HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկնարկել է «Թվապատում 2017» մեդիա կոնֆերանսը

Այսօր մեկնարկել է «Թվապատում 2017» մեդիա կոնֆերանսը, որի առանցքային թեման մեդիա մենեջմենթն է: Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը ներկայացանում է կոնֆերանսի մանրամասները․

«Փողկապները հուշում են՝ «Թվապատում 2017»-ը մեդիաբովանդակություն ստեղծելուց բացի նաև մեդիայի աշխատանքը կազմակերպելու ու կառավարելու մասին է. հունիսի 16-ին մեկնարկած երկօրյա լրագրողական կոնֆերանսի առանցքային թեման մեդիա մենեջմենթն է:

Գերմանիայից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Լեհաստանից, Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից հրավիրված` ոլորտի առաջատար 6 մասնագետները կներկայացնեն թվային միջավայրում մեդիայի գոյատևման, զարգացման և հաջողության միջազգային փորձը։

Թվապատման ուշադրության կենտրոնում են մեդիայի փոփոխվող դիմագիծն ու գործառույթները, ժամանակակից մեդիա հարթակների ձևավորման ու բրենդավորման արդյունավետ եղանակները, մոնետիզացիայի նոր միջոցները, լրատվամիջոց-սոցիալական մեդիա համակեցությունը, նաև՝ հայաստանյան մեդիադաշտի ներկան ու հեռանկարները:

Ավանդույթ դարձած՝ արդեն չորրորդ «Թվապատում»-ը հարթակ է ոչ միայն մեդիայի զարգացման միտումներին ծանոթանալու, այլև համագործակցության նոր հնարավորություններ ու եզրեր գտնելու, համաշխարհային փորձով ոգեշնչվելու համար:  Այս տարի բանախոսների տեսական ու գործնական խորհուրդներն ուղղված են առաջին հերթին մեդիա մենեջերներին, բայց նաև լրագրողներին, ուսանողներին ու մեդիա համայնքի մյուս ներկայացուցիչներին: Բանախոսները սեփական փորձով կպատմեն, թե ինչպես կարելի է նոր ասելիքը հասցնել հին լսարանին, ինչպես փոթորկվող ժամանակներում մնալ մեդիայի ղեկին, ինչպես դիմակայել մրցակցության ու նոր հարթակների աշխարհում:

«Թվապատում 2017»-ի սպասված հյուրերն են ամերիկյան Lee Hunt ընկերության հիմնադիր, ռազմավարությունների մշակման ճանաչված մասնագետ Լի Հանթը (ում «Հեռուստատեսային բրենդինգ» գիրքը տարիներ առաջ թարգմանվել ու հրատարակվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կողմից), Հարվարդի Բիզնես դպրոցի գիտաշխատող, լեհ խմբագիր ու մեդիա մենեջեր Գժեգոժ Պիխոտան, Russia Beyond The Headlines-ի գլխավոր խմբագիր Վսեվոլոդ Պուլյան,  HackPack նախագծի հիմնադիր և ղեկավար Ջասթին Վարիլեքը, Մոսկվայի պետական համալսարանի դասախոս Նատալյա Լոսևան, Advance Digital մեդիա ընկերությունը ներկայացնող Դեյվիդ Ջեքոբսը:

Կոնֆերանսի մանրամասներին կարելի է ծանոթանալ conference.tvapatum.mediainitiatives.am կայքում: Միջոցառման մասին գրառումները սոցցանցերում տարածելու և փնտրելու համար կիրառվում է #Tvapatum17 հեշթեգը:

«Թվապատում» մեդիա կոնֆերանսը կազմակերպվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում: Այն իրականացնում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը Ինտերնյուսի հետ համատեղ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter