության նախապատրաստման համար են իրենց տարել:

- Ձեր պաշտպանյալը ճանաչո՞ւմ է ըստ գործի նյութերի՝ սպանության նախապատրաստմանն օժանդակելու մեջ մեղադրվող Զոհրաբ Ղումաշյանին:

- Ոչ, համենայնդեպս, նման տեղեկություն չի հայտնել: Իմ պաշտպանյալը մի քանի օր առաջ է եկել Ռուսաստանի Դաշնությունից: Արդեն տևական ժամանակ է, որ նա բնակվում է այնտեղ, և Հայաստանում շատ քիչ է լինում: Այժմ հերթական անգամ եկել էր Հայաստան՝ իր հարազատներին տեսակցելու:

- Երբ ձեր պաշտպանյալին ձերբակալված անձանց պահման վայր են տարել, նրա մարմնական վնասվածքներն արձանագրվե՞լ են:

- Վնասվածքները զննվել են: Մենք, իհարկե, այս պահին քրեական գործի նյութերին ծանոթանալու հնարավորություն չունենք, բայց իր պնդմամբ՝ իրեն զննել են, վերքը մշակել, նույնիսկ մեկ անգամ շտապօգնություն կանչել: Ինքն ասում է, որ վնասվածքները ստացել է հենց առաջին օրը, երբ իրեն տարել ու անազատության մեջ են պահել: Երբ պաշտպանյալիս բերեցին, վերքը, հավանաբար տևական ժամանակ չմշակելու հետևանքով, բորբոքվել էր, և պաշտպանյալս  բարձր ջերմություն ուներ. վերքն այդ ժամանակ արդեն մեկ անգամ Ձերբակալված անձանց պահման վայրում մշակել էին, բայց ջերմությունը , միևնույն է, բավական բարձր էր:

- Ինքը մանրամասներ պատմե՞լ է, թե որտեղ, ի՞նչ պայմաններում են ոստիկաններն իրենց ձերբակալել:

- Իմ պաշտպանյալի պնդմամբ՝ այդ նույն զինված անձիք, որոնք իրենց երեք օր անազատության մեջ են պահել, առերևույթ զինված իրենց բերել և հանձնել են ոստիկանության աշխատակիցներին, ովքեր արդեն տան մոտ սպասելիս են եղել: Իմ պաշտպանյալի պնդմամբ՝ որևէ ոստիկան անգամ հարց չի տվել, թե այդ զինված անձիք որտեղի՞ց են բերում իրենց: Ասում է՝ առերևույթ, մինչև ատամները զինված բերեցին, թողեցին մեզ, մեքենան նստեցին ու գնացին. բացառված է, որ այդ անձիք լինեին ոստիկանության աշխատակիցներ:

- Դիմակներով են եղել այդ անձիք, թե՞ ոչ. ձեր պաշտպանյալը, տեսնելու դեպքում կճանաչի՞  նրանց:

- Տեղեկություն չի տվել՝ դիմակավորված են եղել, թե ոչ: Միայն ասել է, որ ոչ մեկին չի ճանաչում:

- Ձեր պաշտպանյալի և նրա հետ նույն օրը ձերբակալված անձանցից որևէ մեկի հետ առերես հարցաքննություն եղե՞լ է առ այսօր:

- Պատրաստվել են առերես հարցաքննություն իրականացնել, բայց մենք այդ փուլում հրաժարվել ենք քննչական որևէ գործողության, այդ թվում՝ առերեսման մասնակցել:

- Իսկ Ձեր պաշտպանյալի և, ըստ գործի նյութերի, սպանության նախապատրաստմանն օժանդակող Զորիկ Ղումաշյանի միջև առերես հարցաքննություն եղե՞լ  է:

- Ոչ, մեր և Զորիկ Ղումաշյանի հետ կապված որևէ  համատեղ  քննչական գործողություն չի եղել:

- Այս պահին ձեր պաշտպանյալի հայտնած տեղեկությունների վերաբերյալ՝ առ այն, որ իրենց բռնության են ենթարկել, քննություն ընթանո՞ւմ է:

- Ես հենց առաջին օրն եմ քննիչից փորձել տեղեկություն իմանալ իմ պաշտպանյալի հայտնած տեղեկությունների ընթացքի վերաբերյալ, քանի որ իմ պաշտպանյալը, փաստորեն ցուցմունք է տվել, որ իրենց երեքին էլ առևանգել են. դա կլասիկ առևանգում է եղել. խաբեությամբ իրենց ինչ-որ վայր են տարել ու պահել այլ վայրում: Ես քննիչին ասացի, որ այս ամենում առևանգման ակնհայտ հաղորդում կա, հետաքրքրվեցի՝ այս մասով քննություն չե՞ն անում, քննիչն ասաց, որ անում են: Ինչ վերաբերում է իմ պաշտպանյալի հայտնած այն տեղեկությանը, որ այդ մարդիկ զինված են բերել, այդ մասով, իրենց մոտ, հասկանալի պատճառով, ժպիտ է առաջանում:

- Ձեր պաշտպանյալը որևէ մտավախություն հայտնե՞լ է Քրեակատարողական հիմնարկում իրեն սպառնացող ինչ-որ վտանգի մասին:

- Ինքն առաջին օրվանից գնացել ու հացադուլ է սկսել, քանի որ վախեցել է իր կյանքի համար. մտածում էր, որ քրեակատարողական հիմնարկում այդ անձանց՝ ենթադրյալ հեղինակությունների միջամտությամբ, իր կյանքին վտանգ է սպառնալու: Ես նույնիսկ քննչական խմբի ղեկավարին գրություն եմ հասցեագրել, որ իմ պաշտպանյալի անվտանգությունն ապահովեն, քանի որ, գործի առանձնահատկությամբ պայմանավորված, նրան ենթադրյալ վտանգ է սպառնում. մինչ օրս որևէ պատասխան չեմ ստացել: Երբ գնացի պաշտպանյալիս տեսակցության, ինքը հացադուլի մեջ էր, և հացադուլի միակ նպատակը, կրկնում եմ, այն էր, որ ինքը լինի մեկուսացված: Ենթադրվում էր, որ քրեակատարողական հիմնարկում, իրենց ենթամշակութային տարրերը հաշվի առնելով, հաստատ իրեն վտանգ կսպառնար: Հորդորել եմ, որ դուրս գա հացադուլից, նույն օրը խոստացել է, որ դուրս կգա. հավանաբար իրավիճակը մի քիչ մեղմվել էր կամ... չեմ կարող ասել, բայց այն, որ անձի կյանքի համար սպառնացող վտանգ առկա էր, դա միանշանակ է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter