HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵՊՀ-ում կբացվի մոլեկուլային գենետիկայի լաբորատորիա

Հունիսի 17-ին՝ ժամը 11:00-ին, Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի գենետիկայի և բջջաբանության ամբիոնում կբացվի մոլեկուլային գենետիկայի լաբորատորիա: Այս մասին տեղեկացնում է Հայաստան համահայկական հիմնադրամը։

Լաբորատորիան, ըստ հաղորդագրության,  կրելու է հայտնի ֆրանսահայ կենսաբան, դոկտոր Քրիստոֆ Թերզյանի անունը: Լաբորատորիայի բացմանը ներկա են լինելու Թերզյանի՝ Ֆրանսիայից ժամանած մայրը և դուստրերը, ԵՊՀ-ի ղեկավարությունը։ Լաբորատորիայի բացումը հնարավոր է դարձել «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորման շնորհիվ. մոտ 26 միլիոն դրամ տրամադրել է հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի բարերար Ժակլին Թերզյանը։

Քրիստոֆ Թերզյանը կյանքից հեռացել է անցյալ տարի՝ 2016-ի ամռանը, 56 տարեկան հասակում: Թերզյանն իր ամբողջ կյանքը նվիրել է էվոլյուցիոն և մոլեկուլային կենսաբանության և գենետիկայի բնագավառներում հետազոտություններ կատարելուն: Ապրելով Ֆրանսիայում՝ նա ամեն կերպ աջակցել է Հայաստանում գիտության զարգացմանը: Թերզյանն ակտիվորեն մասնակցել է Գիտական համագործակցության ֆրանս-հայկական ասոցիացիայի՝ AFACS-ի կազմակերպած նախագծերին:

Հայաստանի համար դժվարին շրջանում՝ 90-ական թվականներին, դոկտոր Քրիստոֆ Թերզյանը բազմաթիվ զեկուցումներով է հանդես եկել ԵՊՀ-ի կենսաբանության ֆակուլտետի գենետիկայի և բջջաբանության ամբիոնում: Լինելով համալսարանում և ամբողջ Հայաստանում գենետիկայի և բջջաբանության զարգացման նվիրյալը՝ դոկտոր Թերզյանն իր մահվանից առաջ նշանակալի գումար է նվիրել ԵՊՀ-ի գենետիկայի և բջջաբանության ամբիոնին:

Թերզյանի՝ համալսարանին նախկինում նվիրաբերած միջոցները, ինչպես նաև՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորումը, թույլ տվեցին ԵՊՀ-ի կենսաբանության ֆակուլտետում ամբողջովին վերազինել մոլեկուլային գենետիկայի նոր լաբորատորիան:

Լաբորատորիայի վրա ընդհանուր առմամբ ծախսվել է մոտ 26 միլիոն դրամ, որից 24 միլիոն դրամով գնվել են ժամանակակից սարքավորումներ մոլեկուլային-գենետիկական ուսումնասիրությունների համար, մնացած գումարով ապահովվել է լաբորատորիայի վերանորոգումը և կահավորումը: Լաբորատորիայի բացմանն անձամբ ներկա է լինելու լաբորատորիայի ֆինանսավորող Ժակլին Թերզյանը՝ դոկտոր Քրիստոֆ Թերզյանի մայրը:

 

Մեկնաբանություններ (1)

Հասմիկ Ա. Ա.
Վերջապես մի լավ լուր: ☺

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter