HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ծավ. կանաչ դրախտ՝ լեռների մեջ (ֆոտոպատմություն)

Ծավ գյուղական համայնքը գտնվում է Սյունիքի մարզում՝ Հայաստանի հարավ-արեւելքում: Համայնքի մեջ են մտնում Ծավ եւ Շիշկերտ գյուղերը: Բնակչության թիվն այսօր չի հասնում 500-ի: Գյուղը շրջապատված է Շիկահողի պետական արգելոցով: Իր բնությամբ ու տեսարժան վայրերով Ծավն իդեալական վայր է էկոտուրիզմի համար: 

Գյուղը վաղուց հայտնի է իր մեղրով. այն գիտեն ոչ միայն Սյունիքում ու Հայաստանում, այլեւ երկրի սահմաններից դուրս: Ծավի մեղրն ալպիական բնության պարգեւներից է: 

Գյուղացիներից ոմանք հունիսի վերջին փեթակները բարձրացնում են Շիշկերտ, որն այստեղից հեռու է 11-12 կմ:

Ծավի խորհրդանիշներից մեկը Նավսի քար կոչվող ժայռն է: Նավսն այս տարածքի հին բնակավայրերից է, լեռան վրա հիմա էլ ավերակներ կան, սակայն սնոտիապաշտությունը մարդկանց ստիպում է անհաջողությունների դեպքում ցույց տալ ժայռն ու ասել՝ «նավսից» է:

Չնայած Սյունիքը հանքարդյունաբերական տարածաշրջան է, Ծավն ունի մաքուր բնություն, շրջակայքում չկան հանքեր: Այս փաստն էկոլոգիապես մաքուր սննդի գրավական է:

Մեղրից բացի՝ շուտով Ծավի ապրանքանիշ կարող է դառնալ լավաշը:

Փուռը գյուղի ամենակոլորիտային վայրերից մեկն է: Այստեղ աշխատող կանայք ջերմ են ու զրուցասեր:

Գյուղի միջնակարգ դպրոցում մանկավարժները փորձում են աշակերտների մեջ փոքրուց սերմանել սերը դեպի բնությունը: Դպրոցն ունի խնամված այգի, ինչն աչքն է շոյում:

Աշակերտներն ու ուսուցիչները պլաստիկ շշերով ծաղիկներ են պատրաստել՝ շրջակա միջավայրից հավաքած աղբը վերածելով գեղագիտական արդյունքի:

Դպրոցի՝ աղբից մաքրված անկյունները դարձել են հետաքրքիր մակետներ:

Համայնքի կյանքն, այդուհանդերձ, հեշտ չէ: Երիտասարդների թիվն աստիճանաբար նվազում է: Նրանք գնում են Կապան կամ Քաջարան՝ հանքերում աշխատելու: Փոխարենը Ծավում մնում են տարեցները, որոնք կպած են իրենց հողին:

Կյանքը, սակայն, ունի սկիզբ եւ վերջ: Հանգուցյալին թաղելուց հետո գրեթե ամբողջ գյուղը հավաքվում է հանդիսությունների սրահում, որը ծավեցիները տաղավար (նավես) են կոչում: Մեր այցի օրը գյուղում տարեց կանանցից մեկի թաղման արարողությունն էր: Հոգեհացի սեղանի գլխավոր ճաշատեսակն էլ մեծ ժողովրդականություն վայելող կուրկուտն է:

Տեխնիկան նույնպես անմահ չէ:

Համայնքապետարանի շենքում՝ հենց մուտքի կողքին, հայտարարությունների տախտակը վարկային կազմակերպություն է տեղադրել: Վարկառուներն այստեղ քիչ չեն: Կան մարդիկ, ովքեր վարկ են վերցնում՝ պարտք կամ այլ վարկ փակելու համար, ինչը սովորական երեւույթ է:

Վարկի «գայթակղությունը» ոչ միայն շենքի դրսում է, այլեւ ներսում:

Գյուղապետարանի շենքում է նաեւ փոստը, որտեղ, բացի նամակներ ու ծանրոցներ ուղարկելուց եւ ստանալուց, կարելի է գնել նաեւ տնտեսական տարբեր ապրանքներ, այդ թվում՝ զուգարանի թուղթ:

Ծավի միջով է անցնում համանուն գետը, որը գյուղը կիսում է երկու մասի: Գետի ձախ ափին տեղավորվել են 1968-ի երկրաշարժից հետո այստեղ տեղափոխված շիշկերտցիները, ինչի արդյունքում այս ափը կոչվում է նաեւ Ներքին Շիշկերտ: Բնական աղետից հետո վերաբնակ շիշկերտցիների համար այստեղ կառուցվել են փայտյա տներ:

Գետի աջ ափին բուն Ծավն է, որտեղ ծնվել է Խորհրդային Միության հերոս Հունան Ավետիսյանը: Այս տան ցուցանակը հուշում է, որ հերոսն այստեղ է ապրել:

Ներքին Շիշկերտն ու բուն Ծավն իրար կապող ճանապարհն ամբողջ համայնքի պես եզերված է անտառով:

Նեկտար հավաքող մեղուների բզզոցն ու գրունտային ճանապարհի ջրափոսերի մոտ հավաքված թիթեռները ստիպում են պարբերաբար կանգ առնել:

Ծավ այցելող յուրաքանչյուր ոք հաստատ կուզի վերադառնալ այստեղ:

Մեկնաբանություններ (7)

Գայանե
Ծնողներս Շիշկերտ, Ծավ գյուղերից են, որ մի տուն ունենայի հաստատ կվերադառնայի այնտեղ։ Չնայած մտածում եմ մի օր այցելեմ ու փորձեմ գտնել հայրական մեր օջախները։ Մորս հարցրի, ասեց դժվար Շիշկերտում մեր տունը մնացած լինի, բայց գյուղի մի լուսանկար ունենք ու այնտեղ մեր տունը կա...
Armen
Վահե ջան, միգուցե հարցնեք Կապանի լեռնահարստացման կոմբինատից իրենք կարող է իմանան երբ են շահագործելու
Sergey
Վահե Սարուխանյանին, որ խնդրենք համանման հոդված Մազրա գյուղի մասին կգրի, որը Շիշկերտի հարևանությամբ է
GB
Beautiful place to live and die in peace!!
Վահե
Արմեն ջան, հանքի «ձենը» չի լսվում ներկայում, ուսումնասիրություններից այս կողմ քայլեր չեն կատարվել, ու հանքի շահագործման վերաբերյալ Ծավում մտահոգություններ այս պահին չկան:
Armen
Վահե ջան, տեղեկացված եք, որ Ծավի շրջակայքում գտնվող Մազրայի հանքը շահագործման ճանապարհին է և մոտ ժամանակներում ձենը կգա։ Ձեր նյութի մեջ գտած Ծավի այդ գեղեցիկ նկարագրությունը վտանգման եզրին է։
Հայկ
Փող եմ հավաքելու գնամ մեր Սյունիքում կամ Արցախում տուն առնեմ: Քաղաքը իմ համար չի...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter